Դիմակը կբացվի հինգ օրից՝ հունիսի 16-ին: Ինքնաբացահայտումն արգելվում է, սակայն հեղինակը նույնպես կարող է մասնակցել քննարկումներին:
Հիշեցնեմ, որ դեռևս երկու չբացված դիմակ ունենք.
Դիմակ N3
Դիմակ N4
Ամեն ինչը շատ Համոն
Յոթը սարից, յոթը անտառից, յոթը գետից, յոթը դաշտից, յոթը ծովից, յոթը անապատից ու յոթը քաղաքից այս կողմում՝ մի կարմիր-կանաչ մարգագետնում կուչ էր եկել փոքրիկ գյուղը: Այս գյուղում յոթ տուն կար՝ փոքրիկ ու սիրուն, կարմիր կտուրներով, փայտաշեն տնակներ: Տնակներից ամեն մեկում ապրում էր մի ընտանիք, ամեն ընտանիքում՝ յոթ երեխա: Ու միայն տներից մեկում էր, որ երեխա չկար, իսկ Սարոն ու Անահիտը՝ տանտերն ու նրա տիկինը, երազում էին երեխա ունենալ: Այս խաղաղ գյուղում անցնում էին օրերն ու ամիսները, ամիսներն ու տարիները, իսկ Սարոն ու Անահիտը դեռ երազում էին, որ իրենց տանն էլ երեխայի խաղ ու խինդ լինի:
Այսպես անցավ յոթը երկար ու ձիգ տարի, ու մի երջանիկ օր այս տանն էլ երեխա ծնվեց, մի շիկահեր ու կապտաչյա հրաշք տղա: Համոյի ծիծաղը բռնեց ամբողջ գյուղը, ու բոլորը շտապեցին Սարոյին ու Անահիտին շնորհավորելու՝ իրենց առաջնեկի ծննդյան առթիվ: Սեղան նստեցին ու յոթը օր, յոթը գիշեր խնջույք արեցին, երգեցին ու պարեցին, կերան ու խմեցին, ուրախ խաղով ու խինդով նշեցին մեր Համոյի ծնունդը:
Սարոյենց տանը վերջապես ուրախ էր. մարդ ու կին ամբողջ օրը աշխատում էին ու պահում իրենց փոքրիկ Համոյին: Եթե գյուղում ուրիշ երեխաներ օրական մեկ կոնֆետ էին ուտում, Համոն յոթն էր ուտում, ուրիշ երեխաների համար մեկ զույգ կոշիկ էին առնում, Համոյի համար յոթն էին առնում, ու էսպես ամեն ինչը Համոյի համար ավելի շատ էր լինում, քան գյուղի մյուս փոքրիկների համար: Բայց Սարոն ու Անահիտը շարունակում էին երազել նոր երեխաների մասին, ուզում էին իրենք էլ յոթը զավակով սեղան նստեն, բայց էդպես էլ նոր փոքրիկ չէր ծնվում:
Երբ Համոն դարձավ յոթը տարեկան, մի օրը Անահիտ մայրիկն ասաց.
- Երնեկ, որ դու էլ քույր ու եղբայրներ ունենայիր, դուք էլ յոթը լինեիք, ինչպես գյուղի մյուս տներում:
- Բայց ինչի՞ էդպես, - հակաճառեց Համոն, ով սովոր էր, որ իր ամեն ինչը յոթն էր լինում, - թող փոխարենը ես յոթը հայրիկ ու մայրիկ ունենամ:
- Էդպես չի լինում, - ծիծաղեց մայրիկը:
- Ինչու՞ չի լինում, ես ուզում եմ յոթը մայրիկ ու յոթը հայրիկ, - քիթը կախեց Համոն:
- Մայրիկն ու հայրիկը մեկն են լինում, - ժպտալով բացատրեց մայրիկը, - միշտ էդպես է, ու բոլոր տներում էդպես է:
- Դուք լավ չեք փնտրել, - լացակումած պատասխանեց Համոն, - ես կգնամ ու կգտնեմ իմ յոթը մայրիկին ու յոթը հայրիկին:
Անահիտը թաքուն ծիծաղեց, որ Համոն չնկատի, ու անցավ իր գործին: Եկավ գիշերը, ու բոլորը պառկեցին քնելու: Հայրիկը յոթ անգամ համբուրեց Համոյի ճակատն ու ասաց.
- Դե երազումդ յոթը երազ տեսնես, բարի գիշեր, փոքրի՛կ:
Համոն ձև արեց, թե քնել է, իսկ երբ հայրիկը սկսեց խռմփացնել, ու լսվեց մայրիկի հանգիստ շնչառությունը, հագավ շորերն ու կոշիկները ու դուրս եկավ տնից, ճամփա ընկավ՝ գտնելու իր յոթը հայրիկին ու յոթը մայրիկին:
Լիալուսին էր, ու շուրջբոլորը լավ լուսավորված էր: Համոն նայեց իրենց տնից այն կողմ ձգվող յոթ սարերին ու մտածեց. «յոթը մայրիկն ու յոթը հայրիկը երևի այդ սարերի հետևն են, գնամ, գտնեմ իրենց»: Մտածեց թե չէ, մի հարմար փայտ գտավ, վերցրեց որպես ձեռնափայտ ու ճամփա ընկավ: Ինչքան գնաց, ինչքան չգնաց, ինքն էլ չգիտեր: Շատ անգամներ արևը ծագեց ու մայր մտավ: Համոն մի քանի անգամ նույնիսկ վախեցավ ու որոշեց հետ դառնալ, բայց համ էլ ուզում էր գտնել իր յոթը մայրիկ-հայրիկին ու էդպես շարունակեց ճանապարհը: Ուտելիք էլ չուներ, ստիպված ճանապարհին միրգ ու հատապտուղ էր հավաքում, ուտում, գիշերները անձավ էր գտնում, մտնում մեջը, որ կենդանիներից պաշտպանվի, վախենում էր ու դողացնում, բայց մեկ է, համարձակ շարունակում էր ճանապարհը: Էսպես երկար ու երկար գնաց ու մի օր անցավ վերջին՝ յոթերորդ սարը: «Հաստատ էստեղ եմ գտնելու», - մտածեց ու ուրախ արագացրեց քայլերը, քայլեց, քայլեց, մեկ էլ տեսավ, որ ճանապարհին մի երկար ու սպիտակ բեղերով ծերունի է նստած:
- Ո՞վ ես դու, - հարցրեց Համոն:
- Իմաստունն եմ, - պատասխանեց ծերուկը:
- Էդ շատ լավ է, - ուրախացավ Համոն: - Դու կիմանաս, որտե՞ղ գտնեմ իմ յոթը մայրիկին ու հայրիկին:
Իմաստունը բարձր ու քահ-քահ ծիծաղեց:
- Ինչու՞ ես ծիծաղում, - նեղացավ Համոն:
- Որովհետև մայրիկն ու հայրիկը յոթը չեն լինում, ամեն մի երեխա մեկ մայրիկ ու մեկ հայրիկ է ունենում:
- Դու չգիտես, - բարկացավ Համոն, - ես կփնտրեմ ու կգտնեմ յոթը մայրիկին ու հայրիկին:
- Որտե՞ղ ես փնտրելու, - հետաքրքրվեց իմաստունը:
Համոն նայեց չորս կողմը ու տեսավ, որ առջևում յոթը անտառ կա:
- Այս յոթը անտառից այն կողմ, - հաղթանակած պատասխանեց Համոն:
- Յոթը անտառից այն կողմ դու կգտնես միայն մի իմաստունի, իմ նման ծերուկի, - ժպտաց իմաստունը: - Իսկ այ փոխարենը շատ բան կկորցնես:
- Ի՞նչ կկորցնեմ, - զարմացավ Համոն, - Ես առանց այն էլ ոչինչ հետս չունեմ:
- Ժամանակ ունես, որը կկորցնես: Իսկ հետևում թողել ես քո իսկական ու միակ մայրիկին ու հայրիկին:
