Շատերը կհամաձայնեն, որ երեխային երես տալը սխալ է։ Իսկ թե որն է երեխայի ցանկությունները կատարելու, նրա համար դրականն ու հաճելին անելու սահմանը, որից այն կողմ նշված գործողություններն արդեն վերածվում են երես տալու, ոչ բոլորի համար է միանշանակ։ Օրինակ, եթե ֆինանսական վիճակը թույլ է տալիս, գնու՞մ եք արդյոք երեխայի համար այն ամենը, ինչ նա ուզում է։ Ծնողներ կան, որ համարում են՝ քանի կարող են ու ինչքան կարող են, պիտի երեխայի ցանկությունները կատարեն, գնեն նրա ուզած ամեն ինչը կամ գրեթե ամեն ինչը, այնպես, որ երեխան ոչ մի բանի պակաս չզգա, իրեն ինչ–որ բանից զրկված չզգա, հնարավորինս անհոգ ու ապահովված մանկություն ունենա, քանի որ, միևնույն է, մեծանալու է, և էդ ամենը վաղ թե ուշ ավարտվելու է, սկսվելու են դժվարությունները, հոգսերը և այլն։ Ծնողներ էլ կան, որ համարում են, որ նույնիսկ եթե էդ պահին հնարավորություն կա, երեխայի բոլոր ցանկությունները կատարելը ճիշտ չէ. երեխան հենց սկզբից պիտի իմանա, որ ամեն ինչ այդքան հեշտ չէ, որ սովորի նաև համակերպվել դժվարության, ինչ–որ բաներ չունենալու հետ, որպեսզի սովորի գնահատել ունեցածը, ինչպես նաև գիտակցել, որ էդ ամենը փող արժե, որ մայրիկն ու հայրիկն աշխատում են, չարչարվում են, որ այդ փողը վաստակեն, որ ուրիշ կարևոր բաներ էլ կան այդ փողով առնելու և այլն, ու միշտ ու ամեն ինչ ունենալ հնարավոր չէ։ Էստեղ խոսքը, բնականաբար, միայն ինչ–որ բաներ գնելու մասին չէ, այլ ընդհանրապես երեխայի ցանկությունները կատարելու, առնվազն այն ցանկություննրը, որոնք ուղղակիորն չեն վնասում այլ մարդկանց։
Հետաքրքիր է, թե Ակումբի ծնողներից ով ինչ մոտեցում ունի էս հարցի վերաբերյալ։ Ինչքանո՞վ եք կատարում երեխաների ցանկությունները, ինչքանո՞վ եք ճիշտ ու կարևոր համարում, որ երեխան հնարավորինս անհոգ մեծանա, ի՞նչ է կարելի ձեր երեխային և ի՞նչ չի կարելի, և ի՞նչ ազդեցություն է ունենում ձեր կիրառած մոտեցումը երեխայի վրա։ Մի բան էլ, որ, կարծում եմ, սերտորեն կապված է տվյալ հարցի հետ. ձեր երեխաները պարտականություններ ունե՞ն տանը, ընտանիքում։ Եթե այո, ի՞նչ պարտականություններ են, ո՞ր տարիքից։ Կա՞ն արդյոք գործողություններ, պարտականություններ, որոնք անում են (պետք է անեն) իրենց ուզածը վաստակելու համար։ Թե՞ համարում եք, որ սխալ է երեխային փոքր տարիքից պարտականություններով ծանրաբեռնելը։
Էջանիշներ