«Սասնա ծռեր» խմբի անդամները թույլ են տվել ռազմավարական եւ մարտավարական կոպիտ սխալներ․ Նիկոլ Փաշինյան
ՊՊԾ գնդի գրավումից հետո տեղի ունեցող հանրահավաքների հարթակը լքելու Նիկոլ Փաշինյանի որոշման պատճառը եղել է այն, որ Սերժ Սարգսյանի հրաժարականը, որը «Սասնա ծռեր» խմբի անդամների պահանջների մեջ էր, այլեւս օրակարգային հարց չի եղել նրանց համար։ Այս մասին հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը՝ Ֆեյսբուք սոցիալական ցանցի միջոցով պատասխանելով իրեն հասցեագրված հարցերից մեկին։ «Եթե հիշում եք, Սերժ Սարգսյանի հրաժարականը «Սասնա ծռերի» օրակարգի առաջին կետն էր։ Հաջորդ օրը, երբ մենք լքեցինք հարթակը, պարզ էր, որ օրակարգում բան է փոխվել եւ Սերժ Սարգսյանի հրաժարականը այլեւս առնվազն առաջին կետում չէ կամ այլեւս օրակարգում դրված չէ այնպես, ինչպես դրված էր առաջին օրերին։ Եթե հիշում եք, դա օրակարգի առաջին տեղում էր եւ մենք գնացել էինք ասելու, որ մենք, այո, էս իրավիճակում տեսնում ենք այդ օրակարգը իրականացնելու հնարավորություն, պատրաստ ենք կազմակերպչական պատասխանատվություն ստանձնել դրա համար եւ առաջարկեցինք շատ կոնկրետ ճանապարհային քարտեզ, որը, իմ համոզմամբ, ուներ իրականանալու բավականին լավ հնարավորություններ։ Հաջորդ օրը պարզվեց, որ օրակարգում բան է փոխվել, եւ էն մարդիկ, այն քաղաքական թեւը, որն առաջ էր քաշել այդ օրակարգը, ըստ էության, կամաց-կամաց կամ միանգամից ետ է քաշում օրակարգի այդ հարցը։ Մենք հիմա ունենք դա ապացուցող փաստեր»,-ասաց Փաշինյանը։
Նա նաեւ հավելեց, որ իր քննադատությունն ուղղված է այն մարդկանց, ովքեր անմիջական քաղաքական պատասխանատու են եղել եւ մասնակցել են իշխանության հետ բանակցություններին։ «Ես համոզված եմ, որ «Սասնա ծռերի» անդամների մեծամասնությունը քաղաքական պրոցեսներին մասնակցություն չի ունեցել եւ քաղաքական որոշումներ չի կայացրել։ Եւ մենք ունենք երեք անուն, որոնք լիարժեք պրոցեսից տեղյակ են եղել՝ իմ կողմից շատ հարգված Ժիրայր Սեֆիլյան, Վարուժան Ավետիսյան, Ալեք Ենիգոմշյան։ Իմ կարծիքով նրանք թույլ են տվել շատ կոպիտ ռազմավարական եւ մարտավարական վրիպում։ Ես արձանագրում եմ ընդամենը փաստը։ Ամսի 23-ին մի այսպիսի դրվագ տեղի ունեցավ, երբ որ Վիտալի Բալասանյանը լրագրողների խմբի հետ ներսում էր եւ արվում էին հայտարարություններ, ինչ որ պահից հնչեցին կրակոցներ։ Սա պետք է ունենա տրամաբանական բացատրություն, երբ որ «Սասնա ծռեր» խմբի անդամ տղաները, ոչ քաղաքական պատասխանատուների մի մասը, կրակոցներ արձակեց։ Դա կարող էր կապված լինել հենց այս իրադարձության հետ, երբ որ նրանց այսպես թե այնպես տեղեկացրել էին, որ օրակարգը փոխվել է եւ դա կարող էր պատճառ դառնալ վրդովմունքի, որը եւ կհանգեցներ այսպիսի իրավիճակի, երբ նրանք սկսեին օդ կրակել»,-բացատրեց Փաշինյանը։
Նա նաեւ պարզաբանեց լրագրողներից մեկի հետ ունեցած հարցուպատասխանն այն մասին, թե արդյո՞ք ինքը պատրաստ է Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջի սպասարկման կոնտեքստում ստանձնել որեւէ պատասխանատվություն։ «Ես ասել եմ, եթե ժողովուրդը կորոշի որեւէ դերակատարում, ես այդ դերակատարումը կստանձնեմ Սերժ Սարգսյանի հրաժարականի համար անհրաժեշտ քաղաքացիական կամարտահայտությունը ապահովելու համար։ Իսկ հաջորդ օրն արդեն պարզ էր, որ չպայմանավորված եւ ոչ բարձրաձայն պառակտում կա եւ հրաժարում կա այդ օրակարգի առնվազն մի մասից, ինչը այս պայմաններում անհնար էր դարձնում գործունեությունն այդ ուղղությամբ»
Էջանիշներ