Խոսքը կարծես թե հենց այդ անվան մասին է (միգուցե ազգանվա՞ն – Հենրի Գիյոմե), վերջում թ տառո՞վ՝ Guillaumet, որը չի արտասանվում։ Դժվար է միանշանակ պատասխանել, բայց ահա ինչպես է այս հարցին մոտենում լեզվաբան Լևոն Հախվերդյանը՝ իր «Զրույցներ լեզվի մասին» գրքում (էջ 153-155)։
«Եթե փոխառված մի որևէ հատուկ անուն չի բռնում տվյալ լեզվի հնչյունական համակարգին, ապա դա ենթարկվում է փոփոխության ըստ ընդունվող լեզվի ներքին օրինաչափությունների։ Երբեմն փոխակերպումն այնքան զգալի է լինում, որ նույնիսկ դժվարանում ես կռահել՝ դա նույն անու՞նն է արդյոք։ Համոզվելու համար կարող եք մտաբերել… օրինակ՝ Հովհաննես — Իվան — Ժան — Ջոն — Ջիովաննի։
…Հատուկ անունները տարբեր լեզուներում տարբեր կերպարանք են առնում փոխառու լեզվի հնչունական համակարգի և տառադարձության օրենքներով։ Մի դեպքում հիմք է ընդունվում հատուկ անվան գրության ձևը, մյուս դեպքում՝ արտասանությունը, մի այլ դեպքում՝ և՛ մեկը, և՛ մյուսը։ Ասենք, Փարիզ-ի համար հայերենում հիմք է ծառայել գրության ձևը։ Նույն ձևով ենք վարվել նաև Մարատ անվան հետ։ Ֆրանսերեն այդ անունը հնչում է Մաղա, թեև գրվում է Marat, ֆրանսիացին կարող է նույնիսկ զարմանալ, որ Մարատն իրենց Մաղա անունն է։ Մինչդեռ ֆրանսիական նշանավոր նկարիչներ Մոնեին, Մանեին, Կուրբեին, Ռենուարին, Դեգային մենք այդպես էլ կոչում ենք՝ հիմք ընդունելով արտասանության և ոչ թե գրության ձևը (Monet, Manet, Courbet, Renoir, Degas)»։
Էջանիշներ