User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 1 համարի արդյունքները՝ ընդհանուր 1 հատից

Թեմա: Պոետը և աղջիկը (պատմվածք սիրո մասին )

  1. #1
    Պատվավոր անդամ Malxas-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2010
    Գրառումներ
    2,011
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պոետը և աղջիկը (պատմվածք սիրո մասին )

    Պոետը սիրում էր աղջկան, սիրում էր անկեղծորեն և ամբողջ սրտով: Այդ սերը խանդաղատանքով էր լցնում նրա սիրտը, որովհետև աղջիկը բարյացակամորեն էր վերաբերվում նրան և անշուշտ ինքն էլ մի օր կսիրեր: Բոլոր հիմքերը կային այդպես ենթադրելու, որովհետև նրանց միջև սկսվել էր մի գողտրիկ, անմեղ և խոստումնալից սիրաբանություն:
    Պոետը ոգեշնչվեց ու մի քանի նրբերանգ բանաստեղծություններ ձոնեց աղջկան: Ոչ ոք նրան այդպիսի գեղեցիկ տողեր չէր նվիրել, աղջիկը երանությունից յոթերորդ երկինք էր բարձրացել: Սակայն է՛լ ավելի մեծ երանության մեջ էր պոետը, որն իր պատրանքների մեջ կերտել էր աղջկա գեղեցիկ և չափազանցված կերպարը: Մինչև անգամ մղձավանջային երազի մեջ չէր կարող պատկերացնել, որ աղջիկն ընդունակ է բարյացակամ ժպտալ որևէ մեկին, մինչդեռ գուցե դա մի կին էր, որին դուր է գալիս տղամարդը, որը միանգամից պահանջում է ամեն ինչ:
    Աղջկան անչափ դուր էր գալիս պոետի նրբին վերաբերմունքը, նրա ոչ դյուրին կյանքում ոչ մեկը այդչափ ուշադիր և հարգալից չէր եղել: Սակայն օրերից մի օր ժանտ կասկածները սկսեցին կրծել պոետի սիրտը, որոնք շատ շուտով հաստատվեցին: Աղջիկը չզլացավ բացատրել: Ճիշտ է, նա ասել էր, որ սիրում է պոետին, բայց բնավ նկատի չէր ունեցել այն սերը, որը կինը տածում է դեպի տղամարդը: Ահա այսպիսի հանգամանքներում հանկարծ պարզաբանվեց, որ աղջիկը մեկ այլ տղամարդու հետ է անցկացնում իր գիշերները: Գիշերները, կամ ցերեկվա երկու ժամը, որը ի վերջո միևնույն բանն է: Պոետը ծանր տարավ ճակատագրի դաժան հարվածը: Նա մի քանի խելացնոր գործողություններ կատարեց, որոնց աղջիկը հիմնականում ներողամտորեն վերաբերվեց: Բայց երբ մի պոռթկուն բանաստեղծություն գրեց, աղջկա համբերությունը սպառվեց: Աղջիկը պոետին վռնդեց իր կյանքից:
    Ապրած բոլոր րոպեները մտածում էր աղջկա մասին: Երբեմն հեռվից տեսնում էր նրան, բայց հետո աղջիկը չքացավ, ու նա սկսեց տենդայնորեն փնտրել նրան: Ի վերջո հասավ մի անտառ, որը կասկածելիորեն անվերջ էր: Դյութանքներով ու հմայքներով լի մի վայր էր, որտեղ հրաշքները ամենասովորական բանն էին: Եղանակը հաճախ փոփոխվում էր, վայրի գազաններ էլ կային, բայց պոետը նրանցից չէր վախենում, որովհետև մի մեծ դանակ ուներ մոտը: Չէր հիշում, թե որտեղից է վերցրել, բայց հաստատ որոշել էր սպանել բոլոր չար ու բարի արարածներին, որոնք կհանդգնեին կանգնել իր ճանապարհին: Օրերը չէր հաշվում, գիտեր միայն, որ անձրև եկավ, ձյուն ու կարկուտ, ապա սկսեց այրել կիզիչ արևը: Կարծում էր, որ մեկ շաբաթ է անցել:
    Վերջապես գտավ նրան: Գիշեր էր, լիալուսինը կախարդաշունչ լույսեր էր արձակում, իսկ աղջիկը նստած էր նստարանին և քնքշորեն ժպտում էր: Ճիշտ և ճիշտ նման էր այն աղջնակին, որին նա պատկերել էր իր երազների նկարազարդ աշխարհում: Կարծես մի չքնաղ հավերժահարս լիներ: Հագին մի թափանցիկ զգեստ էր, որի տակից պարզ գծագրվում էր տենչանք առաջացնող մարմինը: Աղջկա կրծքերը կարծես սպիտակ մարմար լինեին, որոնց վրա երկու հյութեղ բալեր էին դրված: Շուրթերը նուրբ էին ու բարակ, իսկը ալ հողմածաղիկներ, որոնք ստեղծված էին սեր ներշնչելու համար: Աչքերը մութ գիշերվա պես խորունկ էին և իրենց մեջ պարունակում էին աշխարհի բոլոր բանաստեղծական հրաշքները, կրոններն ու հավատալիքները:
    - Ինչու այդքան ուշացար, ես սպասում էի քեզ,- ասաց աղջիկը:
    - Դու ինքդ հեռացար ու ստիպեցիր, որ փնտրեմ քեզ:
    - Ցանկանում էի համոզվել, թե արդյոք սիրում ես ինձ... Շատ վիրավորվեցի քո բանաստեղծությունից, իրավունք չունեիր այդպես վարվել ինձ հետ:
    - Այդ բանաստեղծությունը փրկել է իմ կյանքը, և հիմա տանջվում ու տառապում է իմ փոխարեն:
    - Բանաստեղծությունը մարդուն փրկի, և տանջվի ու տառապի նրա փոխարե՞ն…
    - Հիշո՞ւմ ես, դու ինձ ասում էիր, որ հոգատար եմ եղել քո հանդեպ:
    - Հիմա էլ չեմ ժխտում:
    - Իսկ դու անտարբեր ես իմ կյանքի նկատմամբ, ինչո՞ւ:
    - Այն կյանքի, որը քո այդ հանդուգն բանաստեղծությո՞ւնն է փրկել:
    - Երբ լքեցիր ինձ, զգացի, որ կմեռնեմ:
    - Նույն չափազանցությունները: Ամեն սիրահարի թվում է, թե ինքը կմեռնի:
    - Օր ու գիշեր մտածում էի քո մասին: Հասկացա, որ երկար չեմ ձգի: Ու հենց այստեղ վերին ուժերը ներշնչեցին բանաստեղծություն գրել: Շարադրեցի մտքերս, որոնք իմ մեջ ուժ չէի գտել քեզ ասելու:
    - Լավ, ենթադրենք: Բայց ի՞նչ կապ ուներ այն քո մեռնել ապրելու հետ:
    - Զգացմունքներս թղթին հանձնելուց հետո միանգամից թեթևություն զգացի: Իսկ քեզ ցույց տվի, որովհետև միակ մարդն էիր, որի հետ կարող էի կիսվել:
    - Լավ, ինչ եղել է անցյալում է… Գիտես, ես միշտ սրտի ջերմությամբ եմ հիշել մեր շփումը, մեր հարաբերությունները: Դու ուշադիր էիր ու սիրալիր, ես այնքան սիրում էի քո ժպիտը: Քո նվերներն անչափ թանկ էին ինձ համար:
    - Բոլորն էլ անարժեք բաներ էին, ես չէի ցանկանում, որ ինձ սիրես հանուն ինչ-որ անշունչ առարկաների: Բայց ինչո՞ւ ես հիշեցնում այդ մասին: Ինչո՞ւ ես այդքան դաժան: Իմ նվիրած օծանելիքով ցողված դու գնացել ուրիշի գիրկը...
    - Ոչ մեկի գիրկը չեմ գնացել: Ես նախասահմանված եմ քե՛զ համար:
    - Ուրեմն դու սիրո՞ւմ ես ինձ:
    - Նույնքան ուժգին, որքան և դու ինձ:
    - Լիալուսինը վկա կլինի մեր հոգիների ու մարմինների միաձուլմանը:
    - Դա իմ միակ բաղձանքն է, ես ցանկանում եմ, որ դու վերջապես տիրանաս ինձ…
    Ծառերի ճյուղերը հանկարծ խշշացին: Աղջիկը վախից ճչաց, պոետը շուռ եկավ ու տեսավ մի արջ և մի գայլ, որոնք երկու ոտքերի վրա էին քայլում: Չզարմացավ: Անտառը դյութանքներով լի էր, ու այստեղ հաճախ էին նման բաներ կատարվում: Արջը գեր էր, խոշորամարմին և մի հրացան ուներ ձեռքին, իսկ գայլը նիհար էր ու պնդակազմ, և ուսից կախ էր գցել մի որսորդական պայուսակ:
    - Սա իսկական նախամարդ է,- զարհուրած բացականչեց արջը …
    - Նախամարդ… մինչդեռ դեմքը ծանոթ է,- մտախոհ ավելացրեց գայլը:
    - Հեռու կացեք, անտառային չարքեր,- հերոսի պես սպառնալից ցցելով դանակը բացականչեց պոետը,- չհանդգնեք մոտենալ…
    - Հանգիստ, հանգիստ,- արջը երկյուղածորեն հրացանն ուղղեց դեպի պոետը, որը ակնհայտ վախ տեսավ նրա աչքերի մեջ:
    - Ես քեզ ճանաչում եմ, դու պոետն ես,- ասաց գայլը,- մեկ տարի առաջ քեզ փնտրում էին ու չգտան: Որտե՞ղ ես եղել այդքան ժամանակ, ինչպե՞ս ես հայտնվել աստծո կողմից լքված այս անկյունում:
    - Գայլ, հավատա ինձ, մեկ շաբաթ առաջ եմ տանից դուրս եկել... Ասենք ինչու եմ անկեղծանում քեզ հետ, ինչե¯ր եմ քննարկում: Դուք հավանաբար եկել եք, որպեսզի մեզ բաժանեք իրարից... Ես նրան այնքան փնտրեցի ու վերջապես գտա: Տեսեք, թե ինչ գեղեցիկն է, ինչպես է իր մեջ համադրում հազվադեպ կանացիությունն ու աստվածային հրաշագեղությունը... Եվ մի՞ թե դուք նրա դեմքին չեք տեսնում հոգու ողջ մաքրությունն ու անապակությունը...
    Գայլը և արջը զարհուրած իրար երեսի նայեցին:
    - Ո՞ւմ մասին է սա խոսում, այստեղ ոչ ոք չկա,- ասաց արջը:
    - Լռի՛ր, մի՞ թե չես տեսնում, թե ինչի հետ գործ ունես,- կիսաձայն արջին շշնջաց գայլը ու դառավ դեպի պոետը: - Մենք քեզ տուն կտանենք ու դու կտեսնես քո կնոջը և երեխաներին: Նրանք անչափ կուրախանան, որովհետև մեռած են քեզ կարծում:
    - Հիմար գազաններ: Ձեզ տրված չէ հասկանալ աստվածային գեղեցկությունը: Հեռացեք այստեղից, այլապես կսպանեմ ձեզ, երդվում եմ այս լիալուսնով, որի լույսի ներքո վերջապես գտա իմ տենչանքի առարկան...
    - Անմիտ,- ենթագիտակցորեն առարկեց արջը,- երկնքում սոսկ կիզիչ արևն է...
    Արջը և գայլը վախեցած ետ-ետ գնացին: Գայլը ցածրաձայն ասաց արջին:
    - Սա պոետն է, շատերն են նրան ճանաչում: Աշխատանք ուներ, հարգանք և պատիվ: Մեկ տարի առաջ հանկարծ անհետացավ ու նրան այդպես էլ չգտան… Ցնցոտի էլ չի մնացել վրան, սեփական կաշին է հագուստի տեղ ծառայում… Ի՞նչ է կերել, ինչպե՞ս ինքը կերակուր չի դարձել, ինչպե՞ս է դիմացել ցրտին... Նայիր ձեռքին, ճկույթը և մատնեմատը բացակայում են. հավանաբար ցրտահարվել են ու պոկվել: Տե՛ս դեմքն ակոսող խորը սպիները, երևի վայրի գազանների հետ կռիվ է տվել: Չեմ կարող հավատալ աչքերիս, ախր սա ամենախաղաղ արարածն էր, որին երբևէ ճանաչել եմ...
    - Քո ասածը զուտ ցնդաբանություն է,- առարկեց արջը:- Դեպքեր են եղել, երբ մարդը տաք մուշտակների մեջ է անտառում սառել... Մեղմ խոսիր հետը, աշխատիր ձեռքից վերցնել դանակը, իսկ ես կփորձեմ զանգել...
    Պոետը լավ չհասկացավ, թե ինչ են խոսում արջը և գայլը, բայց վատ բան կանխազգաց: Արյունը խուժեց գլուխը, վաղուց արդեն դյուրագրգիռ էր դարձել:
    - Դե ես զգուշացրի, դժոխքի ծնունդներ...
    Պոետը ճարպկությամբ նետեց դանակը, որը մինչև կոթը խրվեց արջի կոկորդը: Նույն ակնթարթին որոտաց հրացանը և միջնաթափանց խոցեց նրա կուրծքը:
    - Քո արյունը փչացրեց իմ սքանչելի զգեստը,- նեղսրտեց աղջիկը:
    Պոետը սոսկումով շուռ եկավ, նույն պահին գայլի պողպատյա մատները մխրճվեցին նրա կոկորդը: Կարճ գոտեմարտ ծավալվեց: Թեև գայլն ավելի ուժեղ էր, և ոչ մի տեղից վիրավորված չէր, պոետը նրան խեղդեց և պառկեցրեց արջի կողքին:
    - Վերջապես ե՞րբ կգաս: Ես սպասում եմ քեզ:
    - Ես մեռնում եմ, ես արյունաքամ կլինեմ:
    - Անընդհատ նույնն ես կրկնում: Աղջկա հետ չի կարելի շարունակ խոսել մռայլ բաների մասին… Տե՛ս, իմ զգեստը գունագեղ է դարձել քո արյունից…
    - Ես միշտ հոգատար եմ եղել քո հանդեպ, իսկ դու իմ նկատմամբ անտարբեր…
    - Ես սիրում եմ քեզ:
    - Ուրեմն չե՞ս նեղանում բանաստեղծության համար:
    - Բոլորովին: Նույնիսկ պետք է խնդրեմ, որ բարձրաձայն կարդաս ինձ համար:
    Աղջիկը առույգ ու ծիծաղկոտ ցատկեց ծառերի մեջ, պոետը վազեց նրա ետևից:

    Սպանեցիր ինձ, թեկուզ այդ առանց զգալու,
    Ու նույնիսկ գլխի չընկար շուռ գալ տեսնելու,
    Թե ինչ եղավ գարշ դիակը,
    Որը քեզ ժպտալիս կեղծ չէր ինչպես դիմակը,
    Լինելով Տիեզերքում լավագույնն ու միակը:

    Չեմ հանդիմանում, չեմ տենչում մոռանալ, բնավ,
    Ինչ որ պետք է լիներ, անխուսափելի էր, ու եղավ:
    Տապալվել սիրելիի ձեռքով, գցված է վիճակը,
    Ու թեկուզ նրա սիրտը Տիեզերքում լավագույնն էր ու միակը,
    Ընկավ մեն մի խոսքից խոցված, ինչպես բյուր նետերից կործանվում է բանակը:

    Կանգնած ժամերի մի դժնի խորհուրդ,
    Տանջում է միտքը, չի տալիս հագուրդ:
    Սակայն պար բռնած հուրն ու կրակը, որ հոգին հասցնում են գեհենի բակը,
    Չեն պարզում, այդ սերը, Տիեզերքում, լավագո՞ւյնն էր, կամ միա՞կը,
    Այլ լոկ... մնալ, թե իջնել դժոխքի տակը:

    Չափվում է ժամանակը սրտի զարկի հետ,
    Բոլոր նախկին հույզերը կորսված են հուր հավետ…
    Գլխիվայր շրջվում է աշխարհը, կատարվում է ճիշտ հակառակը,
    Վերստին խղճուկ անտեսվածն է, բայց ինչ-որ տեղ միակը,
    Որը, երբ ժպտում էր քեզ, կեղծ չէր ինչպես դիմակը:

    Երբ արտասանում էր վերջին տողերը, նրա երակներում գրեթե արյուն չէր մնացել: Սակայն ամենավատն այն էր, որ աղջիկը վերստին անհետացել էր: Քիչ հեռու ընկած էին որսորդների մարմինները, որոնց պոետը սպանել էր: Նրանց տեսնելով նա հասկացավ, որ ամբողջ ժամանակ մնացել է տեղում կանգնածª բոբիկ ոտքերով ընկղմված սեփական արյան լճակի մեջ: Սարսափելի թուլություն զգաց ու փլվեց ծնկներին: Քիչ անց պառկած էր մեջքի վրա և նայում էր կապույտ երկնքին, որտեղ սառնափայլ լիալուսնի փոխարեն շողշողում էր ոսկեդեղին արևը: Հասցրեց մտածել, որ երկնքում գուցե ներողամիտ կգտնվեն, որովհետև ինքը արջի ու գայլի է սպանել: Ապրած ողջ կյանքը ակնթարթորեն անցավ նրա աչքի առջևով: Թվաց, թե վերածնվում է, ուրիշ մարդ է դառնում: Սակայն պոետը չէր փոխվել: Երբ հոգին լքում էր մարմինը, նա բնավ չէր զղջում, որ այդպես ուժգին սիրել է:
    Ինչո՞ւ ես դու օրդ մաշում պասի հետ:
    Գնա պանդոկ՝ ընկերացիր թասի հետ...

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Micke (19.07.2016)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Պատմվածք դռների ու Կլաուսի մասին
    Հեղինակ՝ ivy, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 28
    Վերջինը: 05.06.2016, 21:31
  2. Պատմվածք վերևինիս մասին
    Հեղինակ՝ impression, բաժին` Ժամանց
    Գրառումներ: 21
    Վերջինը: 13.11.2010, 21:06
  3. Պատմվածք վերևինիս մասին
    Հեղինակ՝ impression, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 12
    Վերջինը: 04.09.2008, 02:38
  4. Ֆուտուրիստական պատմվածք բնության փոքր նախարարի մասին
    Հեղինակ՝ Ambrosine, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 05.05.2008, 01:21
  5. Մեր գրած բանաստեղծությունները սիրո մասին
    Հեղինակ՝ emo, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 54
    Վերջինը: 03.07.2007, 16:40

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •