Այ էսպիսի դիմակ, որը կբացվի նոյեմբերի 30-ին:
Տեքստում մի քանի տողեր շեղատառ են որոշակի պատճառով:
Մարսյան երազ
Աչքերս բացեցի ու տեսա, որ Մարսի վրա եմ:
Խոստովանում եմ, չհավատացի աչքերիս: Բայց շուրջս ամեն ինչ կարմիր էր, և ուրեմն էլ որտե՞ղ կարող էի լինել, եթե ոչ Կարմիր Մոլորակի վրա: Կասկածներս փարատելու համար ահագին քայլեցի էլ,
մինչև վերջիվերջո հասա հսկայական, կարմիր սարերին: Եվ էլ կասկած չմնաց:
Բլուրի վրա նստած էր մի ծերունի:
Գողտրիկ մոտեցա ու կանգնեցի կողքին:
Նրա դեմ մի նկարակալ էր դրված, որի վրայի կտավին նա ինչ-որ նկար էր նկարում:
Կապույտ մթության մեջ մի աստղաշող լճափ էր: Անփույթ ցրված քարերի միջից աճում էին խատուտիկներ, արագորեն աճում էին, հետո նրանց սերմերը թռչում-ցաքուցրիվ էին լինում, իսկ պտուղները հասունանում ու ճեղքվում էին, նրանցից դուրս էին սահում աղջիկներ և ինքնամոռաց պարում լճափին:
- Նստիր, ինչ ես կանգնել, - հանկարծ ասաց ծերուկը:
- Չե՞մ խանգարում, - հարցրեցի վախվորած ու նստեցի թրթռալով...
- Անունդ ի՞նչ է:
- Շատ կուզեի Մարինա լիներ...
- Ինչի՞ որ:
- Երբ ծանոթացա Մարինա Ցվետաեվայի պոէզիային, նեղացել էի մորիցս, որ անունս Մարինա չի դրել:
- Մի նեղացիր, մորից չեն նեղանա: Փոխարենը կարող ես Ռոզա Լյուքսեմբուրգով հպարտանալ:
- Որտեղի՞ց իմացաք անունս...
- Ես գիտեմ:
Կտավի վրա աղջիկները շարունակում էին պարել ցաքուցրիվ: Սերմերը շարունակում էին թռչել ինքնամոռաց:
- Պապիկ, իսկ ու՞ր են թռչում այդ սերմերը:
- Ի՞նչ իմանաս, թե ուր են թռչում այդ խելագարները: Բայց դրանք սերմեր չեն, դրանք այս աղջիկների զույգերն են, տղաները: Նրանց ժամանակ է պետք կողմնորոշվելու համար:
- Կողմնորոշվելու... ինչի՞ համար:
- Դե... Օրինակ, հասկանալ, թե որն է քո նշանակությունը, թե ինչ ես դու քեզանից ներկայացնում, ինչ ես նախատեսում անել, ուր ես պատրաստվում գնալ և նման այլ հարցեր:
- Նրանք ինչ է, չգիտե՞ն:
- Դա է ձեր հիմնական տարբերությունը: Դուք, աղջիկներդ, ի ծնե գիտեք ձեր անելիքը: Իսկ տղաներին ժամանակ է պետք իրենց մտքերը հավաքելու համար: Հետո նրանք հետ են վերադառնում ձեզ գտնելու:
- Բայց, հայրիկ, ինչպե՞ս մենք գիտենք մեր անելիքը: Ես, օրինակ, ոչինչ չգիտեմ...
Ես գլխիկոր շուռ եկա դեպի կտավի վրայի լճակը: Այնտեղ երկինքն ամպել էր: Աղջիկներն էլ չէին երևում: Լճակն ալեկոծվել էր: Խատուտիկները թոշնել էին: Աներազանք քամին հարակիրի էր անում ժամանակներում:
- Դա խաբկանք է: Ձեզանից ոմանք շատ ավելի զգայուն են, քան մյուսները: Եվ, երբ մենք լքում ենք ձեզ, ձեզ սկսում է թվալ, թե կորցրել եք ամեն ինչ և ոչինչ չգիտեք: Բայց բավական է մենք վերադառնանք... Իսկ մենք կվերադառնանք, չվերադառնալ անկարող ենք: Իսկ վերադարձի ճանապարհին մենք հավաքում ու հետ ենք բերում ձեր այն բոլոր հուշերը, ձեր բոլոր իրերը, որոնք դուք ժամանակին դեն էիք նետել ձեր զարդատուփերից: Եվ երբ դուք վերագտնում եք այն, ինչ կորցրել էիք, այդ խաբկանքն անէանում է այլևս:
- Ուրեմն ահա թե ինչու էր մեռնում լուսաբացը: Իսկ թաղման թափորը երազանքներիս այլ երգ էր երգում... Բայց, հայրիկ... ինչու՞ ինձ թվում է, թե ես բարի հեքիաթի չար հերոս եմ, որ վերջում մեռնելու եմ, որ բոլորը երջանկանան, և որ դա է աշխարհին երջանկություն տալու իմ միակ ճանապարհը...
- Քո ծննդյան պահին աշխարհն արդեն իսկ երջանկացել է մի փոքր ավելի: Բայց լսիր, թե ինչ կասեմ քեզ. նույնիսկ սատանային հոգի ծախելիս, միևնույն է, շարունակիր ապավինել աղոթքին: Ժամանակը չէ՞, որ կողմնորոշվես. պապի՞կ, թե հայրիկ:
Երբ վեր հառնեցի աչքերս, առջևումս իմ հմայիչ երիտասարդն էր կանգնած երազներիս:
- Այդ... դու՞ ես...
- Դու մոռացե՞լ էիր, որ խոստացել եմ վերադառնալ: Ու՞ր գնանք այս անգամ:
- Եկ գնանք Կապույտ Մոլորակ: Բայց ինչպե՞ս ենք գնալու: Ճանապարհը գիտե՞ս:
- Գնանք-սուզվենք այս լճակը:
Ձեռք-ձեռքի տված, մենք մտանք կտավի վրայի լճակը:
Մեր հետևում Մարսը փոխակերպվեց:
Էջանիշներ