Մատուցման ձևերը տարբեր են։ Կարող ենք և ինչ-որ աննշան կետից սկսել, ու ի վերջո հանգել պատմության, աշխարհագրության կամ բնական գիտություններին։ Օրինակ steampunk-ի մասին բերածս օրինակը. դրա շուրջ քննարկումները և՛ պատմության ուսումնասիրության հանգեցրեցին (արդյունաբերական հեղափոխություն, երկաթ գծերի համակարգի ստեղծումը), և՛ աշխարհագրության (ոն՞ց են անցել երկաթ գծերը և ինչո՞ւ), և՛ հասարակագիտության (ինչո՞ւ են մարդիկ նախընտրում այս կամ այն փոխադրամիջոցը, ու ո՞նց է ստացվել, որ որոշ երկաթ գծերը վերացել են, տեղ տալով, օրինակ, մեր սիրած հեծանվաուղուն), և՛ տնտեսագիտության (ինչքա՞ն ռեսուրսներ են հարկավոր եղել երկաթ գծերի համակարգի ստեղծման համար և ի՞նչ տնտեսական հետևանքներ է ունեցել դա), և՛ բնագիտությունների (ո՞նց է աշխատում շոգեշարժիչը, ու ոնց է նույն սկզբունքը գործածվում էլեկտրակայաններում էլեկտրականության գեներացիայի համար, ինչո՞ւ և ինչո՞վ է շոգեշարժիչը զիջում ներքին այրման շարժիչին փոքր փոխադրամիջոցների տեսանկյունից), և՛ գեղագիտության (ո՞նց են արվեստագործի նոստալգիկ հույզերը ազդում ստեղծված արվեստի գործի վրա, և ի՞նչն է ուղորդում արվեստի այս կամ այն ոճի երևան գալն ու կայացումը), և՛ կար ու ձևի (կոստյումի պատրաստման մեջ անմիջական մասնակցության միջոցով), և այլն... ու այս ամենի ուսումնասիրությունների/քննարկումի ժամանակ իհարկե նշվում է, որ այս կամ այն հարցը այսինչ բնագավառի մաս է, և այդ բնագավառին այսպիսի կամ այնպիսի ուսումնա-հետազոտական մեթոդներ են բնորոշ։ Որոշ դեպքերում էլ զուտ առարկայական մոտեցումով ենք շարժվում։ Օրինակ, շատ են սիրում մաթեմից խնդիրներ լուծել, նույնիսկ եթե ոչնչի հետ կապ չունի, կամ մարդու մարմնի կառուցվածքը ուսումնասիրել՝ հենց դրա մասին գիտելիքներ ձեռք բերելու ձգտումով։ Բայց փորձում ենք երբեք չպահանջել «մաթեմ անելու ժամանակն ա, գրասեղանդ մաքրի, լուռ նստի, անցի գործի» (դեռ մենք էլ՝ ծնողներս, մինչև վերջ չենք ապադպրացվել, շատ հազվադեպ, բայց այսպիսի բաներ էլ են լինում, ու երբեք լավ արդյունքի չեն բերում ։
Սա ինչո՞վ ա տարբերվում դպրոցական կրթությունից: Իմ դպրոցում, օրինակ, երկու ամիսը մեկ վերցվում էր մի մեծ թեմա ու էդ թեման բոլոր կողմերից ուսումնասիրում: Օրինակ, էդ թեմաներից մեկը շրջակա տարածքն էր: Էդպիսով, մենք ծանոթացանք թաղամասի (հետևաբար նաև քաղաքի) պատմությանը, սովորեցինք քարտեզագրել (խնբերով գնում էինք դուրս ու թաղամասը քարտեզագրում): Հողի նմուշներ էինք բերում, կազմն ուսումնասիրում: Ծանոթանում էինք տեղական տրանսպորտի միջոցներին: Բուսականությունն էինք գրանցում: Մի խոսքով, մի շրջակա տարածքով մի քանի առարկա էինք միանգամից ուսումնասիրում: Թեմայի վերջում էլ մեր հավաքած նյութերով թղթապանակ էինք հանձնում: Հիմա սա ինչո՞վ է տարբերվում ձեր նկարագրած հոմսքուլինգի մեթոդներից, բացի նրանից, որ էս բոլորը համակարգողը ծնողի փոխարեն ուսուցիչն էր, ու ամենը կատարվում էր տասներկու հոգանոց խմբով:

Կամ. ընտրում եք դասավանդման որոշակի մեթոդներ: Որտեղի՞ց են էդ մեթոդները գալիս: Արդյոք նույն դպրոցներում կիրառվող մեթոդնե՞րը չեն: