Երբ ձախորդությունը կամ ձախորդությունների մի ամբողջ շղթա զավեշտ է դառնում...
Երբ ձախորդությունը կամ ձախորդությունների մի ամբողջ շղթա զավեշտ է դառնում...
2016ը կյանքիս զզվելիագույն տարին էր մինև վերջ...
դեկտեմբերի 26
Հին մարսյան ասացվածքն ասում ա՝ որտեղ Ալֆա, էնտեղ փորձանք: Ի դեպ, քանի որ ես աննորմալ հաջողակ կերպար եմ, ձախորդությունը հենց հայտնվելու շանս ա ունենում, միանգամից Process Tree-ով ա գալիս:
Եվ Nightfall...հեռախոսի էկրանին
Հեռախոսս ճանապարհից առաջ սատկեց: Երևանում իրարից բաժանվելու, էկի հանդիպելու էնք, լիքը կարևոր զանգեր կային անելու, իսկ ինքը հանգել՝ չի միանում՝ մեռած ա ձևանում:
Տոպրակներ
Երբ մայրիկիս հետ առավոտյան պատերազմ էի անում, դեռ չգիտեի, որ հետո ավելի վատ էր լինելու. երկու բարակ, թափանցիկ տոպրակներով իրեր ա դրել՝ դատարկ թիթեղից գարեջրի բանկաներ, իչ-որ տարօրինակ թելեր, փայլերի կտորտանքներ, որ տանեմ, քույրիկս իր համար տոնածառի խաղալիքներ սարքի: Ինձ պատկերացրեցի լիքը իրերով հանդերձ դրանք քարշ տալուց, հիստերիկացա: Վերջը մաման ստիպված ինչ կա-չկա տեղափոխեց մի տոպրակի մեջ, մի կերպ հասցրեցի Երևան, արագ-արագ գնում եմ Լուսինեին ընդառաջ, որ տոպրակը տամ (էստեղ մի տուո՛ւ Երևանի քաղաքապետարանի հասցեին՝Աբովյան փողոցը լրիվ սառույց էր), սայթաքեցի, շրմփացի, ջարդուփշուր եղա, տոպրակը տվեցի Լուսինեին ու առանց բառ ասելու վազեցի վերև՝ Ջինիշյանի գրասենյակ, ահավոր սառել էի:
Գինի
Գրասենյակում բոլորն արդեն ամանորի սեղանի շուրջ իրար նոր տարին են շնորհավորում, երբ սառած տեղ հասա, մի շնչով մի բաժակ գինին խմեցի, զգացի, թե ոնց ա փորձված խմողի հաամր բավական աննորմալ ռեակցիա՝ գլուխս պտտվում ա, սրտխառնոց եմ զգում ու էստեղ հիշեցի՝ անտիբիոտիկները: Դրանց հետ ալկոհոլ համատեղել չի կարելի, իսկ ես արդեն մի լիքը բաժակ գինի խմել էի:
Մետրո
Վերջին անգամ, երբ Երևանում էի, ավտոբուսում զինվորական աղջկա կողմից գողեր բռնելու մասին կինո տեսա՝ ընտիր դիալոգներ, էքշն, ադրենալին…
Այս անգամ ընդամենը մի կայարան պետք ա գնայի մետրոյով՝ Երիտասարդականից հասնեի Հրապարակ, մեր էրեխեքին հանդիպեի: Իջա մետրո, անփորձանք հաղթահարեցի անցակետը (Ну погоди-ից հետո մանկական ֆոբիա կա), արդեն պետք ա իջնեմ էլեվատորով, էն էլ մի պստո սայթաքեց, ընկավ, մայրը ընկավ՝ փորձելով բարձրացնել… բալիկը՝ մայրիկին, մայրիկը՝ կողքի պապիկին... էնքան քաշեցին, քաշքշեցին...
