User Tag List

Նայել հարցման արդյունքները: Ո՞ր ստեղծագործություն(ներ)ն եք ամենաշատը հավանում.

Քվեարկողներ
23. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Իմպրեսսիա

    11 47.83%
  • Ծովանկար

    10 43.48%
  • Օր

    9 39.13%
  • Առաջին «Ուռագանը»

    2 8.70%
  • Վերջին թռիչքը

    1 4.35%
  • Նորմալ լինելու անտանելի թեթևությունը

    5 21.74%
  • Քլինթ Իսթվուդ

    2 8.70%
Մի քանի ընտրության հնարավորությամբ հարցում
Էջ 1 23-ից 1234511 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 338 հատից

Թեմա: Նորից արձակ. քվեարկություն ու քննարկումներ

  1. #1
    .. ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    9,738
    Mentioned
    38 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Նորից արձակ. քվեարկություն ու քննարկումներ

    Դե ինչ, սկսենք: Մրցույթի պայմանները վերհիշելու համար կարող եք նայել էստեղ:

    Ստացել ենք 7 աշխատանք: Դրանք կարդալու և քվեարկելու համար ունեք 5 օր: Քվեարկությունը բազմակի է (կարող եք մեկից ավելի տարբերակների օգտին քվեարկել) և բաց: Քվեարկել կարելի է՝ միայն բոլոր աշխատանքները կարդալուց հետո: Բացի քվեարկության միավորներից, հեղինակներին շատ կարևոր է ձեր կարծիքը. էնպես որ, խնդրում եմ, ակտիվորեն մասնակցեք քննարկումներին և կարծիք հայտնեք յուրաքանչյուր աշխատանքի մասին:

    Հեղինակները կհայտարարվեն մրցույթի ավարտին: Աշխատեք հեռու մնալ ինքնաբացահայտման հետ կապված բոլոր տեսակի ինտրիգներից, որ ամեն ինչ կարգին ընթանա: Բայց հեղինակներին, ինչպես միշտ, կարող եք փորձել գուշակել:

    Նաև խնդրում եմ հարգալից լինել թե հեղինակների, թե նրանց աշխատանքների հանդեպ:

    Բոլորին բարի ժամանց
    Վերջին խմբագրող՝ ivy: 29.05.2016, 23:49:

  2. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    GriFFin (30.05.2016), John (29.05.2016), Mr. Annoying (30.05.2016), Sambitbaba (30.05.2016), Smokie (31.05.2016), Վոլտերա (29.05.2016)

  3. #2
    .. ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    9,738
    Mentioned
    38 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իմպրեսսիա

    Միայն մի բան էր պակասում... Որ 400.000 կիլոմետրն արդեն վաղուց ետևում թողած հինավուրց Սթադըբեքքերը հազիվ հասցներ անցնել անդունդի վրա գցած կամուրջն ու, արձակելով վերջին հևիհև մռնչոցը, վերջնականապես հանգչեր, այլևս երբեք չվերակենդանանալու մտադրությամբ: Եվ հիմա, երբ հանգած շարժիչի ամենակուլ աղմուկը չկար այլևս, հորդառատ անձրևն առավել ահարկու սկսեց հարվածել մեռած ավտոմեքենայի մետաղե մարմնին:

    Նա գիտեր, որ ավտոմեքենան վերակենդանացնել անհնար է այլևս: Այնպես որ, նստած իրեն այլևս ոչ մի տեղ չտանող ղեկի առջև, ասես վերջին հրաժեշտն էր տալիս մեկին, ով քսան երկար տարիներ իր թափառական կյանքի հավատարիմ ուղեկիցն էր եղել:

    Հին մարտկոցի հույսին մնացած ցոլարձակ լապտերների աղոտ լույսի տակ մի շինություն էր երևում մոտ 60-70 մետր առջևում: Լարելով աչքերը, նա մի կերպ փաբի ցուցատախտակն էլ հայտնաբերեց անձրևի ու մթան շղարշի հետևում: Քանի որ իր համար միակ թանկարժեք բանն ավտոմեքենայի մեջ կիթառն էր, ձեռքն առավ պատյանի բռնակը, դուրս թռավ մեքենայից ու վազեց դեպի շինությունը:

    Նա մտավ փաբ: Կանգ առավ մի պահ հետևում փակվող դռան մոտ: Տեսադաշտում ազատ սեղաններ չկային: Դժգոհ, ցանկանում էր դուրս գալ ու նորից իրեն տալ անձրևին, բայց վերջին պահին բարի մութ անկյունում մի ազատ աթոռ տեսավ ու քայլերն ուղղեց այնտեղ: Բարի հետևից երիտասարդ աղջիկը լուռ գլխով արեց: Ընթացքից պատվիրեց գարեջուր, կիթառի պատյանը հենեց բարին ու մինչ կհասցներ հարմար տեղավորվել բարձր աթոռի վրա, գարեջրի քրտնած շիշը հեռվից սահեց ու կանգնեց ճիշտ իր առջև:

    Մեկ ժամ անց, երբ դատարկ շշերն արդեն չորսն էին, աղջիկը հարցրեց.

    - Ավելի թունդ մի բա՞ն...

    Սթափվեց, կարծես քնից: Նայեց շուրջը: Փաբում միայն ինքն էր մնացել: Մազերն ու անձրևանոցը հասցրել էին չորանալ: Հարցրեց.

    - Աշխարհի ո՞ր կետում է գտնվում այս իջևանը:

    Եվ անմիջապես ստացավ ամենապարզ, ամենաազնիվ և միակ ճշմարիտ պատասխանը. - Վերջնակետում:

    Զարմացած հայացքն ուղղեց աղջկան: Վերջինս, անվրդով, ուսին գցած սրբիչի ծայրով չորացնում էր ձեռքի գավաթը:

    - Հեռվի՞ց ես գալիս...

    - Համոզեցիր: Թունդ բան տուր, քո ճաշակով:

    Գարեջրի նոր շշի պարունակությունը համարյա ամբողջովին տեղավորվեց աղջկա ձեռքի գավաթի մեջ: Հետո աղջիկը վերցրեց թեքիլայի փորքիկ բաժակը, լցրեց թեքիլայով և բռնած այդ բաժակն իր երկու փափլիկ մատներով, սկսեց դանդաղ իջեցնել գարեջրի գավաթի մեջ, իսկ երբ այն կիսովին ընկղմվել էր արդեն, աղջիկը զգուշերն բացեց մատները: Թեքիլայի բաժակը հանգիստ կանգնեց գարեջրի գավաթի հատակին: Եվ, թեթև հարվածից էր դա, թե երկու տարբեր հեղուկների շփումից, բայց այդ պահին հրաբուխի պես մի ժայթքում տեղի ունեցավ գավաթի մեջ և աղջիկը գոչեց.

    - Խմի՛ր: Հենց հիմա՛: Ամբո՛ղջը:

    Լավն էր խմիչքը: Կազդուրեց: Աղջիկը զգաց իր առաջարկած խմիչքի դրական ազդեցությունն ու աչքով արեց.

    - Նույնի կատարմա՞մբ...

    - Անպայման: Որ հիշողությունս հիշի...

    Ժայթյունը կրկնվեց:

    - Լավն է: Որտեղի՞ց ես սովորել:

    - Իմ հայտնագործությունն է...

    - Իսկ անուն դրե՞լ ես:

    - Ըհըն... Կազդուրիչ:

    Իսկ քիչ անց.

    - Ուզում եմ կիթառ նվագել սովորել, կսովորեցնե՞ս...

    - Ես նվագել չգիտեմ:

    - Ըհըն, կիթառ ունես, բայց նվագել չգիտես: Հավատացի:

    - Ընկերոջս կիթառն է դա:

    - Իսկ ընկե՞րդ ուր է:

    - Ընկերս չկա: Խեղդվել է:

    - Դե հա: Էս անձրևի տակ ինչի՞ չխեղդվեր որ...

    - Չէ, լուրջ: Ընկերս վաղուց է խեղդվել, գետում: Այս կիթառն էլ իրենից հիշատակ է մնացել:

    - Իսկ ինչպե՞ս դա պատահեց:

    - Մի անգամ մի երեխա էր ընկել գետը: Ֆաբիանը` ընկերս, - նետվեց գետը, նրան փրկելու: Հետո երեխան մի կերպ փրկվեց, բայց Ֆաբիանը խեղդվեց: Նա մոռացել էր, որ լողալ չգիտի...

