Իգական
Երբ առաջարկն անցկացրի մտովի, հազիվ կարողացա 2-3 կիսատ-պռատ ՛՛փաստ՛՛ պեղել ինքս իմ մասին: Որքա՞ն լավ եք ճանաչում ինքներդ ձեզ: Ես համարյա ոչինչ չգիտեմ իմ մասին, ի դեպ: Կարող ենք խոսել անվերջ, բայց այդպես էլ չասել էականը: Անգամ կենսագրական փաստերը կարող են շուռ գալ գլխիվայր: Սկսենք թեկուզ առաջինից…
1. Ծնվել եմ ձմեռվա կեսին, հունվարյան մի ցուրտ կիրակի առավոտ, երբ գիշերն առատ ձյուն էր եկել, և Մարգարյան ծննդատան սառն, անհրապույր միջանցքներով շտապ վազեցնում էին մորս՝ ընթացքում ոտքերից պոկելով և այս ու այն կողմ նետելով ձմեռային երկարաճիտ կոշիկները, քանի որ լույս աշխարհ դուրս գալու ճանապարհին էի արդեն սրընթաց, իսկ դեռ քիչ առաջ մայրս հանգիստ քնած էր անխռով՝ դեռ մի ամբողջ ամիս կար ծնվելուս: Ինչպես արագ ծնունդներից շատերն են, մայրս տանջվում էր ահագին, և մի բարի մանկաբարձուհի ինչ-որ մի հրաշք տեղ սեղմեց փորի վրա և ես միանգամից դուրս թռա՝ մորս բարձր ու կտրուկ ճիչի հետ միասին, ինչին ծնունդն ընդունող բժիշկը դանդաղ արտաբերեց. ՛՛Ափսոս հոգնած եմ, թե չէ մի հատ նենց կապտակեի…՛՛: Վերջինս իհարկե փաստ չէ, այլ պատմություն, բայց այ փա՛ստը, որ ծծնդյանս օրը ձմռանն է, վավերական չէ այլևս, քանի որ 13 տարի առաջ, 180 աստիճան բևեռայնորեն շրջվելով, հայտնվել է ամռան ուղիղ կեսին, շոգ ու տապի արևադարձային գոտում: Այնպես որ, նույնիսկ այն պարզ հարցին, թե երբ է ծննդյանս օրը, միանշանակ պատասխան չունեմ:
2. Փոքր ժամանակ ծայրահեղ ամաչկոտ էի. ինքնագնահատականս բարձր էր երևի, և վախենում էի չդրսևորվել լավագույնը, երբ հայացքներ են սևեռված վրադ: Հիմնային հարցերում դեռևս այդպես է:
3. Փոքր ժամանակ ամենից շատ պաղպաղակ էի սիրում: Ցավոք, 1-2 հատից ավելի չէր կարելի օրական, և ես սառնանուշն այդ վայելում էի դանդաղ երանությամբ, որպեսզի շուտ չվերջանա: Եվ երբ այլևս կարելի չէր լինում, սկսում էի մտովի երևակայել, թե ուտում եմ, փորձում էի զգալ համը քիմքիս՝ իրական մակարդակում: Տատիկս կատակում էր, թե պաղպաղակ վաճառողի հետ պիտի ամուսնանամ: Չգիտեմ երբ և ինչպես պատահեց, բայց արդեն շատ վաղուց է, ինչ պաղպաղակ չեմ սիրում, համարյա երբեք չեմ ուտում, իսկ եթե ստացվում է այնպես, որ ուտում եմ, շտապում եմ արագ վերջացնել այդ անհաճո խիտ խաղցրանյութը: Ահա ևս մեկ՝ երբևէ անհավանական թվացող, բայց փաստացիորեն գլխիվայր շուռ եկած փաստ:
4. Բնածին շատախոս եմ. խոսել սկսել եմ ավելի վաղ, քան քայլել և միանգամից նախադասություններով: Դպրոցական օրագրերս լիքն էին վարքի մասում ՛՛շատախոս է՛՛ բողոքներով, իսկ մանկապարտեզում անընդհատ պատժվում էի դրա համար: Հիմա էլ, երբ ինչ-որ ոչ մտավոր աշխատանք եմ անում, ասենք՝ տնային գործեր, պիտի զանգեմ մեկին և զրուցեմ ընթացքում, չձանձրանալու համար:
5. Չնայած վերը նշածին, ընտրածս մասնագիտություններից և աշխատանքներցս և ոչ մեկը, ցավոք, կապ չեն ունեցել/չունեն խոսելու հետ
6. Նստաջան եմ, աշխատասեր, սիրում եմ գործն անել տեղը-տեղին, պետանդիկ մանրակրկիտությամբ:
7. Ինձ ամենից շատ խանգարում է անհաբերությունս. “pause” կոճակն ասես բացակայում է իմ համակարգում: Նորից վախն է, բայց այս անգամ ուրիշ բանից. ինչ-որ տեղ չհասցնելու անել, կանխել, փոխել, վերցնել, տալ, իրագործել ինչ-որ բան, որը հանկարծ կարող է կրել իր վրա ժամանակի ազդեցությունը և հետո այլևս անհնար կլինի շտկել դա: Այդ ժամանակ ասես կանգնած եմ լինում աշխարհի վերջի եզրին…
8. Վատ ձեռագիր ունեմ. միտքս ավելի արագ է աշխատում, քան մատներիս մոտորիկան, գումարած՝ չունեմ համբերություն:
9. Ապաշնորհ եմ ձեռքի աշխատանքներից: Անգամ հասարակ կոճակ կարելը հազիվ եմ գլուխ բերում: Անհամբերությունս էլ երևի պատճառներից մեկն է:
10. Դպրոցում մականունս ՛՛ճապոն՛՛ էր՝ շեղ աչքերիս համար, իսկ համալսարանում՝ ՛՛խոզ՛՛՝ համակուրսեցիներիցս խուսափելու համար:
11. Ունեմ երկու իսկական ընկեր, որոնց հետ եթե նույնիսկ տարիներով չշփվեմ /առանց որևէ պատճառի/, հանդիպելիս՝ ասես երեկ ենք հանդիպել ու ոչինչ: Հարազատ են ինձ անպայմանականորեն: Այդպես էլ կա. ամիսներով/տարիներով չենք շփվում, որովհետև կարիքը չունենք, բայց երբ հանդիպում ենք, երջանկություն է: Իմ կարծիքով, իսկական ընկերը նա է, ում ազատ կարող ես ցանկացած բան խնդրել՝ առանց հատուցման պարտավորվածության:
12. Շատ եմ սիրում ճամփորդել, ընդ որում առանձնապես նշանակություն չունի, թե ուր. մեգապոլիսից մինչև խարխուլ գյուղն ինձ համար հավասարապես հետաքրքիր են, կարողանում եմ հետաքրքրություն գտնել ամենուր. գլխավորը միջավայրի փոփոխությունն է: Վերջին հինգ տարում 17 երկիր եմ այցելել, որոշները՝ մի քանի անգամ:
13. Էքստրիմ սպորտի/զգացողությունների սիրահար եմ: Որոշ բաներ փորձել եմ, որոշ բաներ՝ դեռ ռիսկ չեմ անում, ու գնալով ավելի ռիսկ չեմ անում…
14. Ավելորդ քաշ չունենալն իմ ինքնազգացողության համար /թե՛ ֆիզիկական, թե՛ հոգեկան/ առաջնային նախապայման է. 50-51 կգ-ն չպետք է գերազանցեմ: Անգամ մի քանի ավել գրամներն առաջացնում են շարունակաբար խանգարող դիսկոմֆորտ և շուտափույթ թոթափում պահանջում:
15. Իմ ներքին ներդաշնակությունը մեծապես կապված է իմ տան, իրերի, պատկանելիքների մաքրության և հավաքվածության հետ:
16. Նյութի հանդեպ հիվանդագին մինիմալիստ եմ. սիրում եմ նետել իրեր, և ուրախացած շտապում եմ իրագործել, երբ գտնում եմ դրա համար անգամ չնչին պատճառ: Սիրում եմ մինիմալիզմը, քանի որ քիչը կառավարելի է և բացառում է քաոսը:
17. Հագուստ գնելիս ընտրությունս մուգ գույների ուղղությամբ է:
18. Խենթանալու չափ սիրում եմ թաց պատերի հոտը, շինարարության հոտը, ավազի խրթխրթոցը ոտքերի տակ, կավիճ եմ սիրում, հատկապես երբ ախորժելի փշրվելով թափվում է՝ գրատախտակին գրելիս, սիրում եմ ՛՛փոշի՛՛ բառը, նստած պատմություն կա էդ բառի մեջ, թաքնված կյանք:
19. Սիրում եմ չփաթեթավորված, ՛՛մերկ՛՛ օճառներ՝ ամենատարբեր ձևերի, գույների և բուրմունքի: Սիրում եմ պտտվել օճառների խանութներում, շոշափել-հոտոտել գունավոր գնդերն ու խորհանարդները. այդ ամենից մաքրության հոտ եմ առնում և կանացի ինչ-որ զգայական թրթիռի:
20. Ես ընդհանրապես չեմ լսում երաժշտություն:
21. Սիրում եմ գրականություն, բայց չեմ սիրում պոեզիա:
22. Երբեք չեմ նետում ստացածս բացիկները. դրանք մարդու պատմությունն են ինձ համար, իսկ դիզայնը՝ մանկությունից դուրս եկած բարի արվեստ:
23. Ես անընդհատ երազ եմ տեսնում, միշտ ու անընդմեջ, քնի ցանկացած պահին, և կարող եմ պատմել հենց արթնացնես: Երբեմն արթնանում են հոգնատանջ, հյուծված, և վերականգնվում-հանգստանում ՝ վերադառնալով արթմնի վիճակ:
24. Նախընտրում եմ տղամարդկանց շրջապատը: Կանանց հետ ձանձրալի է, ոչ շիտակ, մակերեսային և կանխատեսելի-միօրինակ:
25. Իգական սեռն իմ մեջ արթնանում է, երբ տղամարդկանց շրջապատում եմ: Երբ մենակ եմ, սեռ չեմ զգում:
26. Կենդանիների հանդեպ անտարբեր եմ: Եթե այդքան էներգիա/քնքշանք պիտի արտադրեմ նրանց հանդեպ, մարդիկ դրա կարիքն ավելի ունեն:
27. Սոցիալական ցանցերն ու վիրտուալ աշխարհը վաղուց սպառել են իրենց ինձ համար, չեն գրավում, բայց սիրում եմ իմ բլոգը, թեև գրառումներ ներկայումս հազվադեպ եմ անում:
28. Ակումբցիներից հանդիպել եմ յոթ հոգու, վեցին՝ պայմանավորված, մեկին՝ պատահաբար: Վերջին անգամ՝ Ուլուանային և Վազգենին, մոտ մեկ տարի առաջ, Նյու-Յորքում:
29. Սիրում եմ մարդկանց:
30. Վերջին կետը թողնում եմ բաց. գուցե մի բան, որ կուզենայի գրել, դեռ մտքովս չի անցել:
Էստաֆետը փոխանցում եմ One_Way_Ticket , Ներսես_AM, Սասուն
Էջանիշներ