էլեվատորը մոտ 10 րոպե կանգնեցրել էին, չէր շարժվում, ինձ էլ անընդհատ զանգում են, թե ուր ես՝ աշխատանքային հեռախոսս (մի երկու օր առաջ կորցրել եմ) իրավիճակը փրկում էր: Ի վերջո, առանց լուրջ հետագա արկածների հասա հանրապետության հրապարակ ու մի անգամ էլ էնտեղ մետրոյից դուրս գալուց սայթաքեցի, ընկա: Ձմեռ:
Սահադաշտ:
Երբ տեղից քո գինու ու անտիբիոտիկների ձեռը ճոճվում ես, դեռ մի բան էլ լրիվ անփորձ ոտքերդ ես քաշում հագովդ լայն չմուշկները, որոնց մեջ ոտքերը հնարավոր բոլոր տարբերակներով ոլորվում ու ահավոր ցավում են, պետք չի սահադաշտ դուրս գալ:
Ես չէի սահում, ես սողում էի սահադաշտով մեկ՝ հազիվ հավասարակշռություն պահելով ու պարբերաբար գետին շրմփալով: Դուրս եմ եկել սահադաշտից ու միայն այդ ժամանակ հայտնաբերել թևիս վրայի թենիսի գնդակի չափ ուռուցքը՝ էս առանց չափազանցնելու, անգամ մի փոքր նսեմացնելով իրավիճակը՝ վկաներ կան, կհաստատեն:
Բժիշկ, բժիշկ եկ մեր տուն…
Զանգեցի բժիշկ ընկերներիցս մեկին, մի խորհուրդ տար, խառն էր, մենակ լսեցի, ասեց սառը դիր ու էդ անիծյալ «սառը» հիմարաբար դրեցի գրեթե ամբողջ Երևան- Գավառ ճանապարհին` արդյունքում առանց այդ էլ ուռած թևս նաև լա՜վ սառեց, չգիտեմ ինչ եղավ:
Դեղատուն
Հետ դառնալուց մոտս 5000 դրամ էր մնացել: Մտա դեղատուն, որ մի դեղ գնեմ, մինչև բժշկի գնալը յոլա տանի... հեպարին տալու փոխարեն սպիրտով թրջոց խորհուրդ տվեց դեղատան աշխատակցուհին: Մի երկու մանր գնում էլ արեցի, գումարը տվեցի, որ դուրս գամ ու սպասում եմ մանրիս: Դեղատան աշխատողն էլ՝ գումարի:
- Խնդրում եմ, նորից նայեք, երևի դարակն եք դրել գումարը:
- Չէ, դուք ինձ գումար հաստատ չեք տվել:
- Հիշեք, դրեցի ձեր դիմաց, շուռ եկա, թրջոցի համար բամբակ վերցրեցի, տվեցի ձեզ, երևի էդ ընթացքում դարակն եք դրել:
- Ուրեմն դրել ես, հետո վերցրել:
- Արդեն խիստ տոնով՝ խնդրում եմ նորից ստուգեք:
- Ի պատասխան՝ հեսա ամուսինս կգա, կամերայի նկարածը կնայենք, կտեսնես:
Քանի որ ես դրամապանակս ու գրպաններս տաս անգամ ստուգել էի, վստահ էի, որ փողն իր մոտ է: Ասացի, որ սպասելու եմ: Պարզվեց գնումների հետ դրել է տոպրակի մեջ՝ չի նկատել: Հետո անփորձանք հասա տուն, դրեցի սպիրտով թրջոցը, որ բժիշկն ասեց դնելը հիմարություն էր, հետո մի կողմ շպրտեցի, քսեցի ընկերներիցս մեկի խորհրդով ատամի մածուկը, որ թեև օգնեց, բայց էլի բժշկի հեգնանքին էր արժանանալու ու 26-ի համար հեփի էնդ:
Դեկտեմբերի 27
Հին ռուսական ասացվածքն ասում ա՝ поспешишь людей насмешишь.
Ժամը 11-ին Գավառում ՏԻՄ հետ կարևոր ծրագրի փակման արարողությունն էր, երեկոյան՝ գործընկերոջս՝ Վարդանի հարսանիքը:
Գեղեցկության սրահ
Դասական շրջազգեստով, առանց կոսմետիկայի նշույլի ու գզգզված մազերով նման էի մամայի շորերը հագած դպրոցականի: Որոշեցի, որ մի օրում եթե մի քանի միջոցառում կա նախատեսված, արժի սիրունանալ: Սանրվածքի ռիսկս չհերիքեց՝ վախենում էի շատ ժամանակ խլի, որոշեցի ուղղակի խոպոպներս բացել, ուղիղ մազեր ստանալ: 10.30-ի համար նախապես գրանցվեցի գեղեցկության սրահում, ճիշտ ժամանակին մտա ներս ու կես ժամ ետուառաջ արեցի, մինչև իմ հերթը գար: Վերջում անեկդոտ էի հիշել՝
-Որտեղի՞ց ես գալիս:
- Գեղեցկության սրահից:
- Երևի փակ էր, հա՞…
11.40 հասա տեղ՝ ծրագրի փակմանը, ավագանու անդամները մուննաթ եկան, թե մեզ 11-ին եք կանչում, դուք 12 գալիս… դեռ 20 րոպե էլ սպասեցինք, նոր սկսեցինք:
Բժիշկ, բժիշկ եկ մեր տուն 2
Անմիջապես միջոցառումից հետո մաման եկավ, համոզեց, որ ընկնելուց հետո գնանք բժշկի: Նախորդ օրվա կապտուկներիս համար դեղ նշանակեց, համապատասխան գրանցումներ արեց … Երբ բարձրացրեցի շրջազգեստը, մաման դեռ չէր տեսել ինչ վիճակում եմ՝ գունատվեց, սկսեց հետս կռիվ անել, ես ասացի, որ չի ցավում բնավ, հանգիստ իջեցրի ու ցավից մեռնելով գնացի հաջորդ փորձությանն ընդառաջ…
Հաջորդ փորձություն…
Սպասելիք և իրականություն:
Մի բավական սիրուն, արիստոկրատ շրջազգեստ տվել էի ձևափոխել, բայց երկար թևերն ամբողջ տեսքը փչացրել էին բավական չէ, դեռ ներքևն էլ չէր ստացվել ոնց ես էի ուզում: Մի խոսքով՝ տատիկի շոր էր ստացվել ու դեռ մի բան էլ լայն: Խնդրեցի նեղացնել, շտապ նեղացվեց ու պետք եղածից նեղ դարձավ: Այլընտրանք չկար՝ մնացած զգեստներս բաց թևերով էին՝ կապտուկներս ու ուռած թևս երևալու էին, հագա ինչ կար, դուրս եկա:
Գեղեցկության սրահի անեկդոտը:
Մի ժամ գեղեցկության սրահում ետուառաջ անելուց հետո գնացի տուն, յութուբով մեյքափի էն ախմախ վիդեոներից գտա՝ որ միշտ ծաղրում էի, դասական քյառթլենդցու նման հրահանգներին հետևելով՝ սկսեցի դեմք նկարել: Համ շշմել էի, որ ստացվել ա, համ շշմել էի, որ ես կարամ էդքան սիրուն երևամ, բայց եթե անգամ աշխարհի ամենսիրուն աղջիկը դառնալու շանս լինի, ինձ նույն փորձությանը երևի էլ չենթարկեմ:
Տիկ-տակ-տիկ-տակ
Հարսանիքի պետք է գնայի 5.30, դահլիճը բավական մոտ էր՝ 3-4 րոպեի ճանապարհ: Որպես կանոն, տաքսին էլ 5 րոպեում մոտենում է, դրա համար 5.20 արդեն տաքսի կանչեցի:
զանգեցի՝ բազմիցս
5.25՝ հասնում ա…
5.28՝ հասնում ա…
5.35 բարակ կոշիկներով արդեն դրսում կանգնած՝ 2 րոպեից տեղում ա…
5.40 լրիվ փայտացած՝ հեսա ուր որ ա էդտեղ կլինի…
5.50 արդեն կոշիկները տոպրակ դրած ու ձմեռային կոշիկներով՝ դուրս եկեք, մոտենում ա…
6.00 արդեն դարպասը փակած փողոցում կանգնած՝ ախր նոր տարի ա, սաղ խառն են, սպասեք մի քիչ, էլի..
6.10 եկավ:
Ահավոր դանդաղ էր քշում, 5.30-ի փոխարեն 6.20 ես նոր դահլիճում էի:
Առաջին շնորհավորողը:
Վարդանն ու Լուսինեն դռան մոտ սպասում էին, հանդիսավոր արարողություն էր, պետք է դուռը բացեին, ներս մտնեին, պարեին, հետո իրենց շնորհավորեին, նման սիրուն բաներ: Ստացվեց, որ ես էդ հանդիսավոր արարողությունից առաջ շնորհավորեցի: Միջանցքում կանգնած զավզակվում եմ, համ ես եմ ահավոր սառած, ուշանալու համար լարված ու տաքսի ծառայության վրա սատանայի պես կատաղած, համ իրենք են շատ լարված, հուզված սպասում, որ ամեն վայրկյան դուռը կարող են բացել, ներս հրավիրել: Արագ հանում, մի կողմ եմ նետում ձմեռային կոշիկները, հագնում դեռ ձյունոտ բարձրակրունկներս ու էդ պահին Վարդանն ու Լուսը ներս են մտնում դահլիճ…
Շոու
Լրիվ իրար եմ խառնվել: Ես մարդաշատ հանդիսություններ չեմ սիրում, կյանքում չորս անգամ եմ հարսանիքի մասնակցել WIP ենթատեքստով, հիմա համ հետաքրքրասիրությունն էր խոսում՝ նորմալ, մարդկային հարսանիքն ուզում էի տեսնել ինչ միրգ ա, համ թե Լուսը, թե Վարդանն ինձ համար հարազատ մարդիկ են, ուզում էի հենց հատկապես էդ օրը գրկել, շնորհավորել: Դրա համար դռան մոտից թողնել, փախնելու փոխարեն մի փոքր սպասում եմ, որ հանդիսավոր արարողությանը չխանգարեմ ու ներս մտնում: Էդտեղ կոշիկներիս ձյունը, փայտացած ոտքերս, դահլիճի սալհատակը խառնվում են իրար, բոլորը շուռ են եկել, նայում են՝ ով ներս եկավ, իսկ ներս եկողը երեկոյան զգեստով հանդիսավոր շրմփում ա գետին էն ահավոր ցավող թևի վրա ու իրեն զսպում, որ ցավից չոռնա: Չգիտեմ մոտս ինչ մուտացիա էր, բայց ոչ ամաչեցի, ոչ խառնվեցի իրար, ոչ շփոթվեցի, հանգիստ գնացի, նստեցի տեղս:
Հրեշտակ պահապաններ
Սեղանի ծայրին աշխարհից քշված տեղ էի նստել, Սոֆին ու Հովոն կազմակերպեցին, տեղափոխվեցինք, եկա Սոնայի ու Սոֆիի մեջտեղը՝ իմ ճանաչած ամենավառ մարդկանցից երկուսը՝ լրիվ կոմֆորտի զոնա, բայց անգամ ամենաերջանիկ պատմությունները տխուր ավարտ են ունենում՝ արանքում խցկված տեղ էր ու երբ մատուցողը մի կերպ առաջ եկավ, որ խորոված թե ինչ դնի սեղանին, դանակս գցեց ու իմ բաց ոսկեգույն երեկոյան առանց այդ էլ այլանդակված զգեստի վրա կեղտաբծեր հայտնվեցին:
Փորձանքը մենակ չի գալիս
Պարզվում ա, հարսանիքներին, եթե քո ամբողջ սեղանը դուրս ա գալիս պարելու՝ դու մենակ նստած ահավոր շատ ես ուշադրություն գրավում, բոլորը հերթով գալիս, կանչում են պարելու: Ավելի ճիշտ ա ամբոխին խառնվելը, եթե անգամ դու բնավ պարել չգիտես ու քո զգեստին կեղտաբծեր կան ու էդ հարսանիքին քեզ ավելի շատ մարդ գիտի, քան անգամ ազգականների հարսանիքին, ու գրեթե յուրաքանչյուրը մոտենում, հարցնում ա՝ շորդ ինչ ա եղել: Ես երազում էի հատակը բացվեր ու իմ սատանա ընկերներն ինձ քաշեին, տանեին խորովելու՝ ավելի լավ ա դրսից վառվել, քան ներսից, երևի:
Ի՞նչ արժի քիլլերը:
Էս հարցն ինձ իրականում հուզում ա, քանի որ երբ ինձ թվում էր բոլոր փորձությունները հաղթահարած նստել եմ տեղս ու էլ ինձ մինչև տուն գնալը ոչ մի փորձանք չի սպասում, անգամ ծաղկեփնջից եմ բարեհաջող խուսափել, որ հանկարծ ինձ մոտ չհայտնվի՝ ավելորդ ուշադրություն գրավեմ, թամադան… Թամադան մի այլ կարգի պատմություն էր, վայրկյանը մեկ Վարդանին ասում էր՝ համբուրի հարսնացուին, խեղճ աղջկա ճակատի մեյքափն արդեն մաքրվել էր.. հետո հոգնեց Վարդանի կյանքն ուտելուց, որոշեց նոր զոհեր գտնել՝ պարային զույգեր էր հրավիրում մրցելու: Կամավորներ չկային, թամադան առաջարկեց ներապսակները զոհեր ընտրեն ու հանկարծ Վարդանն ասում ա իմ անունը ու մեր տղաներից մեկի: Սրասափով մտածում եմ՝ ախր էս քյավառ ա, խեղճ էրեխեն կմնա տունը: Ու էդպես մեկս մյուսին էդ պահին ատելով, իսկ Վարդանի համար մահապատժի օրիգինալ ձև մտածելով պատվով հաղթահարում ենք փորձությունը: Կեսից սատանաներս զարթնում են, սկսում եմ իմ համար գժական պարել՝ երաժշտությանը չհամապատասխանող պար, պտույտներ՝ աննորմալություններ: Հետիս պարողը խառնվում ա իրար, չգիտի ինչ անի՝ ստիպված կանգնում, ծափ ա տալիս: Սատանաներս ցրվում են, մտածում եմ պետք չի համը հանել, շատ շուտ հետ եմ դառնում մարդ ռեժիմի ու էդտեղ թամադան նոր բան ա մոգոնում՝ ծափահարեք լավագույն զույգին ու մարդիկ դնում, մեզ են ամենաուժեղը ծափահարում: Խոսափողը սպառնալի արագությամբ հասնում ա ինձ՝ պետք էր տանը կենաց մտածել՝ նախատում եմ ինձ, ասում մտքիս առաջին եկածը՝ անհեթեթ ձևով, բայց սրտանց: Հետո որ ասում էին՝ ինչ լավ կենաց էր, ահագին ժամանակ չէի հասկանում՝ հեգնում են, թե իրականում հավանել են:
Վերջին փորձանքը
Հարսանիքից շուտ դուրս եկանք ընկերուհուս հետ, հասա տուն, մի ժամ չէի կարողանում դուռը բացել, պարզվեց սխալ բանալիով եմ փորձում: Էն, որ աշխատանքային կորած հեռախոսս թողել էի դահլիճում, արդեն խնդիր չէր, այլ՝ օրինաչափություն, տարօրինակ կլիներ, որ տանը նման մի բան չհայտնաբերեի: Բարեբախտաբար Հովոն վերցրել էր, գնացի, հետո իրենց տնից վերցրեցի՝ իմ պատճառով էլ Սոֆիս մատերը վառեց ((
Cassiopeia (11.01.2017), Mr. Annoying (10.01.2017), Sambitbaba (10.01.2017), Հայկօ (10.01.2017), Նաիրուհի (10.01.2017), Նիկեա (10.01.2017)
28 դեկտեմբեր 2016
1-02
Արդեն թվում էր, թե 2016-ն իր հեգնանքի պաշարը սպառել է, բայց ուր էր թե: Ես մոռացել էի, որ երբ բժշկի էի գնացել, քարտ էին լրացրել ու թեթև մարմնական վնասվածքների համար ուղեգիր ուղարկել ոստիկանություն: Ամբողջ այդ օրն իմ սատկած հեռախոսին ոստիկանությունից ապարդյուն զանգել էին, որ բացատրագիր գրեմ: Հաջորդ օրը մինչև 2-3-ը քնած էի՝ հեռախոսս անջատած, մյուսն ընդհանրաես տանը չէր: Ոստիկանը հաջողացրել էր հայրիկին գտնել, զանգել, հայրիկը որ բանից խաբար չէր՝ զարմացել ու զայրացել էր՝ թե ինչ բացատրագիր, սաղ գործերը թողած գնացի Ծաղկավանք հայրիկի մոտ, ոստիկանն էլ եկավ, հիմա գիտեմ, եթե գրեմ, որ Երևանում եմ վնասվածքները ստացել, կարող ա Երևան հասնելու հարց լինի: Քանի որ հիվանդանոցում սահադաշտ անիծյալ բառը գրվել էր, իսկ Երևան՝ բարեբախտաբար չէ, ապա ցինիկ տոնով հայրարարեցի, որ Ծաղկավանքի մոտի լճի վրա եմ ընկել, թեև ընկնելուց լիքը վկաներ ունեի, որ սեփական նախաձեռնությամբ եմ շրմփացել, բայց նաև հայտարարեցի, որ լրիվ մենակ եմ եղել՝ էրեխքին պետք չի գլխացավանքի մեջ գցել: (если что, սիրելի ոստիկանություն, համարենք, որ էս պատմությունը ստեղծագործաբար զարգացված է, ի վերջո, ես բոլոր իմաստներով գրող եմ)…
Հետո 2016-ը էլի լիքը մանր ու մեծ ոչ հաճելի անակնկալներ մատուցեց, բնականաբար, երկու անգամ ձեռքերս վառեցի, մատս կտրեցի, Աննայի Բարսելոնայից բերած Գաուդիի ճարտարապետոթյան սիմվոլ բրիլոկը կոտրվեց ու 2017-ի շեմին իմ սիրած բաժակն իրեն զոհեց, որ չարը խափանվի:
Happy end
Cassiopeia (11.01.2017), Mr. Annoying (10.01.2017), Sambitbaba (10.01.2017), Հայկօ (10.01.2017), Նաիրուհի (10.01.2017), Նիկեա (10.01.2017)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