Միայն մի բան էր պակասում. iPod-ս։ Առանց դրա երբեք տանից դուրս չեմ գալիս։ Հանրակացարանի նեղլիկ աստիճաններով ամեն առավոտ երկանիվ տանկս իջեցնելն ու բարձրացնելը տանջանք է իմ պես վտիտ կազմվածքով մարդու համար, բայց, միևնույն է, օրվա իմ ամենասիրելի հատվածն է սա։ Ինքնատիպությամբ չեմ փայլի, եթե խոստովանեմ, որ շատ եմ սիրում լուսաբացին նախորդող մթնշաղի ժամերին հեծանիվ քշելու «հետապոկալիպսիսային» զգացողությունը. շուրջբոլորդ գրեթե ոչ մի կենդանի արարած, դատարկ ու կիսախավար փողոցներ։ «Տեխասյան սպանդ բենզասղոցով» ֆիլմը տեսե՞լ եք, օրիգինալը։ Թրեշի կարկառուն ներկայացուցիչ է՝ վատ դերասանական խաղով, բայց կուլտային ֆիլմ է համարվում։ Իմ ու, կարծում եմ, ֆիլմը դիտածների մեծամասնության սիրելի էպիզոդը վերջաբանն է, որտեղ (ՍՊՈՅԼԵՐ) կենդանի մնացած վերջին մարդուն սպանելու փորձը ձախողած մոլագար Կաշվերեսը բենզասղոցով պարում է արևածագի ֆոնին: Հազար անգամ ավելի ռոմանտիկ է, քան մելոդրամաների ղզիկ տեսարանները։ Կարծիքս է ընդամենը, իրականում երկու իրավիճակներում էլ իմ սեփական փորձը նույնն է։
Ուոլմարթի դիմացի վերելքը կարծես իննսուն աստիճան լինի, ու չնայած մի քանի տասնյակ յարդ է ընդամենը, բայց ոտքերս լավ մարզում է։ Հաղթահարելուց հետո նկատեցի, որ փողոցների ամենօրյա մաքրման աշխատանքները սկսվել են։ Աղբատարներից մեկի ամբարձիչի մոտ մեր հարևան միսթր Բենֆորդն է կանգնած։ Զանգով բարևում եմ, նա էլ ձեռքն է թափահարում։ Ազնիվ ու բարեսիրտ մարդ է, յուրատեսակ Քեռի Թոմ։ Հետաքրքիր է, որ աշխատողների մեջ հատուկենտ սպիտակամորթներ կան։ Զվարճանալու համար մի պահ պատկերացնում եմ, թե հեծանիվս իրոք տանկ է, ավելի կոնկրետ՝ Պանցեր։ «Հերր ֆյուրեր, թույլ տվեք զեկուցել, որ հայրենիքը ապօրինի միգրանտներից և ոչ արիական տարրերից ազատագրելու «Ռոթենհալս» օպերացիան հաջողությամբ իրականացված է։ Խնդրում եմ Ձեր թույլտվությունը Պարաբելլումիս վերջին փամփուշտն անձնական Si vis pacem նպատակով օգտագործելու համար»։
Էջանիշներ