Առավելությունների ու թերությունների մի-մի տասնյակ էլ իմ կողմից
Առավելությունները.
1. Չեմ համեմատվում։
Ամեն մարդ իր ուղին ունի։ Ես էլ իմով եմ գնում, ոնց խելքիս փչի։ Ու փորձում եմ աղջկաս էլ սովորեցնել իրեն ուրիշների հետ չհամեմատել, որ մի օր կարողանա ապրել էնպես, ինչպես ուզում է՝ առանց կողքերը նայելու։
2․ Կարծում եմ, ահագին ուժեղ եմ։
Հաճախ եմ զգում տարբեր իրավիճակներում, թե ինչքան ամուր եմ կանգնած ու ինչքան ինքնավստահ եմ։ Եթե ինձ համեմատեմ մի տասը տարի առաջվա հետ, սարեր ու ձորեր են։ Սա նաև թույլ է տալիս չընկնել տարբեր ազդեցությունների տակ․ ես ունեմ իմ կայուն աշխարհայացքն ու ամեն տեսակի, թեկուզ սիրուն փաթեթավորված լոլոների հանդեպ՝ նույնքան կայուն իմունիտետ։
3․ Իրատես եմ։
Սա էլ է ժամանակի հետ փոխվել, առաջ էդպես չէր։ Ու հնարավոր է, լավատեսությունս մի քիչ տուժել է արդյունքում։ Եթե մի բանի ավարտը բացասական է գծագրվում, հաստատ հեռու կմնամ՝ առանց ինքս ինձ համոզելու, որ գուցե լավ լինի։ Աշխատանքս էլ է իր բնույթով ահագին մաքրել վարդագույն անուրջներս ու իրատես դարձրել։
4․ Հուսալի եմ․ եթե մի բան ասեցի, ուրեմն կանեմ։
Պայմանավորվածություններ, վերջնաժամկետներ և այլն, բոլորը խստորեն պահպանում եմ։ Պատասխանատվության մեծ զգացում ունեմ։ Ու փորձում եմ ամեն ինչ հնարավորինս լավ անել։ Սա իհարկե շատ օգնում է կյանքում, հատկապես՝ աշխատանքային։
5․ Առողջ եմ ու էներգիայով լի։
Տարիներով չեմ հիվանդանում ու բանում եմ անդադար՝ լծկան էշի պես Սա ինձ նաև թույլ է տալիս հոգ տանել ուրիշների մասին․ խնամել, օգնել, առաջ տանել, ուժ տալ։
6․ Լավ կազմակերպված եմ։
Ինչը որ հնարավոր է պլանավորել, պլանավորում եմ, ու հնարավորինս հասցնում ամեն ինչ։ Հետն էլ արագ եմ ու ծամծմել, ձգձգել չեմ սիրում։
7․ Լավ հիշողություն ունեմ։
Չհաշված էն դեպքերը, երբ երևակայությունս ներխուժում է հիշողությանս մեջ և ստեղծում հուշեր, որոնք իրականում չեն եղել։
8․ Սուր աչք ունեմ։
Իհարկե քրոջս չեմ հասնի, բայց իմ աչքից էլ է քիչ բան վրիպում։
9․ Մարդկանց լավ եմ զգում։
Ուզում եմ հենց «զգալ» բառն օգտագործել, ոչ թե «հասկանալ»։ Երևի սա էլ ինչ-որ ձևով կապված է վերևի կետի հետ։ Ու, կարծում եմ, սա կյանքում իմ ամենամեծ առավելություններից մեկն է։
10․ Նայելով վերևի ինը կետերին՝ մնում է խոստովանել, որ կարգին գլուխգովան եմ
Բայց դե ժամանակակից աշխարհում սա կոչվում է «առողջ ինքնագնահատական», էնպես որ, ներառում եմ առավելությունների մեջ
Թերությունները․
1․ Մանյակոտ եմ։
Չխորանանք
2. Ինձ հա տանջում է ամեն ինչի ու ընդհանրապես գոյության անիմաստության զգացումը (կարծում եմ, սրա մասին էլի եմ գրում)։
Դա իհարկե ժամանակ առ ժամանակ ահագին պղտորում է կյանքս, բայց միևնույն է, ընդհանուր առմամբ, դժգոհ չեմ, որ ապրում եմ․ հետաքրքիր է, թե հետո ինչ կլինի։ Սերիալի պես մի բան։
3․ Բանավոր խոսքս կաղում է։
Կարճ ասած՝ վատ եմ խոսում։ Բոլոր լեզուներով, ներառյալ՝ հայերեն։ Եթե միայն հնարավոր լիներ խոսելու փոխարեն միշտ գրել․․․
Ձայնս էլ մի բան չի։ Բացի դրանից, արտասանական խնդիրներ ունեմ «ռ-ղ-ր»-ի հետ։ Աղջիկս մինչև հիմա էդ երեք հնչյունները հայերենում լավ տարբերել չի կարողանում, որովհետև հայերեն ինձնից է սովորել։
4․ Սխալների հանդեպ չափազանց անհանդուրժող եմ։
Թե սեփական, թե ուրիշների։ Սեփական սխալներից ամոթի մեծ զգացում է առաջանում ու երկարատև, հիվանդագին ինքնապախարակում, ուրիշներ սխալներից՝ անթաքույց զայրույթ։
5․ Մարդկանց ընդհանուր առմամբ չեմ սիրում, միզանտրոպ եմ։
Հիմնականում փորձում եմ դիստանցիա պահպանել, իսկ հնարավորության դեպքում լրիվ հեռու մնալ մարդկանցից ու հետները գլուխ չդնել։ Գուցե կյանքս ավելի հեշտ լիներ, եթե մի քիչ ավելի մարդամոտ ու ավելի տոլերանտ լինեի։
6․ Մռթմռթան եմ (չշփոթել կռվարարի հետ)։
Կարող եմ օրերով մռթմռթալ նույն թեմայով, բողոքել, քննադատել, ինձ ներսից ուտել։ Մինչև ինքս ինձնից զահլես գնա, անջատվեմ։
7. Control freak եմ։
Սա հավանաբար վստահության պակասի հետ է կապված։ Ինձ ավելի լավ է ամեն ինչ ինքնուրույն անել, քան թե գործը մեկին վստահել։ Հակառակ դեպքում հա հսկելու եմ, որ ամեն ինչ ճիշտ արվի։ Սա թե աշխատանքում է էդպես, թե դրանից դուրս։
8․ Անընդհատ վառ զգացմունքների ու նոր տպավորությունների կարիք ունեմ։
Ու պիտի ինձ հա մատակարարեմ դրանցով։ Հեշտ գործ չի Անփոփոխությունն ինձ ձանձրացնում է արագ ու կարող է վատ ազդեցություն ունենալ վրաս։
9․ Հեռու գնացող նպատակներ չունեմ։
Կարիերայի չեմ ձգտում, ունեցվածքի նկատմամբ անտարբեր եմ, ընտանիքի գաղափարին չեմ հավատում։ Ոչ մի գլոբալ նպատակ չունեմ, որ դնեմ աչքերիս առաջ ու գնամ դեպի նշանակետը։ Հեդոնիստ եմ ու ապրում եմ օրվա հաճույքներով՝ աշխատելով դրանք հնարավորինս բազմազան ու գունավոր դարձնել։
Ճիշտն ասած, հաստատ չգիտեմ էլ՝ սա թերություն է, թե չէ։ Ուղղակի էդպես է։
10․ Անկանխատեսելի եմ։
Ինքս ինձ համար՝ չէ։ Բայց ուրիշների համար հաճախ եմ անկանխատեսելի, ու իրենք էլ չգիտեն՝ ինձ ինչ դարակի մեջ տեղավորել։ Գիտեմ, որ շատերի վրա տարօրինակ տպավորություն եմ թողնում՝ որպես անհասկանալի պտուղ։ Մեկ-մեկ դա տհաճություն է պատճառում, բայց ինքս ինձ մխիթարելու ձև միշտ էլ գտնում եմ, որ էն եմ, ինչ կամ, ու դա ամենևին էլ վատ չի։
Էջանիշներ