շարունակություն

Մի՞թե մեծ խելք է պետք հասկանալու համար, որ ինչպիսի իշխանություն էլ լինի Ռուսաստանում, միեւնույն է՝ նա չի կարող ճանաչել Ղարաբաղի անկախությունը, որովհետեւ իր կազմում ունի քսան Ղարաբաղ:

Առասպել հինգերորդ. Ադրբեջանը շատ ակտիվ գործելով միջազգային ատյաններում եւ զանգվածային լրատվամիջոցներում, փաստորեն շահել է քարոզչական պատերազմը (որը հաճախ շփոթվում է դիվանագիտական հաղթանակի հետ):

Միակ առասպելն է, թերեւս, որ ամենեւին հիմքից զուրկ չէ. Հայաստանի եւ Ղարաբաղի համեմատ Ադրբեջանն իսկապես մեծ աղմուկ է բարձրացնում միջազգային ատյաններում ու լրատվամիջոցներում: Պատճառը, սակայն, պարզից էլ պարզ է ու միանգամայն բնական: Էլ ի՞նչ էր մնում անելու Ադրբեջանին. նա տանուլ է տվել ռազմական առճակատումը, լիովին կորցրել է վերահսկողությունը Ղարաբաղի վրա, զրկվել է զգալի տարածքներից, ընկել շուրջ հինգ հարյուր հազար փախստականների ծանր ճնշման տակ: Ադրբեջանի Նախագահն ու արտգործնախարարը ի՞նչ պատասխան պետք է տային իրենց ժողովրդին, եթե ոչ գիշեր ցերեկ աղմուկ բարձրացնելով ձեւացնել, թե խիզախորեն պայքարում են՝ Ղարաբաղն ու կորցրած տարածքները ետ նվաճելու համար:

Եթե անգամ ճիշտ է այն պնդումը, թե մենք իբր տանուլ ենք տվել քարոզչական պատերազմը, ապա պետք է գնահատել. ո՞րն էր ավելի նախընտրելի՝ պահել Ղարաբաղը եւ կորցնել քարոզչական պատերազմը, թե՞ կորցնել Ղարաբաղը եւ փայլուն հաղթանակ տանել քարոզչության ասպարեզում: Պատմության մեջ մենք քարոզչական ու բարոյական այնքան հաղթանակներ ենք տարել, որ գուցե մեր քիմքին դա է պատշաճում: Սա չի նշանակում, անշուշտ, որ մենք պետք է անտեսենք քարոզչական գործունեությունը եւ միջոցներ չձեռնարկենք չեզոքացնելու համար ադրբեջանական քարոզչության ազդեցությունը:

Սահմանափակելով առասպելների թվարկումը, այժմ թեթեւակի անդրադառնանք նաեւ մի քանի հանելուկների՝ նրանց լուծումը թողնելով, սակայն, բացառիկ հնարամտության տիրապետող մարդկանց:

Հանելուկ առաջին. Կարելի է հասնել Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչմանը եւ միաժամանակ խուսափել պատերազմից (Վազգեն Մանուկյանի նախընտրական ծրագրից):

Ի՞նչ է սա. հանճարի մտքի փայլատակո՞ւմ՝ անմատչելի խեղճ մահկանացուներիս, թե՞ ուղեղի ժամանակավոր մթագնում, որը ամեն մարդու հետ կարող է պատահել: Կամ գուցե Նախագահ Ալիեւը հանելուկի հեղինակի ականջին ինչ որ բան է փսփսացել, որ մենք չգիտենք: Համենայն դեպս, հայ քաղաքական մտքին մի այնպիսի կնճռոտ առեղծված է մատուցվել, որից անգամ Էյնշտեյնը դժվար թե գլուխ հաներ:

Հանելուկ երկրորդ. Հնարավոր է անտեսել միջազգային հանրությանը եւ շարունակել օգնություններ ստանալ նրանից:

Գործի բերումով միջազգային հանրության պատասխանատուների հետ ամենաշատը ես եմ շփվում, բայց երբեւէ նրանցից այդպիսի հավաստիացում չեմ ստացել: Ընդհակառակը, ամեն քայլափոխում մենք տեսնում ենք օգնությունների նրբորեն քողարկված պայմանավորումը քաղաքական հանգամանքներով: Գուցե այստեղ էլ մենք ենք մեղավոր, որ չենք կարողանում միջազգային հանրությանը բացատրել իր ստրատեգիական շահերը: Հիրավի, մենք մոռանում ենք համաշխարհային ազգ լինելու, հետեւաբար ամբողջ աշխարհին դաս տալու մեր պատմական առաքելությունը:

Հանելուկ երրորդ. Մենք՝ ընդդիմադիրներս, ղարաբաղյան հակամարտության կարգավորման ծրագիր չունենք, բայց քանի որ Հայաստանի ներկա ապազգային իշխանություններն ի վիճակի չեն լուծելու այդ հարցը, ապա իշխանությունը տվեք մեզ, եւ մենք կլուծենք՝ ձեռի հետ էլ վերականգնելով Հայաստանի արդյունաբերությունը, հինգ տաս անգամ բարձրացնելով աշխատավարձը, երկիրը ողողելով արտասահմանյան ներդրումներով:

Չգիտեմ իսկ, արժե, թե չարժե մեկնաբանել այս հանելուկը. համենայն դեպս, չեմ կարող չնշել, որ քաղաքականության մեջ ազնիվ խոսքն ամենեւին էլ լավագույն փաստարկը չէ, եւ երբեւէ ժողովուրդը հավատալով որեւէ մեկի ազնիվ խոսքին՝ նրան իշխանություն չի տվել, մանավանդ, երբ այդ խոսքը, հանելուկ պարունակելուց բացի, մոտենում է նաեւ հրաշապատում հեքիաթի ժանրին:

Փաթեթային, թե՞ փուլային լուծում

Ընդդիմադիր մամուլի կողմից ջանք չի խնայվում հասարակությանը տպավորելու համար, թե իբր Լեռնային Ղարաբաղը պաշտպանում է կարգավորման փաթեթային տարբերակը, իսկ Հայաստանը՝ փուլայինը, որը հղի է լուրջ վտանգներով: Ես թերեւս չանդրադառնայի այս հարցին, եթե ի զարմանս ինձ, նման հայտարարություններ չանեին նաեւ Ղարաբաղի ներկայացուցիչները:

Սեպտեմբերի 26 ի մամլո ասուլիսին ուշադիր հետեւողները պետք է նկատած լինեին, որ թե՛ փաթեթային, թե՛ փուլային լուծումները ես համարել եմ «իրական (ռեալ) տարբերակներ»: Նշել եմ նաեւ, որ Հայաստանը լուրջ վերապահումներով ընդունել է համանախագահների ներկայացրած առաջին ծրագիրը, որը ոչ այլ ինչ էր, եթե ոչ կարգավորման փաթեթային տարբերակ: Եւ միայն այն բանից հետո, երբ Ադրբեջանը եւ Լեռնային Ղարաբաղը գրավոր կերպով կտրականապես մերժել են այդ տարբերակը, համանախագահներն ստիպված են եղել կողմերին առաջարկել փուլային լուծում:

Ասուլիսում իմ կողմից մասնավորապես ասված է. «Ըստ էության ի՞նչ տեղի ունեցավ: Միջնորդներն էլ, մենք բոլորս էլ համոզվեցինք, որ այսօր Ղարաբաղը եւ Ադրբեջանը պատրաստ չեն քննարկել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը, որովհետեւ նրանցից յուրաքանչյուրն ունի այդ կարգավիճակի մասին իր սեփական պատկերացումը, որը կտրուկ հակադրվում է հակառակորդի տեսակետին: Այս հարցում բոլորը համոզվեցին: Ես կարծում եմ, ընտրվեց միակ իրատեսական մոտեցումը: Եթե լուծման նման տարբերակը չի ընդունվում, այսինքն իրագործելի չէ, այսօր պետք է փորձ կատարել իրագործել լուծման «փուլ առ փուլ» տարբերակը» («Հայաստանի Հանրապետություն», 27 սեպտեմբերի, 1997 թ.):

Մերժելով նախ փաթեթային, ապա՝ փուլային լուծումները եւ այսօր առաջարկելով կրկին վերադառնալ փաթեթային տարբերակին, ղարաբաղյան կողմն անհարմար դրության մեջ է դրել թե՛ Ղարաբաղը, թե՛ Հայաստանը: Այնուամենայնիվ, վիճակը ես ողբերգական կամ փակուղային չեմ համարում, քանի որ հնարավոր է այդ երկու տարբերակները հեշտությամբ համատեղել: Գաղափարը շատ պարզ է. բանակցությունների արդյունքում ստորագրվում է կարգավորման փուլային տարբերակը, բայց այն կիրառվում է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հստակեցումից հետո: Դրանով Ղարաբաղը միջազգային հանրությանն ապացուցում է իր կառուցողականությունը, ցույց է տալիս, որ ոչ մի մտադրություն չունի պահպանել գրավված տարածքները, իսկ մյուս կողմից՝ լուրջ առաջխաղացում է արձանագրվում կարգավորման գործընթացում, եւ վերսկսվում են շուրջ մեկ տարի ընդհատված բանակցությունները:

Գլխավորն այսօր ընդհատված բանակցությունների վերսկսումն է, որի համար անհրաժեշտ է կարճ ժամանակում վերջիվերջո հակամարտող կողմերի միջեւ համաձայնեցնել բանակցությունների հիմք հանդիսացող փաստաթղթի նախագիծը: Եթե դա տեղի չունենա մինչեւ ԵԱՀԿ նախարարների խորհրդի առաջիկա նիստը, որը կայանալու է այս տարվա դեկտեմբերին Կոպենհագենում, ապա մեզ լուրջ բարդություններ կարող են սպասել:

Դավադրությունը բացառվում է

Ընդդիմության կողմից փորձ է արվում ստեղծել նաեւ այն տպավորությունը, թե համանախագահների կողմից Ղարաբաղի դեմ դավադրություն է կազմակերպվում, որին ապաշնորհության պատճառով կամ դավաճանական դիտավորությամբ մասնակցում է նաեւ Լեւոն Տեր Պետրոսյանը: Նման տպավորության ստեղծման նպատակով մասնավորապես շահարկվում է բանակցությունների գաղտնիության հանգամանքը, թեեւ այդ մտավախությանը, կարծում եմ, ես սպառիչ կերպով անդրադարձել եմ ՀՀՇ 9 րդ համագումարի իմ ելույթում: Ստիպված եմ կրկնել ելույթի համապատասխան հատվածը.