    Երկար լռելուց հետո աղջիկը տխուր ասաց.

    - Հիմա չգիտեմ արդեն, Բհիշմայի՞ն եմ ավելի շատ սիրում, թե՞ քո ընկեր Ֆաբիանին...

    - Բհիշման ո՞վ է...

    - Հնդիկների դիցաբանության մեջ` Արևի աստծո որդին է: Լինելով կիսաստված` հսկայական ուժի տեր էր և անմահ այնքանով, որ միայն ինքը գիտեր իրեն սպանելու գաղտնիքը: Ցավոք, այնպես էր պատահել, որ չարի և բարու կռվի մեջ նա ստիպված էր աջակցել չարին, և այդ պատճառով բարին ոչ մի կերպ հաղթել չէր կարողանում: Ի վերջո Բհիշման, բարու համար կռվող Արջունային հայտնեց իրեն սպանելու գաղտնիքը, որպեսզի բարին կարողանա հաղթել չարին...

    - Գիտե՞ս, - երկար լռությունը խախտեց հյուրը, - Ֆաբիանը` ընկերս չէ... Նա... գերմանացի գրող Էրիխ Կեստների համանուն գրքի հերոսն է: Իսկ գիրքը հենց այդպես էլ ավարտվում է, Ֆաբիանի խեղդվելու պատմությամբ:

    - Կիթա՞ռը որտեղից ուրեմն:

    - Մի անգամ, վաղուց, անձրևոտ մի օր Գերմանիայի մի քաղաքում անցնում էի կամրջով ու տեսա այս կիթռը, կամրջի բազրիքին հենած: Երկար կանգնեցի կողքը, սպասեցի, թե մեկը կգա, տեր կկանգնի... Հետո որոշեցի, որ կիթառի տերն էր մի ֆաբիան, ով հավանաբար նետվել է գետը` մեկին փրկելու...

    - Կտա՞ս կիթառը նվագեմ...

    - Վերցրու...

    Գլուխը դրեց ձեռքերին ու սուզվեց ինքն էլ` քնի Ֆաբիա՞նը: Իսկ աղջիկը նվագում էր կիթառը, որ առաջին անգամ էր բռնել ձեռքին: Ու երբ նա գլուխը վեր հանեց քնի մակերես մի կում օդ շնչելու, տեսավ, թե ինչպես աղջկա մատները քնքշորեն շոյում են կիթառի ածելի լարերը սուր, և աղջկա արյունը լարերի վրայով հոսում ու կաթում է գարեջրի գավաթի մեջ, ստեղծելով մի նոր ըմպելիք իր համար` ժայթքած աղջկա սրտից: Բայց նույնիսկ սուզված խորքերը քնի, լսում էր հեռվից աղջկա երգի խոսքերը.

    Դու ինձ երջանկացնում ես,
    Ու ես բուժվում եմ
    Մենակությունից…
    Ամեն անգամ պնդում ես,
    Որ դու գոյություն ունես
    Միայն իմ գլխում,
    Որ քեզ ստեղծել եմ
    Հեքիաթի նման, պատմվածքի
    Պես…
    *

    - Ինչ տարբերություն, թե որտեղ դու ինձ ստեղծեցիր, - ասաց նա, չգիտես` քնած, թե՞ արթուն:

    ________________________________________________________________________________
    *Բանաստեղծության հեղինակ՝ Լիլ Հակոբյան (impression)

  4. Գրառմանը 15 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (30.05.2016), Cassiopeia (30.05.2016), Chuk (30.05.2016), John (30.05.2016), laro (30.05.2016), Mr. Annoying (30.05.2016), Sambitbaba (30.05.2016), Skeptic (30.05.2016), Smokie (01.06.2016), Աթեիստ (30.05.2016), Արէա (30.05.2016), Զաքար (01.06.2016), Նաիրուհի (30.05.2016), Նիկեա (30.05.2016), Վոլտերա (30.05.2016)

  5. #3
    .. ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    9,738
    Mentioned
    38 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ծովանկար

    Միայն մի բան էր պակասում: Այն էլ վերջում նկատեց:
    ***
    Բոբիկ ոտքերով տղան մեկ տարի է ինչ գուլպայագործ էր դարձել: Սպիտակ, բորբոսնած կառույցն ամեն առավոտ մի քանի կիլոգրամով թեթևանում էր: Տղան էր թեթևացնում: Իրեն ոչ ոք չէր վճարում այդ գործի համար: Պարզապես չէր կարող կառույցն այդպես լիքը թողնել ու առանց այդ էլ անհանգիստ գլուխը բարձին դնել: Թարթիչների փակվելուց հետո շրջապատող ծովի լացուկոծը նույնիսկ ակնարկի ձևով չէր հասնում քնած տղային: Իսկ ողջ գիշեր պտտվող պայծառ լույսին վաղուց էր սովորել: Երազներում այդ լույսը փողոցային լապտերի տեսք էր ստանում, ու տղան ամրապնդում էր քունը: Եթե հանկարծ մթնում էր, տղան գիտեր, որ կառույցում է անսարքությունը, ոչ թե իր երազների փողոցներում: Արթնանում էր ու շտապում վերև` փարոսի լույսն ու իր երազների լապտերները կարգավորելու համար:

    Երեկոյան կառույցն արդեն լցված էր լինում: Հյուրերը երբեք չէին ուշանում: Նրանք բոլորն էլ պատրաստված էին գալիս: Հո փարոսի փոքրիկ բնակչի՞ց չէին խնդրելու մի փունջ պարանն ու աթոռը: Առանց այդ էլ տղային նեղություն էին տալիս իրենց մարմինները նվեր թողնելով իրեն, որ առավոտյան գա ու ծովը նետելու արարողությունը կատարի: Ու այդպես անվերջ:

    Միշտ չէր, որ տղան մարմինները պարանից իջեցնելու ու ծովը նետելու արարողության գլխավոր պատասխանատուն էր: Առաջին անգամ պատահաբար էր նկատել մեկին` փարոսի փոքրիկ սրահի առաստաղից ճոճվելուց: Ինչ էլ զվարճանք է գտել իր համար` անցել էր տղայի մտքով: Ինձ ասեր, խաղալիք պարանս կտայի, սրտի ուզածի չափ կճոճվեր:

    Հետո հասկացել էր, որ դա զվարճանք չի, պարանն էլ` իսկական է, տղան չգիտեր, որ իսկական պարանի մեջ արյուն կա ու իսկական պարանով խաղացողների շունչը չի կտրվում, ընդհակառակը, նրանք շնչել անգամ չեն ուզում իսկական պարանով խաղալուց հետո: Տղան առաջին անգամ դժվարությամբ էր ծովը նետել անշունչ մարմինը: Նետելուց պարանը փաթաթվել էր փարոսին ու անշունչը մնացել էր ծովի կես ճամփին:

    Առաստաղից ճոճվողը պատահականություն է` մտածել էր տղան: Բայց պատահականությունն այնքան էր կրկնվել, որ կորցրել էր իր նշանակությունը: Հաջորդ երեքը որոշել էին փարոսի ոլորուն աստիճաններից կախվել, մյուս հինգը` կրկին փոքրիկ սրահում, իսկ հաջորդներն արդեն որտեղ պատահի, որտեղ որ հնարավոր էր իսկական պարանով խաղալ:

    Ինչքան մեծանում էր կախված մարմինների թիվը, այդքան տղայի` այդ մարմինները ծովը նետելու ընթացքն էր դառնում սովորություն: Ավելի ուշ նաև` առօրյա, հետո՝ ներքին պարտականություն: Վերջում երևի դա տղայի մոտ կարիքի կվերածվեր, իսկ մարմինների բացակայության դեպքում տղան իր տեղը չէր գտնի:
    Դա երեկոյան էր պատահում: Տղան դիմավորում էր եկվորներին, թեթևակի ուսերին դիպչում ու ասում.
    - Ձերը ութերորդ աստիճանն է, զգույշ կլինեք
    Մյուսներին`
    - Վերևի խցիկը երեկվանից ազատ է, ներս անցեք

    Երեք տասնյակ մարմին նետելուց հետո տղան ևս մի սովորություն ձեռք բերեց: Նետելուց առաջ մարմինը մերկացնում էր, իսկ հագուստներից գուլպաներ պատրաստում, որ հաջորդին մեկ զույգ գուլպա նվիրի ու ասի, թե կարգն է այդպես, բոբիկ ոտքերով ներս չեմ թողնի:

    Գուլպաները չէին էլ կարող միանման լինել: Նա բաժանում էր կանացի ու տղամարդկային գուլպաներն իրարից: Առաջինը կնոջ ներքնազգեստից, շրջազգեստից ու թաշկինակներից էր կարում, մյուսը պատրաստում էր կոպիտ տաբատներով, վերնաշապիկներով, նույնիսկ` փողկապներով: Նրանք պատվավոր մարդիկ էին` հագուստից կարելի էր ենթադրել: Թե ինչ էին փնտրում առաստաղից կախված` չէր էլ հասկանում տղան:

    Ամեն անգամ գուլպաները հանձնելուց` հարցնում էր.
    - Կանացի՞ն տամ, չորրորդ շարքից պուտավորն է
    Կամ էլ.
    - Վարդագույն փողկապն իր ջինսե տաբատի հետ եմ միացրել, բարով հագնեք

    Ծովի մակերեսին գուլպաներով ոտքերն ու մերկ մարմինները տղայի աչքն էին շոյում, կարելի էր անվերջ նայել այդ տեսարանին, եթե հաջորդներին դիմավորելը չլիներ:
    Պարաններից ճոճվողների, հետևաբար` հագուստների անվերջությունը հանգեցնում էր նաև գուլպաների չվերջանալուն ու տղայի երևակայությունն օրեցօր աճում էր: Գուլպաների հաշվին ծովն աստիճանաբար գունագեղ էր դառնում` ամեն անգամ փոխելով տեսարանը. ֆիլմի պես: Տղան ֆիլմ էր նկարում, հետո վայելում այն:

    Բայց տղան չգիտեր, որ ծովը նետած մարմինները շրջապտույտի մեջ չեն մտնում ու իրենք չեն, որ նորից վերադառնում են փարոս ու մի զույգ գուլպան շալակած ներս մտնում, որ առավոտյան էլի ծովը նետվեն: Տղան չէր ենթադրում, որ մի օր իր ֆիլմը վերջանալու էր, որ դերասաններն ամեն անգամ նշված ժամին չէին գալու ու իր առաջ կանգնեն:

    Մի գիշեր էլ` փողոցային լապտերների անսարքությունից հետո, տղան արթնացավ ու վազեց վերևի խցիկը: Արդեն չորս օր է` հյուրերը չկային: Կառույցը թեթևության մեջ լող էր տալիս, ֆիլմը միապաղաղ ծովի էր վերածվել, գուլպաներ կարելու համար էլ հագուստ չկար: Պտտվող լույսը հանգել էր: Աստիճանները բարձրանալուց հետո ոտքերի տակ իր նախկին հյուրերից մեկի թողած խաղալիքը նկատեց: Նույնիսկ չհիշեց, թե վերջին անգամ ով էր իր կանգնած տեղում կախվել: Բարձրացրեց խաղալիք ձևացող պարանն ու որոշեց իրեն առաջին անգամ թույլ տալ իր ֆիլմում խաղալ: Վերևի խցիկն իսկական բեմ էր ծովի համար: Տղան գիտեր, որ դա անելու համար հարկավոր էր նաև իրեն ծով նետողը: Փարոսին չէր կարող այդ գործը հանձնարարել: Ինքը էլ չէր հասցնի: Այն միտքը, որ ինքը ծովի մեջ չի լինելու, վախեցնում էր: Բայց երկար ժամանակ երևակայության հետ գործ ունեցողի մտքում փարոսի լույսից էլ պայծառ միտք փայլատակեց. առանց ճոճվելու էլ կարող էր խաղալ: Մոտեցավ ու կարգի բերեց պտտվող լույսը, ոտքերն արդեն իսկական դարձած պարանով պինդ կապեց ու ցած նետվելու պահին է, որ գլխի ընկավ, թե ինչն էր պակասում իրեն` ֆիլմը կատարյալ դարձնելու համար:

    Գուլպաների շքերթին սովոր ծովը բոբիկ ոտքերը չգնահատեց, նույնիսկ ուշադրություն չդարձրեց թեթև ճողփյունին:
    Բայց տղան չէր մեղավորը: Ո՞վ մոտեցավ իրեն ու մի քանի զույգ գուլպաներ ձեռքին՝ ասաց.
    - Սևի կողքինը վերցրեք: Տղամարդկային է:

  6. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (02.06.2016), laro (30.05.2016), Sambitbaba (30.05.2016), Աթեիստ (30.05.2016), Դատարկություն (04.06.2016), Զաքար (01.06.2016), Մուշու (03.06.2016), Նաիրուհի (30.05.2016), Նիկեա (30.05.2016)

  7. #4
    .. ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    9,738
    Mentioned
    38 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Օր

    Միայն մի բան էր պակասում. iPod-ս։ Առանց դրա երբեք տանից դուրս չեմ գալիս։ Հանրակացարանի նեղլիկ աստիճաններով ամեն առավոտ երկանիվ տանկս իջեցնելն ու բարձրացնելը տանջանք է իմ պես վտիտ կազմվածքով մարդու համար, բայց, միևնույն է, օրվա իմ ամենասիրելի հատվածն է սա։ Ինքնատիպությամբ չեմ փայլի, եթե խոստովանեմ, որ շատ եմ սիրում լուսաբացին նախորդող մթնշաղի ժամերին հեծանիվ քշելու «հետապոկալիպսիսային» զգացողությունը. շուրջբոլորդ գրեթե ոչ մի կենդանի արարած, դատարկ ու կիսախավար փողոցներ։ «Տեխասյան սպանդ բենզասղոցով» ֆիլմը տեսե՞լ եք, օրիգինալը։ Թրեշի կարկառուն ներկայացուցիչ է՝ վատ դերասանական խաղով, բայց կուլտային ֆիլմ է համարվում։ Իմ ու, կարծում եմ, ֆիլմը դիտածների մեծամասնության սիրելի էպիզոդը վերջաբանն է, որտեղ (ՍՊՈՅԼԵՐ) կենդանի մնացած վերջին մարդուն սպանելու փորձը ձախողած մոլագար Կաշվերեսը բենզասղոցով պարում է արևածագի ֆոնին: Հազար անգամ ավելի ռոմանտիկ է, քան մելոդրամաների ղզիկ տեսարանները։ Կարծիքս է ընդամենը, իրականում երկու իրավիճակներում էլ իմ սեփական փորձը նույնն է։

    Ուոլմարթի դիմացի վերելքը կարծես իննսուն աստիճան լինի, ու չնայած մի քանի տասնյակ յարդ է ընդամենը, բայց ոտքերս լավ մարզում է։ Հաղթահարելուց հետո նկատեցի, որ փողոցների ամենօրյա մաքրման աշխատանքները սկսվել են։ Աղբատարներից մեկի ամբարձիչի մոտ մեր հարևան միսթր Բենֆորդն է կանգնած։ Զանգով բարևում եմ, նա էլ ձեռքն է թափահարում։ Ազնիվ ու բարեսիրտ մարդ է, յուրատեսակ Քեռի Թոմ։ Հետաքրքիր է, որ աշխատողների մեջ հատուկենտ սպիտակամորթներ կան։ Զվարճանալու համար մի պահ պատկերացնում եմ, թե հեծանիվս իրոք տանկ է, ավելի կոնկրետ՝ Պանցեր։ «Հերր ֆյուրեր, թույլ տվեք զեկուցել, որ հայրենիքը ապօրինի միգրանտներից և ոչ արիական տարրերից ազատագրելու «Ռոթենհալս» օպերացիան հաջողությամբ իրականացված է։ Խնդրում եմ Ձեր թույլտվությունը Պարաբելլումիս վերջին փամփուշտն անձնական Si vis pacem նպատակով օգտագործելու համար»։

    Աշխատանքի վայրում եմ։ Գործուղման վայրում, ավելի ճիշտ։ Արդեն երեք շաբաթ է, որ Դաունթաունից ժամանակավորապես տեղափոխվել եմ։ Առաջին անգամը չեմ այստեղ, կոլեկտիվին ճանաչում եմ, գործն էլ անհամեմատ թեթև է, և ամենակարևորը՝ Թանյային դեռ մեկ ամիս էլ չեմ տեսնելու, ինչը լավ է։ Անտանելիորեն լավ, ես կասեի։

    Սուրճ եմ ըմպում ու փորձում վերհիշել երեկ նայած վավերագրական ֆիլմը լարերի և M տեսությունների վերաբերյալ։ Ինչքան էլ մատչելի էր բացատրում հաղորդավարը, իմ հումանիտար ուղեղում նստվածք չէր թողել։ Էդդին նույնպես քչախոս է, բայց Սիլվիան՝ շեֆի նորաթուխ սիրունիկ քարտուղարուհին, չի պատրաստվում նահանջել և անընդհատ խոսեցնում է նրան։ Մեծ ոգևորությամբ պատմում է «Դիվերգենտ» ֆիլմի մասին ու հարցնում՝ արդյո՞ք տեսել է։ Ես և Էդդին հայացքներով փոխանակվում ենք, ժպտում։

    Դուռը բացվում է, և հենասայլակով մի ծերուկ դանդաղացված կադրի արագությամբ մտնում է գրասենյակ։ Նույն պահին սլավոնական առոգանությամբ խոսող և պարանոցին ոսկե խարսխաշղթա գցած հաճախորդի հեռախոսը զանգում է, և լսվում է Բի Ջիզի «Stayin’ Alive»-ը։ Բոլորը համերաշխ ծիծաղում են, սլավոնացին՝ ամենից բարձրը, և չի շտապում հեռախոսը վերցնել։ Ծերուկը, պարզվեց, խառնել էր գրասենյակը, և նույն դանդաղ ու երերացող քայլերով դուրս է գալիս։ Փողկապս սկսում է սեղմել. կարծես օձ լինի, որ փորձում է զոհին խեղդամահ անելով և ուտելով «կենդանի մնալ»։

    Աշխատանքային օրվա ավարտից հետո փակում եմ սենյակիս դուռը, կոլեգաներիս մնաս բարով ասում, քայլում դեպի կանգառ ու նստում մեր թաղամաս գնացող ավտոբուսը։ Ի դեպ, ժամանակավոր կոլեգաներս ավելի հետաքրքիր են թվում, քան հիմնականները, որոնց տափակ ու գռեհիկ անեկդոտներից, ակնարկներից ու զրույցներից վաղուց հոգնել եմ։ Փողոցներով գրասենյակային պլանկտոնն է լողում։ Կանգառներից մեկում տարեց սևամորթ մի կին է բարձրանում։ Հենասայլակով ծերուկի ճիշտ հակապատկերն է՝ բարձրահասակ, գիրուկ ու թիկնեղ։ Հետևի նստարաններն ազատ են, բայց կինը քայլում է առաջ, իմ կողմ։ Կանգնում եմ ու տեղս զիջում։ Թեթև գլխով է անում ու նստում։ Ուժեղ ու սկզբունքային մարդ է երևում, արտաքինին համապատասխան։

    Տանն եմ՝ նոթբուքիս դիմաց։ Մի պահ մտածում էի՝ դուռը կողպեքով փակեմ ու բրաուզերը փոխեմ Ctrl+Shift+P ռեժիմի, հետո փոշմանեցի։ Հոգնած եմ։ Բացված տասնյակ թաբերից առաջինը Ֆեյսբուքն է:
    Թանյա Գևինը հավանում է Դեյվիդ Վասկեսի լուսանկարը։
    Զիլ տղա ես, Դեյվ։ Եթե աղջիկ լինեի, ես էլ երևի կսիրահարվեի քեզ։
    Դուք հավանում եք Դեյվիդ Վասկեսի լուսանկարը։
    Նենսի Ռիչարդսոնը հավանում է Ձեր հղումը։
    Գիտեմ, որ չես լսել ու չես էլ լսելու, քեզ համար չափից դուրս ծանր երաժշտություն է։ Տեսար՝ ոչ ոք բանի տեղ չի դնում, հավանեցիր. կարծրատիպային «նայս գայի» աղջիկ տեսակն ես։ Շնորհակալ եմ, Նենսի։
    Դեյվիդ Վասկեսը հավանում է Թանյա Գևինի լուսանկարը։
    Դեյվիդ Վասկեսը մեկնաբանել է Թանյա Գևինի լուսանկարը. « »
    Թանյա Գևինը հավանում է Դեյվիդ Վասկեսի մեկնաբանությունը։

    Հետաքրքիր կլիներ, եթե մեր ուղեղներում դաջված պատկերներն էլ կարողանայինք հավանել ու մեկնաբանել։ Որերորդ շաբաթն է՝ ոչինչ չես գրում, նույնիսկ մի կոտրված «բարև»։ Վստա՞հ ես, որ, միևնույն է, նորից ես եմ «կոտրվելու», դու էլ չարաճճի կատվի պես խաղաս անզգույշ մկնիկի հետ ու նորից դեն նետես։ Իսկ մկնիկը մուտանտ է, ռեգեներացիայի ունակություն ունի, բայց դեռևս խելքի հաշվին է դա օգտագործում։
    Դուք հավանում եք Թանյա Գևինի լուսանկարը։

    Իմ պատուհանը դեպի արևելք է բացվում, այդ պատճառով մայրամուտը չի երևում, բայց արևի վերջին շողերն այսօր ընկել են դիմացի կայանատեղիում կանգնած քրոմապատ բեռնատարների և նույնպես քրոմապատ Հարլիի վրա՝ ոսկեզօծելով դրանք։ Ամերիկյան երազանքի այս բնական գովազդին նայելով էլ քնով եմ անցնում։ Երազումս ամայի վայրում եմ, «հետապոկալիպսիսային», բայց զգացողությունը, մեղմ ասած, հաճելիներից չէ. կարծես ՄքՔարթիի «Ճանապարհի» փակուղային իրականությունում լինեմ։ Կողքովս ցերեկվա ծերուկն է քայլում նույն դանդաղ քայլերով։ Հանկարծ նա մի քանի վայրկյանում կայտառանում է, երիտասարդանում։ Մռայլ ֆոնին փոխարինում է ակումբի պարահարթակը, հազիվ երևացող արևը դառնում է փայլուն, հայելապատ պտտվող գունդ, և ծերուկը սկսում է հենասայլակով խելահեղորեն պարել «Stayin’ Alive»-ի մեղեդու ներքո, գրեթե ինչպես Կաշվերեսը՝ բենզասղոցով։ Նկատում եմ, որ իմ ձեռքերի տակ էլ է հենասայլակ հայտնվել։ Փորձում եմ մի կողմ նետել, բայց մարմինս անշարժացած է։ Փորձում եմ բղավել, դա էլ չի հաջողվում. շունչս չի հերիքում։
    - Սե՛մ, ընթրիքը պատրաստ է, արի՛։

  8. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (04.06.2016), Sambitbaba (30.05.2016), Smokie (01.06.2016), Աթեիստ (30.05.2016), Նիկեա (30.05.2016), Վոլտերա (30.05.2016)

  9. #5
    .. ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    9,738
    Mentioned
    38 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Առաջին «Ուռագանը»

    Միայն մի բան էր պակասում:
    Չէ, էլի սխալ սկսեցի: Ոչ թե պակասում էր, այլ ավել էր: Տաքսու մեջ «ավել» էր ընկերուհիս: Հազիվ էի զսպում ինձ, որ տաքսու վարորդի գանգը չփշրեմ: Դրա փոխարեն ընդամենը շատ կոպիտ կերպով նրան սաստեցի ու ասացի, որ եթե չի կարողանալու բերանը փակել ու սուս ու փուս քշել մեքենան, ապա մենք կիջնենք ու ոչ մի փող էլ չեմ տա: Ազդեց, ու համեմատաբար հանգիստ վիճակում հասանք Քիսոյենց տան հայաթ: Տրամս տեղը չէր: Մի հատ համով անեկդոտ էի նախապարտրաստել պատմելու համար: Չպատմեցի:

    Քիսոն նայում էր ինձ ու աչքերը շաղաղում: Կանգնած էինք բաց պատուհանի տակ:
    - Սա շատ լուրջ ա, ինչ կոնսեսուս, իշխանությունը հինգ կամ վեց տոկոս, ... միշտ խոսում խոսում են, պատրաստվում են, դուք հլա խոսում եք, ես ասել եմ ամբիցիա չունեմ, ինչքան փող ա պետք, համարի, միգուցե մտածեք ասում եմ, օրինակ ուժ է եղել, ես ասում են եղբայր, դուք հասկանու՞մ եք...
    ......

    Գրկեց ինձ: Վախենում եմ:
    Ինչքան կարելի է կասկածել... Ավելի է մոտենում: Արտաշնչում ենք իրար շրթունքների վրա: Եթե նա շրթներկ քսած լիներ, դա կլիներ վերջը: Տեսնես իր մայրը մեր առաջին հանդիպմանը ինձ կհամբուրի՞: Իսկ հայրը իմ ձեռքը ուժգին կսեղմի՞: Դա կլինի իմ վերջը:
    Քիսոյի լեզուն հայտնվեց շատ մանրամասն լվացված բերանիս մեջ:
    Մի տեսակ թուլություն զգացի:

    Տաքսու վարորդը փոխանջատվեց ու սկսեց էլի խոսել.
    - Ախպես էսի երկրի չի, մենակ Մհերն ա, որ իրա թաղը նայում ա...
    Քիսոյի մերը համբուրում էր իմ թուշը, Քիսոյի հերը կարմրացված գլխով համբերատար սպասում էր, որ ազատվի իմ թուշը:
    Լեզուս ինչ-որ շարժումներ են անում:

    «Լավագույնը մանուկներին...»:
    «Ուզում եք՞ ազատվել անցանկալի մազերից...»
    «Դժվարանու՞մ եք մազի ներկ ընտրելիս... Աֆրոդիտա, հարյուր տոկոսանոց արդյունք...»

    Քրտնել եմ:
    Տեսնես Քիսոյին պառավելուց ո՞նց են կանչելու:
    ... կարո՞ղ է նարկոտիկ եմ օգտագործել: Քիսոն՞...
    Տեսնես ինչ է լինում, երբ նարկոտիկ են օգտագործում:

    -Ուղիղ նայիր աչքերի մեջ ու լեզուդ թուլացրու:
    –Հեսա:
    ... «Վախենում եմ»:

  10. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (30.05.2016), Աթեիստ (30.05.2016), Նիկեա (30.05.2016)

  11. #6
    .. ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    9,738
    Mentioned
    38 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վերջին թռիչքը

    Միայն մի բան էր պակասում։ Փայտիկը։

    Իսկ քիչ հետո ոչնչի կարիք այևս չէր լինի։ Հիշեց՝ ինչպես տարիներ առաջ ինքնաթիռը վթարի ենթարկվեց Սահարայում։ Այն օրերին շարժիչները այնքան էլ հուսալի չէին, ինչպես հիմա։ Բավական էր ճակատագրի մի փոքրիկ հեգնանք, ու «ամպերի ծովերի տակ… հավիտենականությունն է»։ Թռիչքի նախորեին Գիյոմեն էր մի պահ իր սենյակ եկել. խոսել էին դեսից դենից, ինչ-որ բաներ էին հիշել վերհիշել, ու արդեն գնալիս, ասես իմիջիայլոց, Գիյոմեն ինչ-որ փայտի կտոր էր գրպանից հանել։ «Սա ի՞նչ է»։ «Հե՛չ, մոտդ թող մնա, եթե հանկարծ վերևում… ու օդապարիկն էլ չբացվի… դե՛, ոնց որ ասում են՝ թքես փայտիկին»։

    «Memento mori», ասում էին հնում, «հիշիր մահվան մասին»։ Գիյոմեն այլևս չկար, իսկ ինքը դեռ ապրում էր։ Պատերազմը վաղ թե ուշ կավարտվի, բայց էական ի՞նչ կփոխվի դրանից։ Հարկավոր էր ավարտին հասցնել գործը։

    Հիշեց իր իսկ գրած նամակներից մեկը։ «Ուզում եմ ավարտել գիրքս: Այսքան բան։ Նա օգնում է ինձ վերափոխվել։ Ինձ թվում է, այս գիրքը կառչել է ինձնից, ինչպես մի խարիսխ… Ինձ անդադար հարցնում են. «Ի՞նչ ես արել մարդկանց համար»։ Քանի որ ես պատերազմում չզոհվեցի, պետք է վերափոխվեմ մի ուրիշ, ավելի վեհ մի բանի, քան պատերազմը կարող էր դա անել։ Ով կօգնի ինձ դրանում, կհամարեմ ինձ բարեկամ… Հիմա ամեն ինչին նայում եմ այս տեսանկյունից։ Պատերազմի շնորհիվ և ապա Գիյոմեի հասկացա, որ վաղ թե ուշ հեռանալու եմ կյանքից։ Խոսքն այլևս վերացական, բանաստեղծական մահվան մասին չէ, ինչպիսին պատկերացնում է տասնվեցամյա երիտասարդը՝ «հոգնելով կյանքից»: Ոչ, ես խոսում եմ մահվան մասին լրջորեն` կյանքի մասին, որն իր ավարտին է հասել»։

    Տարիներ հետո այս նամակը կդառնա նախաբանն իր անավարտ գործի՝ մի գրքի, որ կանվանվի «Միջնաբերդ»։ Բայց այդ ժամանակ ինքն այլևս չի լինի, իսկ հիմա հարկավոր է ի մի բերել այստեղ այնտեղ թափառող մտքերը։ «Ես գիտեմ, բացատրությունները չեն բուժում։ Բուժում է պոեզիան։ Ու՞մ է երբևէ փրկել բժշկի բացատրությունը։ Բժշկի տեսակետից՝ «մահվան պատճառը ...»։ Այո, իսկապես, պատճառը պարզ է, մարդը մահացել է անառողջ երիկամներից։ Բայց մի՞թե երիկամներով է որոշվում ողջ կյանքը… Մենք բոլորս այնպես տրամաբանորեն ենք ամեն ինչ կառուցել, այնպես ուշադիր ենք հավաքել կերոսինե լամպը, լցրել այն վառելանյութով… բայց լույս չկա։ Պակասում է կրակը…»:

    Ջրի պատնեշը ցնցեց ինքնաթիռի անկումը։ Մի հռնդյուն լսվեց, տեղի ունեցավ մի տեսակ երկրաշարժ, որը հիմնովին ավերեց խցիկը։ Վիրավոր թռչունի նման, ինքնաթիռը մխրճվեց ալիքների մեջ, հետո ամեն ինչ կարծես հանդարտվեց…

    «Ինչպե՞ս առանձնացնել այն, ինչ քեզ թուլացնում է այն բանից ինչ քեզ ուժ է տալիս։ Քամին ավազաթմբեր է կառուցում և հենց ինքն էլ ավազին է հավասարեցնում իր կառուցածը։ Ալիքը հղկում է ժայռը և հենց ինքն էլ այն վերածում ավազի։ Սերը լրացնում է քեզ, և հենց ինքն էլ դատարկում… Թշնամին ձևավորում է քեզ, հարկադրում կառուցել ներքին ամրություն. նա քեզ համար նույնն է, ինչ ծովը նավի համար։ Ծովը թշնամի է հանդես գալիս, այն պատրաստ է կուլ տալ նավին, և նավը անդադար դիմակայում է նրան, բայց հենց նույն ծովն էլ հենարան է նավի համար… Լույս մի փնտրիր, ինչպես մի իր իրերի մեջ։ Քարեր փնտրիր, վանք կառուցիր, և այն կլցնի քեզ լույսով»։

    Հետո ինչ-որ հանգստություն պարուրեց իր ամբողջ էությունը։ Այնքան հարազատ թվաց իրեն այս զգացմունքը, այնքան կարոտած… Ու արդեն մարող հիշողության մեջ ալեկոծվեցին վաղուց կարդացած՝ մանկության գրքերից մեկի առաջին տողերը։

    - Լինում է, չի լինում…

    - Մի թագավոր,- երևի անմիջապես բացականչեն իմ փոքրիկ ընթերցողները։

    - Ո՛չ, սիրելիներս, դուք սխալվեցիք։ Լինում է, չի լինում… փայտի մի կտոր։

  12. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (30.05.2016), Smokie (01.06.2016), Նիկեա (30.05.2016)

  13. #7
    .. ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    9,738
    Mentioned
    38 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Նորմալ լինելու անտանելի թեթևությունը

    Միայն մի բան էր պակասում, որ Ջոզին կատարյալ երջանիկ լինի: Նախորդ օրը Մեթյուի կիսամյակային բնութագրերն էր ստացել: Թեև գնահատականներն այնքան էլ վատ չէին, բոլոր ուսուցիչները կարծես մի բան էին ուզում հասկացնել. Մեթյուին պետք է բժշկի տանել: Ֆիզիկայի ուսուցչին անհանգստացնում էր, որ տղան անգլերեն այնպիսի բառեր է գործածում, որոնք դուրս են աշակերտի իմանալու բառերի շրջանակից: Իսկ գրականության ուսուցիչը խիստ զայրացած էր, որ Մեթյուն ավտոմատ գեներացվող կաղապարների փոխարեն ինչ-որ անծանոթ ու անթույլատրելի վերլուծություններ է գրում: Մեկը մեկի հետևից բոլոր փաստաթղթերում ուսուցիչները փաստում էին, որ Մեթյուն խնդիրներ ունի:

    Ախր ինչու՞ թողեց, որ էսքան ուշանա: Մեթյուն դեռ փոքրուց աննորմալության նշաններ էր ցույց տալիս: Ամենամյա բժշկական հետազոտության ժամանակ ծիծաղի ու լացի միջին տևողությունները միշտ նորմայից բարձր են եղել, ու թեև բժիշկը զգուշացրել է, որ դա կարող է լուրջ խանգարման նշան լինել, Ջոզին շատ ուշադրություն չի դարձրել: «Իմն էլ էր բարձր,- ասել է,- ես հո նորմալ եմ»: Բա երաժշտությունով տարվածությունը: Ինչքան է տանջվել, որ թույլ չտա, որ ոչ մի երգ տուն չմտնի: Բա էն տարօրինակ տեքստերը, որ փոքրուց գեներացնում էր ու սրան-նրան ցույց տալիս:

    Եթե ականջի հետև չգցեր, ու Մեթյուն ժամանակին բուժում ստանար, գուցե տղան նորմալ ծրագրավորող դառնալու հնարավորություն ունենար: Իսկ հիմա մազ է մնում, որ հասարակությանը ոչ պիտանի ճանաչվի: Ուրեմն պետք է չուշացնել բժշկի գնալը:

    Երբ Ջոզին մտավ Մեթյուի սենյակ, տղան մահճակալին պառկած գիրք էր կարդում:
    - Սա քեզ որտեղի՞ց,- Ջոզին ափերից դուրս եկավ ու գիրքը ձեռքից խլեց,- տեսե՞լ ես դասատուներդ քո մասին ինչ են գրում:
    - Ի՞նչ են գրում: Բոլոր քննությունները հանձնել եմ:
    - Ո՞նց ես հանձնել: Անգլերենդ խայտառակ է: Ես էլ ասում եմ՝ էդ բառերը որտեղից ես սովորում... Գրականությունը քեզնից դուրս հիմար բաներ ես գրում... Պայուսակիդ մեջ ֆլեյտա են գտել… Իսկ կոմպիդ անթույլատրելի ֆայլերի մասին էլ չասեմ: Ինձ խայտառակ ես անում աշխարհով մեկ:
    - Մամ, ախր սիրում եմ…
    - Ի՞նչ ես սիրում: Մտածե՞լ ես, որ պիտի մարդ դառնաս, աշխարհ դուրս գաս: Ու՞մ են պետք էդ տառակույտերդ,- Ջոզին խորը շունչ քաշեց,- վաղը գնում ենք բժշկի:

    Առաջին կոնսուլտացիայի ժամանակ բժիշկը զանազան բարդ հարցեր տվեց Մեթյուին, հետո թեստեր անցկացրեց: Պատասխանը հաջորդ օրն ուղարկեց Ջոզիին. «Կպչուն ստեղծագործական խանգարում, նորմոնեքս 30 մգ, օրը երկու անգամ, կոնսուլտացիա երկու ամսից»: Ջոզին թաքուն հույս էր փայփայում, որ ուսուցիչների դիտարկումները սխալ կլինեն: Բայց էկրանին երևացող ախտորոշումը կասկածի տեղ չէր թողնում: «Գոնե բուժելի է»,- մտածեց ու վազեց դեղատուն նորմոնեքսի առաջին տուփը գնելու:

    Երկրորդ կոնսուլտացիան շատ ավելի կարճ տևեց: Բժիշկը մի քանի հարց տվեց, գոհունակությամբ ժպտաց ու ինչ-որ բան գրանցեց համակարգչում: Հաջորդ օրը Ջոզին բժշկից ստացավ. «Առաջընթաց կա: Մեթյուն մոտենում է նորմային: Հաջորդ կոնսուլտացիան երեք ամսից: Բերել նաև նոր կիսամյակի գնահատականները»:
    - Մեթ, լավանում ես:
    - Մամ, ախր վատ չէի, իսկ հիմա ոնց որ հեչ ես չլինեմ: Էլ չեմ ուզում էդ դեղերից խմել:
    - Հիմար բաներ ես ասում: Չե՞ս ուզում բոլոր դասարանցիներիդ պես լինել:
    - Չեմ ուզում:
    Ջոզին կտրուկ նայեց Մեթյուին ու ուզեց ինչ-որ բան ասել, բայց ատամները սեղմեց, զայրույթը զսպելով ատամների արանքից մի կերպ արտաբերեց.
    - Դեղերը խմելու ես: Որոշողը ես եմ:
    Մեթյուի հաջորդ կիսամյակի գնահատականները գոհացուցիչ էին: Ուսուցիչները փաստում էին, որ տղան սովորել է անգլերենի ճիշտ գործածությունն ու էսսեներում ընդունելի մտքերի արտահայտումը: Համակարգչում էլ ոչ մի ավելորդ ֆայլ:

    Երրորդ կոնսուլտացիայի ժամանակ բժիշկն ընդհանրապես Մեթյուին չնայեց: Համակարգիչը փորփրեց, գտավ դեռ նախորդ օրն իրեն ուղարկված գնահատականները, ուշադիր կարդաց, շուռ եկավ դեպի Ջոզին ու հայտարարեց.
    - Շնորհավորում եմ, ձեր տղան արդեն կարող է ծրագրավորող դառնալ:

  14. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Mr. Annoying (30.05.2016), Sambitbaba (30.05.2016), Smokie (31.05.2016), Նիկեա (30.05.2016)

  15. #8
    .. ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    9,738
    Mentioned
    38 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Քլինթ Իսթվուդ

    Միայն մի բան էր պակասում, երկփեղկ դուռ, որ շխկոցով կփակվեր լայնեզր գլխարկով անծանոթի հետևից։ Նա հնաոճ պատյանից հանեց 1942 թվականի արտադրության Մագնումը, որի վրա փայլեց վաղուց ոչ մեկին ոչինչ չասող փորագրությունը` «Smith&Wesson»: Դիակ տեսած ագռավների նման անկյուններից դանդաղ բարի շուրջ կուտակվեցին պանդոկի փոքրաթիվ հաճախորդները։ Անծանոթը ցուցադրաբար ատրճանակը դրեց բարին, ծանր մետաղը զնգաց ու լռեց.
    - Վիսկի, - ասաց նա։
    Չնայած մոտ մեկ հարյուրամյակ է, ինչ ոչ ոք ծխախոտ տեսած չկար, ներկաներից յուրաքանչյուրը պատրաստ էր երդվել, որ անծանոթը 20 տարվա թունդ ծխողներից է, ում կոկորդում մշտապես կանգնած գնդի թաց խռխռոցը ուղեկցում է ամեն մի արտասանած բառին։
    Բարմենը անլվա բարժակի մեջ` կեսից շատը թափելով, լցրեց 100 գրամ ու սահեցրեց ուղիղ անծանոթի ափի մեջ.
    - Դե՛, - հոգոցով արտաբերեց, - Պատմի՛։

    Անծանոթը ցամաքացրեց բաժակը, ցուցամատով բարձրացրեց գլխարկի ծայրն ու չափեց շուրջը հավաքվածների դեմքերը։
    - Տեսնում եմ բոլորն այստեղ են, - սկսեց նա անշտապ, ասես համտեսելով ամեն մի բառը, - Այն ժամանակ ես դեռ աշխատում էի Սիդոնիայի հյուսիսում, մասնավոր բուժկենտրոնում:
    - Մարսի վրա՞, - ակնհայտ հուզմունքով ընդհատեց ակնոցավոր տղամարդը։
    - Չէ մի չէ Կապլեր-62F-ի։ Սիդոնիան գոյություն չունեցող մի տեղ է, գոյություն չունեցող մարդկանցով։ Ու այն, ինչ ես պատմում եմ, բնականաբար երբեք տեղի չի ունեցել։
    - Հը՜մ, - ձգեցին բոլոր հավաքվածները, և միայն մեկը դողալով արտասանեց, - Ինչպիսի սարսափ։ Եթե վերլուծենք, - նյարդային շփեց ճակատը, - ստացվում է, որ մենք նույնպես...
    - Էդգար, հանգստացեք հարգելիս, - ձեռքը գունատ Էդգարի ուսին դնելով, ասաց ակնոցավորը։
    - Նիկոտինային իմպլանտս շարքից դուրս էր եկել ու արյանս մեջ պարբերաբար 6-7մգ դոզայի փոխարեն 34մգ երկակի հաճախությամբ էր տալիս։ ՖիլիպՄորիս Բրենդսը վստահեցնում էր, որ դրանք անխափան 2 տարի աշխատում են: Քրտինքից ու ցնցումներից ինձ նետում էր անզուսպ ծարավի ու տեսիլքների գիրկը։ Դատարկ ստամոքսս փսխման կծկումների մեջ, ասես շրջվել էր հակառակ երեսով և ուզում էր դուրս գալ կերակրափողիս նեղ անցքից։

    - Ես Ձեր փոխարեն ավելորդ մանրամասներից զերծ կմնայի, - ընդհատեց բարմենը, - և հետո կարելի է համեմատություններ օգտագործել։
    - Լսի, - բարմենի օձիքից բռնած մինչև գոտկատեղը բարից այս կողմ քաշելով:
    - Էռնեստ։
    - Ուրեմն, Էռնեստ, անկախ նրանից, որ այս զենքը 300 տարեկան է, գիսագնդերիդ մեջտեղից կոկիկ թունել կբացի:
    - Էռնեստ, թող երիտասարդը շարունակի իր տձև պատմվածքը, թեև ես կնախընտրեի չափածո, բայց ինչ արած. «Que sera, sera», - միջամտեց վտիտ տղամարդը, - Ուիլլիամ, - ներկայացավ։
    - Ես շատախոսներից չեմ, գերադասում եմ գործել, - ի պատասխան խոնարհվեց անծանոթը։
    Էռնեստի մարմնի պատկառելի ճարպաշերտը սկսեց ցնցվել զսպված ծիծաղից։
    - Ծիծաղելի՞ է, - հայացքը մեխելով մի կետի էռնեստի ճակատի կենտրոնում, որն այլ կերպ կոչվում է գլաբելլա (որոշ մտածել ու գործել սովորեցնող գրականության մեջ նշվում է, որ այդ կետին նայելուց ձեր հայացքը դիմացինին թվում է խորը և խելացի, իրականում, մետրից քիչ հեռավորության վրա աչքերը թեքվում են դեպի քիթը, իսկ դեմքը բավականին հիմար տեսք է ստանում)։

    Այդ իսկ պատճառով Էռնեստը նորից սկսելու էր ցնցվել, երբ մագնում 357-ը շեղ անկյան տակ բացեց խոստացած թունելը՝ վերոհիշյալ կետից, բայց ավարտվեց ոչ թե ծոծրակին, այլ գագաթին։
    - Անիծյալ լինի, պետք էր կանգնել, քառորդ վայրկյանվա մեջ կհասցնեի անցքից դիտել դիմացի պատը, - ասեց անծանոթը, բայց ունկընդիր չգտնելով, շրջվեց։
    Ուիլլիամի ուսը մի կողմ հրելով, նկատեց հատակին երկարած Էդգարի մարմինը։ Նրա սև բեղերից առատորեն փրփուր էր հոսում.
    - Էդգարը թույլ նյարդեր ունի, - բացատրեց Ուիլլիամը, - Ինչ-որ է, շարունակե՛ք։
    - Գիշեր չկարողացա քնել։ Նման զառանցանքների մեջ էի մինչև կեսգիշեր, երբ առանց հաստատման պորտատիվ կապի սարքը արտացոլեց ամուր կեցվածքով տղամարդու հելոգրամը։ Նա ներկայացավ որպես Սեթխ։
    - Ո՞վ է այդ Սեթխը, - հետաքրքրվեց Ուիլլիամը։
    - Ոչ ոք, - պատասխանեց անծանոթը։
    - Միգուցե Նեմո կոչենք, - մեկը, որ մինչ այդ լուռ էր, հպարտ սեփական մտքից ծափահարությունների սպասումի մեջ անշարժացավ։
    - Ժյուլ, հարգելիս, կարծեմ նման հերոս արդեն գոյություն ունի, - ակնածանքով արտահայտեց ակնոցավորը։
    - Ռեյ, հերիք սրան-նրան երկրպագեք, առավել ևս Ժյուլին, նա կարծես դրա կարիքը չունի, - հեգնեց Ուիլլիամը։
    - Լռե՛ք բոլորդ, - Մագնումը օդում թափահարելով գոռաց անծանոթը, - հատկապես դու,- ատրճանակով Ռեյին էր ուզում ցույց տալ, երբ բոլորովին պատահաբար ձգանը սեղմվեց։

    Լսվեց նոր ուշքի եկած էգդարի ճիչը, երկու մարմին խուլ ձայնով ընկան հատակին։
    - Նա հրամայեց ինձ հագնվել, - անվրդով շարունակեց անծանոթը, - խոստացավ, որ հետդարձի համար թույլատվություն դուրս կգրի իր անձնական քվանտային տելեպորտից օգտվելու։ Այդպիսիք դեռ երեքն են, ու ոչ մեկը ստաբիլ չի։ Մինչ ես տառապում էի. «Բա որ քթիս տեղը աչք հայտնվի» - կարգի մտքերից, սենյակի դուռը բացվեց, ներս եկավ կարճահասակ երիտասարդ և առաջարկեց հետևել իրեն:
    Միջանցքների լաբիրինթով ինձ ուղղեկցեց լայնարձակ սենյակ։ Պատերին, շքեղ շրջանակների մեջ կախված էին տասնյակ ամենահայտնի նկարներ, սառը զենքերի պատմական նմուշներ, Մագնումը, - մատները սահեցրեց զենքի վրայով, հասավ բռնակին, վարժ ձեռքը վայրկենական հատակին մեխեց տեղից վեր կացող Էդգարին, - Սենյակի մեջտեղում՝ ստազիսի կապսուլայի մեջ, կախված էր Նրա մարմինը, շիջուկից դեղնած մաշկով։ Որովայնի բնորոշ ուռճածությունից եզրակացրեցի՝ մոտ 24 շաբաթ։ Ես նայում էի Նրան անզգայացած, ինչպես...

    - Զգույշ, Էռնեստը շուռ չգա, - սրամտեց Ժյուլը։
    - «Matrem Omnium», այդպես կոչեց Նրան Սեթխը, - ավելի արտահայտիչ դրամատիզմի համար անծանոթը կանգնեց, քայլեց դեպի անկյունը, - ես դեռ չէի հասկանում այդ բառերի իմաստը, իսկ Դուք երբեք չեք էլ հասկանա, - տասերորդ քայլի վրա շրջվեց, միաժամանակ քաշելով ձգանը։
    357-ը անցնելով կրծոկրը, խրվեց ողնաշարը։ Ժյուլը սահեց աթոռից։
    - Սեթխը ասում էր. «Այս կինը կծննդաբերեր ուզածդ հանճարին, ինչպես մարդկանց, ոչ այդքան ակնառու։ Շատերն են եկել ինձ մոտ իրենց անձնկան տաղանդը ձեռք բերելու, շատերը ուղղակի դիտելու, հիստերիկ ֆեմինիստներ, որ ժամերով իրենց պատառոտում էին, թե ինչո՞ւ Նա կին գրողների չի ծննդաբերում»։ Ես հարցրեցի, արդյոք որևէ մեկի հետաքրքել է այս կնոջ ճակատագիրը։ Նա սկսեց պատմել...
    - Պատմվածք պատմվածքի մեջ, բայց այդ ինչ մատրյոշկա է: Դուք խախտում եք բոլոր կանոնները երիտասարդ, - ստվերից անսպասելի հայտնվածը անշնչացած գրկեց սեղանը:
    - Միխաիլ, - մեքնայնորեն արտասանեց Ուիլիամը։
    - Սեթխը պատմեց մի անհայտ գրողի մասին, որ 00-ականներին գրել էր ավտոբիոգրաֆիկ պատմվածք, ակնհայտ կոնտեքստով։

    Անասնաբուժը գիշերային կանչի ժամանակ հայտնաբերում է բուծման համար օգտագործվող ռիջբեք տեսակի շանը, արգանդը 5կգ քաշով, գրեթե անշնչացած։ Ատելությունից կուրացած, նա գողանում է տանտիրոջ ատրճանակը, սպանում է նրան և բոլորին, ովքեր եկած են եղել գնելու նորածին ձագերին, նրանցից ոմանք նույնիսկ վսահությամբ, որ փրկարար գործ են կատարում։ Ավարտվում է պատմվածքը նրանով, որ գլխավոր հերոսը զարթնում է սեփական մեզի լճի մեջ ու գիտակցում, որ այդ ամենը նարկոլեպտիկ զառանցանք է եղել, ինքը ոչ ոքի չի սպանել:
    - Առաջինը ես կլոնավորեցի այդ գրողին։ Հաջորդեցին շատերը, անհամեմատ ավելի հայտնի: Հիմա ստազիսի կապսուլը տաքանում է ժամ առ ժամ։ Ինձ պետք է այս վերջին պտուղը, - նա մոտեցավ ու ձեռքը հպեց ապակուն, - այնտեղ ես եմ։ Դրա համար Դուք այստեղ եք:
    Րոպեներ անց, ջարդված ապակուց դուրս սահած դոնդողանման շիջուկից փայլող մարմինը անշնչանում էր իմ գրկում։ Ես սպանեցի նույնիսկ այն երիտասարդին, որ գերագույն էսթետի նման կլանվել էր «Կյանքի ուրախությամբ», ես դա արեցի վերստին հաճույք ստանալով, որովհետև նրա անտարբերությունը ինձ խեղդում էր։

    - Իսկ մեզ ինչո՞ւ ես սպանում, - չզսպեց վերջին հարցը Ուիլլիամը։
    - Ես հիշում եմ հիասթափությունը պես մի բան, անցյալից, որ իմը չի եղել։ Դո՞ւք, Դուք նույնիսկ ձեր բնօրինակին նման չեք։ Թշվառ պատճեններ, անվերջ կանոնների ու կարգերի շարան։ Ձեզնից ամեն մեկին սպանելուց, ես վախենում եմ, որ կզարթնեմ սեփական մեզիս մեջ ու մի թշվառ պատճեն էլ ես կդառնամ, - Մագնումը հպվեց Ուիլլիամի քունքին, որոտաց ու լռեց։
    Անծանոթը ատրճանակը խոթեց բերանը, բայց հիշեց, որ Մագնումը ունի ընդամենը վեց փամփուշտ։ Դատարկ պատյանը գոտկատեղից հանելով, նա մտածում էր ֆիզիկայի օրենքների մասին, որ վստահեցնում են, թե ընկնող բաժակը փշրվելու փոխարեն կարող է քաոսից հետ գալ կարգավորված վիճակի։
    - Ուղղակի հարկավոր է, փաստում են նրանք,- Ուլլիամի դիակի կողքին ծնկի իջնելով,- փոխել բոլոր փշուրների ուղղությունը:
    Վերջին խմբագրող՝ ivy: 30.05.2016, 00:55:

  16. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (31.05.2016), Skeptic (30.05.2016), Նիկեա (30.05.2016), Վոլտերա (02.06.2016)

  17. #9
    .. ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    9,738
    Mentioned
    38 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վերջ:

    Ստեղծագործությունները համարակալված չեն, որ քննարկելիս նշեք վերնագրերը, ոչ թե «տարբերակ եսիմինչ»

    Քանի որ Մեֆը, խախտելով կանոնը, քվեարկեց մինչև բոլոր ստեղծագործությունները կարդալը, իր քվեն կզրոյացվի:

    Բարի քննարկումներ

  18. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Վոլտերա (30.05.2016)

  19. #10
    գիշատիչ Վոլտերա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2012
    Հասցե
    Բլրակ
    Տարիք
    23
    Գրառումներ
    1,523
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Առաջինն աչքիս Սամն է գրել:
    Blessed the poison which brings the end

  20. #11
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    5,087
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երկրորդն էլ Մարիշը:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  21. #12
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Կոպենհագեն
    Տարիք
    32
    Գրառումներ
    23,858
    Բլոգի գրառումներ
    17
    Mentioned
    28 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Անցանք գործի
    Իմպրեսսիա

    Հեղինակ ջան, աշխատիր անհարկի մակդիրներից ու ածակներից խուսափել, ահավոր ծանրացնում ա տեքստը: Նայի ստեղ.
    Եվ հիմա, երբ հանգած շարժիչի ամենակուլ աղմուկը չկար այլևս, հորդառատ անձրևն առավել ահարկու սկսեց հարվածել մեռած ավտոմեքենայի մետաղե մարմնին:
    Էս բառերի մի մասը կարելի ա հանգիստ հանել, ոչ ոք չի նեղանա, տեքստն էլ նույն իմաստը կունենա: Նայի, մեքենայի մարմինը սաղս էլ գիտենք, որ մետաղից ա: Ուրեմն չարժե նշել դրա մասին: Այ եթե բամբակից մեքենա լիներ, գուցե էդ ժամանակ իմաստ ունենար նշելը:

    Բայց գործն ընդհանուր լավն էր Իմ սիրած ձևի սյուռ պահեր կային մեջը, էն որ չես ջոկում՝ բայց ինչու՞ սենց ու նենց, ու մեկ էլ ջոկում ես՝ աշխարհի վերջակետն ա, պարզ ա պիտի սյուռ բաներ լինեն: Իհարկե, աղջկա «սրտի ժայթքելը» պակաս համոզիչ էր մնացած բաների համեմատ, ու պատմվածքը զարգացրած չէր դեպի էդ կետը: Բայց մի խոսքով, ահագին հավանական ա, որ էս գործին ձայն տամ

  22. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Աթեիստ (30.05.2016)

  23. #13
    .. ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    9,738
    Mentioned
    38 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինձ ամենաշատը Օրն է դուր եկել: Դինամիկան, տեմպը, մի մտքից մյուսին թեթևությամբ անցնելը, շարադրանքը, դետալները(!), ժամանակակից լինելը: Շատ հավեսով եմ կարդացել:

    Իմպրեսսիան էլ եմ հավանել, բայց էս անգամ մտածում եմ մենակ ամենաշատ դուր եկածի օգտին քվեարկել: Դեռ կորոշեմ:

    Հետո առանձին կգրեմ բոլոր գործերի մասին:

  24. #14
    .. ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    9,738
    Mentioned
    38 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Քվեարկողներ, մի քիչ գրեք տեսնենք՝ ինչի եք էդ աշխատանքներին ձայն տվել:

    Մյուսներն էլ, հուսով եմ, արագ կկարդան ու կմիանան քննարկմանը:

  25. #15
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    35
    Գրառումներ
    11,460
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կարդացի բոլորը, Իմպրեսսիան, Ծովանկարը ու Օրն են դուրս եկել, Նորմալ լինելու անտանելի թեթևությունը վատիկը չի, բայց էն երեքին չի հասնի, Քլինթ Իսթվուդից բան չհասկացա, մի հատ էլ կկարդամ որ վերծանեմ, թե ինչ ա կատարվում: Դեռ չեմ քվեարկում, մի քիչ մտածեմ մի հատին ձայն տա՞մ, թե՞ բոլոր դուր եկածներին:
    Վերջին խմբագրող՝ Ռուֆուս: 30.05.2016, 16:30:
    I may be paranoid but no android!

Էջ 1 23-ից 1234511 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Նորից արձակ. մի նոր մրցույթ
    Հեղինակ՝ ivy, բաժին` Ժանրային մրցույթներ
    Գրառումներ: 16
    Վերջինը: 29.05.2016, 23:22
  2. Պիես. քննարկումներ և քվեարկություն
    Հեղինակ՝ ivy, բաժին` Ժանրային մրցույթներ
    Գրառումներ: 375
    Վերջինը: 23.03.2015, 22:51
  3. Տարօրինակ պատմություն. քվեարկություն և քննարկումներ
    Հեղինակ՝ ivy, բաժին` Թեմատիկ մրցույթներ
    Գրառումներ: 336
    Վերջինը: 27.07.2014, 13:48
  4. Արձակ էջեր
    Հեղինակ՝ Smokie, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 10
    Վերջինը: 14.02.2011, 20:15
  5. Արձակ. Շարլ Բոդլերի արձակ բանաստեղծությունները
    Հեղինակ՝ El Tango, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 3
    Վերջինը: 07.12.2009, 22:16

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •