ivy-ի խոսքերից
Կար-չկար մի թզուկ կար, անունը՝ Միթիզ: Ամեն օր նա նստում էր իր տան կտուրին ու հետևում անցող-դարձողներին, ականջ դնում նրանց զրույցներին, զննում հագուկապը ու իր համար բաներ գրում-ջնջում գլխից էլ մեծ կանաչ տետրում: Երբ պառկում էր քնելու, իսկ նա սիրում էր դեռ արևը մայր չմտած անկողին մտնել, իր օրվա տեսած բոլոր պատկերները սկսում էին պտտվել աչքերի առաջ, իրար կապվել ու պատմություններ դառնալ: Միթիզը որոշում էր հաջորդ օրը դրանք անպայման գրի առնել, բայց հաճախ ուրիշ գործով էր անցնում ու մոռանում:
Միթիզը շատ էր սիրում գույնզգույն շորեր հագնել, թեև հեչ թիթիզ չէր: Ուղղակի բոլոր գույներն իրեն դուր էին գալիս: Եթե կարողանար, դրանք բոլորը կուլ կտար, որ միշտ իր մեջ մնային: Դրա համար էլ, բացի հագուստից, նա իր տունը լցնում էր գույնզգույն ուտելիքներով ու հավեսով կուլ տալիս դրանք: Ուտում-ուտում էր ու չէր հագենում. դե ոնց էր հնարավոր կշտանալ էդ սիրուն գույներից:
Ժամանակ առ ժամանակ վերցնում էր Միթիզն իր գույնզգույն ճամպրուկն ու ճամփա ընկնում օտար երկրներ՝ նոր բաներ տեսնելու: Ճամփորդել շատ էր սիրում ու իր կանաչ տետրն էլ հետն էր վերցնում, որ հանդիպած մարդկանց մասին գրի-մրի: Դե եթե նորից չտարվի ուրիշ գործերով ու մոռանա գրելու մասին:
Անցնելու էին օրեր ու Միթիզը պարզելու էր, որ իր մասին էլ տետրեր կան գրված կամ առնվազն տողեր ու էջեր: Բայց դա արդեն լրիվ ուրիշ պատմություն է, որը պատմելու համար սա ոչ ճիշտն տեղն է, ոչ էլ ժամանակը:
Էջանիշներ