Վերջերս հաճախ եմ հանդիպում այն տեսակետին, որ ամուսնությունը սպանում է սերը, ռոմանտիկան, որ համատեղ կյանքի առօրեականության մեջ սերը կամաց–կամաց մաշվում է՝ վերածվելով սովորության, պարտականության, լավագույն դեպքում փոխակերպվում է պարզապես հարազատության, ընկերության, վստահության, վատագույն դեպքում՝ ձանձրույթի կամ միմյանցից հոգնած, միմյանց տանջող ու նյարդայնացնող մարդկանց ծանր համակեցության, եթե, իհարկե, ամուսինները չեն որոշում վերջ դնել իրենց համատեղ կյանքին։
Ըստ այս տեսակետի՝ վերը նկարագրված փոխակերպումներն անխուսափելի են, ու գործնականում ցանկացած ամուսնություն դատապարտված է այդ վիճակին, պարզապես որոշ դեպքերում դա ավելի ուշ է տեղի ունենում, որոշ դեպքերում՝ ավելի շուտ, ընդամենը ժամանակի հարց է։
Ի՞նչ եք կարծում, որքանով է վերոնշյալ տեսակետն իրականությանը մոտ։ Համաձա՞յն եք, որ բոլոր ամուսնացածների վերջը դա է։ Եթե ոչ, ապա, ըստ ձեզ, ի՞նչ պատճառներով, ո՞ր դեպքերում է էդպես պատահում։ Իսկ եթե այո, ապա ո՞րն է, ձեր կարծիքով, լուծումը։ Չամուսնանա՞լ, չապրե՞լ միասին (կարծես տվյալ դեպքում ամուսնանալն ու միասին ապրելը նույնանում են, քանի որ ամուսնությունն ամեն դեպքում ենթադրում է համատեղ կյանք)։ Էստեղ պետք է հաշվի առնել նաև երեխաների հարցը։
Հարցին կարելի է նայել նաև այլ տեսանկյունից. իսկ գուցե, այնուամենայնիվ, նորմա՞լ է, որ որոշ ժամանակ համատեղ կյանքով ապրելուց հետո բուռն, կրքոտ սերը փոխակերպվի հարազատության ու վստահության, թեկուզև առանց կրակի ու սկզբնական ռոմանտիկայի։ Ի վերջո, միգուցե պարզապես մարդկանց՝ ամուսնությունից ունեցած ակնկալիքնե՞րն են սխալ կամ անիրական։
Եկեք քննարկենք էս հարցերը։
Հ.Գ. Ինքնանպատակ սրամտությունները թեմայում չեն ողջունվում։




Մեջբերել
Էջանիշներ