Նազենիից խոսք գնաց՝ հիշեցի։ 2012 թիվն էր։ Հուլիս, Երևան, շոգ։ Նազենիի ծննդյան օրն էր, մեր կազմակերպության անունից պետք էր ծաղկեփունջ նվիրել էդ առիթով։ Ու ես պետք է այն հասցնեի տեղ։ Շոգ էր։ Հասա Կոմիտասի պողոտա, մի կերպ գտա շենքը, շատ ավելի դժվարությամբ գտա շենքի միակ մուտքը։ Հետո, անվտանգության աշխատակցին ահագին երկար բացատրեցի, թե ով եմ ու ինչ հարցով եմ եկել։ Շենքը նոր էին հանձնել, բնակարանների վրա համարներ չկար գրված։ Մանրամասն բացատրեց ապերը, թե ոնց գնամ, ուր թեքվեմ, բլա-բլա։ Մի խոսքով՝ շոգ էր, գնացի, հասա Նազենիի ենթադրյալ բնակարանի մոտ։ Նույնիսկ զանգ չկար, այ էդքան նոր էր շենքը։ Ու շոգ։
Թակեցի դուռը՝ ոչ մի արձագանք։ Եվս մեկ անգամ՝ էլի արձագանք չկա։ Ներսից ոչ մի ձայն չի լսվում։ Ոչինչ չի հուշում այն մասին, որ այստեղ երբևէ մարդ է ապրել, էլ չեմ ասում՝ ներկա պահին ապրում է, առավել ևս՝ ներկա պահին տանն է։ Հուլիսյան շոգ, լարվածությունն էլ մի կողմից, Նազենին էլ համառորեն չէր բացում դուռը։ Որոշեցի ևս մեկ անգամ թակել, ու, եթե էլի բացող չեղավ՝ թողնել դռան մոտ ծաղկեփունջն ու ծլկել։ Էդ պահին արդեն ի սրտե ուզում էի, որ դուռը չբացվի։ Ու համարյա վստահ էի, որ չի էլ բացվի։ Թակեցի, դուռը բացվեց։ Ու շոկ․ իմ առջև հայտնվեց Նազենին, թաց մազերով, խալաթը անփութորեն ուսերին գցած։ Ոչ էր բացել էդ դուռը։ Շոկն էն խոսքը չի։ Մի կերպ կմկմացի, թե ով եմ, ինչ հարցով եմ եկել, նույնիսկ ծննդյան օրը մոռացա շնորհավորել։ Ծաղկեփունջը տվեցի, ցտեսություն մաղթեցի ու կորա։ Ո՞ւմ պատմես, որ հավատա։ Բայց դե ես հո էսօրվա պես հիշում եմ։
Էս էլ էդ օրվա նկար, մի քանի ժամ անց )))
![]()
Էջանիշներ