User Tag List

Նայել հարցման արդյունքները: Ո՞ր ստեղծագործությունն եք ամենաշատը հավանել.

Քվեարկողներ
12. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Լիֆտը և մի տուփ երջանկություն

    8 66.67%
  • Սուսոն

    4 33.33%
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 60 հատից

Թեմա: Գրական դուետ. Տուփը չբացել

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,065
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Գրական դուետ. Տուփը չբացել

    Վերջապես կարող ենք սկսել մեր առաջին գրական դուետը

    Սա նշանակում է, որ նախապես երկու հոգի գրանցվել է՝ նախագծին մասնակցելու համար:
    Գրանցումները հիմա էլ են բաց. կարող եք ցանկացած պահի տեղեկացնել ինձ, որ ուզում եք մասնակցել գրական դուետի, և հենց հերթական զույգը գրանցվի, կսկսենք հաջորդ դուետը:

    Դուետում գրանցված երկու մասնակիցները տեղյակ չեն, թե ով է իրենց «հակառակորդը», ինքնաբացահայտվել չի կարելի:
    Մրցույթին մասնակցելու են միայն իրենք: Գրական առաջադրանքին համապատասխան ստեղծագործությունն ուղարկվելու է ինձ, դրվելու է այս թեմայում, ապա ընթերցողները որոշելու են, թե երկու աշխատանքներից որն էր ավելի լավ ստացվել: Լինելու է «մինի» քվեարկություն՝ երկու տարբերակով ու առանց բազմակի ընտրության հնարավորության:

    Թեև մրցույթին մասնակցելու են միայն տվյալ դուետի համար նախապես գրանցված երկու մասնակիցները, այնուամենայնիվ ցանկության դեպքում յուրաքանչյուրն էլ կարող է աշխատանք ուղարկել՝ ստորև ներկայացված առաջադրանքին համապատասխան: Այդ ստեղծագործոությունները կդրվեն՝ որպես արտամրցութային աշխատանքներ և բաց կլինեն քննարկման համար:

    Հիմա առաջադրանքի մասին:

    Գրել արձակ ստեղծագործություն, որում գործողությունների ու սյուժեի առանցքում մի տուփ է: Ինչ տուփ է, ինչու է պատմվածքում, ովքեր են կերպարները, ինչ ժանրի մեջ է պատմվածքը և մնացած ամեն ինչը որոշում են հեղինակները: Միայն մի պայման կա. պատմության մեջ տուփը չի բացվելու:
    Ծավալային սահման չկա, բայց աշխատեք ոչ վեպ գրել, ոչ էլ մի երկու տող կարճ արձակ: Աշխատանքները պետք է վերնագրված լինեն:

    Ստեղծագործությունները ներկայացնելու վերջնաժամկետը դեկտեմբերի 18-ն է՝ երևանյան ժամանակով երեկոյան 9-ը:

    Մաղթում եմ հաճելի ստեղծագործական շաբաթ

  2. Գրառմանը 20 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Apsara (12.12.2016), boooooooom (11.12.2016), Cassiopeia (11.12.2016), Chuk (12.12.2016), GriFFin (12.12.2016), kitty (12.12.2016), LisBeth (12.12.2016), Mr. Annoying (11.12.2016), reminilo (11.12.2016), Sambitbaba (11.12.2016), Smokie (11.12.2016), Աթեիստ (12.12.2016), Այբ (12.12.2016), Արէա (11.12.2016), Գաղթական (13.12.2016), Հայկօ (13.12.2016), Մուշու (11.12.2016), Նաիրուհի (12.12.2016), Նիկեա (11.12.2016), Վոլտերա (11.12.2016)

  3. #2
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,065
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Լիֆտը և մի տուփ երջանկություն

    ***
    Աստիճանների մոտ կանգնած սպասում էի, որ իջներ: Արդեն չորս անգամ կանչել էի, իսկ ինքը դեռ չէր եկել: Բայց ահա հայտնվեց նա: Ամենավերևում վառվեց լույսը ու նա դանդաղ, հեզասահք, մեղմ և վեհորեն սկսեց ներքև իջնել իր լույսով լուսավորելով աստիճանահարթակը: Դրանք ողջ օրվաս ամենաերջանիկ ակնթարթներն էին: Դուք պարզապես չեք կարող պատկերացնել թե ինչ է զգում գործից մեռած վերադարձող մարդը, որ ստիպված է բարձրանալ 15-րդ հարկ: Ու բնականաբար այսքանից հետո նրա կյանքի ամենաերջանիկ ակնթարթը պետք է լիներ այն պահը, երբ նրա առաջ վերջապես բացվում էին վերելակի, թեկուզ սովետ տեսած, ճռճռան հատակով, փտած պարաններով ահասարսուռ վերելակի դռները և կանչում իրենց գորովագութ գիրկը: Հետո ինչ որ զուգարանը բուրում է ինչպես վերելակը: Ուզում էի ասել՝ լիֆտը բուրում էր ինչպես զուգարանը: Մի իմաստուն ասել ա` կյանքիդ ամեն օրը ապրիր այնպես, ասես դա վերջինն է։ Կյանքիս ամեն օրը չգիտեմ, բայց ամեն անգամ էդ վերելակ մտնելիս թվում է թե էդ վերջին անգամն ա։

    Մութ միջանցքում կանգնած երկար ժամանակ տանջվում եմ, որ բանալին կողպեքի մեջ մտցնեմ։ 10 տարի ա անցել, բայց մինչև հիմա ոչ ես եմ էդ կողպեքի լեզուն հասկանում, ոչ էլ ինքը իմ։ Վերջը բացում եմ դուռը ու տուն մտնում։ Պահարանի վրա եմ դնում պայուսակս, թղթերս ու պապիս ուղարկած կապոցը, դռան հետևում հանում կոշիկներս ու առանց լույսը վառելու, թաթերիս վրա քայլելով գնում եմ խոհանոց։ Չեմ ուզում արթնանա։ Չնայած չեմ էլ հիշում թե վերջին անգամ երբ ենք իրար արթուն տեսել։

    Տաքացնում եմ ճաշը, բայց հետո որոշում եմ թեյ խմել, իսկ արդյունքում գնում եմ քնելու առանց թեյի ու սոված։ Հավես չկա։ Էներգիա չկա։ Մտածում եմ` կինոների մեջ սենց պահերին ծխում են լուսամուտի մոտ կանգնած, լինել֊չլինելու մասին մտածելով, տրագիկ երաժշտության ֆոնին։ Իսկ ես չեմ ծխում։ Ես ուղղակի էնքան եմ հոգնում, որ նախընտրում եմ չմտածել։

    Հետո պառկում եմ անկողնումս ու որոշում քնել։ Կողքիս պառկած ա ինքը։ Սպիտակ մազերը կիսով չափ ծածկել են դեմքը, ուսերը ու լուսնի լույսի տակ արծաթից են թվում։ Սիրուն ա ինքը։ Ուզում եմ ձեռք տալ, մազերի հետ խաղալ, վերմակով ծածկել ուսերը։ Եթե ձեռքս մեկնեմ, կկպնեմ իրան։ Կկպնեմ, բայց իրան չեմ հասնի։
    Վերմակով ծածկում եմ ուսերը, թող չմրսի հանկարծ։ Նայում եմ իրան։ Էնքան սիրուն ա։ Էնքան սիրուն ա, որ մեռնելս գալիս ա։ Հետո նայում եմ էնքան, մինչև քնում եմ։ Մեկ-մեկ մտածում եմ, որ ինքը իմ օրորոցայինն է, առանց իրա չեմ քնի…

    ***
    Առավոտը լուսամուտից ներս էր լցվել ու արևի ճառագայթները ինչքան ուժ ունեին խուտուտ էին տալիս փակ կոպերս։ Շրջվեցի մահճակալիս մեջ ու մի քանի րոպե աչքերս փակ պառկած էի։ Արթնացել էր ու քայլում էր սենյակում։ Ոտնաձայները մեկ շատ մոտ էին լսվում, մեկ հեռանում էին։ Բացեցի աչքերս որ տեսնեմ ինչ է անում, բայց սկզբում ոչինչ չհասկացա։ Մազերը արձակ թափվում էին համարյա մինչև ծնկները ու հագին դեղին երկար գուլպաներից բացի ոչինչ չկար։ Էդ պահին շրջվեց, կարծես նկատելով որ արթնացել եմ։ Նայեց ինձ ու ժպտաց իր սպիտակ ժպիտով։
    - Բարի լույս,- ասում է ու մոտենում մահճակալին, մազերը թափվում են դեմքիս, աչքերի մեջ տեսնում եմ ինքս ինձ, զգում շնչառությունը դեմքիս վրա, ինձ շատ մոտիկ ու հետո համբուրում է այտս,- Դե վեր կաց։ Պետք է նախաճաշես ու շուտ գործի վազես, քանի չես ուշացել։
    Մի անգամ էլ է համբուրում ու գնում խոհանոց։
    Էն տարօրինակ զգացողությունն եմ ունենում, ու ինչ֊որ բան սխալ է, բայց ամեն ինչ էնքան լավ է թվում, որ էդ սխալը չեմ կարողանում տեսնել կամ չեմ ուզում։

    Խոհանոցում սեղանի մոտ նստած կաթ է խմում ու շուրթերի շուրջ սպիտակ բեղիկներ են առաջանում։ Էսօր ինքը սարսափելի սիրուն է ախր։
    Նստում եմ սեղանի մոտ իր դիմաց ու սկսում թեյս խմել ու զգում եմ ինձ նայող չարաճճի հայացքը, չարաճճի ժպիտը։
    - Որ թոշակի անցնեմ, մեր մասին ֆիլմ եմ նկարելու։ Մենք ընդհանուր առմամբ զիբիլ ենք, բայց մեր սիրավեպում լիքը սիրուն կադրեր կան,- ասում է ու լեզվով մաքրում կաթե բեղիկները։
    Դեժավյու։ Չգիտեմ ինչի սկսում եմ մտածել թե էլի եմ լսել էդ խոսքերը։ Ո՞վ էր ասում։ Ի՞նքը։ Ե՞րբ։
    - Մի՛ լրջացի, էդ կինոյում խոսք չի լինի այն մասին, որ դու գիշերները խռռացնում ես,- ու ծիծաղում է։ Ես էլ եմ ծիծաղում։ Ու մենք նախաճաշում ենք։
    - Իսկ դու աշխատանքի չե՞ս։
    - Հըըն, - պատասխանում է ու հետն էլ գլուխը բացասաբար շարժում,- բայց դու ուշանում ես։ Դե շուտ, վերջացրու ու վազի։
    Հետևում եմ հրահանգին։ Վերջացնում եմ թեյս ու դուրս գալիս։ Պատրաստվում եմ արագ֊արագ, համբուրում իրան ու դուրս գալիս տնից։ Վերելակին սպասելիս հիշում եմ, որ թղթերս թողեցի տանը։ Արագ հետ եմ գնում, տալիս դռան զանգը, բայց դուռը չի բացում։ Մտածում եմ` երևի բաղնիքում է։ Գտնում եմ բանալին, բացում դուռն ու տուն մտնում։ Վերցնում եմ թղթերս ու շրջվում որ դուրս գամ ու տեսնում եմ որ մեջքիս հետևում կանգնած է։ Էն հոլիվուդյան կինոների ուրվականների նման։
    - Վախեցա, - ասում եմ ու ժպտում, բայց իրոք վախեցել էի,- թղթերս տանն էի թողել, վերցրեցի, հիմա էլ գնում եմ։ Համբուրե՞մ քեզ։
    Ոչ մի բան չի ասում։ Ակնհայտորեն ինչ֊որ բանից դժգոհ նայում է ինձ ու չի խոսում։
    - Ինչի՞ ես տենց նայում։
    Էլի չի խոսում։ Սկսում եմ վախենալ։ Տեսնես ի՞նչ եմ արել։
    - Ինչի՞ չբացեցիր տուփը,- սառած հայացքով նայում էր ինձ վրա,- ինչի՞ չբացեցիր տուփը։

    Ու քիչ֊քիչ փազլի նման գլխումս հավաքվում էր ողջ պատկերը։ Գրողը տանի, ինչ էր կատարվում, գաղափար չունեի։
    - Բայց տուփը,- փորձում եմ խոսել, բայց բառերը սեղմվում են կոկորդումս, դեֆորմանում ու մինչև վերջ դուրս չէին գալիս։
    - Ինչի՞ չբացեցիր տուփը։
    - Ախր կպայթեինք, եթե բացեի,- ուզում եմ լաց լինել փոքր երեխաների նման որ սկսում են լաց լինել, երբ զգում են որ բարնանալու են իրենց վրա։
    Մոտենում է ինձ, գլուխը մոտեցնում ականջիս.
    - Մի գաղտնիք ասե՞մ… մենք պայթեցինք նաև էն դեպքում, երբ դու չբացեցիր տուփը։ Մենք մեռել ենք, սիրելիս։

  4. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    GriFFin (21.12.2016), Mr. Annoying (19.12.2016), Sambitbaba (19.12.2016), Smokie (20.12.2016), Աթեիստ (20.12.2016), Հայկօ (23.12.2016), Նաիրուհի (20.12.2016), Նիկեա (19.12.2016), Վոլտերա (19.12.2016)

  5. #3
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,065
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Բոլոր իրադարձություններն ու կերպարները հորինված են,
    ցանկացած համընկնում՝ պատահական
    Սուսոն

    Նոտարն աղմուկով մաքրեց կոկորդն ու շարունակեց կարդալ կտակը․
    - Մերսեդես-Բենց մակնիշի ավտոմեքենա, 1984թ․ արտադրության՝ Գեղամ Աշոտի Մանուկյանին։ Մինասյան փողոց, 26 շենք, բնակարան 4՝ Անուշիկ Աշոտի Մանուկյանին։
    Դահլիճում դժգոհության ալիք բարձրացավ, որ շատ արագ էլ մարեց, քանզի բոլորն անհամբերությամբ սպասում էին շարունակությանը։ Ամեն մեկը թաքուն հույս էր փայփայում, որ Պետրոս պապը հենց իրեն է կտակել կանաչ զարդատուփը, որի պարունակության մասին պատկերացումները զուտ երևակայության արդյունքն էին․ տուփը բացված վիճակում նրանցից ոչ մեկը երբեք չէր տեսել։
    - Կանաչ, ոսկեզօծ նախշերով զարդատուփ՝ Սուսաննա Նորայրի Նահապետյան։
    Նախորդից էլ ավելի մեծ ու տևական դժգոհության ալիք անցավ դահլիճով։ Շարունակությունն արդեն ներկաներից ոչ մեկին չէր հետաքրքրում։ Օրվա գլխավոր հարցը փոխվեց․ ո՞վ է այդ Սուսաննա Նահապետյանը, որին Պետրոս պապի թոռներից ոչ մեկը չի ճանաչում և ով, ակնհայտորեն, ներկա չէ կտակի ընթերցման արարողությանը։

    Սուսոն միակ մարդն էր, ով պարբերաբար այցելում էր Պետրոս պապին վերջին ամիսների ընթացքում։ Իսկ թոռներն անհամբերությամբ սպասում էին, թե ե՞րբ է վերջապես մեռնելու այդ համառ ծերուկը, որն այդպես էլ կենդանության օրոք չվայելեց թոռների սերն ու ուշադրությունը։ Մասամբ, թերևս, իր ծանր բնավորությունն էր պատճառը, բայց պակաս կարևոր չէր նաև թոռների՝ իրենց տատից ժառանգած նյութապաշտությունն ու շահամոլությունը։
    Վաղուց էր հեռվից հետևում Պետրոս պապին։ Զարդատուփի մասին լսելուց հետո որոշել էր․ այն ձեռք գցելու համար չպայքարելն անմտություն կլինի։

    Սուսոն միշտ հասնում էր իր նպատակին։ Դեռ մանկատան տարիներից վերցնում էր այն ամենն՝ ինչ իրեն դուր էր գալիս։ Երբեք չէր գողանում․ վերցնում էր տիրոջ համաձայնությամբ, ու այլևս չէր վերադարձնում։ Համոզելու մեծ վարպետ էր Սուսոն։ Տարիքի հետ էլ ավելի զարգացրեց իր այդ տաղանդն ու հմտացավ այդ գործի մեջ։ Համոզում էր այնքան աննկատ, որ երբեք ոչ ոք հիմք չէր ունենում նրան խարդախության մեջ մեղադրելու համար։ Ավելի հասուն տարիքում էլ ավելի կատարելագործվեց խարդախությունների ոլորտում։ Նրանից զգուշանում էիր բոլոր ծանոթները, բայց Սուսոն միշտ գտնում էր նոր մարդկանց, շահում նրանց վստահությունը, գումար, զարդեր կամ այլ թանկարժեք իրեր յուրացնում, ու, անցնում հաջորդ զոհի փնտրտուքներին։ Եթե մինչև հոգու խորքը խրված չլիներ թղթախաղի մեջ՝ անկասկած քաղաքի ամենահարուստ մարդկանցից մեկը կլիներ, բայց, բացի քաղաքի ծայրամասում գտնվող նախկին հանրակացարանի խարխուլ սենյակից՝ ամբողջ ավարը տարվել էր թղթախաղում։ Որոշել էր․ Պետրոս պապի գանձերը ձեռք գցելուց հետո անպայման թողնել թղթախաղը, գնալ արտասահման, ու վայելել վաստակած հանգիստն աշխարհի որևէ խաղաղ անկյունում, բոլորից հեռու։

    Սուսոն մտավ Նոտարի գրասենյակ կտակի հրապարակումից երկու օր անց միայն, հենց այն օրը, երբ տեղի էր ունենում Պետրոս պապի թաղման արարողությունը։ Ներկայացավ, ստորագրեց պահանջվող փաստաթղթերը, վերցրեց զարդատուփն ու ծրարը, որ կցված էր դրան ու արագ դուրս եկավ։ Համարյա վազելով անցավ հասավ հանրակացարան, բարձրացավ սենյակ, ներսից կողպեց դուռը, մոտեցավ պատուհանին, վերադարձավ, ևս մեկ անգամ ստուգեց․ դուռն իսկապես կողպված էր։ Բացեց ծրարն ու սկսեց կլանել տեքստը․ «Շնորհակալ եմ հոգատարությանդ համար, սիրելիս։ Դու ինձ համար անում ես ավելին՝ քան իմ հինգ հարազատ թոռները միասին վերցված։ Երկար մտորումներից հետո որոշեցի հենց քեզ փոխանցել այն գանձը, որ փախեփախի ժամանակ Խաթում տատս փոխանցեց ինձ ու պատվիրեց․ «Պինդ կպահես, բալա, էս մեր տոհմի հարստությունն է»։ Ճիշտ է դու իմ արյունակիցը չես, բայց առավել արժանի ես, քան թոռներս, որ իմ գոյության մասին մահիցս հետո միայն կհիշեն։ Մեր տոհմն իմ մահով կորցնում է իր․․․», հաջորդ տողերի վրայով Սուսոն արագ սահեցրեց աչքերը, «․․․ ամոթ ինձ, որ չկարողացա Տոհմին արժանի ժառանգ ունենալ․․․», մինչև հասավ իրեն իսկապես հետաքրքրող հատվածին․ «Տուփի բանալին կգտնես Ոսկու շուկայի 3րդ հարկում, 317 տաղավարում։ Հարցրու Գուրգենին, ասա, որ բանալու համար ես գնացել, ցույց տուր անձնագիրդ․․․»։
    «Ոսկու շուկան փակվում է 40 րոպեից*․ պետք է որ հասցնեմ», - կայծակնային արագությամբ ուսերին գցեց վերարկուն, ճանկեց տուփն ու դուրս վազեց։
    Նայեց ժամացույցին․ 17։57։ Վերնանցումը գտնվում էր բավականին հեռու, և, այնտեղով փողոցն անցնելու դեպքում հազիվ թե հասցներ ներս մտնել։ Կանգնեց, տեղը բերեց շնչառությունն ու որոշեց․ վերնանցումով չանժե անցնել․ ուշանալու ռիսկը մեծ էր։ Արագ-արագ անցավ փողոցի առաջին կեսը։ Մյուս կեսում մեքենաների հոսքը ոչ մի կերպ չէր դադարում։ Վերջապես որսաց հարմար պահն ու առաջ նետվեց։ Հնամաշ կոշիկները սակայն, պատասխանատու պահին դավաճանեցին․ սառույցի բարակ շերտի հետ անզգույշ շփման արդյունքում Սուսոն կորցրեց հավասարակշռությունը, սայթաքեց ու բերանքսիվայր փռվեց փողոցի մեջտեղում։ Մոտեցող մեքենան կտրուկ արգելակեց, հետևից ընթացքող բեռնատարը հազիվ հասցրեց խուսափել բախումից։ Այդ ամենն այնքան արագ կատարվեց, որ Սուսոն չհասցրեց ոչինչ մտածել։ Հեռացող բեռնատարը ձայնը միայն սթափեցրել նրան, բացեց աչքերն ու․․․ տուփից, որի մեջ իր երջանիկ ապագայի գրավականն էր՝ միայն ասֆալտի վրա դաջված փշուրներ էին մնացել։
    - Աննորմա՞լ ես, ա՛յ կնիկ, ո՞ւմ համար են սարքել էդ անտեր անցումը։
    Իսկ Սուսոն չէր լսում։
    _____________________________________________________________________________________________________________
    * Շուկայի հիմնական մուտքը փակվում է 18։00, դրանից հետո ներս մտնելն արգելված է։ Դուրս գալու համար օգտագործվում է պահեստային ելքը, որտեղից ներս մտնելն անհնար է․ մուտքը հսկվում է անվտանգության աշխատակիցների կողմից։

  6. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Mr. Annoying (19.12.2016), Sambitbaba (19.12.2016), Smokie (20.12.2016), Աթեիստ (20.12.2016), Հայկօ (23.12.2016), Նաիրուհի (20.12.2016), Նիկեա (19.12.2016)

  7. #4
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,065
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Արտամրցութային աշխատանք (չի մասնակցում քվեարկությանը)

    Թովչանք

    Պողոսը չէր կարող ասել իր ներկայիս վիճակը հանդիսանում էր հիվանդության հետևանք, թե պատճառ։ Նրա հետ կատարվող ամեն ինչ իր մեջ կրում էր սոսկալի, անպարկեշտ մի բան, որ լցնում էր սիրտը ճնշող սարսափով՝ սերված բնակարանի գույնզգույն պատերից, փայլեցրած կատվի արձաններից ու փափուկ խաղալիքներից, որ մեռած աչքերով հետևում էին նրան ամեն անգամ, երբ ինքնամոռաց տիրում էր Մարիշի երկնային մարմնին։

    Այստեղ նա անց էր կացնում երկար ու կեղեքիչ ժամեր, դիտելով քնած Մարիշի հրեշտակային դեմքը, անթերի շպարված, և հազիվ զսպում նրա ունայն գանգատուփը ափերի մեջ անմարդկային ուժով ճզմելու ցանկությունը։ Թվում էր ժամանակը վաղուց կանգնել է, իսկ դրսի մարդիկ դադարել են գոյություն ունենալ։ Պետք էր միայն, որ Մարիշը իր խնամված,սպիտակ ձեռքը դներ Պողոսի կրծքին, որ բոլոր վախերը վերածվեն անսահման, ամենակուլ երջանկության, մտքերը լցվեն միայն նրա պիրկ ու տաք ներսում լինելու հաճույքով։

    Տարօրինակ գաղափարները բորբոքում էին Պողոսի երևակայությունը, երբ նա մտածում էր Մարիշի մասին, վերածվում մոլագարության։ Նման զբաղմունքը չափազանց լուրջ փորձություն էր Պողոսի գիտակցության համար, սակայն նա իր մեջ բավարար ուժ չէր գտնում լքելու Մարիշին և այդ տունը, վարդագույն կահավորանքով ու հագուստի անծայր պահարններով, որոնց մեջ անբացատրելի ձևով տեղավորվում էին բազմաթիվ նորերը։

    Լինում էին պահեր, երբ Մարիշը բացում էր իր արնագույն ներկած շուրթերն ու այնտեղից դուրս էր գալիս չկապակցված, սակավ բառակույտ, և Պողոսին սկսում էր երևալ մոտալուտ ազատման հեռանկարը։ Բայց այդպիսի պահերը տևում էին մի քանի րոպե ու լուծվում բազմադրույթ իրականության մեջ։

    Այդ գիշեր նա զարթնեց խլացնող, աններդաշնակ ձայներից, որ թափառական շների ոռնոցի ու ոստիկանական մեքենաների ազդակների հիպերբոլիկ խառնուրդի էր նման։ Կիսամութ սենյակը լցվել էր ծանր, տաք գոլորշիով, որ ստորգետնյա մռայլ քարանձավերում է լինում։ Անկենդան հայացքների ներքո Պողոսը ուշադիր զննեց ձյութի նման սև անկյուններն, որոնց թվացյալ անշարժությունը կլանում էր, ինչպես Մարիշի հեշտանքը։ Պողոսի հիվանդ ընկալման մեջ հայտնվեց անսովոր մի զգացում, որ այնտեղ ինչ-որ բան կա թաքնված, անառողջ մի բան, որ սմքելու էր իր ուղեղն ու մարմինը, վերջնականապես զրկեր սառը դատելու կարողությունից։ Նա մեկնեց ձեռքը դեպի Մարիշը։ Չոր ու կնճռոտ մաշկը դուրս պրծավ նրա մատներից, շրջված մարմինը ամբողջովին կորցրեց նախկին հմայքն ու գեղեցկությունը։ Անատամ բերանից՝ մահվան շնչի պես սառը, լսողության մեջ սողոսկեցին անհասկանալի շշուկներ։ Պողոսը հետ քաշվեց դեպի անկյուն, ուր սպասվող հենարանի փոխարեն հայտված դատարկության մեջ կորցրեց հավասարակշռությունն ու ընկավ փտած հատակի։

    Անծանոթ սենյակի կենտրոնում, քարե զոհաբեմը լուսավորող մոմի լույսը դողաց։ Պողոսը՝ ոտքերի տակ զգալով տախտակի չարագույժ ճռնչյունը, քայլեց դեպի զոհաբեմ, վերցրեց մոմի կողքին դրված թավշյա փոքրիկ տուփն ու դեղնած թուղթը, որի վրա զարհուրած հայացքի դեմ լողում էին տառեր։
    - Կարդա՛, - լսեց Մարիշի սղոցող ձայնը։
    Մի ոտքը փափկեց բամբակի նման ու ծալվեց։ Ձեռքը չենթարկվելով մեկնեց տուփը դեպի Մարիշը։ Մյուս ձեռքը ձգվեց, որ բացի այն, երբ զոհաբեմի մոտից, մինչ այդ չերևափցող մեկը կռացավ նրա ականջի մոտ, գանգուր մազերը հպվեցին Պողոսի դեմքին։ Մեղմ արտաբերեց․
    - Ասեցի չէ՞, տուփը չբացե՛լ։
    Վերջին խմբագրող՝ ivy: 21.12.2016, 02:37:

  8. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (19.12.2016), Աթեիստ (21.12.2016), Նիկեա (19.12.2016)

  9. #5
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,065
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Դուետի մասնակից հեղինակների աշխատանքներն են.

    «Լիֆտը և մի տուփ երջանկություն»
    «Սուսոն»


    Խնդրում եմ կարդալ, ընտրել առավել դուր եկած աշխատանքը և քվեարկել դրա օգտին: Չմոռանաք նաև կարծիք թողնել և մասնակցել քննարկումներին: Քվեարկությունը տևելու է երեք օր, որից հետո կբացվեն հեղինակների անունները: Ինքնաբացահայտումն արգելվում է:

    Բացի դուետի մասնակիցներից, ունենք ևս մի հեղինակ, ով ներկայացրել է արտամրցութային աշխատանք՝ «Թովչանք»: Այս ստեղծագործությունը չի դրվում քվեարկության, սակայն բաց է կարծիքների և քննակումների համար:

    Մաղթում եմ բոլորին հաճելի գրական զրույցներ
    Վերջին խմբագրող՝ ivy: 19.12.2016, 13:28:

  10. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Աթեիստ (20.12.2016), Հայկօ (23.12.2016)

  11. #6
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,065
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ե՞վ, ո՞վ կլինի առաջին համարձակը
    Դուետներում ընդամենը երկու աշխատանք է դրվում քվեարկության. պիտի որ դժվար չլինի արագ կարդալն ու կարծիք հայտնել/քվեարկելը:

  12. #7
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,748
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Թովչանք

