Քանի որ էս դիմակը վերնագիր չունի, դեռ մնում ենք համարներով:
Հաջորդ անգամ անպայման վերնագրեք պատմվածքը:
Դիմակը կբացվի հունիսի 22-ին: Ինքնաբացահայտումն արգելվում է:
...
Խոնավ, գոլ մամուռը բուրում էր հողի ու փտած փայտի հոտով։ Ես նորից խո՜րը շնչեցի հողի տաք, ծանր բույրը։ Այն ես միշտ նմանեցրել եմ շուկայից նոր գնած հողախառը կարտոֆիլի հոտին, որը մայրս արագ լվանում էր, մաքրում ու կարճ ժամանակ անց ամբողջ տունը լցնում տապակած կարտոֆիլի անկրկնելի բույրով։
Ես գլուխս դրեցի փափուկ մամուռին, հոգնած մարմինս լարելով ձգվեցի, ապա թուլացրեցի մկաններս՝ զգալով նվվացող յուրաքանչյուր հյուսվածքը։
Ջուլին կողքանց պարկել էր դեղնադարչնագույն խաշամին, գլուխը դրել վիթխարի կաղնու մամռոտ արմատին ու անհավատալի կապույտ աչքերը հառել դեմքիս։ Քիչ առաջ տեղացած կարճատև անձրևը թրջել էր նրա սև պուտիկներով բլուզը, որը հպվելով մարմնին, փոքր ինչ թափանցելով ընդգծում էր փոքրիկ՝ սակայն անչափ գեղեցիկ կուրծքը։
Շեկ մազերի խոնավացած, չարաճճի փունջն ընկել էր դեմքին, ծածկելով ալ կարմիր շրթներկով ներկած վերին շուրթը։
Այսպես՝ այս դիրքով պարկած նա նման էր փոքրիկ, չարաճճի աղջնակի։
Ես փաղաքշանքով ժպտացի, ցուցամատով զգուշորեն հեռացրեցի շեկ մազափունջը։
- Սիրելիս մի քիչ էլ հանգստանանք ու շարունակենք ճանապարհը, լա՞վ։
Ջուլին չպատասխանեց։ Նա շարունակում էր նույն հայացքով նայել դեմքիս, ասես ցանկանում էր մոտիկից ուսումնասիրել ինձ։
Ես մտահոգված նայեցի երկինքին։ Աշնանային օրն արդեն ավարտին էր մոտենում։ Կապտագորշ, թաց ամպերն այստեղ՝ անտառում ավելի ցածր էին, որ թվում եր թե քսվում են ծառերի սաղարթներին։ Մինչև փայտե հյուղակը, որը ես դեռ անցյալ տարի էի հայտնաբերել, դեռ քառասուն րոպե պիտի քայլեինք։ Ականջներումս աղմուկ էր։ Արդեն ամիսներ շարունակ այդ աղմուկը չէր դադարում, ինչ որ տեղ նույնիսկ սովորել էի դրան։
- Դե ի՞նչ, հանգստացա՞ր,- ես զգուշորեն համբուրեցի Ջուլիի անձրևոտ, սառը շուրթերը, ապա առանց պատասխանի սպասելու, առույգ ոտքի կանգնեցի,- գիտե՞ս ինչ, արի ես քեզ կտանեմ։
Զգուշորեն ձեռքերս անցկացրեցի թաց տերևներին պարկած գեղեցկուհու տակով, գրկեցի, նրա գեղեցիկ թևը նետելով վզովս։
Չնայած, որ Ջուլին փոքրամարմին էր, բայց ինձ թվաց որ նա բավական ծանր է։ "Ոչինչ" մտածեցի ես,- "եթե հոգնեմ, մի անգամ էլ դադար կտամ" ապա բարձրաձայն շարունակեցի.
- Այս շրթներկը սազում է քեզ, ես այն հատուկ ընտրեցի քեզ համար։ Ների՛ր, անձրևից այն մի փոքր լղոզվել է, բայց խրճիթում դա կուղղենք, լա՞վ։
Նա հավանաբար շատ էր հոգնել. անկեղծ ասած ես ինքս էլ, չնայած սովորել էի ոտքով երկար քայլելուն, այս անգամ լավ հոգնել էի։
Ես ու Ջուլին փախուստի մեջ ենք։ ՄԵնք սիրում ենք իրար, բայց դա շատերի դուրը չի գալիս, որովհետև չէն պատկերացնում, որ սերը տարիք չի հարցնում, որ թեկուզ նա տարիքով ինձանից ավելի փոքր է, բայց մենք սիրում ենք իրար։ Դա նրանց սահմանափակ ուղեղը չի կարող ընկալել։ Ես կարդում եմ Ջուլիի ալ կարմիր շուրթերի վրա, որ նա ինձ սիրում է։ Ես դա կարող եմ տեսնել նրա հայացքում, ես կարող եմ նրա սերը կարդալ իր անսովոր կապույտ աչքերի մեջ։
- Կարծում եմ ծնողներդ արդե՛ն դիմել են ոստիկանատուն,- ասացի ես, ուղղակի ինչ որ բան ասելու համար,- բայց նրանք չեն գտնի մեզ, լսու՞մ ես, ո՛չ ոք այլևս չի՛կարող բաժանել մեզ։
Արդ միտքն ինձ այնպիսի ուրախությամբ լցրեց, որ ես ակամայից սկսեցի բարձրաձայն, լիաթոք ծիծաղել։
-Ոչ ոք, լսու՞մ ես, մեզ չի՛ կարող գտնել։ Բոլոր մարդիկ ատում են ինձ, միայն դու համաձայնեցիր իմ կողքին լինել։ Նրանք դեռ երկար կփնտրեն մեզ, մինչդեռ մենք երջանիկ կապրենք մեր փոքրիկ հյուղակում։
Անձրևից թրջված հողը փափկել էր ու հեշտությամբ տեղի է տալիս։ Որպեսզի հնարավորինս քիչ հետքեր թողնեմ, ես աշխատում էի քայլել առատորեն գետնին թափված տերևների վրայով։ Խոնավ հողը կլանում էր ամեն ձայն։ Որոշ ժամանակ անց, մենք գրեթե անաղմուկ մոտեցանք հյուղակին։ Արդեն մութ էր։ Թանկարժեք բեռը գրկիս, ուսով հրեցի դուռը, ներս մտնելով նրան զգուշորեն պարկեցրի փայտե կոպիտ թախտին։ Սովոր շարժումով շոշափելով գտա լամպը։
Լույսը թրթռալով ցատկեց այս ու այն կողմ, հյուղակի պատերը լիզելով բարձրացավ առաստաղ, մերկացնելով խոնավությունից առաջացած օվալաձև բիծը։
-Այստեղ մենք ապահով ենք։ Ոչ ոք մեզ այսքան հեռվում չի փնտրի,-ասացի ես հոգնածությունից թեթեևակի հևալով։
Ջուլին հայացքը հառել էր առաստաղի բծին։ Ես նայեցի նրա հայացի ուղղղղությամբ.
- Ախ այդ բի՞ծը, դա այստեղ հաճախ տեղացող անձրևներից է,- ես թեքեցի նրա գլուխն իմ կողմ,- դու ավելի լավ է ի՛նձ նայիր, գիտե՞ս, չեմ կշտանում քեզ նայելուց։ Հայացքս սահեցելով Ջուլիի վրայով, նոր միայն նկատեցի, որ նրա ձախ ոտքն առանց կոշիկի է։
- Հավանաբար այնտե՛ղ, անտառեզրին ես կորցրել,- ասացի ես շոյելով նրա դալուկ այտը,- ես մեղավո՛ր չեմ, ինչու՞ էիր ուզում փախնել... ես ուզում էի ընդամենը քեզ իմ հյուղակը հրավիրել... իսկ դու՞... վախեցած այծիկի նման փորձում էիր փախնել։ Ես չէի ուզում քեզ ցավեցնել, ես... ես... ինչու՞ ինձ չես նայում,- ականջներումս հնչող ու գլխումս արձագանքող աղմուկն ավելացավ, դառնալով անտանելի։
- Քե՛զ եմ ասում, ի՛նձ նայիր,- ավելի շատ անտանելի աղմուկից բարկացած գոռացի ես,- դու՛ ես մեղավոր, ճչում էիր ամբողջ ուժով... դու՛ ինձ ստիպեցիր...
Ջուլիի անբնական կապույտ, լայն բացված աչքերը սևեռված էին իմ հետևում՝ պատի վրա ինչ որ մի կետի։ Ձախ ձեռքն անուժ ցած էր կախվել։ Կոտրված եղունգների շուրջ սևին էր տալիս չորացած արյունը։ Նույնիսկ լամպի աղոտ լույսի տակ երևում էին սպիտակ, թավշե պարանոցի վրայի կապտուկները։
- Ջուլի՜ ինչու դու ստիպեցիր քեզ ցավեցնել,- ամենակուլ ցասումը նորից ալիք-ալիք բարձրացավ կրծքումս,- ես ընդամենը ուզում էի քեզ խոսել,- բարձրաձայն գոռացի ես, փորձելով գլխումս հնչող ձայները փոքր ինչ լռեցնել,- Ջուլի՜
Երեք օր անց, քաղաքից վերադառնալուց, անտառեզրին տեսնելով բազմաթիվ ոստիկանական ու շտապ օգնության մեքենաները, ինչպես նաև հավաքված հետաքրքրասերների ամբոխը, ես քայլերս ուղղեցի դեպի հարևան գյուղը, գրպանումս շոշափելով ալ կարմիր շրթներկը։
Էջանիշներ