Բարև, հոգյակս: Վերջին անգամ քեզ ե՞րբ եմ գրել, հինգ հարյուր տարի առա՞ջ: Հիշում եմ՝ էն ժամանակ ես դեռ սիրահարված էի քեզ: Էն ժամանակ Կախարդանքի ակադեմիայում էինք սովորում: Բայց դու մի քանի տասնամյակով մեծ էիր ինձանից ու արդեն վերջացնում էիր էլեմենտար մագիայի կուրսը, էն ինչ ես նոր էի սկսում:
Ինչ դախ էի սկզբում: Գեոկինեզիսի քննությունը լրիվ ձախողեցի ու Հիմալայան դաշտավայրը Հիմալայան լեռնաշղթա դարձավ: Իսկ դու պարապում էիր հետս: Ինձ համ էլ պատմում էիր պրյոյեկտալ կախարդանքի մասին ու ավելի հասկանալի դարձնելու համար քո որոշ մտքեր պրոյեկտում էիր իմ գլխում: Էն, որ ես էլ էի կախարդ, չէր թողնում ամբողջությամբ կրել քո մտքերը: Ու արդյունքում ինչքան էլ ասում էիր, թե գարեջուրը լավն է, ես շարունակում էի դրանից վիշապի չիշիկի հոտ առնել ու կրկնում էի, որ էդ ուղղակի վատը չի:
Ինչ-որ հմայախոսությամբ կամ չգիտեմ էլ ոնց, քեզ խաբել չէր լինում... քեզ չէի էլ խաբի, որովհետև դու մեր տիեզերքում միակն էիր ում հետ ես ես էի ու հանգիստ էի ինքս ինձ հետ, երբ քեզ հետ էի:
Ինձ դուր էր գալիս խմած ժամանակ ութաձև հետագծով թռչելը, թռչելիս իրար խփվելն ու պտերոզավրերի երամի մեջ մխրճվելը: Հավես էր:
Վիշապի կրակի վրա եռացրած թեյ էինք խմում: Ես սիրում էի թեյ խմել, բայց ավելի շատ էի սիրում, երբ քեզ հետ էի խմում:
Հիմա կասես՝ էսքան տարի անց ի՞նչ անցավ մտքովս, որ որոշեցի գրել քեզ: Ուղղակի երեկ հիշողություններիս դարակներն էի դասավորում ու լիքը հավես բաներ գտա: Իմ նկուղում մի ամբողջ պահարան է նվիրված քո մասին ունեցած հիշողություններիս: Բոլորը հատ-հատ վերցրել եմ, փոշին սրբել ու մեկ-մեկ նայել: Էնքան մանրուքներ կային, որ մոռացել էի: Հիշեցի, հուզվեցի անկեղծ ասած: Բայց համ էլ ուրախացա: Եթե ժամանակ ունենաս ու ցանկություն, առաջիկա տարիների ընթացքում այցելիր ինձ: Թեյ կխմենք ու կնայենք հին-հին հիշողությունները:
Էջանիշներ