«Գաղտնին անպայման դավադրություն չի նշանակում: Սա պարզապես միջազգային դիվանագիտական պրակտիկա է՝ հեշտացնելու համար բանակցությունների գործընթացը, այն հեռու պահելով ավելորդ աղմուկից ու պրոպագանդիստական շահարկումներից: Բավական է հիշեցնել, որ արաբա իսրայելյան կարգավորման ներկա գործընթացին նախորդել են տարիներ տեւած գաղտնի բանակցություններ:

Հասկանալի է, որ գաղտնի է ընթանալու միայն բանակցությունների փուլը, իսկ համաձայնությունների կայացումից հետո, բայց վերջնական պայմանագրերի ստորագրումից առաջ, կարգավորման ծրագիրը, բնականաբար, ներկայացվելու է ինչպես մեր, այնպես էլ Արցախի եւ Ադրբեջանի ժողովուրդների դատին…

Մի բանում ձեզ կարող եմ լիովին վստահեցնել. Հայաստանը երբեւէ չի ստորագրի որեւէ փաստաթուղթ, որի տակ չի լինի նաեւ Լեռնային Ղարաբաղի ստորագրությունը» («Հայաստանի Հանրապետություն», 15 հուլիսի, 1997 թ.):

Թվում է, թե քիչ թե շատ տրամաբանող եւ տարրական մտավոր կարողություններ ունեցող մարդկանց համար ասված է ամեն ինչ: Բայց աճպարարության սովոր եւ ժողովրդին մոլորության մեջ գցելու տենդով տառապող մարդկանց համար ի՜նչ փույթ հաշվի նստել տրամաբանության կամ ընդհանրապես բանականության հետ, երբ կարելի է ընդդիմախոսի խոսքերն աղավաղելու եւ երեւակայական վերագրումներ կատարելու միջոցով քողածածկել սեփական մերկությունը՝ հույս դնելով ստորագույն մարդկային բնազդների վրա:

Դավադրությունն, ըստ էության, բացառվում է ոչ թե ենթակայական (սուբյեկտիվ) հանգամանքներով, այսինքն ոչ թե այն պատճառով, թե Լեւոն Տեր Պետրոսյանը կամ այլ ոմն այդպես է կամենում կամ պատկերացնում, այլ զուտ իրավական առումով: Այսինքն՝ գործելու է Ղարաբաղի հարցի կարգավորման վերահսկման հստակ իրավական մեխանիզմ, որն ընդգրկելու է հետեւյալ հաջորդական հանգրվանները.

ա) ինչպես վերը նշվեց, համաձայնությունների կայացումից հետո, բայց վերջնական պայմանագրերի ստորագրումից առաջ կարգավորման ծրագիրը ներկայացվելու է շահագրգիռ ժողովուրդների դատին.
բ) կարգավորման ցանկացած ծրագրի կամ պայմանագրի տակ լինելու է Լեռնային Ղարաբաղի ստորագրությունը.
գ) ստորագրումից հետո կարգավորման ծրագիրը կամ պայմանագիրը պետք է վավերացվի հակամարտող կողմերի խորհրդարանների կողմից:

Ինչպես տեսնում ենք, ե՛ւ ժողովուրդը, ե՛ւ ընդդիմությունը հնարավորություն է ունենալու լիակատար կերպով վերահսկել կարգավորման գործընթացը եւ ազդել նրա արդյունքների վրա: Ես միայն ուրախ կլինեմ, եթե հրապարակային քննարկումների եւ խորհրդարանական բանավեճերի ընթացքում ընդդիմությունը հանդես գա այլընտրանքային առաջարկներով ու ծրագրերով, որոնք մեզ հնարավորություն կտան կայացնել ճիշտ որոշումներ, քանի որ Լեռնային Ղարաբաղի հարցում մենք սխալվելու իրավունք չունենք:

Ինքնախաբեությամբ չզբաղվենք եւ զուր պատրանքներ չփայփայենք՝ Ղարաբաղի անկախության հարցում մենք դաշնակիցներ չունենք: Ոչ ոք մեր փոխարեն չի լուծելու առկա կնճիռը: Մենք ենք լուծելու, եւ լուծելու ենք մեր ուժերի ներածի չափով: Մեր միակ դաշնակիցը արկածախնդրության մերժումն է:

Ես նպատակ չեմ հետապնդում ողբերգականացնել իրավիճակը եւ ամենեւին տագնապ չեմ հնչեցնում, քանի որ վստահ եմ մեր ժողովրդի ողջամտությանը:


Լևոն Տեր-Պետրոսյան
1997-11-01