Աշխենը («Ազնիվը» շարքից)
Կեսօրը նոր էր բոլորել:
Աշխենը հաց էր տանում հնձվոր ամուսնուն, ու ճանապարհին բարձրաձայն մտածում էր.
- Էրեխի օճորքը թոնրատանը պիտի դրվի, դիմացը ձմեռ է… Գրիգորին ասեմ, թող պատերը ծեփի, - ու կարմրեց, հիշելով, որ դեռ ամուսնուն չէր ասել, որ հղի է: Ամեն օր էսօր-էգուց էր անում ու մի պատրվակով հետաձգում,- Գրիգորն ամեն օր հարցական հայացքով ինձ է նայում, ասես զգում է մի բան… Չէ՛, էսօր ասելու եմ… Ոտքերի տակ հաճելիորեն խշխշացող կիսաչոր խոտն ասես հավանություն էր տալիս նրա ամեն մի մտքին: Հասավ սարավանդին, արագ-արագ բարձրացավ համարյա կեսը, նստեց հանդիպած քարին ու ներքև նայեց՝ չէ շուտ է հոգնում, հաստատ հղի է:
Գլխավերևով երամ անցավ աղմուկով ու Աշխենը մտածեց. «Մեր ծիծեռնակներն էլ մի ամսից կչվեն, հետ կգան ու կտեսնեն իրենց նոր ընկերոջը՝ Աղասիմին… հա՛, անունը Աղասիմ պիտի դնենք…»,- հաստատ որոշեց Աշխենը ու այդ մտքից մի տեսակ տաքություն զգաց: Ձեռքերը դրեց այտերին՝ վառվում էին: Ժպտաց, երբ պատկերացրեց թե սկեսրարը ոնց կուրախանա…
Հանգստացավ ու շարունակեց ճամփան: Տեղ հասավ ու տեսավ, որ ամուսինն ու սկեսրարը համաչափ աշխատում են: Մեկը խոտի կիտուկները սայլին է բարձում, մյուսը դասավորում սայլի վրա: Աչքն ընկավ սայլերի կողքերին թափրտված խոտի ծեղերին ու մտածեց. «Երրորդ ձեռի պակաս կա»: Հետո պատկերացրեց թե փոքրիկ Աղասիմը ոնց է վազվզելով խոտերը հավաքում ու կարմրեց: Կարմրեց ու երեսը շուռ տվեց:
- Հարսե՛, քեզ ի՞նչ էղավ,- սայլի վրայից ձայն տվեց կեսրարը:
- Աչքս բան ընկավ, հարի՛կ,- պատասխանեց Աշխենն ու ավելի կարմրեց իր ստի համար: հետո աննկատ սկսեց գետնից հավաքել ու դեզի արանքները խցկել քամու շաղ տված խոտը:
Զգաց որ շուտ է հոգնում ու դիմեց ամուսնուն.
-Գրիգոր ջան ես գնամ, դուք էլ հաց կերեք, մի քիչ դինջացեք, օրը տարի է դեռ, կհասցնեք,- ապա նայեց սկեսրարի կողմը, գլխի ամոթխած շարժումով հրաժեշտ տվեց, ու լաչակն ուղղելով մանրիկ քայլերով բռնեց տունդարձի ճամփան:
Հեր ու տղա հայացքներով ուղեկցեցին հարսին մինչև մոտակա ոլորանը, ու երբ Աշխենը կորավ տեսադաշտից, Աղասիմ ամին բեղի տակից ժպտալով տղային ասաց.
-Վայթե հարսը հղի է, դժավարությամբ էր կռանում վեր կենում…
Գրիգորն ամոթից հայացքը փախցրեց ու քթի տակ ասաց.
- Որ բան լիներ, կասե էլի, ա՛յ հեր…
Ու էլի լուռ շարունակեցին աշխատել:
***
Գիշերը քնելուց Աշխենը սիրտ արեց, մթության մեջ ամուսնու ձեռքը բռնեց, դրեց իր որովայնին ու կամաց ականջին շշնջաց.
- Գրիգո՛ր, սրտիս տակ խլրտում է արդեն…
Գրիգորը բան չասեց, երկար պահեց ձեռքը կնոջ որովայնին, ասես խլրտոցը զգալու հույսով, ու երբ կինը քնեց շուռ եկավ կողքի վրա: Ողջ գիշեր չքնեց, ուրախությունից սիրտը կոկորդն էր թռչում:
***
Առավոտյան հանդ գնալիս, Աղասիմ ամին նկատեց տղայի աչքերի փայլը, ձեռքով թեթև տվեց վզակոթին ու ժպտալով ասաց.
- Բա որ ասում էի, ա՛յ շան լակոտ, քթիդ տակ խոսում էիր….,- ապա մտավ թոնրատուն, ցերեկվա համար հաց կապեց:
Դուրս գալուց մոտեցավ Աշխենին.
-Հարսե՛, էլ հանդ չգաս, ես հաց եմ վերցրել, քեզ լավ նայի, ներսուդուրս շատ չանես:
Ճանապարհին հարևան Մամբրեն նայեց Գրիգորի ուսի խուրջինին ու հարցրեց.
- Աղասիմ ամի, էս հացն ընչի՞ եք հետներդ տանում:
- Հարսս պատճառավոր ա, Մամբրե ջան:
- Քո տունը շե՛ն, մեր հարսներին ի՞նչ է էղել, ասենք՝ բերեն,- ու դեպի իրենց բաղը դառնալով որոտաց,- Մանու՜շ, ա՛յ Մանու՜շ… հարսներիցդ մեկին կղրկես Աղասիմ ամիենց հանդը հաց տանե՜ն… լսեցի՞՜ր… Աշխենը պատճառավոր է, չի կարո՜ղ….
- Լսեցի՜,- եղավ պատասխանը,- Աղասիմ ամուն աչքալուս ասա՜…..
- Շնորհակալ եմ Մամբրե ջան, հարկավոր չի,- փորձեց հրաժարվել Աղասիմ ամին,- հազար ու մի գործ կունենան….
- Վաաաա՜, էս ի՞նչ տեսակ մարդ ես, ա՛յ Աղասիմ ամի,- ապա դարձավ Գրիգորին, -էդ խուրջինդ հլա դեսը տուր, - ու նորից որոտաց դեպի բաղը,- Էրեխեքից մեկին ղրկի, լսըմ ե՜ս, թող էս խուրջինը տանեն Աղասիմ ամիենց տուն… ճամփին ա, լսեցի՞՜ր….
- Ապրես դու, Մամբրե ջան,- ասաց Աղասիմ ամին,- ամա նեղություն ենք տալիս…
- Քելե՛, օրը ճաշ դառավ,- նրա խոսքը կտրեց Մամբրեն:
Մի քանի շաբաթ անց արդեն Աշխենի հղիությունը ակնհայտ դարձավ:
Հ.Գ. Սա գրվել ա 2011-ին ու պիտի շարունակություն ունենար, բայց իրա մասին չգիտեմ ոնց մառացել եմ ոչ գրել եմ շարունակությունը, ոչ էլ սա դրել եմ Ակումբում: Թող էստեղ մնա, միգուցե մի օր անդրադառնամ...![]()
Էջանիշներ