Ակումբում ամենատարբեր կրոնական հայացքներ ու դիրքորոշումներ ունեցող մարդիկ կան (էդ թվում և իրենց հավատացյալ համարող, բայց կոնկրետ կրոնի չդավանող, ինչպես նաև աթեիստ և այլ դիրքորոշումներ ունեցողներ՝ նշվածների ամենատարբեր աստիճաններով ու երանգներով. «Ձեր կրոնական հայացքները» թեման վկա )։ Շատերը երեխաներ ունեն, շատերը նախատեսում են ունենալ։ Եկեք էստեղ քննարկենք, թե ով ինչպես է դաստիարակում կամ նախատեսում դաստիարակել իր երեխաներին կրոնի առումով։ Համարու՞մ եք արդյոք, որ երեխան պիտի անպայման նույն կրոնական հայացքներն ունենա, ինչ դուք, թե՞ ավելի ճիշտ եք համարում, որ նա ինքն ընտրի իր հավատքը կամ դրա բացակայությունը։ Վերջինիս դեպքում ի՞նչ եք անում կամ անելու, որպեսզի նա հնարավորություն ունենա զերծ մնալու շրջապատի ազդեցություններից և միաժամանակ հնարավորինս բազմակողմանի ինֆորմացիա ստանա այդ թեմայով՝ ինքնուրույն կողմնորոշվելու համար։ Նաև ինչքանո՞վ է ապահով երեխային որևէ ուղղություն չտալը՝ հաշվի առնելով, որ շրջապատի ազդեցությունը կարող է գերիշխող լինել ու ի վերջո երեխային «պարտադրել» իրենը։ Ի վերջո, երևի բոլորիս համար էլ կան կրոնական ուղղություններ կամ աղանդներ, որոնք անցանկալի կամ նույնիսկ վտանգավոր ենք համարում, հետևաբար չէինք ուզենա, որ մեր երեխան երբևէ ներգրավվեր դրանց մեջ։ Խիստ ցանկալի է ցանկացած պատասխան հնարավորինս մանրամասն հիմնավորելը։
Հետաքրքիր է, թե նախադպրոցական, ինչպես նաև կրտսեր դպրոցական տարիքի երեխաներին ինչպես եք ծանոթացնում կրոն, հավատք երևույթներին, հատկապես եթե չեք ցանկանում, որ նա հակվի որևէ կրոնի կամ կոնկրետ կրոնի։ Ու ընդհանրապես հնարավո՞ր է երեխային ներկայացնել այդ երևույթները՝ միաժամանակ չպարտադրելով նրան ձեր անձնական ընկալումներն այդ հարցում, եթե համարում եք, որ նա պիտի ինքն ընտրի ինչին հավատալ կամ չհավատալ։ Մի խոսքով՝ ծավալվեք, պատմեք էս հարցում ձեր փորձից, պատկերացումներից ու պլաններից ։ Ողջունվում են ինչպես տեսական, վերացական, այնպես էլ գործնական ու կոնկրետ խորհուրդներն ու առաջարկները։
Նաև չմոռանանք, որ թեման ոչ թե «Կրոն» բաժնում է, այլ «Տուն–տեղ, ընտանիք, երեխաներ», այսինքն՝ շեշտը դրված է դաստիարակության վրա, ոչ թե այս կամ այն կրոնական ուղղության լավ կամ վատ լինելու։ Մի խոսքով՝ էս թեմայում կրոններ կռվեցնել չկա ։
Էջանիշներ