Ստեղծագործական "Quest"
Մայր ոչխարը կորցրել էր իր գառնուկին: Իհարկե ճիշտ է, որ ցանկացած մայր առաջին հայացքից կճանաչի իր բալիկին, բայց այդ մեծ հոտի մեջ փոքրիկ ձագուկը ոչ մի կերպ չէր երևում: Ոչխարը խուճապի մեջ էր ընկել, հարցնում էր ամեն պատահած բարեկամից և հոտակցից: Եւ ահա, երբ վերջապես Գագիկը կիսաքուն վիճակում արտաբերեց «151 ոչխար», մեր գառնիկ ախպերը հայտնվեց ուղիղ մոր առջև:
- Այ քեզ մանկական բարբաջանք,- բացականչեց Անդրանիկը՝ հերթական անգամ անխնա ջնջելով իր գրած տողերը: Ապա սկսեց բարկացած շրջել սենյակում, մի պատից դեպի մյուսը:- Ի՞նչ է կատարվում ինձ հետ: Ե՞րբևէ ես այսքան անտաղանդ վիճակում հայտնվե՞լ էի: Ու՞ր է իմ մուսան: Գժվել կարելի է:
- Իսկ ու՞ր են իմ թևերը,- այս ամենը լսելով հեռու մի տեղ, անկյունում տխուր նստած ցածրաձայն պատասխանեց մուսան:
- Իսկ ու՞ր են մեր փետուրները,- անհայտ տեղից արձագանքեցին թևերը:
- Ի՞ՆՉ Է ԿԱՏԱՐՎՈՒՈՒ՜մ,- միաձայն այնպես բարձր գոռացին բոլորը, որ խեղճ Գագիկը ուղղակի ընկավ անկողնուց ինչ որ փոքրիկ, փափուկ, բարձրագոչ բանի վրա:
- Որտե՞ղ եմ ես,- հարցրեց նա ու տեսնելով անկյունում կծկված, խեղճացած հայացքով իրեն նայող նարնջագույն, սև բծերով կատվին, իսկույն գտավ հարցի պատասխանը:
Քիչ անց կատուն սկսեց նայել շուրջբոլորը և հոտոտել օդն ու հատակը:
- Դու՞ ինչ ես կորցրել,- մի կերպ ուշքի գալով «կատակեց» Գագիկը:
Կատուն վազեց դեպի մուտքի դուռը և սկսեց չանկռել այն: Ապա աղիողորմ մլավելով` տարօրինակ հայացքով նայեց տիրոջը: Գագիկին այդ հայացքը շատ ծանոթ էր, բայց երբեք այն չէր տեսել իր Բոնոյի կատարմամբ:
Տասնհինգ րոպե անց` չնայած գիշերային ժամին նա իր հարևանի տանը զրուցում էր վերջինիս հետ, մինչև նրանց վերջապես շեղեց աշխատասենյակի աղմուկը: Աթոռն ընկել էր, մի քանի թղթեր էլ թափված էին հատակին, իսկ կատուն հանգիստ նայում էր իրենց, երբ արագորեն ներս մտան: Թաթերն էլ ակնհայտ դիրքով դրել էր թղթերից մեկի վրա:
- Ինձ թվում է, հիմա էլ է նրա հայացքը ինձ ինչ-որ մեկին հիշեցնում, բայց դժվարանում եմ կողմնորոշվել,- ասաց Գագիկը: Ապա վերցրեց թուղթը ու սկսեց աչքի անցկացնել:
- Լսիր: Այս թափված թղթերը իրոք ավելորդություն են:- Հատակից հավաքելով և ուսումնասիրելով ասաց Անդրանիկը:- Հենց այս էջերը չէի հավանում ամենաշատը: Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ հենց Բոնին է իմ մուսան, իսկ դու իր թևերը:
- Եթե անգամ այդպես է, այդ դեպքում փետուրներն ի՞նչ կապ ունեն այս ամենի հետ,- պատասխանեց Գագիկը, ապա դարձյալ նայեց թղթին:- Սպասիր: Դավիթը Անդրանիկ՝ մեր վարսավիրը: Իրոք այս էջում շատ է համապատասխանում իր կերպարը՝ կարելի է այս հատվածը զարգացնել:
- Ճիշտ որ, հենց իր հայացքով էր այս ավազակը մեզ նայում:
Բոնին/Բոնոն շարունակում էր անթարթ նայել իրենց: Իր դեմքին կարծես գոհունակ ժպիտ էր հայտնվել:
- Անդրանիկ, դու վստա՞հ ես, որ մենք դեռ արթուն ենք` երազում չենք:
- Սա հենց այն հեքիաթներից է, որոնց միշտ հավատացել եմ: Առնվազն փորձել եմ հավատալ իմ իսկ ստեղծածին: Հիմա ավելի քան համոզված եմ:
- Բայց ինչպես ես քեզ պատմեցի` այստեղ իմ երազն ավարտվել էր:
- Դուք արեցիք ամենակարևորը Գագիկ` օգնեցիք գտնել ճիշտ ուղղությունը: Առանց ձեզ ես երբեք դուրս չէի գա այս իրավիճակից: Հիմա կարող եմ հանգիստ խղճով քնել: Առավոտյան թարմ ուղեղով կաշխատեմ: Ճիշտ կանեք դուք էլ գնաք:
- Գնանք Անդո ջան: Գուցե երազի շարունակությունն է՞լ տեսնենք:
Ուրախ ընկերները գրկախառնվեցին:
Երեք օր անց հեռավոր գյուղերից մեկում շրջում էին երեք տղամարդ, իրենց հետ էին նաև մի կատու և մի շուն:
- Վերջապես որոշեցիք դուք էլ որոշ ժամանակով գալ այստեղ` իմ մանկության գյուղը: Մի քիչ կհանգստանաք, գործից կկտրվեք վերջապես: Ճիշտ եմ ասում, ավելի հարմար վայր չկա:
- Ի՞նչ խոսք, հրաշալի գյուղ է Դավիթ ջան: Բնությունը, ժողովուրդը, բարությունը: Շատ հա...
- Հա Անդո ջան, շատ համապատասխան թեմա է նոր պատմվածքի համար,- ծիծաղեցին մյուս երկուսը:
- Ինչու՞ պատմվածք: Մի ամբողջ պատմվածքաշար:
- Ու եթե հիմա որոշեցիք այս առիթով ինձ էլ այցելել` ապա հաջորդ հաջողությունդ առավել ևս այստեղ պարտավոր ես այս գյուղում նշել: Կարող եմ ինքս էլ, հենց այստեղ կազմակերպել շնորհանդեսը,- շարունակեց Դավիթը:
Շուտով իրենց ընդառաջ եկավ գյուղի բնակիչներից մեկը` ալեհեր մի մարդ:
- Տղերք ջան, ոնց տեսնում եմ հեռվից եք գալիս: Կարող ա՞ ճանապարհին մի մոլորված գառ ա աչքներովդ ընկել: Առավոտվանից ման եմ գալիս, չկա ու չկա:
Մինչ երեք ընկերները բերանները բաց նայում էին գյուղացուն` շունը սկսեց հոտոտել օդը, ապա հատակը ու հանկարծ շրջվեց և սկսեց վազել, որքան ուժ կար ոտքերում:
- Որսկան: Որսկան սպասիր,- կանչեց Դավիթը և բոլորը ծիծաղելով սկսեցին վազել շան ետևից:
Ճանապարհին մնաց ապշահար գյուղացին:
Էջանիշներ