- Ոչ, ես մեկ է կգնամ ու կգտնեմ իմ յոթը մայրիկին ու հայրիկին, - համառեց Համոն:
Իմաստունը փորձեց բռնել Համոյին, բայց Համոն թեև փոքր էր, բայց արագաշարժ, փախավ իմաստունից ու անտառների միջով ճամփա ընկավ: Վախենալու էր անտառը. ամեն քայլափոխի սարսափազդու ձայներ էին լսվում, բայց Համոն համառ էր ու համարձակ և որոշել էր ամեն գնով գտնել իր յոթը մայրիկ-հայրիկներին: Արևը նորից շատ ու շատ անգամներ ծագեց ու մայր մտավ: Համոն արդեն մեծ տղա էր, երբ վերջապես անցավ յոթը անտառները. «Հիմա հաստատ կգտնեմ նրանց», - մտածեց ու արագացրեց քայլերը: Բայց փոխարենը գտավ մի նոր իմաստունի, որ ճանապարհին նստած՝ անուշադիր չորս կողմն էր նայում:
- Ծերու՛կ, որտե՞ղ գտնեմ իմ յոթը մայրիկին ու հայրիկին, - հարցրեց Համոն:
- Դու՞ ես այդ տղան, - ժպտաց իմաստունը, - առաջին իմաստունն ինձ տարիներ առաջ նամակ էր ուղարկել ու պատմել քո մասին, ասել, որ գալու ես: Ետ դարձիր, գնա տուն, դու յոթը մայրիկ ու հայրիկ չես գտնի, փոխարենը շատ ժամանակ կկորցնես: Գնա քո իսկական մայրիկի ու հայրիկի մոտ:
Համոն տխրեց: Ուզում էր լացել, բայց իրեն զսպեց:
- Ծերուկ, իսկ այս յոթը գետից այն կողմ ի՞նչ կա, - հարցրեց:
- Միայն մի ուրիշ իմաստուն, ուրիշ ոչինչ:
- Բայց դու այնտեղ եղե՞լ ես:
- Չէ, միայն լսել եմ:
- Դե ուրեմն՝ ես գնում եմ այնտեղ փնտրելու, - որոշեց Համոն ու փախավ նաև երկրորդ Իմաստունից:
Համոն նորից ճանապարհ ընկավ, ու արևը նորից շատ ու շատ անգամներ ծագեց ու մայր մտավ, իսկ Համոն գնում էր ու գնում՝ հաղթահարելով բոլոր դժվարությունները, չտրտնջալով ու չընկճվելով: Այսպես նա հասավ երրորդ իմաստունին: Բայց երրորդ իմաստունն էլ նրան խորհուրդ տվեց ետ դառնալ տուն՝ բացատրելով, որ յոթը մայրիկ ու հայրիկ չեն լինում: Համառ Համոն նորից չլսեց ու գնաց առաջ՝ սկզբից անցնելով յոթը դաշտը ու հանդիպելով չորրորդ իմաստունին, ապա անցնելով յոթը անապատը ու հանդիպելով հինգերորդ իմաստունին, ապա յոթը ծովը, հանդիպելով վեցերորդ իմաստունին, իսկ վերջում էլ անցավ յոթը քաղաքը, հանդիպեց յոթերորդ՝ ամենատարեց ու ամենախելոք իմաստունին:
- Բարով եկար, - ողջունեց յոթերորդ իմաստունը, - ես քեզ վաղուց էի սպասում:
- Բարև ծերուկ: Դու տարիքով ես ու խելոք, դու կիմանաս, թե որտեղ են իմ յոթը մայրիկն ու հայրիկը:
- Քեզ նայիր, - ժպտաց ծերուկը, - արդեն դու ինքդ ես տարիքով: Ու արդեն ժամանակն է, որ ինքդ հայրիկ դառնաս, իսկ դու դեռ փնտրում ես մի բան, որը չկա:
Ծերուկը հայելի էր պարզել: Համոն նայեց ու աչքերին չհավատաց. հայելու մեջից իրեն էր նայում իր հայրիկը:
- Հայրի՜կը, - ուրախ բացականչեց Համոն ու հանկարծ զգաց, թե ինչքան է կարոտել իր մայրիկին ու հայրիկին: Համոյի սիրտը կծկվեց:
- Դա հայրիկդ չի, դու ես, մեծացել ու նմանվել ես հայրիկիդ:
- Ես ուզում եմ իրենց մոտ լինել, - հանկարծ հասկացավ Համոն:
- Վերջապես հասկացար, - ժպտաց իմաստունը: - Ախր քո մայրիկն ու հայրիկը քեզ այդքան սիրում էին, իսկ դու նրանց թողել ես մենակ ու ինչ-որ երևակայական մայրիկներ ու հայրիկներ ես փնտրում: Շտապիր նրանց մոտ:
- Ճի՛շտ ես, ծերուկ, - տխուր հառաչեց Համոն, - ես հենց հիմա ճանապարհ կընկնեմ:
Համոն պտտվեց ու բռնեց տունդարձի ճանապարհը: Ինչքան արագ եկել էր, հիմա յոթը այդքան ավելի արագ էր գնում: Արևը ծագում ու մայր էր մտնում: Գարունը հաջորդում էր ձմռանը, ամառը՝ գարնանը, աշունը՝ ամառվան, ձմեռը՝ աշնանն ու էսպես շարունակ: Համոն գնում էր գնում ու մի օր հասավ իրենց կարմիր-կանաչ մարգագետնին: Հանկարծ սիրտը մի աներևակայելի ուրախություն լցվեց: Փնտրեց, հայացքով գտավ իրենց տունն ու վազեց այնտեղ՝ մայրիկին ու հայրիկին տեսնելու:
Տան բակում մի ծեր կին էր քաղհան անում: «Կարո՞ղ է տունը ծախել, գնացել են», - վախեցավ Համոն:
- Մայրիկ ջան, սա ու՞մ տունն է, - հարցրեց:
- Սարոյի, - պատասխանեց ծեր կին:
- Իսկ ու՞ր է ինքը, - ուրախացավ Համոն:
- Տան հետևը, գոմի մոտ կովերին է կերակրում:
Համոն վազեց այդ կողմ ու տեսավ, որ մի ծեր տղամարդ կովերին է կերակրում:
- Հայրիկ ջան, բա Սարոն ու՞ր է, - հարցրեց Համոն:
- Ես եմ Սարոն, տղաս, - պատասխանեց ծեր մարդը, - իսկ դու ո՞վ ես:
- Բայց… բայց երբ որ ես գնում էի իմ յոթը մայրիկներին ու հայրիկներին փնտրելու, դու երիտասարդ էիր, - տխրեց ու զարմացավ Համոն:
- Համո՞, - ծերունու ծնկները դողացին, - դու՞ ես, հե՞տ ես եկել: Ա՜-նա՜-հի՜տ, - գոռաց, - Համոն է եկել, - գոռաց ու փաթաթվեց Համոյին:
Քիչ անց ամբողջ գյուղը հավաքվել ու ուրախ ժպտալով նայում էր երջանիկ, իրար փաթաթված երկու ծերունիներին ու երիտասարդ տղամարդուն:
- Եկել ես, բալես, վերջապես եկել ես, - ուրախ շշնջում էր Անահիտը: - Քո վերադարձի համար յոթը օր ու յոթը գիշեր քեֆ ենք անելու:
- Ոչ մի յոթը օր, - բարկացավ Համոն, - հերիք է, ինչքան ժամանակ կորցրեցի:
Էջանիշներ