Էստեղ շատ գործոններ կան, որ դեր ունեն։ Համենայնդեպս, ես համոզվել եմ, որ էս հարցը շատ անհատական է. խիստ տարբեր ակնկալիքներ, մոտեցումներ ու զարգացումներ կան, որ հնարավոր են՝ կախված մարդկանցից, հարաբերությունների բնույթից, կյանքի, ապրելակերպի նկատմամբ մարդկանց ընկալումներից։ Կոնկրետ ինձ համար էս հարցում մի կարևոր հանգամանք կա. եթե երկար ժամանակով իրարից հեռու լինելն իսկապես անխուսափելի է, ուրեմն նորմալ եմ համարում ու ապագա տեսնում եմ էդ հարաբերություններում՝ անկախ նրանից, թե ինչքանով հույս կա, որ ինչ–որ ժամանակ հետո կկարողանան միասին լինել։ Ես, օրինակ, կարծում եմ, որ ոչ մի դեպքում իմ հոժար կամքով չէի ընտրի իրարից հեռու լինելը, եթե քիչ թե շատ հստակ որոշում ու հնարավորություն չլիներ որոշ ժամանակ անց նորից միասին լինելու, ու նույնն ակնկալում եմ զուգընկերոջից։ Նաև հեռու լինելու պատճառն է ինձ համար կարևոր. օրինակ, ես ինքս ոչ մի դեպքում հանուն կարիերայի չէի ընտրի սիրելի մարդուց հեռու լինել, ու եթե ինքն ընտրեր, էդ ինձ համար ընդունելի չէր լինի։ Ինձ համար միասին լինելուց ավելի կարևոր է երևի միասին լինելու ցանկությունը, ու եթե էդ ցանկությունը մնացած բոլոր հանգամանքներին չի հաղթում (իսկ հաղթելը ենթադրում ա բոլոր հնարավոր ձևերով փորձել միասին լինելն իրականացնել կամ թեկուզ միասին լինելու ժամանակը մոտեցնել), ուրեմն ինձ համար էդ հարաբերության մեջ մի բան էն չի, չգիտեմ։ Բայց սա ընդամենը իմ ընկալումն ա, ու եթե ինչ–որ զույգի համար այլ կերպ ա, նորմալ եմ վերաբերվում, կարևորը՝ իրենք իրենց լավ զգան։
Մեկ էլ մի հանգամանք կա, որ շատ կարևոր եմ համարում, ու կարծում եմ՝ էս մեկն արդեն անկախ ամեն ինչից՝ բոլորի դեպքում է գործում էս կամ էն չափով։ Եթե ֆիզիկապես հեռու լինելու ընթացքում մարդիկ միաժամանակ սերտ կապ չեն պահպանում, օրինակ՝ հաճախակի իրար զանգելով, գրելով, սքայփով խոսելով և այլն, մի խոսքով՝ առավելագույնս միմյանց կյանքերի մասին տեղեկանալով ու ամեն ինչը միասին ապրելով, զգալով, էդ հարաբերությունները, կարծում եմ, ավելի շատ են դատապարտված անհաջողության, որովհետև երբ մարդիկ տեղից էլ տարբեր կյանքեր ունեն՝ տարբեր միջավայրերում ու պայմաններում ապրելով պայմանավորված, ապա իրենք էսպես թե էնպես արդեն ինչ–որ չափով տարբեր ուղղություններով են զարգանում, մտածելակերպը, ընկալումները իրարից անկախ փոխվում են՝ ըստ էն փորձի, որն ունենում են տվյալ միջավայրում, սա անխուսափելի է, ու եթե դրանով հանդերձ՝ հնարավորությունների սահմաններում էդ կապն էլ չպահեն, կարճ ժամանակում կարող են լրիվ օտար մարդկանց վերածվել, որոնք, հանդիպելով, գուցե պարզեն, որ արդեն շատ քիչ ընդհանուր բաներ ունեն։ Նույնիսկ եթե սերը պահպանված էլ լինի, կարող է համատեղ կյանքն արդեն անհնար լինել, քանի որ արդեն լրիվ տարբեր պայմանների են սովոր, տարբեր հարցերի լրիվ տարբեր կերպ են նայում։
Էջանիշներ