Իմ հանդիպումը Ֆրունզիկ Մկրչյանի հետ
Իննսուներկու թվականի մարտն էր։ Դրսում իսկական երեվանյան եղանակներ էին՝ արևոտ, բայց ոչ այդքան տաք։ Աստված մի արասցե, եթե մարդ սխալվեր, արևին խաբնվեր ու մի քիչ թեթև հագնվեր։ Շատ հեշտությամբ կարելի էր հիվանդություն վաստակել։
Հենց այդպես էլ ինձ հետ եղավ։ Պատանի էի. թեթևամտորեն թեթև հագնված թրև եկա դրսերում և վաստակեցի թոքաբորբ։
Ուղիղ երեսուն օր մալաթիայի հիվանդանոցում պենիցելինի հսկայական քանակություն փափուկ մկաններիս մեջ ընդունելուց հոգնած՝ բայց կարևորը առողջացած դուրս գրվեցի։
Տասնութս դեռ չէր լրացել և ես որոշեցի մինչև բանակ գնալս մի քիչ աշխատել՝ այսպես ասած մի երկու կոպեկ փող։
Դիմեցի քեռուս տղային, որը քիչ թե շատ ձեռներեց էր։
- Աշ ջան չմտածե՛ս,- խոստացավ նա,- մի բան կանենք։
Այդ օրերին ողջ երևանը պատված էր իրար կողք-կողքի աճած սեղանիկներով, կամ ժողովրդի լեզվով ասած դախլներով։ Այդ սեղանիկ-դախլներից կարելի էր հանդիպել բառացիորեն ամենուր՝ նույնիսկ ամենաանհավանական տեղերում։
Քաղաքի ամենամարդաշատ վայրերից մեկն էր փակ Փակ շուկան։ Դրա հակառակ մայթին կապույտ մզկիթն էր։ Տեղի ապրողները դրան «թուրքի մեչիտ» էին անվանում։ Նույն բակում էր գտնվում նաև Երևան քաղաքի պատմության թանգարանը։
Կարճ ասած հենց այդ բակը տանող երկաթյա երկփեղկ դռների կողքին քեռուս տղան՝ Հրաչը, քաղաքի սեղանիկների թիվը ևս մեկով ավելացրեց։
- Ապե արի դախլիս տի՛րություն արա,- կողից էլ քո ապրանքները դիր ու ծախի։
Ապեն՝ այսինքն ես, մեծ ուրախությամբ համաձանվեց։ Հապա ու մի չուրախանար։ Այն ժամանակներում դա իսկական օրհնություն էր ինձ համար։ Իսկական երկնային մանանա…
Անմիջապես ձեռնմուխ եղա գործին և կարճ ժամանակում՝ ընդամենը մի քանի օրվա ընթացքում արդեն մասնագիտացել էի առնելու և ծախելու հնագույն արհեստի մեջ։
Օրինակ շատ եմ լսել որ պոռնկությունը աշխարհի հնագույն մասնագիտությունն է։ Բայց կարծում եմ առևտուրը դրանից առաջ է հայտնաբերվել ու այդ հայտնաբերողն էլ հաստատ հայ է։ Կամ էլ պարսիկ։ Կամ էլ չինացի։ Կամ էլ հն… սակայն ինչ տարբերություն, ասում են նրանք բոլորն էլ հայկական արմատներ ունեն։ Կամ էլ հակառակը…
Ինչևե. սեղանիկը տալիս էր իր պտուղները՝ ինչպես լավ այնպես էլ վատ։
Լավն այն էր, որ ֆինանսական վիճակս արագորեն սկսվեց բարելավվել։ Սկսեցի ինձ մանր-մունր շքեղություններ ինձ թույլ տալ՝ օրինակ տաքսիով երթևեկել, ամեն օր կերակրվել «ղարսի խորովածով» ծխել մարլբորոյից ոչ պակաս սիգարետ և նման փոքրիկ վայելքներ։
Վատ պտուղները նույնպես իրենց սպասել չտվեցին։ Սկսեցի ստել սովորականից ավելի հաճախ, մանր խարդախություններ և այլն։
Ե՛ս, որ յոթ տարեկանից մտել էի գրքերի աշխարհ և այնտեղ մշտական բնակություն հաստատել, ե՛ս որ երազում էի իմ կարդացած գրքերի հերոսներին նմանվել՝ ազնիվ, ճշտախոս, կարեկից, բարեհամբույր, խիզախ ու անձնուրաց լինել, քիչ-քիչ սկսեցի նման դառնալ կինոյի այն հերոսներին՝ որոնց երբեք չէի ցանկանա նմանվել։
Նույնիսկ խոսելավոճս դարձավ սարքովի-կեղծ-ուրախ-սրամիտ. զզվելի։
- Ասա՛ քուրիկ ջան։ Էրկու հատ պեչենի, մի հատ գոֆռե՞։ Հեսա Էրկու պեչենին իրա գոֆռեյով մեր քրոջը։
- Ա՜ախպերս, ցա՜ավդ տանեմ, պրծելա մե՜եռնեմ սրտիդ։ Բայց լավ պաշտետներ ունեմ։ Որտեղի՞ց, հունգարականա ախպերս։ Իրեք հա՞տ դրանից։ Մի հատ էլ մայլբոռո՞ հազարվեցհարուր ռուբլի սաղ միասին։
