Ասում են՝ երբ Բաբելոնի աշտարակը դեպի երկինք էր խոյանում՝ հասնելու ակունքներն արարչագործության, աստիճաններից մեկի շաղախը դեռ չթրծված, շինարարներն, աչք փակելով, շտապ-շտապ շարունակեցին իրենց գործը, ու թուլացավ աշտարակը Բաբելոնի ու սկսեց դանդա՜ղ դանդա՜ղ փլուզվել։ Շինարարներն իրար անցան, սկսեցին խոսել շտապ-շտապ՝ լեզուներ խառնելով իրար։ Մեկը մի բան էր ասում, մեկ ուրիշը մի այլ բան էր հասկանում։ Ու սուրհանդակներ ուղարկեցին Թորգոմա տուն, որ գան թարգմանեն՝ իրար մի բան հասկացնեն։ Ու եկավ Թորգոմի թոռ Ֆերեշեթը, տեսավ տապալվող ծառի նմանվող աշտարակը ու հուզվեց։ Վայր էին ընկնում աստիճանները մեկը մյուսի ետևից. շինարարներն իրար խառնված այս ու այն կողմ էին վազում, գոռում գոչում ու իրար չէին հասկանում։ Ու սիրտը լցվեց Ֆերեշեթի, հայացքը երկինք պարզեց, մարգարեացավ, գլուխը խոնարհ իջեցրեց ու թքելով հողին, շաղախ սարքեց։ Հետո մոտենալով աշտարակին, մի վերջին անգամ նայեց մայր մտնող արևին ու անհետացավ տերևաթափ եղած ծառ հիշեցնող փլատակների տակ։
Ասում են՝ Բաբելոնի աշտարակից մի աստիճան է միայն կանգուն մնացել, որպես ավանդ սերունդներին, ու երբ կանգնած աստիճանի կողքին փակում ես աչքերդ, մի միտք է խոնարհ շուրջդ թևածում՝ «Եթե մենք խոսում ենք տարբեր բաներ, ապա լռում ենք միևնույն Բանը»։
Էջանիշներ