Միքայելն ու Դավիթը երկվորյակներ են, բայց Միքայելը Դավիթից երկու րոպե ու մի քանի վայրկյան մեծ է։ Իրանք իմ իմացած ամենահամով էրեխեքն են ու ամենատարբեր երկվորյակները։ Իրանք չորեքշաբթիներս կախարդական դարձնողներից են։
Էսօր էկել էին ու երգելով բարևում էին.
- Helloooo (Ադելի երգի նման), it's us. Բարևում ենք իրար ու հետո ես գնում եմ։ Իրանց տեսնելուց հետո չժպտալ չի լինում։ Իրանց ուղղակի տեսնել ա պետք։
Անցնում ա որոշ ժամանակ, տեսնում եմ իրենցից մեկը ձեռք ա բարձրացրել։ Միքայելն էր։ Մի ախմախ խաղ կար, հարցնում էր ոնց պետք ա խաղա։ Ասեցի որ սկզբում պետք ա իր ամրոցները սարքի, հետո էլ երբ թշնամին հարձակվի, ամրոցներից ու աշտարակներից կրակի ու սպանի բոլորին, որ իր սահմանը չանցնեն։
- Լավ, ես չգիտեմ թե ինչ է սպանելը, բայց որ ասում եք, մի բան կանեմ։- ասում ա ու ես հալվում եմ։ Չէ, իրոք դուք չեք պատկերացնի, ինքը էնքան բարի ա, էնքան փափուկ, ոնց որ ուրիշ մոլորակից լինի։ "Ես չգիտեմ թե ինչ է սպանելը"։ Ամբողջ օրը գլխիս մեջ էր Միքայելի ձայնը։
Միքայելը կախարդական ա։ Իրոք կախարդական։ Ինքը հայերեն լավ չի խոսում։ Սկզբում իրա հետ անգլերեն էի խոսում, հետո ռուսերեն։ Բայց հիմա հայերեն եմ խոսում։ Ինքը պատասխանում ա էն լեզվով որով հետը խոսում են ու ես ուզում եմ որ ինքը լավ հայերեն խոսա։ Չգիտեմ, մի տեսակ ներքին վախ կա, որ երբ ինքը մեծանա, Հայաստանում չի մնա։ Իսկ ես չեմ ուզում որ մենք Միքայելի նման էրեխեքի կորցնենք։ Մենք ունենք իրանց կարիքը։ Ու եթե ինքը իրա մայրենի լեզվին լավ տիրապետի, էդ կլինի իրան ստեղի հետ կապող ինչ֊որ թել, որ եթե անգամ գնա, ինչ֊որ թելերով կապված կլինի Հայաստանին, մեզ։
Միքայելի մեջ ի՞նչն եմ ամենաշատը սիրում. ինքը հարգում ա իրեն շրջապատող աշխարհը։ Կոմպերին, սեղաններին, աթոռներին, էլ չեմ ասում էրեխեքին ու մարզիչներին։ Մի անգամ հարցնում էր իր կոմպը աղջի՞կ ա թե՞ տղա ( he or she)։ Ինքը ամեն ինչ անձնավորում ա։ Իր շուրջ ամեն ինչ ապրում ու շնչում են։ Ու հետո մենք մտածում էինք` իրոք, իրա համակարգիչը աղջիկ ա թե՞ տղա։ Բոլոր համակարգիչները իրար նման են ու եթե մեկը աղջիկ ա (կամ տղա), նշանակում ա մնացած բոլորն են աղջիկ (կամ տղա)։
- Ինձ թվում ա, համակարգիչը համ աղջիկ ա, համ տղա,֊ ասում ա Միքայելը,֊ երբ որոշում ա աղջիկ լինել, աղջիկ ա լինում։- Ու էնքան լուրջ էր ասում, որ ես էլ էի արդեն մտածում` համակարգիչը կախված տրամադրությունից կարա որոշի ինքը աղջիկ ա թե տղա։
Միքայելը ոչ մեկից չի նեղանում։ Կապ չունի թե ինչ են անում մյուս էրեխեքը։ Մեկ֊մեկ նենց բաներ են ասում/անում մյուսները, որ ուզում եմ գնամ, ծեծեմ իրանց, բայց Միքայելը մենակ ժպտում ա, ժպտում շուրթերով, այտերով, աչքերով։
Երբ արդեն պետք ա գնային, Դավիթը արագ հավաքվեց ու դուրս վազեց, ձեռնոցներն ու գլխարկն էլ մոռացավ։ Միքայելը մնաց էնքան մինչև վերջացրեց իր վարժանքը։ Հետո հագնվեց, նայեց եղբոր մոռացած իրերին ու հոգոց հանելով ասեց.
- Միշտ սենց ա անում. իրերը թողնում ա ու վազում։ Գիտի որ հետևից հավաքելու եմ, դրա համար էլ սենց ա անում։ Հասկանու՞մ եք, թե ինչ ա նշանակում մեծ եղբայր լինել։ Ես իրենից երկու րոպե եմ մեծ ու գիտեմ որ դա հաշիվ չի, բայց ես մեծ եղբայրն եմ, ինքն էլ գիտի, որ ես եմ մեծը։ Ու ես սիրում եմ իրան ձեռք առնել, որ ես մեծն եմ։ Երկու րոպե, ընդամենը երկու րոպե, ու ոչինչ որ դա հաշիվ չի, մեկ ա ես մեծն եմ։
Վերցրեց Դավիթի իրերը, գրկեց ինձ ու դուրս վազեց։ Ախպերը դրսում առանց գլխարկի ու ձեռնոցների իրան էր սպասում։
Առաջին անգամ երբ հանդիպեցի Դավիթին ու Միքայելին, առաջին բանը, որ ասեցին իրենց մասին, էդ էն էր, որ Միքայելը Դավիթից մեծ ա, ընդամենը երկու րոպե։ Ու էսօրվանից հետո կարծում եմ` Միքայելին դուր ա գալիս մեծ եղբայրը լինելը։ Իրեն դուր ա գալիս, եղբոր համար պատասխանատու լինելը, ի վերջո ինքը մեծն ա։ Ու Դավիթին էլ դուր ա գալիս թե ոնց ա Միքայելը մեծ եղբայրություն անում։ Սարսափելի հարուստ ա Դավիթը։
Էջանիշներ