Օր 1. Մեր մասին
Մեր կողմերում բոլորը վաղ թե ուշ իրենց գտնում են, մի բան սովորում, ունենում մասնագիտություն: Իմ մասնագիտությունն արկածախնդրությունն էր: Խառը ու դժվար ժամանակներում մեր նմանները դառնում են հերոսներ, հիմա խաղաղ ժամանակներ են, մենք՝ հանցագործներ, որ խանգարում են հասարակարգի բնականոն գործունեությունը:
- Էլի մենախոսո՞ւմ ես, - հետևի ֆոնի երկադի ջարդոնը Լիկն է, - ձայնագրում եմ Լիկ:
- Ի՞նչ ես ձայնագրում:
- Մտքերս, ապրումներս:
- Հիշի:
- Չէ, ինձ պետք ա ներսիցս ամեն ինչ դուրս հանել:
- Դուք, էներգոգեններդ ավելորդ էմոցիոնալ եք:
- Եվ ասաց նա դա ավելորդ ատելությամբ:
- Ես քեզ չեմ ատում:
- Փոխադարձաբար, Լիկ:
Այսօր այսքանը:
Օր 2. Անծանոթը
Տիեզերքում ցուրտ է: Երբ ապրում էր կայուն ջերմաստիճանով ստորգետնյա բազայում, այնքան էլ չէր պատկերացնում, թե ինչ կզգա այստեղ՝ բաց տիեզերքում: Հրաշալի մեխաիկ էր, բայց հիմա դրսից նավը վերանորոգելիս բացարձակ անզորություն ու խուճապ էր զգում… հետաքրքիր է այսպես անտեսանելի կանգնելն ու կողքից հետևելը՝ կապ չունի ինչի կամ ում:
Օր 3. Կոնտակտ
Ինչքան էլ հերքի, Նանկը դիտավորյալ անջատեց արհեստական գրավիտացիան: Ուզում էր սպանել, հավանականությունը, որ մեկը նրան կվերցնի… հավանականություն չկար: Իսկ մեր անձնակազմը միշտ է հայտնվում ամենաանհավանական տեղերում: Նանկն ի՞նչ իմանար մեր գոյության մասին կամ որ տղային վերցնելու ենք նախքան թթվածինը վերջանալը: Հա, կարևորը մոռացա ասել՝ մարդիկ ապրելու համար պետք է շնչեն՝ ներշնչեն թթվածին, որ օգնում է օքսիդացնել սնունդն ու հեղուկը՝ ստանալով էներգիա, ստիպում աշխատել մարդկանց մկաններին, վերանորոգում է նրանց բջիջները, սնուցում ուղեղն ու էդպես շարունակ: Մի խոսքով, մոտ 3 րոպե առանց շնչել մնալուց հետո մարդ կմեռնի: Մինչև իրեն ճանաչելը ես առանձնապես չգիտեի, թե ինչ է ասել օրգանակա քիմիա, հիմա մոտավորապես պատկերացնում եմ ածխածնային հիմքով միացությունների արդյունքում ոնց կարա բանական էակ առաջանա, թեկուզ և պարզագույն գիտակցությամբ…
Օր 25. ԴՆԹ
Տրանսֆորմացիան իմ ընտրությունն էր, ես ստեղծեցի մարդկային մարմին ու դրա մեջ տեղափոխեցի իմ բանականությունը: Ասում է, որ իմ մարմինը ցնցող գեղեցկություն ունի, ինձ համար կարևորը համաչափությունները պահելն էր, նախքան այս մարմինը ստանալը ես մի փոքր ուսունասիրեցի մարդկանց, այդքան բան:
Օր 1000. Մահ
Տղան մահացավ հերթական անգամ ինքնագլուխ տիեզերանավը լքելուց հետո: Աստերոիդ: Եթե ես չբաժանվեմ մարդկային մարմնից, ես կմեռնեմ: Կա՞ կյանք մահից հետո: Էս հարցը մարդկանցից շատերին է հուզում: Ես մա՞րդ եմ, ես կհայտնվեմ ինչ-որ ուրիշ չափումներում մաքուր բանականության տեսքով, թե՞ ընդհանրապես կվերանամ, կանշնչանամ: Չգիտեմ:
Օր 1.
Ես Լիկն եմ: Էներգոգենն էլ չկա: Լինելով մաքուր էներգիա, նա ընտրեց նյութականանալը: Նա չհասցրեց էվոկուացվել իր ստեղծած անկայուն մարմնից: Բայց նա ապրում է իր ձայնագրություններում, որ ես նորից ու նորից լսում եմ ամեն օր:
Օր 1001. Հայտնություն
Հետաքրքիր է այսպես անտեսանելի հետևել, թե ինչ են անում ուրիշները: Ինձ երբեք չի ձգել ուրիշների մտքերում թափառելը, բայց խոստովանում եմ, չեմ իմացել, որ Լիկն այսքան կապված է ինձ հետ: Տեղ հասնելուն պես կինքնաբացահայտվեմ: Մինչ այդ, թող անձնակազմը հասնի խելագարության հավատալով… ո՞նց էր ասում տղան.. հա, ուրվականների գոյությանը:
Էջանիշներ