Այվիի «Ակվարիումից» ոգեշնչված որոշեցի Ռաֆաելլայի մասին գրել: Շատ խիստ չդատեք, սա ավելի շատ օրագրային գրառում է, չգիտեմ ինչի որոշեցի ստեղ դնել: Ամեն դեպքում ցանկացած քննադատություն ողջունելի է:
Ռաֆաելլան մեր իրավաբանական խորհրդատուն էր: Ինձ թվում է ամբողջ գրասենյակում ոչ ոք՝ ներառյալ Ռաֆաելլան, չգիտեր, թե որոնք էին իր ֆունկցիաները: Դատերի հետ կապված բոլոր գործերը տալիս էին իրավաբանին, իսկ Ռաֆաելլային խղճում էին, որովհետև թույլ առողջություն ուներ: Իսկ թե նա կոնկրետ ինչ առողջական խնդիրներ ուներ, գրասենյակում ոչ ոք՝ ներառյալ Ռաֆաելլան, չգիտեր, պարզապես բոլորը նախընտրում էին աշխատել իրավաբանի, այլ ոչ թե Ռաֆաելլայի հետ: Ու այդպես մոտ 15 տարի Ռաֆաելլան գալիս էր գործի, օրվա առաջին կեսը անցկացնում մանր մունր բաների վրա, հետո գնում ճաշելու, դրանից հետո կես ժամ էլ էր մնում ու գնում տուն:
Ռաֆաելլայի կյանքի նպատակը ամուսնանալն ու ընտանիք կազմելն էր: Ասում էին, մի հատ շատ անհաջող սիրավեպ էր ունեցել, որից հետո վախենում էր տղամարդկանցից: Բայց հույսն էդպես էլ չէր կտրել ու թախտին նստած սպասում էր բախտին, թե մի օր սպիտակ ձին հեծնած արքայազնը կգա ու իր կյանքն այսուհետ լիարժեք կլինի: Բայց այդ օրը այդպես էլ չէր գալիս:
Ամեն առավոտ մտնում էի Ռաֆաելլայի սենյակ բարևելու: Գրասեղանի վրա այնքան շատ փաստաթղթեր ու ֆայլեր կային, որ մի մասը դրել էր գետնին: Չէի հասկանում, թե ոնց կարելի է այդպիսի միջավայրում շարժվել, ուր մնաց թե աշխատել, բայց Ռաֆաելլան ինչ-որ կերպ երկուսն էլ հաջողացնում էր: Ամեն երկուշաբթի ինձ հարցնում էր, թե week-end-ս ոնց եմ անցակցրել, ես էլ պատմում էի, թե ասենք ընկերներիս հետ գնացել էի խմելու, կամ ուրիշ քաղաք էի գնացել, կամ ոչ մի հետաքրքիր բան չէի արել, տանը նստած գիրք էի կարդացել: Երբ հարցնում էի իր week-end-ից, արդեն գիտեի պատասխանը՝ հիվանդ ծնողներին էր խնամել կամ հիվանդանոց տարել ու ձեռքի հետ զուգահեռաբար տունն էր մաքրել, կամ այգին կարգի բերել:
Ռաֆաելլայի ճաշելը մի իսկական արարողություն էր: Բուֆետից պարտադիր վերցնում էր շշով ջուր, ցելոֆանով փաթեթավորված հաց, անձեռոցիկներ ու պլաստմասե բաժակ: Բացում էր ջրի շիշը, հսկայական պայուսակից հանում էր մի քանի սրվակներ ու ամեն մեկից մի քանի կաթիլ կաթացնում ջրի մեջ: Երբ հարցնում էինք, թե սրվակներում ինչ էր, պատասխանում էր, որ հոմեոպաթիկ դեղեր են, մեկը ալերգիայի համար է, մեկը լավ մարսողության համար է, մեկն էլ իմունիտետն է բարձրացնում: Արդյո՞ք հավատում էր, որ հոմեոպաթիկ դեղերն օգնում էին, հավանաբար ոչ, բայց դա իր ամենօրյա ռիտուալն էր, որն ինքը չէր ուզում խախտել: Էսպրեսոյի մեջ երեք գդալ շաքար էր լցնում, որովհետև սուրճը քաղցր էր սիրում, բայց չէր խառնում, որովհետև կասկածում էր, որ շաքարային դիաբետ ուներ ու կեսը խմում, որպեսզի շաքարը տակը մնա: Ճաշից հետո պայուսակի մեջ էր տեղավորում այդպես էլ չկերած ցելոֆանով փաթեթավորված հացը, չօգտագործած անձեռոցիկներն ու պլաստմասե բաժակը: Ու երբեմն, երբ պայուսակը ինչ-որ տեղ մոռանում էր, մեջը տեսնում էիր տարբեր հնության արդեն իսկ չորացած հացերը ու ճմռթված անձեռոցիկներն ու բաժակները:
Ռաֆաելլան բացարձակապես գաղափար չուներ, թե Ֆեյսբուքն ինչ սկզբունքով է աշխատում: Ցանկացած քոմենթ գրելուց օգտվում էր այս շաբլոնից.
«Բարև Հայկ,
ինչ գեղեցիկ նկար է,
Շնորհակալություն
Ցտեսություն, Ռաֆա»
Նույնիսկ գաղափար չուներ, որ Ֆեյսբուքը ցանկալի չի գործնական նամակագրության համար, ասենք մեկի wall-ին բացեիբաց կարող էր գրել.
«Բարև պարոն/տիկին եսիմինչ,
էն ինչ գործի թղթերի հետ էսինչ պրոբլեմը կա, մոռացել եք ուղարկել էսինչ փաստաթուղթը, խնդրում եմ հնարավորինս շուտ արձագանքել,
Իմ հեռախոսահամարն է բլաբլաբլա
Հարգանքներով՝ Ռաֆաելլա»:
Մի անգամ Ֆեյսբուքի իմ էջում Սիենայի նկարներից էր տեսել, ինձ հարցրեց, թե որտեղ է: Չնայած հազար տեղ գրված էր, որ դա Սիենան էր, բայց ես վստահ էի, որ ինքը դա չէր տեսել:
Հարցրեցի.
- Սիենայում եղե՞լ ես:
- Չէ, չեմ եղել, գիտես, շատ դժվար է ճամփորդելը հիվանդ ծնողներիս պատճառով:
- Բայց շատ մոտ է, ընդամենը 150 կիլոմետր, կարող ես առավոտյան ավտոբուսով գնալ ու երեկոյան վերադառնալ:
- Լավ, կգնամ միգուցե, եթե ծնողներս լավ զգան:
Երկուշաբթի օրը սովորությանս համաձայն մտա Ռաֆաելլայի սենյակ բարևելու, դեմքը ուրախությունից փայլում էր, նույնիսկ չհարցրեց, թե week-end-ս ոնց եմ անցակցրել.
- Գիտե՞ս, կիրակի օրը ընկերուհուս հետ Սիենա գնացի, վաղուց էդպիսի հաճույք չէի ստացել: Կամերան հետս էի տարել, լիքը նկարներ եմ արել, ցույց տա՞մ:
Հսկայական պայուսակը քրքրեց, չորացած հացերի մեջից գտավ նախնադարյան փոքրիկ թվային ֆոտոխցիկը ու մի քանի անորակ նկար ցույց տվեց: Ժպտացի, անկեղծ ուրախացել էի Ռաֆաելլայի համար:
Կեսօրին գնացինք ճաշելու, սովորության համաձայն ջրի շշի մեջ կաթացրեց իր հոմեոպաթիկ դեղերը, խմեց երեք գդալ շաքարով, բայց չխառնած էսպրեսոյի կեսը ու վերջում պայուսակի մեջ տեղավորեց այդպես էլ չկերած ցելոֆանով փաթեթավորված հացն ու չօգտագործած անձեռոցիկներն ու բաժակը:
Էջանիշներ