Բնական գիտությունները մեծ արագությամբ զարգանում են, բայց էդ արագության վրա հաճախ որոշ սահմանափակումներ են դրվում, երբ այս կամ այն գիտական հետազոտություն համարվում է էթիկայի կամ բարոյական նորմերից դուրս։ Հետևյալ գրառումը, պատճառ դարձավ, որ բացեմ էս թեման, ինչն ինձ որպես ապագա գիտնական, շատ է հետաքրքրում։
Որպեսզի օդում չխոսվի, օրինակ վերցնենք մարդու էմբրիոնի գենետիկ մոդիֆիկացիաները։ Մոտ մեկ տարի առաջ բավականին ցնցող լուր էր էն փաստը, որ բրիտանացի գիտնականները թույլատվություն են ստացել մարդու էմբրիոնի գենետիկ մոդիֆիկացիաներ անել, թեև աշխատանքները երկու շաբաթից ավելի չէին կարող տևել։ Ես, օրինակ, նորությունից շատ զարմացած էի, որովհետև արգելքի մասին տեղյակ չէի։
Մեկ այլ սահմանափակում է կենդանիների վրա կատարվող փորձերը։ Իհարկե, կենդանիների օգտագործումը փորձերում պիտի լինի խիստ հիմնավորված և ըստ խիստ անհրաժեշտության, բայց օրինակ բազմաթիվ գիտնականներ նշում են, որ իրենց աշխատանքը մեծամասամբ դառնում է հիմնավորագիր գրել և հաճախ, էլի, չեն հասնում իրենց ուզած թույլատվությանը։ Հաճախ էլ գիտնականները գնում են ասիական երկրներ, հատկապես՝ Չինաստան, քանի որ էնտեղ լեգալ հարցերը կարգավորելն ավելի հեշտ է։ Էդպիսի մի օրինակ է այս դեպքը, որտեղ ողնուղեղի վնասվածքով կապիկի ուղեղում իմպլանտներ են տեղադրել, ինչի շնորհիվ նա քայլել է։ Իրականում, կենդանիների հարցը չգիտեմ ինչքանով է էթիկայի կոնտեքստում տեղավորվում, որովհետև ավելի շատ կենդանիների խնամքի և պաշտպանության հարց է։
Ուրիշ օրինակ են նաև այն փորձերը, որ չեն թույլատրվում մարդկանց ներառող որոշ հետազոտություններ, թեկուզ ասենք վերոնշյալ օրգազմի ինտենսիվության չափման օրինակը։ Օրինակ, այս դեպքում, ես չեմ կարող հասկանալ, թե ինչի՞ պիտի արգելվի մի հետազոտություն, որի մասին պատշաճորեն տեղեկացվել է չափահաս մասնակիցներին և ստացվել նրանց համաձայնությունը։
Ինչևէ, եկեք քննարկենք, թե գիտության վրա դրվող ո՞ր սահմաններն են ընդունելի, արդյո՞ք ճիշտ է սահմանափակել հետազոտությունները, որոնց արդյունքները կարող են շրջադարձային լինել բազմաթիվ հիվանդությունների բուժման համար, ինչ է թե բարոյական կամ էթիկական նորմերից դուրս են։
Էջանիշներ