Էս թեման քննարկելու միտքն առաջացավ էն ժամանակ, երբ դանիերենից էսսե գրեցի Alternativet կուսակցության մասին ու որպես էսսեի պահանջ պիտի համեմատեի իմ երկրի համարժեք կուսակցության հետ: Էս կուսակցությունն իր գաղափարախոսությամբ ձախակենտրոն ա ու առավել կենտրոնացած ա բնապահպանական հարցերի վրա:
Փորփրեցի ԱԺ-ում ներկայացված բոլոր կուսակցությունները ու մի հետաքրքիր բան հայտնաբերեցի. թե՛ ընդդիմադիր, թե՛ իշխանական բոլոր կուսակցություններն աջակենտրոն են (բացառության դաշնակների, էն էլ իրենց մնացած բոլոր հայացքներով էնքան տարբեր են նշածս դանիական կուսակցությունից, որ ուղղակի համեմատելի չէր լինի): Ու համեմատության համար ասեմ, որ հենց հիմա դանիական խորհրդարանում չորս ձախ կուսակցություն կա ներկայացված:

Ու էդպիսով մի հարց առաջացավ. մենք պայքարում ենք ընտրակեղծիքների դեմ, ուզում ենք, որ «ժողովրդի մասին մտածող» կուսակցություն իշխանության գա, ուզում ենք, որ աղքատությունը վերանա և այլն: Սենց լիքը բաներ ենք ուզում, բայց Հայաստանում կա՞ արդյոք նման կուսակցություն, որն իր գաղափարախոսությամբ, թղթի վրա գրվածով խոստանում ա դա (դեռ մենակ թղթից են խոսում, իրականացումն առանձին պատմություն ա): Թե չէ ի՞նչ տարբերություն իշխանության ՀՀԿ-ն ա, թե ՀԱԿ-ը կամ Ժառանգությունը: Միևնույն ա, բոլորը կապիտալիզմի պաշտպաններ են, հետևաբար իրանց օրոք էլ հարուստները պիտի ավելի հարստանան, աղքատներն էլ տենց էլ աղքատ մնան (նույնիսկ ենթադրենք կոռուպցիայի լրիվ վերանալու ու թափանցիկ ընտրություններ անցկացնելու դեպքում):

Էստեղ ուրիշ խնդիր էլ ա առաջանում: Հենց մեկը փորձում ա սոցիալական հավասարությունից խոսել ու հայհոյել մեծ բիզնեսները, հաճախ իրան կոմունիստի պիտակ են կպցնում, մինչդեռ սոցիալիզմն ու կոմունիզմը բավական տարբեր բաներ են (կոմունիզմն էդ հավասարության խիստ ծայրահեղ դրսևորումն ա, երբ անձն ինքը չի կարող որոշել, թե ոնց իր ֆինանսները ծախսի կամ չի կարող սեփականություն ունենալ), ու սոցիալիզմը կապիտալիզմի որոշ տարրերի հետ համադրելով կարելի ա ստանալ իր կյանքից բավական գոհ հասարակություն (Սկանդինավյան երկրները ձեզ օրինակ):

Ու հիմա մտածում եմ. արդյոք Հայաստանին պետք չի՞, որ հանքերը, ՀԷՑ-երը ու լիքը այլ մեծ կառույցներ պետականացվեն (էկեք մի պահ կոռուպցիայի գործոնը մոռանանք), որպեսզի շահույթը պետբյուջե մտնի ու ծառայեցվի զանազան ֆինանսական խնդիրների լուծման (անվճար առողջապահություն, կրթություն, բնակարանային խնդիրների լուծում և այլն): Սոցիալ դեմոկրատիան կարա՞ Հայաստանում դառնա քաղաքական մոդել: Եթե ոչ, ինչու՞: Ի՞նչն ա խանգարում: Ու ի վերջո, ինչու՞ Հայաստանում չկան ձախակենտրոն քաղաքական ուժեր (նորից, դաշնակներին չեմ հաշվում, որտև իրանք էլ իրանցից գլուխ չեն հանում):

Եկեք էս ամենը քննարկելիս անտեսենք կոռուպցիայի գործոնը, որովհետև կոռուպցիան ցանկացած համակարգում՝ լինի սոցիալիստական, թե կապիտալիստական, ք*քի համը հանելու ա: