Առաջնորդի կրտսեր դուստրը…
Մի անգամ երկու նավաևկողներ որոշեցին շուրջերկյա ճանապարհորդություն կազմակերպել, որ գտնեն իրենց ճակատագիրը: Իրենց նավով հասան մի կղզու, որի ցեղերից մեկի առաջնորդը երկու դուստր ուներ: Մեծ աղջիկը գեղեցկուհի էր, իսկ կրտսերը` ոչ այնքան:
Նավարկողներից մեկը մյուսն ասաց.
- Վերջ, ես գտել եմ երջանկությունս, մնում եմ այստեղ ու կամուսնանամ առաջնորդի դստեր հետ:
- Այո, դու ճիշտ ես, առաջնորդի մեծ դուստրը գեղեցկուհի է: Դու ճիշտ որոշում ես կայացրել, ամուսնացիր:
- Դու ինձ չհասկացար, ընկերս: Ես ամուսնանում եմ առաջնորդի կրտսեր դստեր հետ:
- Խելագարվե՞լ ես, դե նա… այնքան էլ լավը չի, էլի…
- Դա է իմ որոշումը:
Նավարկողը շարունակեց իր ճանապարհը` իր երջանկությունը գտնելու հույսով, իսկ մյուսը գնաց առաջնորդի մոտ: Այդ ցեղում հարսի համար կովեր էին վճարում: լավ հարսնացուն տաս կով «արժեր»:
Եվ ահա, բերեց նա առաջնորդի մոտ տասը կով:
- Առաջնո՛րդ, ես ցանկություն ունեմ դստերդ հետ ամուսնանալու ու տալիս եմ նրա համար տասը կով:
- Լավ ընտրություն է: Իմ մեծ դուստրը գեղեցկուհի է, ու նա տաս կովի արժանի է: Ես համաձայն եմ:
- Չէ, առաջնորդ, դու լավ չհասկացար: Ես ցանկանում եմ կրտսեր աղջկադ հետ ամուսնանալ:
- Կատակու՞մ ես: Բայց չէ՞ որ նա այնքան էլ լավը չի…
- Ես ուզում եմ հենց նրա հետ ամուսնանալ:
- Լավ, բայց որպես ազնիվ մարդ, ես չեմ կարող վերցնել տասը կով, նա այդքանի արժանի չէ: Ես կվերցնեմ երեք կով, և ոչ ավելի:
- Ոչ, ես ուզում եմ վճարել հենց տասը կով:
Եվ այսպես նրանք ամուսնացան:
Մի քանի տարի անցավ, մյուս նավարկողը նորից անցնում էր նույն կզղու մոտով ու որոշեց այցելել իր ընկերոջը, տեսնել որպիսությունը: Քայլում էր ափով, երբ նկատեց, որ իրեն մոտենում է անսահման գեղեցկության տեր մի կին:
Նա հարցրեց, թե ինչպես գտի իր ընկերոջը, և կինը ցույց տվեց: Գալիս ու տեսնում է` ընկերը նստած է, շուրջբոլորը բալիկներ են վազվզում:
- Ինչպե՞ս ես ապրում:
- Ես շատ երջանիկ եմ:
Ներս է մտնում այն նույն գեղեցիկ կինը:
- Ծանոթացիր, սա իմ կինն է:
- Ինչպե՞ս: Դու երկրորդ անգա՞մ ես ամուսնացել:
- Ոչ, սաայն նույն կինն է:
- Բայց ինչպե՞ս պատահեց, որ նա այսքան փոխվեց:
- Իսկ դու նրանից հարցրու:
Նա մոտեցավ կնոջն ու հարցրեց.
- Ներիր անտակտությանս համար, բայց ես հիշում եմ` ինչպիսին էիր դու… դե ոչ այնքան գեղեցիկ: Ի՞նչ պատահեց, որ դու այսպիսի աննկարագրելի գեղեցիկ դարձար:
- Պարզապես մի օր ես հասկացա, որ տասը կովի եմ արժանի…
Էջանիշներ