Բոլոր իրադարձություններն ու կերպարները հորինված են,
ցանկացած համընկնում՝ պատահական
Սուսոն
Նոտարն աղմուկով մաքրեց կոկորդն ու շարունակեց կարդալ կտակը․
- Մերսեդես-Բենց մակնիշի ավտոմեքենա, 1984թ․ արտադրության՝ Գեղամ Աշոտի Մանուկյանին։ Մինասյան փողոց, 26 շենք, բնակարան 4՝ Անուշիկ Աշոտի Մանուկյանին։
Դահլիճում դժգոհության ալիք բարձրացավ, որ շատ արագ էլ մարեց, քանզի բոլորն անհամբերությամբ սպասում էին շարունակությանը։ Ամեն մեկը թաքուն հույս էր փայփայում, որ Պետրոս պապը հենց իրեն է կտակել կանաչ զարդատուփը, որի պարունակության մասին պատկերացումները զուտ երևակայության արդյունքն էին․ տուփը բացված վիճակում նրանցից ոչ մեկը երբեք չէր տեսել։
- Կանաչ, ոսկեզօծ նախշերով զարդատուփ՝ Սուսաննա Նորայրի Նահապետյան։
Նախորդից էլ ավելի մեծ ու տևական դժգոհության ալիք անցավ դահլիճով։ Շարունակությունն արդեն ներկաներից ոչ մեկին չէր հետաքրքրում։ Օրվա գլխավոր հարցը փոխվեց․ ո՞վ է այդ Սուսաննա Նահապետյանը, որին Պետրոս պապի թոռներից ոչ մեկը չի ճանաչում և ով, ակնհայտորեն, ներկա չէ կտակի ընթերցման արարողությանը։
Սուսոն միակ մարդն էր, ով պարբերաբար այցելում էր Պետրոս պապին վերջին ամիսների ընթացքում։ Իսկ թոռներն անհամբերությամբ սպասում էին, թե ե՞րբ է վերջապես մեռնելու այդ համառ ծերուկը, որն այդպես էլ կենդանության օրոք չվայելեց թոռների սերն ու ուշադրությունը։ Մասամբ, թերևս, իր ծանր բնավորությունն էր պատճառը, բայց պակաս կարևոր չէր նաև թոռների՝ իրենց տատից ժառանգած նյութապաշտությունն ու շահամոլությունը։
Վաղուց էր հեռվից հետևում Պետրոս պապին։ Զարդատուփի մասին լսելուց հետո որոշել էր․ այն ձեռք գցելու համար չպայքարելն անմտություն կլինի։
Սուսոն միշտ հասնում էր իր նպատակին։ Դեռ մանկատան տարիներից վերցնում էր այն ամենն՝ ինչ իրեն դուր էր գալիս։ Երբեք չէր գողանում․ վերցնում էր տիրոջ համաձայնությամբ, ու այլևս չէր վերադարձնում։ Համոզելու մեծ վարպետ էր Սուսոն։ Տարիքի հետ էլ ավելի զարգացրեց իր այդ տաղանդն ու հմտացավ այդ գործի մեջ։ Համոզում էր այնքան աննկատ, որ երբեք ոչ ոք հիմք չէր ունենում նրան խարդախության մեջ մեղադրելու համար։ Ավելի հասուն տարիքում էլ ավելի կատարելագործվեց խարդախությունների ոլորտում։ Նրանից զգուշանում էիր բոլոր ծանոթները, բայց Սուսոն միշտ գտնում էր նոր մարդկանց, շահում նրանց վստահությունը, գումար, զարդեր կամ այլ թանկարժեք իրեր յուրացնում, ու, անցնում հաջորդ զոհի փնտրտուքներին։ Եթե մինչև հոգու խորքը խրված չլիներ թղթախաղի մեջ՝ անկասկած քաղաքի ամենահարուստ մարդկանցից մեկը կլիներ, բայց, բացի քաղաքի ծայրամասում գտնվող նախկին հանրակացարանի խարխուլ սենյակից՝ ամբողջ ավարը տարվել էր թղթախաղում։ Որոշել էր․ Պետրոս պապի գանձերը ձեռք գցելուց հետո անպայման թողնել թղթախաղը, գնալ արտասահման, ու վայելել վաստակած հանգիստն աշխարհի որևէ խաղաղ անկյունում, բոլորից հեռու։
Սուսոն մտավ Նոտարի գրասենյակ կտակի հրապարակումից երկու օր անց միայն, հենց այն օրը, երբ տեղի էր ունենում Պետրոս պապի թաղման արարողությունը։ Ներկայացավ, ստորագրեց պահանջվող փաստաթղթերը, վերցրեց զարդատուփն ու ծրարը, որ կցված էր դրան ու արագ դուրս եկավ։ Համարյա վազելով անցավ հասավ հանրակացարան, բարձրացավ սենյակ, ներսից կողպեց դուռը, մոտեցավ պատուհանին, վերադարձավ, ևս մեկ անգամ ստուգեց․ դուռն իսկապես կողպված էր։ Բացեց ծրարն ու սկսեց կլանել տեքստը․ «Շնորհակալ եմ հոգատարությանդ համար, սիրելիս։ Դու ինձ համար անում ես ավելին՝ քան իմ հինգ հարազատ թոռները միասին վերցված։ Երկար մտորումներից հետո որոշեցի հենց քեզ փոխանցել այն գանձը, որ փախեփախի ժամանակ Խաթում տատս փոխանցեց ինձ ու պատվիրեց․ «Պինդ կպահես, բալա, էս մեր տոհմի հարստությունն է»։ Ճիշտ է դու իմ արյունակիցը չես, բայց առավել արժանի ես, քան թոռներս, որ իմ գոյության մասին մահիցս հետո միայն կհիշեն։ Մեր տոհմն իմ մահով կորցնում է իր․․․», հաջորդ տողերի վրայով Սուսոն արագ սահեցրեց աչքերը, «․․․ ամոթ ինձ, որ չկարողացա Տոհմին արժանի ժառանգ ունենալ․․․», մինչև հասավ իրեն իսկապես հետաքրքրող հատվածին․ «Տուփի բանալին կգտնես Ոսկու շուկայի 3րդ հարկում, 317 տաղավարում։ Հարցրու Գուրգենին, ասա, որ բանալու համար ես գնացել, ցույց տուր անձնագիրդ․․․»։
«Ոսկու շուկան փակվում է 40 րոպեից*․ պետք է որ հասցնեմ», - կայծակնային արագությամբ ուսերին գցեց վերարկուն, ճանկեց տուփն ու դուրս վազեց։
Նայեց ժամացույցին․ 17։57։ Վերնանցումը գտնվում էր բավականին հեռու, և, այնտեղով փողոցն անցնելու դեպքում հազիվ թե հասցներ ներս մտնել։ Կանգնեց, տեղը բերեց շնչառությունն ու որոշեց․ վերնանցումով չանժե անցնել․ ուշանալու ռիսկը մեծ էր։ Արագ-արագ անցավ փողոցի առաջին կեսը։ Մյուս կեսում մեքենաների հոսքը ոչ մի կերպ չէր դադարում։ Վերջապես որսաց հարմար պահն ու առաջ նետվեց։ Հնամաշ կոշիկները սակայն, պատասխանատու պահին դավաճանեցին․ սառույցի բարակ շերտի հետ անզգույշ շփման արդյունքում Սուսոն կորցրեց հավասարակշռությունը, սայթաքեց ու բերանքսիվայր փռվեց փողոցի մեջտեղում։ Մոտեցող մեքենան կտրուկ արգելակեց, հետևից ընթացքող բեռնատարը հազիվ հասցրեց խուսափել բախումից։ Այդ ամենն այնքան արագ կատարվեց, որ Սուսոն չհասցրեց ոչինչ մտածել։ Հեռացող բեռնատարը ձայնը միայն սթափեցրել նրան, բացեց աչքերն ու․․․ տուփից, որի մեջ իր երջանիկ ապագայի գրավականն էր՝ միայն ասֆալտի վրա դաջված փշուրներ էին մնացել։
- Աննորմա՞լ ես, ա՛յ կնիկ, ո՞ւմ համար են սարքել էդ անտեր անցումը։
Իսկ Սուսոն չէր լսում։
_____________________________________________________________________________________________________________
* Շուկայի հիմնական մուտքը փակվում է 18։00, դրանից հետո ներս մտնելն արգելված է։ Դուրս գալու համար օգտագործվում է պահեստային ելքը, որտեղից ներս մտնելն անհնար է․ մուտքը հսկվում է անվտանգության աշխատակիցների կողմից։
Էջանիշներ