Երկրորդ, ապառազմականցված գոտում կտեղակայվեն խաղաղապահ ուժեր ու միջազգային դիտորդներ, որոնք կկարողանան արձանագրել որևէ խախտում Ադրբեջանի կողմից` դրանից բխող բավականին լուրջ հետևանքներով։ Կարող են առարկել, թե այդ նույն միջազգային ուժերը, որ կարգավորման դեպքում դիտորդներ պետք է տրամադրեն, արդեն քանի տարի է՝ որդեգրել են չեզոքության պրակտիկան ու միշտ խուսափում եմ մեղավորին մատնացույց անելուց։ Սա թույլ առարկություն է, որովհետև կարգավորումից հետո նրանք շահագրգռված են լինելու ոչ թե չեզոքություն, այլ կայունություն ապահովելով, ինչը ենթադրում է միանգամայն այլ շահեր ու վարքագիծ։ Կարող են նաև առարկել, որ խաղաղապահները ոչինչ էլ չեն կարողանա զսպել, ինչպես այս հարցին առնչվող մի բանավեճի ժամանակ պնդել էր ֆեյսբուքյան մի օգտատիրուհի` օրինակ բերելով Ռուանդայում տեղակայված ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերի ճակատագիրը 1994 թվականին։ Սա նույնպես թույլ առարկություն է։ Ճիշտ է, իհարկե, որ որոշ դեպքերում խաղաղապահներն աչքի չեն ընկել արդյունավետությամբ, ինչպես Ռուանդայի դեպքում։ Բայց նրանց արդյունավետության մակարդակն ինչ-որ հաստատուն իրողություն չէ։ Այն կախված է խաղաղապահների մանդատից, այդ մանդատն ստանձնած պետությունների ուժից ու հեղինակությունից, ինչպես նաև կարգավորման արդյունքում ձևավորված ստատուս քվոն պահպանելու նրանց շահագրգռվածությունից։ Ռուանդայում ձախողված խաղաղապահ առաքելությունը նման առաքելության միակ կամ նույնիսկ ամենաներկայացուցչական օրինակը չէ։ Վերոհիշյալ ֆեյսբուքյան օգտատիրուհին ու նրա մտավախությունը կիսողները կարող էին հիշել նաև, ասենք` Հարավային Օսեթիայի ռուսական խաղաղապահ առաքելությունը, ինչն, իմ կարծիքով, ավելի քան արդյունավետ էր։
Էջանիշներ