Ողջույն
Այսուհետ այս թեմայում ես կտեղադրեմ հիմնականում հարկային գծով իրավաբանական նյութեր, մտքեր, իսկ երբեմն նաև խոհեր: Հույս ունեմ, որ թեման կդառնա մի հարթակ, որտեղ մենք հետաքրքիր և օգտակար տեղեկատվություն կստանանք իրավաբանության ու հատկապես հարկային իրավունքի բնագավառում:
Գնացինք…
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 170.3. հոդվածը պատասխանատվություն է սահմանում հարկերը և պարտադիր սոցիալական ապահովության վճարումները ժամանակին չվճարելու համար, ընդ որում, կապված գործի հանգամանքներից, տուգանքը կարող է կազմել 10.000-ից 20.000 դրամ:
Սույն իրավախախտման ՕԲՅԵԿՏԸ պարզ է՝ հարկերը և պարտադիր սոցիալական ապահովության վճարումները ժամանակին մուծելու հետ կապված հասարակական հարաբերությունները:
Զանցանքի ՍՈՒԲՅԵԿՏԸ այն անձն է, որը օրենքով պարտականություն է կրում վճարել հարկը և (կամ) պարտադիր սոցիալական ապահովության վճարը: Գործնականում խոսքը ֆիզիկական անձի և (կամ) անհատ ձեռնարկատիրոջ մասին է, իսկ կազմակերպության դեպքում էլ որպես զանցանքի սուբյեկտ հանդես են գալիս կամ կազմակերպության տնօրենը, կամ ըստ էության ղեկավարություն իրականացնող այլ սուբյեկտը, կամ էլ հաշվապահը: Այս առումով հարկային մարմնի դերը բավականին կարևորվում է, քանզի անհրաժեշտ է յուրաքանչյուր դեպքում իրականացնել վարչական իրավախախատմնա գործի ըստ էության քննություն, որպեսզի պարզվի, թե իրականում ով էր կրում համապատասխան գործողություն իրականացնելու պարտականությունը և ում մեղքով այն չի իրականացվել:
ՕԲՅԵԿՏԻՎ ԿՈՂՄԻՑ զանցանքը ըստ էության կատարվում է անգործությամբ՝ անձը չի իրականացնում համապատասխան գործողություններ հարկերը և պարտադիր սոցիալական ապահովության վճարումները ժամանակին համապատասխան հաշվեհամարին մուտք անելու ուղղությամբ, այսինքն ըստ էության դրսևորվում է անգործություն:
Զանցանքի ՍՈՒԲՅԵԿՏԻՎ ԿՈՂՄԸ կարող է դրսևորվել և դիտավորությամբ, և անզգուշությամբ:
Արարքի համար ՊԱՏԻԺԸ, ինչպես արդեն նշվեց, տուգանքն է 10-ից 20.000 դրամի չափով: Այս առումով հարկ է նշել, որ օրենսդիրը դիտավորյալ է տարբերակված մոտեցում դրել՝ 10-ից 20 հազար դրամ որպես պատիժ, քանզի ակնհայտորեն նկատի է ունեցվում այն հանգամանքը, որ, օրինակ անզգուշությամբ զանցանքը կատարած անձը պետք է տուգանվի ներքին սահմանագծի, իսկ դիտավորությամբ և (կամ) արարքը ոչ առաջին անգամ կատարող անձը՝ վերին սահմանագծի մոտ: Դժբախտաբար վարչական իրավախախտումների հետ կապված պրակտիկայի ուսումնասիրությունը մեզ բերում է հետևության, որ հատկապես վերջին ժամանակներս հարկային մարմինը գործնականում առանց բացառության կիրառում է միայն պատժի վերին սահմանը:
Էջանիշներ