    Ինձ դուր չեկավ: Նախ, իմ թեման չէ: Եվ սակայն, եթե ստացված ինչ-որ տեղեր լինեին, կասեի այդ մասին: Ինձ համար չգտա ցավոք...
    Ներողություն հեղինակից...
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  13. #8
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,748
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սուսոն

    Լավ, մաքուր գրված գործ էր: Հետո ինչ, որ վերջը կանխատեսելի էր: Մարկեսի "Հայտարարված սպանության խրոնիկայի" վերջն էլ ամենասկզբից արդեն կանխատեսելի է, ի՞նչ անենք... Հարցն այդ չէ:
    Ուղղակի մի կարևոր բան չի հերիքում "Սուսոյին"... Կա՞յծ... Շնչառությու՞ն... Զարկերա՞կ...
    Ինձ թվում է, կարելի է աշխատել այս գործի վրա և ավելի ազդեցիկ մի բան ստանալ:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  14. #9
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    37
    Գրառումներ
    3,489
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    _____________________________________________________________________________________________________________
    * Շուկայի հիմնական մուտքը փակվում է 18։00, դրանից հետո ներս մտնելն արգելված է։ Դուրս գալու համար օգտագործվում է պահեստային ելքը, որտեղից ներս մտնելն անհնար է․ մուտքը հսկվում է անվտանգության աշխատակիցների կողմից։
    Այ էս մասից վստահ էի, որ Ջոնը կամ Բումն են գրել: Բումը գիտի էս ծանոթագրությունը, իսկ եթե ինքը չէր, մենակ Ջոնը կարող էր դա հատուկ նշել: Ինքը ինձնից բեթար սենց մանրուքների հարցում քթի մազ է:
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  15. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (30.12.2016), John (23.12.2016), Mr. Annoying (23.12.2016), Quyr Qery (24.12.2016), Աթեիստ (23.12.2016)

  16. #10
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կներեք, ժող, բայց ոչ մեկն էլ առանձնապես չհավանեցի: Կքվեարկեի «Լիֆտի» օգտին, եթե գոնե վերջին նախադասությունը չլիներ: Մենք չենք մեռել, էլի, ես եմ մեռել, սիրելիս, իսկ դու ցնդել ես: Էն «դուռը ծեծեցի, չբացեց, ստիպված իմ բանալիով բացեցի-մտա» պահը լավն էր: Բայց դե էդ պայթել-բան, էդ էլ էր ավելորդ: Կարելի էր տուփի համար ուրիշ կիրառություն գտնել: «Սուսոն» բան չասեց. շատ հավես էր գրած, շատ անկապ պրծավ: Չնայած, եսիմ, կարող ա՝ ճիշտն էլ դա էր: «Թովչանքը», համաձայն եմ, ածականախեղդ էր արած: «Անծանոթն» էլ դե լրիվ անհավատալի էր: Ողջույններս:
    DIXI
    carpe noctem

  17. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    John (23.12.2016), Mr. Annoying (23.12.2016), Ուլուանա (23.12.2016)

  18. #11
    Հատուկ John-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.04.2006
    Տարիք
    35
    Գրառումներ
    5,756
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Պետրոս պապի գրած նամակն ամբողջությամբ էի ներառել սկզբում։ Այնտեղ նա մանրամասն պատմում էր, թե ինչքան կարևոր ա տուփի պարունակությունն ու ինչքան մեծ պատիվ ա վստահվել Սուսոյին՝ տուփը իրեն կտակելով։ Հետո, եթե չլիներ տուփը բացելու արգելքը՝ Սուսոն կգնար, կգտներ համապատասխան մարդուն, կվերցներ բանալին, կբացեր ու մեջը կգտներ շատ անկարևոր մի բան․ ասենք Պետրոսի նախնիների տոհմածառը։ Կամ, կարող էր գտնել քարտեզ, թե Պետրոսի Տատը որտեղ է թաքցրել իրենց ոսկեղենը։ Ու մի հատ սիրուն նախադասությամբ ավարտել, ասենք թե ոնց էդ պահին Սուսոյի արյունը եռաց ու ինքը ժպտաց, գիտակցելով, որ իր կյանքի ամենամեծ արկածն է առջևում։

    Սմոք ջան, էն երկու օր համբերելու պահն էլ՝ հատուկ նշել եմ․ Պետրոս պապի թաղման օրն էր գնացել, որ հարազատները զբաղված լինեին, ավելի քիչ հավանական լիներ, որ կհետևեն իրեն ու կհայտնաբերեն

  19. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (30.12.2016), Հայկօ (23.12.2016), Նիկեա (23.12.2016), Ուլուանա (23.12.2016)

  20. #12
    . Ծլնգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2016
    Գրառումներ
    3,041
    Mentioned
    51 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը
    Կներեք, ժող, բայց ոչ մեկն էլ առանձնապես չհավանեցի: Կքվեարկեի «Լիֆտի» օգտին, եթե գոնե վերջին նախադասությունը չլիներ: Մենք չենք մեռել, էլի, ես եմ մեռել, սիրելիս, իսկ դու ցնդել ես: Էն «դուռը ծեծեցի, չբացեց, ստիպված իմ բանալիով բացեցի-մտա» պահը լավն էր: Բայց դե էդ պայթել-բան, էդ էլ էր ավելորդ: Կարելի էր տուփի համար ուրիշ կիրառություն գտնել: «Սուսոն» բան չասեց. շատ հավես էր գրած, շատ անկապ պրծավ: Չնայած, եսիմ, կարող ա՝ ճիշտն էլ դա էր: «Թովչանքը», համաձայն եմ, ածականախեղդ էր արած: «Անծանոթն» էլ դե լրիվ անհավատալի էր: Ողջույններս:
    սա մի լավ մուլտիկ հիշեցրեց, չգիտեմ ինչու

  21. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Alphaone (23.12.2016)

  22. #13
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,748
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Լիֆտը և մի տուփ երջանկություն

    Երրորդ անգամ էլ կարդացի, բայց տուփն այդպես էլ չգտա. ի՞նչ տուփ: Սատանան տանի, որտե՞ղ է այդ տուփը...
    Տուփը վերելա՞կն է... Բայց հասարակական զուգարանի գոզահոտը լավ փչեց քթիս, իսկ տուփի տպավորություն ոչ մի կերպ չթողեց:
    Պապի ուղարկած փաթե՞թը... Անհավանական է մի քիչ. ինչու՞ պետք է պապն ուզենար թոռանը գյոռբագյոռ անել:
    Թե՞ ինչ-որ վերացական բան է ուղղակի այդ մի տուփ երջանկությունը, և հեղինակը համարում է, որ վերնագիրը միայն բավական է ամեն ինչ բացատրելու համար... Ինձ համար չհերիքեց:

    Կամ էլ մի այլ տարբերակ կա: Ուղղակի ներվերս գնում են խոսակցական հայերենի ու անփութության վրա, ու դրա տակ տուփը չեմ կարողանում տեսնել... Ես չեմ հասկանում, թե ինչու՞ ոմանք իրենց ստիպում են խոսակացական հայերենով գրել: Ինչ է, ավելի մոդայի՞կ է այդպես, թե՞ ինչ-որ այլ պատճառներ էլ կան... Հասկանում եմ, երբեմն օգտագործել դիալոգների մեջ: Կամ ֆորումում ինչ-որ բան գրելիս... Բայց ախր հեղինակ ջան, պատմվածք ես գրել և ուղարկել քննարկման... Եվ վստահորեն կարող եմ ասել, որ ինքդ էլ առանձնապես հաճույք չես ստացել այդ խոսակցականից, հակառակ դեպքում անընդհատ այն գրականի չէիր փոխի...

    Եթե այս անփութությունը չլիներ, կմտածեի, որ հեղինակը Հայկօն է: Որովհետև շատ դուր եկավ պատմվածքը: Ու նաև հիշեցրեց ինձ Սարտրի իմ շատ սիրած մի պիեսը՝ "Փակ դռների հետևում", որտեղ Սարտրն ասել է երևի թե իր ամենատարածված ֆրազը. "Դժոխքը՝ դա ուրիշներն է": Ամեն ինչ հիանալի էր նկարագրված, դիալոգներն էլ շատ լավն էին: Եվ նույնիսկ անփույթ գրված լինելը չկարողացավ արգելք հանդիսանալ, որ քվեարկեմ հենց այս գործի օգտին:

    Շնորհակալություն հեղինակին:
    Վերջին խմբագրող՝ Sambitbaba: 20.12.2016, 18:24:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  23. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Mr. Annoying (20.12.2016)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գրական դուետ. Կախել-կախվել
    Հեղինակ՝ ivy, բաժին` Թեմատիկ մրցույթներ
    Գրառումներ: 181
    Վերջինը: 19.02.2017, 19:08
  2. Գրական դուետ. Ճամփա ընկնել
    Հեղինակ՝ ivy, բաժին` Թեմատիկ մրցույթներ
    Գրառումներ: 123
    Վերջինը: 19.01.2017, 23:00
  3. Գրական դուետ. Կոտրե՞լ, թե՞ չկոտրել
    Հեղինակ՝ ivy, բաժին` Թեմատիկ մրցույթներ
    Գրառումներ: 51
    Վերջինը: 13.01.2017, 03:17
  4. Գրական դուետ. Ամաչել 24 ժամում
    Հեղինակ՝ ivy, բաժին` Թեմատիկ մրցույթներ
    Գրառումներ: 34
    Վերջինը: 07.01.2017, 19:13
  5. Գրական դուետ. Փնտրել
    Հեղինակ՝ ivy, բաժին` Թեմատիկ մրցույթներ
    Գրառումներ: 17
    Վերջինը: 26.12.2016, 01:40

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •