շարունակություն
* * *
Ներածական այս հիմնադրույթներից բնականաբար բխում է, որ «ազգ-բանակի» կառուցման հայկական տարբերակի ճարտարապետները պարտավոր են, առաջին հերթին, պատասխանել հետեւյալ երեք հարցերին. ինչպիսի՞ պարտադրանքից է թելադրված այդ ծրագիրը, ի՞նչ խնդրի լուծմանն է կոչված այն, եւ որքա՞ն ռեսուրսներ են պահանջվելու նրա իրականացման համար։ Խախտելով հարցերի հաջորդականությունը, նախ անդրադառնանք ռեսուրսներին։ Ի տարբերություն, որպես օրինակ բերվող, Իսրայելի, որի հրեա բնակչության թվաքանակը անկախությունից ի վեր անշեղորեն աճել եւ 600 հազարից այսօր հասել է շուրջ 7 միլիոնի, Հայաստանի բնակչությունը 1988թ. երկրաշարժից ու խորհրդային փակ սահմանների փլուզումից հետո անընդհատ նվազել է՝ մի գործընթաց, որն այս պահին էլ դադարելու կամ թեկուզ դանդաղելու որեւէ միտում չի դրսեւորում։ Մարդկային ռեսուրսների առումով Հայաստանի իշխանությունները մեծ հույսեր են կապում Սփյուռքի հետ։ Ինքս սփյուռքահայ լինելով, ինձ իրավունք եմ վերապահում ամենայն պատասխանատվությամբ հայտարարել, որ այդ ակնկալիքը բացարձակ ցնորք է եւ ինքնախաբեություն։ Բավական է հիշեցնել, որ 1990-ականների եռամյա պատերազմին մասնակցել է ընդամենը 12 սփյուռքահայ։ Այդ թիվը ժամանակին ցավով հրապարակել է ոչ այլ ոք, քան պատերազմի բոլոր մանրամասներին տիրապետող Վազգեն Սարգսյանը։
Ինչ վերաբերում է նյութական ռեսուրսներին, ապա այստեղ էլ պատկերը նույնքան տխուր է, որքան մարդկային ռեսուրսների պարագայում։ Հայաստանի տնտեսությունը, 1994–2008 թվականների որոշ վերելքից հետո սոսկալի անկում է ապրում, ընդ որում, ցավոք, առանց առողջացման որեւէ հեռանկարի։ Ինչպես ասում են՝ թունելի վերջում լույս չի երեւում։ Դա ամենեւին չի նշանակում, թե Հայաստանում ազգային հարստություն չի ստեղծվում։ Անշուշտ ստեղծվում է, բայց 2001 թվականից ի վեր, բարձրաստիճան պաշտոնյաների կողմից դրա անխնա թալանի պատճառով ծախսվում է սեփական բիզնեսների զարգացման, շքեղ ապարանքների կառուցման եւ Աֆրիկայում առյուծի որսով զբաղվելու վրա, իսկ մնացյալ գումարը կուտակվում է արտասահմանյան բանկերում։ Որպեսզի պատկերացնեք, թե ինչ ծավալի թալանի մասին է խոսքը, նշեմ, որ այն միանգամայն բավարար էր այսօր 300000 բնակչությամբ Ղարաբաղ եւ գերժամանակակից զինատեսակներով հագեցած բանակ ունենալու համար։ Եթե Հայաստանի տնտեսության ներկայիս վիճակը ողբալի չլիներ, ապա իշխանությունները, զոհված ու հաշմանդամ զինծառայողների ընտանիքների կարիքները հոգալու համար, ոչ մի այլ պարագայում չէին ընդունի ժողովրդից 1000-ական դրամ մուրալու խայտառակ օրենքը, ինչը, առաջին իսկ քայլով «ազգ-բանակ» գաղափարը վարկաբեկելուց բացի, ծանր հարված հասցրեց պետության արժանապատվությանը, մեզ ծաղրի առարկա դարձնելով աշխարհի առջեւ։ Նյութական ռեսուրսների առումով եւս առանձնապես հույս չպետք է դնել Սփյուռքի էական աջակցության վրա։ Նախ՝ Սփյուռքն ինչո՞ւ պիտի օգնի Հայաստանին, որի հարստությունը թալանվում է սեփական իշխանավորների կողմից, եւ երկրորդ՝ երախտագիտությամբ գնահատելով հանդերձ սփյուռքահայ բարերարների եւ հասարակ ժողովրդի կողմից անկախության շրջանում Հայաստանին ցուցաբերված մարդասիրական օգնությունը, չպետք է մոռանալ, որ այն երբեք չի գերազանցել մեր երկրի տարեկան բյուջեի երկու-երեք տոկոսը։ Իսկ սա, եկեք համաձայնենք, չնչին նպաստ է մի այնպիսի ծախսատար ծրագրի իրականացման գործին, ինչպիսին «ազգ-բանակի» կառուցումն է։ Անգամ եթե Հայաստանի ողջ տարեկան բյուջեն տրամադրվեր այդ ծրագրի իրականացմանը, դա նույնպես անբավարար կլիներ։
* * *
Այժմ անցնենք այն հարցին, թե ինչպիսի՞ պարտադրանքից է թելադրված «ազգ-բանակի» կառուցման հայկական ծրագիրը կամ, թե ո՞րն է դրա հղացման դրդապատճառը։ Ինչպես տեսանք, մոնղոլների պարագայում դրդապատճառը այլ երկրներ նվաճելու նրանց ձգտումն էր, իսկ միջնադարյան Շվեյցարիայի եւ ժամանակակից Իսրայելի դեպքերում՝ թշնամական միջավայրում սեփական ժողովուրդների անվտանգությունն ու պետականության գոյատեւումն ապահովելու խնդիրը։ Հայ ժողովրդի նվաճողական նկրտումների մասին ծիծաղելի է խոսել, եթե, իհարկե, նկատի չունենանք Բաքուն գրավելու, Արեւմտյան Հայաստանն ազատագրելու եւ ծովից-ծով Հայաստան ստեղծելու ցնորամիտ անուրջները։ Ինչ վերաբերում է «ազգ-բանակի» ստեղծման հարցում անվտանգության ու գոյատեւման անհրաժեշտությունից բխող պարտադրանքին, ապա շվեյցարական փորձը պետք է լիովին զանց առնել, որովհետեւ միջնադարն ավարտվել է, եւ պետությունների հարաբերություններն այսօր կարգավորվում են միջազգային իրավունքի բոլորովին այլ սկզբունքներով։ Թվում է, թե այս տեսակետից Հայաստանի խնդիրները համեմատելի են Իսրայելի խնդիրների հետ։ Իրոք համեմատելի են, սակայն լուրջ վերապահումներով։
Նշվեց արդեն, որ արաբա-իսրայելյան տեւական առճակատման հիմքը միջազգային իրավունքին հակասող այն իրողությունն է, որ արաբական երկրները հրաժարվեցին ենթարկվել Պաղեստինի բաժանման վերաբերյալ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 1947թ. նոյեմբերի 29-ի ընդունած բանաձեւին եւ Իսրայելի անկախության հռչակման հաջորդ օրը պատերազմ հայտարարեցին վերջինիս։ Իսրայելին, հետեւաբար, այլ բան չէր մնում, քան ապավինել սեփական ուժերին եւ ձեռնամուխ լինել «ազգ-բանակի» կառուցման գործին։ Այսինքն Իսրայելը ոչ թե կամովին է հանգել այդ մտքին, այլ իսկզբանե պարտադրված է եղել դիմելու նման բացառիկ քայլի։ Ի դեպ, Եգիպտոսի ու Հորդանանի հետ հաշտության պայմանագրերի կնքումից եւ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից հետո անգամ այդ պարտադրանքը չի վերացել, քանի որ 21 արաբական եւ իսլամական պետություններ, ՄԱԿ-ի կանոնադրության ոգուն հակառակ, այդպես էլ մինչ օրս Իսրայելի հանրապետությունը չեն ճանաչել, ինչը լրջագույն մտահոգության առարկա է շարունակում մնալ վերջինիս համար։
Իսկ այժմ տեսնենք, թե, անգամ բավարար ռեսուրսների առկայության պարագայում, ինչն է Հայաստանին ստիպում ընթանալ Իսրայելի որդեգրած ճանապարհով։ Ի տարբերություն Իսրայելի, Հայաստանը ճանաչված է ՄԱԿ-ի անդամ բոլոր պետությունների կողմից, բացառությամբ Պակիստանի։ Սահմանակից հարեւաններից միայն երկուսի՝ Թուրքիայի ու Ադրբեջանի հետ է, որ Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ չունի։ Մյուս երկու հարեւանների՝ Վրաստանի ու Իրանի հետ իսկզբանե հաստատված են ջերմ բարեկամական հարաբերություններ, որոնք փոխշահավետության եւ աշխարհաքաղաքական նկատառումներով, ոչ միայն բնավ խաթարելի չեն, այլեւ խորացման ու ավելի արդյունավետ համագործակցության հեռանկար են ցուցանում։ Անկախությունից ի վեր Իսրայելը վեց լայնածավալ պատերազմներ է մղել իր չորս հարեւանների՝ Եգիպտոսի, Սիրիայի, Հորդանանի ու Լիբանանի դեմ (1948, 1956, 1967, 1973, 1982, 2006 թթ.), չհաշված Իրաքի միջուկային կենտրոնին հասցված օդային հուժկու հարվածը (1981թ.)։ Մինչդեռ Հայաստանը սահմանային ռազմական առճակատման մեջ է գտնվել միայն հարեւաններից մեկի՝ Ադրբեջանի հետ։ Այս առումով, իմիջիայլոց, տեղին է նշել, որ ներկայիս Հայաստանի վիճակը տարբերվում է ոչ միայն Իսրայելի, այլեւ Հայաստանի առաջին հանրապետության վիճակից, որն իր գոյության երկուսուկես տարիների ընթացքում պատերազմել է իր չորս հարեւաններից երեքի՝ Ադրբեջանի, Վրաստանի եւ Թուրքիայի հետ։
Ադրբեջանի ու Թուրքիայի հետ հակասությունների վերացումն ու բարիդրացիական հարաբերությունների հաստատումը կախված են ընդամենը մեկ հարցի՝ Ղարաբաղյան հակամարտության կարգավորումից, որին մանրամասն կանդրադառնամ քիչ հետո։ Չպետք է անկարեւոր համարել այն իրողությունը, որ հակառակ այդ հարցում Ադրբեջանի հանդեպ Թուրքիայի ցուցաբերած անվերապահ քաղաքական աջակցությանը, վերջինս, շրջափակումից բացի, Հայաստանի դեմ որեւէ այլ թշնամական գործողություն չի ձեռնարկել եւ ոչնչով չի կարողացել խանգարել Ղարաբաղի տարածքային ընդարձակմանը։ Ավելին, գուցե պարադոքսալ հնչի, ցուցադրական աջակցությամբ մեծ հույսեր ներշնչելով ու դրանով անզիջողականության մղելով Ադրբեջանին, Թուրքիան որոշ առումով նույնիսկ նպաստել է արցախյան բանակի արձանագրած հաջողություններին։ Եթե, հակամարտության հարցում կողմերից մեկին աջակցելու փոխարեն, նա չեզոքություն պահպաներ ու դրանով Ադրբեջանին անզիջողականության չդրդեր, ապա Քելբաջարից հետո վերջինս չէր կորցնի իր տարածքի հավելյալ հինգ շրջանները։ Թուրքիայի ապակառուցողական միջամտությունն, այսպիսով, ոչ թե թուլացրել, այլ ավելի եւս սրել է Ղարաբաղյան հակամարտության շուրջ ստեղծված լարվածությունը։
Ինչեւիցե, վերոշարադրյալից ակնհայտորեն հետեւում է, որ Հայաստանը զերծ է իր գոյությանն սպառնացող գրեթե բոլոր այն արտաքին վտանգներից, որոնք անկախության ավելի քան քառասուն տարիներին սպառնացել են Իսրայելին եւ այսօր էլ դեռ շարունակում են սպառնալիք մնալ։ Հետեւաբար, մեր երկիրը, անշուշտ ուշադրության կենտրոնում պահելով ազգային բանակի հզորացման անհրաժեշտությունը, ամենեւին պարտադրված չէ հետեւելու «ազգ-բանակի» կառուցման իսրայելյան օրինակին։ Արաբական եւ իսլամական աշխարհի հետ Իսրայելի ունեցած խնդիրների համեմատությամբ, Հայաստանի ու Ղարաբաղի խնդիրները շատ ավելի լոկալ ու լուծելի են։ Այդ պատճառով է, մասնավորապես, որ միջազգային հանրությունը դրանք առայժմ առաջնահերթություն չի դիտում։ Այս ամենից բացի, Իսրայելյան փորձի ընդօրինակումը խոցելի է նաեւ մի այլ՝ մեթոդաբանական առումով։ Ամենեւին պարտադիր չէ, որ որեւէ երկրում կիրառված արդյունավետ համակարգը կիրառելի լինի նաեւ ուրիշ երկրներում։ Չինական տնտեսական բարեփոխումների հրաշքն, օրինակ, կարող էր տեղի ունենալ միայն Չինաստանում։
Մի խոսքով, մեր պարագայում «ազգ-բանակի» կառուցման ծրագիրը ձախորդ, չմտածված, վտանգավոր ծրագիր է, որի միակ արդյունքը լինելու է արտագաղթի խթանումը եւ Հայաստանի ու Ղարաբաղի վերջնական հայաթափումը։ Տպավորություն է ստեղծվում, որ վարչախումբը մտադիր է «ազգ-բանակ» ծրագիրն իրականացնել նրա բաղադրիչներից մեկի՝ ազգի վերացման գնով։ Այսինքն՝ որոշ ժամանակ անց մենք գուցե հզոր բանակ ունենանք, բայց հարց է՝ ազգ մնացած կլինի, թե՞ ոչ։
* * *
Բնականաբար հարց է առաջանում. եթե, ինչպես տեսանք, Հայաստանն իր անվտանգ գոյությունը պահպանելու համար պարտադրված չէ դիմելու «ազգ-բանակի» ստեղծման ծայրահեղ քայլին, ապա այդ խնդիրն իր առջեւ դնելով, ի՞նչ նպատակ է հետապնդում մեր երկրի իշխանությունը։ Կարելի է, իհարկե, մտածել, եւ այդպես մտածողներ կան, որ «ազգ-բանակ» գաղափարի առաջքաշումը իշխող կուսակցության հերթական հայրենասիրախաղերից կամ նախընտրական փուչ կարգախոսներից մեկն է՝ «ազգովի դառնանք ֆիդայի», «համաշխարհային ազգ», «ազգ-կազմակերպություն», «ծովից-ծով Հայաստան», «Քուռ-Արաքսյան հանրապետություն», «ոչ մի թիզ հող», «համահայկական բանկ», «Գյումրին՝ տեխնոպարկ», «Դիլիջանը՝ ֆինանսական կենտրոն», «Ստամբուլը՝ արյան ծով» հեքիաթների շարքից։ Եթե այդպես է, ուրեմն «ազգ-բանակի» գաղափարն այնքան էլ վտանգավոր չէ, որովհետեւ նախորդ փուչիկների պես շուտով կպայթի։
Իսկ եթե վարչախմբի մտադրությունն այս անգամ լուրջ է, ապա անհրաժեշտ է հարցին անդրադառնալ նույնքան լրջորեն։ Շատ խելք պետք չէ հասկանալու համար, որ այդ գաղափարը ստատուս-քվոյի պահպանման միեւնույն ռազմավարությունն է՝ մատուցված ուրիշ փաթեթավորումով։ Այսինքն, մեր իշխանությանը հոգեհարազատ մարկետինգի տրամաբանությամբ՝ իր սնանկությունն ապացուցած, բարոյապես մաշված եւ սպառողին ձանձրացրած բրենդը փոխարինվել է մի այլ, ավելի գրավիչ ու բարեհունչ բրենդով։ Այլ կերպ ասած, դաս չքաղելով անցած 18 տարիների դառը փորձից, վարչախումբը որոշել է շարունակել Ադրբեջանի ու Թուրքիայի հետ հավերժ առճակատման տխրահռչակ քաղաքականությունը, որն այս կարճ ժամանակամիջոցում արդեն իսկ տնտեսական, սոցիալական, ժողովրդագրական ու բարոյահոգեբանական բազում ավերներ է գործել Հայաստանում եւ Ղարաբաղում։ Դա նշանակում է առնվազն եւս 18 տարի ենթարկվել այդ ավերներին, մինչեւ Հայաստանից ու Ղարաբաղից բան չմնա, եւ խնդիրն ինքնըստինքյան կորցնի իր ակտուալությունը։
շարունակելի
Էջանիշներ