- Հոպար ջան իսկական ստալիչնիյա։ Չե՜ե հոպար ջան ինքնա, ես տենց խալտուռա բաներ չեմ ծախում։
Իմ մոտ գնապիտակ գոյություն չուներ։ Պահանջված ապրանքի գինը որոշվում էր տեղում՝ այն միջապես համապատասխանեցվում էր հաճախորդի հագուկապին ու տեսքին։
Կարծեմ ուրբաթ էր՝ երեկո։ Ամբողջ օրը սառը, ամպամած եղանակ էր արել, մերթ ընդ մերթ բարակ անձրև մաղելով։
Նստած սեղանիկի հետևում, գլուխս կախած օրվա առևտրի գումարն էի հաշվում ու մտովի հաշվարկում թե ի՛մ եկամուտն ինչքան է։ Ի դեպ. այդպես վարվում էի օրվա մեջ մի քանի անգամ։ Սիրում էի փողերը հաշվել՝ էլի ու էլի։
- Բարև տղա ջան։ Ինձ երկու հատ ԼՄ տուր։
Տղամարդու ծանոթ, գրեթե հարազատ դարձած ձայնը ստիպեց ինձ կտրվել իմ սիրած զբաղմունքից, բարձրացնել գլուխս։ Ես նրան անմիջապես ճանաչեցի։
Ֆրունզի՛կն էր՝ Մկրտչյանը։ Հանճարեղ դերասանը, բեմի կախարդը, կինոյի վարպետը։ Ավելի ճիշտ ի՛նքը չէր, այլ իր ստվերը միայն։
Այնպիսին չէր, ինչպիսին ես նրան իր ֆիլմերից գիտեի։
Նիհարե՛լ էր։ Շատ էր նիհարել։ Այտերը դատարկ պարկերի պես կախվել էին այտոսկրերից։ Ծանր, մուգ պարկեր էին կախված նաև աչքերի տակ։ Ծոծրակին և քունքերին սպիտակած մազերը կարճ էին կտրած. բավական անսովոր էր նրան այդ սանրվածքով տեսնելը։ Ֆրունզիկից գինու հոտ էր գալիս և դա նույնպես ինձ համար տարօրինակ էր։
Նրա ամբողջ տեսքը՝ աչքերը, դեմքը, նույնիսկ այդ իրեն չսազող սանրվածքը խորը ցավ՝ անպատմելի վիշտ էին արտահայտում։
Ես առանց որևե կերպ ցույց տալու որ ճանաչել եմ իրեն, լուռ նրան մեկնեցի ծխախոտը։
- Ի՞նչ պիտի տամ։
- հինգհարյուր ռուբլի,- առանց աչքերս թարթելու ստեցի ես։
Մեզանից ընդամենը տաս մետր հեռու, հարևան սեղանիկին ԼՄ-ը դրված էր երկուհարյուրտաս ռուբլով։
- ԼՄ-ը երկուհարյուրհիթսուն արժի՞,- հայացքով ինձ շաղափեց մեծ դերասանը։
- Հա՛,- թուքս կուլ տալով ասացի ես։ Այս անգամ իմ սուտը ավելի հաստատ հնչեց։
Չնայած իմ ձայնը վստահ հնչեց, իսկ աչքերս դիմանում էին նրա ծանր նայվածքին, ներսումս ինչ որ մեկը՝ հավանաբար խի՛ղճս, փորձում էր հոգուս խորքերում, մութ անկյունում թաքնվել այդ ծակող, հանդիմանող հայացքից։ Նա առանց խոսքի ինձ մեկնեց հինգ հարյուր ռուբլի, ծխախոտը դրեց շագանակագույն կաշվից կարած բաճկոնի գրպանները, աչքերով մեկ անգամ ևս խոցեց սրտիս հետևում՝ ինչ որ տեղ թաքնված իմ խիղճը ու ոչինչ չասելով հեռացավ։
Ե՛ս, անմիտ պատանի, չնայած հասկանում էի որ միգուցե երբեք այլևս առիթ չունենամ նրանից ներողություն խնդրելու։ Փոխանակ վազեի նրա հետևից, ասեի վարպետ ների՛ր, խաբե՛լ եմ քեզ, կանգնել էի քարացած, ոչինչ չասո՛ղ, չտեսնող հայացքով նայում էի դիմացս ու արդեն որերորդ անգամ մտովի կրկնում տեղի ունեցածը։ Ու արդեն որերորդ անգամ խարազանում էի ինձ՝ մանր խարդախիս, ով համարձակվեց խաբել տաղանդավոր դերասանի՛ն, մարդու՛ն, հայի՛ն։
Դրանից մի քանի օր անց ես թողեցի առևտուրը…
Դա իմ առաջին ու վերջին հանդիպումն էր Ֆրունզիկի հետ։ Դրանից մեկ ու կես տարի անց ես բանակում էի՝ հորադիսում, երբ լուր առա որ հանճարեղ դերասանը մահացել է։
Անցել են տարիներ ու ես ամեն անգամ երբ առիթ է լինում նրա ֆիլմերը դիտել, ուշացած ասում եմ.
- Վարպե՛տ… ների՛ր խնդրում եմ, և… շնորհակալություն որ այն ժամանակ ինձ այդպես լու՜ռ հանդիմանեցիր…
Էջանիշներ