Հայաստանում բազմաթիվ ընտանիքներ ու միայնակ մարդիկ կան, որոնք հանգամանքների բերումով հնարավորություն չունեն իրենց մինիմալ ծախսերը հոգալու և ապրում են ծայրահեղ աղքատության մեջ։ Իհարկե, բոլորս էլ տեղյակ ենք, որ հաճախ նաև բարեգործության անվան տակ խաբեությամբ մեծ ու փոքր գումարներ են գրպանվում՝ մարդկանց մեջ հերթական անգամ սպանելով հավատը բարեգործություն երևույթի նկատմամբ, բայց բարեբախտաբար կան նաև անհատներ ու խմբեր, որ իսկապես գործում են էդ նպատակով և բավական ակտիվ ու բարեխղճորեն են անում էդ գործը։ Ցանկացողները, բնականաբար, միշտ կարող են միանալ։ Հատկապես Նոր տարվա շեմին ահագին ակտիվանում են նման բարեգործական նախաձեռնությունները, քանի որ ստանդարտ օգնություններից բացի, նաև ամանորյա ուտելիքների, ինչպես նաև երեխաների համար Ձմեռ պապիկի նվերների հարց կա։
Ուզում եմ ինձ հայտնի վստահելի երկու աղբյուր ներկայացնել, որոնց ցանկության դեպքում կարող եք միանալ կամ տվյալներ վերցնել ու թեկուզ անձամբ՝ առանց միջնորդների օգնել կարիքավոր մարդկանց։
Մեկի մասին երևի շատերը լսած կլինեն. Facebook–ում գործող «Օգնենք կարիքավոր ընտանիքներին» խումբն է։ Շատ ակտիվ խումբ է. ամեն շաբաթ այցելում են ինչ–որ ընտանիքի ու բավական լուրջ օգնություն ցույց տալիս՝ սկսած հագուստից ու ուտելիքից, վերջացրած տան համար անհրաժեշտ զանազան սարքերով ու պարագաներով։ Նկարներն էլ միշտ դնում են, մանրամասն ներկայացնում, թե ինչ և ինչքան են գնել ու տարել։ Ցանկացած մարդ կարող է ուզած ժամանակ միանալ իրենց՝ գումար կամ իրեր ներդնել ու հետները այցելել տվյալ ընտանիքին կամ մարդուն։ Սովորաբար այցելում են ծանր սոցիալական վիճակում գտնվող և/կամ առողջական խնդիրներ ունեցող ընտանիքների ու միայնակ ծերերի։
Օրինակ, մայրս ընդհանրապես շատ թերահավատորեն է նայում զանազան բարեգործական խմբերին ու նախաձեռնություններին, ես էլ մոտ երկու տարի առաջ, երբ ինքը պիտի Հայաստան գնար, խնդրել էի, որ համոզվելու համար, որ էդ խումբն իսկապես օգնում է մարդկանց, հետները գնար հերթական ընտանիքին այցելության (հետը գումար ու հագուստ էի ուղարկել), ու անձամբ գնալով՝ համոզվեց, որ նախատեսված օգնությունն իսկապես գնում է էնտեղ, ուր պետք է։ Ֆեյսբուքում խումբը մոտ 18000 անդամ ունի, ու, պատկերացրեք, եթե ամեն անգամ էդքանից թեկուզ մի երկու տասնյակ մարդ մասնակցի, ինչքան մեծ ու շարունակական օգնություն կստացվի։
Խմբի Ֆեյսբուքյան էջի հասցեն սա է. «Օգնենք կարիքավոր ընտանիքներին» Խմբի ադմինը Sona Roberts անունով մի աղջիկ է (հայ է. իսկական ազգանունը չի), ով ամեն շաբաթ օր իր եղբոր և մի խումբ կամավորների հետ այցելում է որևէ կարիքավոր ընտանիքի։ Ցանկության դեպքում կարելի է կապվել իր հետ՝ օգնության համար պայմանավորվելու համար։ Օգնելու ձևերը մի քանիսն են. կարելի է գումար ուղարկել՝ նշելով, թե կոնկրետ որ ընտանիքի կամ անհատի համար եք ուղարկում այն և ինչի համար, կարելի է հագուստ կամ այլ անհրաժեշտ պարագաներ ուղարկել կամ տանել համապատասխան տեղը, կամ հետները գնալ ընտանիքին այցելության, կամ էլ կոնկրետ կարիքավոր ընտանիքի կամ անհատի տվյալները վերցնել և անձամբ կապվելով հետները՝ գումար կամ հագուստ և այլ իրեր փոխանցել նրանց։
Չնայած, էլի եմ ասում, իմ դիտարկումներով ու նաև կոնկրետ փորձով՝ կարող եմ ասել, որ շատ վստահելի են, բայց եթե, այնուամենայնիվ, չեք վստահում, կարող եք անձամբ իրականացնել օգնությունը՝ առանց միջնորդների կապվելով կոնկրետ ընտանիքի կամ անհատի հետ։ Խմբի ադմինը սիրով կտրամադրի մարդկանց տվյալները, եթե խնդրեք։ Սոնան ամեն օր խմբի էջում ներկայացնում է տարբեր կարիքավոր ընտանիքների ու անհատների՝ մանրամասն նկարագրելով նրանց խնդիրները, վիճակը, հաճախ նաև նկարներով, որպեսզի ցանկացողները մեկնաբանությունների միջոցով հանդես գան առաջարկներով ու հարցերով։ Նաև ամեն այցելությունից հետո մանրամասն ներկայացնում է այցը՝ նշելով, թե ինչ և ինչքան էին տարել, բազմաթիվ նկարներով, էդ թվում նաև իրենց տարած ուտելիքի ու իրերի նկարները։
Հատկապես Նոր տարվա շեմին հնարավորություն կա մարդկանց ուրախացնելու։ Պատկերացրեք, որ թեկուզ մի ընտանիքի երեխաների համար էս Ամանորը կարող եք հեքիաթային դարձնել՝ նրանց նվերներ և/կամ ամանորյա ուտելիքներ հատկացնելով։ Ձմռանը, բնականաբար, նաև տաք հագուստի, սապոգների, ինչպես նաև վառելափայտի խնդիր է լինում։
Տարվա ընթացքում իրենց այցելած ընտանիքների երեխաներին Նոր տարվա շեմին հարցնում են, թե ինչ նվեր կուզենային Ձմեռ պապիկից, գրի են առնում բոլորը և ձեռք բերում բոլորի ուզած նվերները։ Նաև միայնակ ծերերի համար են ամանորյա ուտելիքներով մեծ տոպրակներ պատրաստում ու Նոր տարվա շեմին հանձնում անակնկալի ձևով։
Իմ իմացած մի ուրիշ աղբյուր էլ Ֆեյսբուքյան ընկերներիցս մի կին է՝ Lala Manukyan, որի հետ ահագին ընդհանուր ընկերներ ունեմ ակումբցիներից, ոմանք էլ ինձ նման իրեն բլոգից՝ LiveJournal–ից գիտեն։ Շատ սրտացավ ու ազնիվ կին է։ Վանաձորում է ապրում։ Միշտ բարձրաձայնում է տարբեր կարիքավորների խնդիրների մասին, հետևողականորեն փորձում է օգնել, հաճախ անձամբ, թեև, ինչքան հասկանում եմ, ինքն էլ մի երևելի օրի չի ֆինանսապես, բայց դե կյանքը ցույց է տալիս, որ դա կապ չունի. օգնելու համար իրականում երևի ավելի շատ ցանկություն ու տրամադրվածություն է պետք, քան փող։
Մտածեցի՝ Ակումբը մեծ համայնք է, նախկինում էլ բարեգործական նախաձեռնությունների հաջող փորձեր ունեցել ենք, կարելի է նորից ակտիվանալ ու բարի գործեր անել։ Համենայնդեպս, ակումբցիներից շատերը քիչ թե շատ ապահովված մարդիկ են ու երևի ցանկության դեպքում կարող են գոնե ինչ–որ բան հատկացնել էն մարդկանց, ովքեր դրա կարիքը շատ ունեն։ Համ էլ Նոր տարին կդիմավորեք ավելի դրական լիցքերով։ Հատկապես եթե անձամբ այցելեք էդ մարդկանց, համոզված եղեք, որ լիքը դրական լիցքեր եք փոխանցելու ու նաև ստանալու ։ Ովքեր երբևէ արել են, կհասկանան, թե ինչ նկատի ունեմ։
Կարծում եմ՝ սկզբի համար կարելի է դիմել նշածս անձանց ու կոնկրետ տվյալներ ձեռք բերել, որից հետո կարելի է ինչպես մենակ, էնպես էլ խմբերով կազմակերպել (ամեն մարդ իր ուզած մարդկանց հետ կարող է նախաձեռնել ինչ–որ ընտանիք(ներ)ի/անհատների հետ կապվելն ու օգնություն տրամադրելը՝ այցելելով կամ որևէ կերպ փոխանցելով)։ Տարբերակները, կարծում եմ, շատ են, կարևորը՝ ցանկություն լինի։
Թեման ակտիվ պահելու համար կարելի է պարբերաբար էստեղ ներկայացնել կոնկրետ ընտանիքների ու նրանց խնդիրները, որպեսզի ցանկացողները մի բան նախաձեռնեն կամ միանան արդեն նախաձեռնած օգնությանը։ Կարելի է նաև հենց թեմայում կոնկրետ առաջարկներ անել, պայմանավորվել և այլն՝ այդպիսով նաև ուրիշներին ոգևորելով ու միանալու հնարավորություն տալով։
Հուսով եմ՝ թեման ակտիվ կլինի ու բարի նախաձեռնությունների սկիզբ կդառնա։
Էջանիշներ