«Մշակվում է ռուսաց լեզվի զարգացման հայեցակարգ». Լեւոն Մկրտչյան
Առաջիկայում հայաստանյան դպրոցներում ռուսերենը իսկապես կստանա մեկ այլ` ավելի բարձր կարգավիճակ: Բացի զուտ ռուսաց լեզու առարկայից, մի շարք այլ առարկաներ նույնպես այդ լեզվով կդասավանդվեն, ինչպես օրինակ ռուս գրականություն, Ռուսաստանի աշխարհագրություն:
Իհարկե, խոսվում է այլ օտար լեզուների դեպքում եւս նման քաղաքականություն որդեգրելու անհրաժեշտության ու մտադրության մասին, բայց դա առայժմ հետագայի հարց է: Այս մասին պարզ դարձավ ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանի հետ մեր զրույցում, որը ներկայացնում ենք ստորեւ:
- Պարոն նախարար, Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնյաներից մեկը օրերս հայտարարել էր նախկին ԽՍՀՄ երկրներում ռուսերենին օրենսդրորեն հատուկ կարգավիճակ տալու եւ այն երկրորդ պետական լեզու հռչակելու անհրաժեշտության մասին: Ինչպե՞ս կգնահատեք այս հայտարարությունը:
- Մենք հիմա մշակում ենք ռուսաց լեզվի զարգացման հայեցակարգը: Կմշակենք նաեւ ֆրանսերենի, անգլերենի եւ գերմաներենի զարգացման հայեցակարգերը, որովհետեւ ես վստահ եմ, որ Հայաստանի Հանրապետությունը, եթե ուզում է գիտակրթական տարածք համարվել, քաղաքացիները պիտի ազատ տիրապետեն օտար լեզուներին: Բայց Հայաստանի Հանրապետությունում հստակ գործում է մեր օրենքը, որով Հայաստանի պետական լեզուն հայերենն է: Եվ այդ օրենքը, իմ խորին համոզմամբ, փոփոխման ենթակա չէ, այն մեր անկախության ժամանակվա ձեռքբերումներից է: Բայց ամեն ինչ պիտի անենք, որպեսզի Հայաստանի Հանրապետությունում ռուսաց եւ մյուս օտար լեզուներով խորացված ուսուցում ապահովենք հատկապես մասնագիտական մակարդակով: Հայաստանի քաղաքացիները պիտի ազատ կարողանան խոսել ռուսերենով եւ առնվազն մեկ եվրոպական օտար լեզվով:
- Իսկ զարգացման հայեցակարգն ի՞նչ է ենթադրում. դպրոցներում դասաժամերը կավելացվե՞ն, թե ինչ կլինի:
- Օրինակ, ես ինքս ավարտել եմ Չարենցի անվան դպրոցը, որը խորացված անգլերեն թեքումով դպրոց էր: Մենք մեր առարկայախումբը անցնում էինք հայերենով, բայց անգլերենով անցնում էինք անգլիական եւ ամերիկյան գրականություն, Անգլիայի աշխարհագրություն, որը միանշանակ հնարավորություն էր տալիս ավելի խորացված հասկանալ տվյալ լեզուն: Հիմա Հայաստանի Հանրապետությունում մենք կունենանք ընդհանուր լեզվական կոնցեպցիա, որը պիտի զարգացնի եւ ուշադրություն դարձնի օտար լեզուներին, նախ եւ առաջ ռուսերենին եւ մեկ եվրոպական լեզվի: Դպրոցներ ունենք, որոնք թեքումով են, եւ հատուկ պետք է ուշադրություն դարձնենք ֆրանսերենի եւ գերմաներենի որակին, որովհետեւ, ցավոք սրտի, կորցնում ենք այդ լեզուները: Դեռ ֆրանսերենը ապահովվում է, որովհետեւ կա ֆրանսիական համալսարանը, իսկ գերմաներենի գլխին մեծ վտանգ է կախված: Այսինքն` մենք հատուկ օտար լեզուների կոնցեպցիան պիտի մշակենք եւ շատ արագ ներդնենք, որպեսզի կարողանանք որակ ապահովել: Փայլուն երեխաները շրջաններից գալիս են, օրինակ, ֆիզիկայի ֆակուլտետ, բացի հայերենից ուրիշ ոչ մի լեզվով չեն կարողանում կարդալ, եւ այլեւս նրանց համար շանսը վերջանում է մասնագետ դառնալու: Այսինքն` այս իմաստով ամեն ինչ անելու ենք, որ այդ լեզուները իսկապես որակով դասավանդվեն: Եվ կլինեն խորացված թեքումով դպրոցներ, որտեղ կլինի այդ առարկայախումբը` գրականություն, տվյալ երկրի աշխարհագրություն, բայց մայր սուբստանցիաները Հայաստանի Հանրապետությունում դասավանդվելու են հայերեն, այսինքն` մաթեմատիկա, քիմիա, կենսաբանություն, ֆիզիկա:
- Իսկ հնարավո՞ր է մեկ էլ պարզվի, որ ռուսերենը գերակշռում է այլ օտար լեզուների մեջ:
- Տեսեք ինչ է խնդիրը. ռուսերենի դաշտը ավելի բարենպաստ է, որովհետեւ մեր ժողովուրդը իր մտածողությամբ, հետխորհրդային համակարգով ռուսերենն ավելի հեշտ է ընկալում, քան անգլերենը, եւ եթե մենք կարողանանք դպրոցներում ունենալ ասենք անգլերենի, ֆրանսերենի կամ գերմաներենի նույն չափով տարածվածություն, ինչքան ռուսերենի, շատ հիանալի կլինի: Բայց, ցավոք սրտի, մենք այդ մասնագիտական դաշտը, գրականության առկայությունը, մենթալիտետի պահը չունենք: Դուք հաշվի առեք` ինչ բնակչություն է ապրում Ռուսաստանում, մեզ ռուսական հեռուստածրագրերը ավելի մատչելի են, այսիքն` ռուսերենի ավելի մեծ տարածվածություն կա, եւ մենք նաեւ ռուսերենի կարիքը ունենք, որովհետեւ մենք գտնվում ենք մեկ եվրասիական տարածաշրջանում, որտեղ միջհաղորդակցային լեզուն ռուսերենն է: Այսինքն` մեր պաշտոնական գրագրության մեջ դա մեծ ծավալ ունի: Բնական է, որ ռուսերենը պիտի որոշակի տեղ ունենա մեր համակարգում:
- Ստացվում է՝ ռուսերենի հետ կապված այս նախաձեռնությունը Ռուսաստանից է գալիս ու ինչ-որ տեղ էլ դա պարտադրանք է:
- Ոչ, առաջին անգամ ռուսաց լեզվի զարգացման հայեցակարգը իմ ժամանակ է եղել: 1998 թվականին ենք ընդունել: Դա մեզ անհրաժեշտ է: Այսինքն` օտար լեզուների իմացությունը անհրաժեշտ է հայ ժողովրդին, եթե ինքն ուզում է Հայաստանը չդիտել ընդամենը որպես կցորդ երկիր, այլ ուզում է դիտել իբրեւ գիտակրթական տարածք: Չի կարող փոքր ժողովուրդը միայն իր մայր լեզվով մտնել մեծ խնդիրների լուծման բեռի տակ: Բայց Հայաստանի պետական լեզուն հայերենն է, եւ այն ձեռքբերումները, որը մենք ունենք, հայոց լեզվի պահպանման իմաստով ե՛ւ օրենսդրական, ե՛ւ առարկայական, իսկապես անձեռնմխելի են: Այսինքն` երկու հարթություն իրար հետ չի կարելի խառնել:
Հ.Գ. Տպավորություն է, որ Ռուսաստանը խոսում է նախկին ԽՍՀՄ երկրներում, այդ թվում Հայաստանում, ռուսերենը երկրորդ պետական լեզու հռչակելու անհրաժեշտության մասին, որպեսզի դրանից փոքր արտոնություններն արդեն տվյալ հասարակություններն ընկալեն որպես հաջողություն ու ձեռքբերում` առանց դրանց ցավագին արձագանք տալու:
Էջանիշներ