Իմ տունը ավտոբուսի վերջին կանգառի մոտ է: Ամեն առավոտ ես դատարկ ավտոբուսի առաջին ուղևորն եմ: Ամեն անգամ ավտոբուսում ինձ համար նստելու տեղ կա:
Ուղղակի տխուր է, երբ առավոտ ոչ մեկին բարի լույս չես մաղթում ու քո բաժին բարի լույս-ը չես ստանում: Իսկ ինձ, բացի ինձանից, ուրիշ ոչ ոք բարի լույս չի ասում: Ու ես, բացի ինձանից, ուրիշ ոչ մեկին բարի լույս չեմ ասում: Ես մենակ եմ: Ես մենակ եմ այնքան, ինչքան մենակ է մեր մոլորակում յուրաքանչյուրը, ինչքան մենակ է բոլոր մոլորակներից յուրաքանչյուրը:
Ավտոբուսը շարժվում է: Գնում է առաջ, մինչև հասնում է հաջորդ կանգառին ու, ասես շունչ քաշելու համար, կանգնում: Դռները լայն բացվում են, ու բարձրանում է ինչ-որ մեկը, ում երևի տանից դուրս գալուց առաջ գրկել ու համբուրել են: Դա երևում է նրա աչքերում: Նա նայում է ինձ, ժպտում ու նստում լուսամուտի կողքին: Ես կհիշեմ քո ժպիտը: Ավելի ճիշտ` կփորձեմ չմոռանալ:
Հետո էլի առաջ ենք շարժվում: Հայելու միջով հետ են վազում շենքերն ու խանութները: Իրականում իրենք առաջվա տեղում էլի մեխված են, մենք ենք առաջացել: Բայց երբ մի պահ մոռանում ես, որ շարժվողը դու ես, սկսում է թվալ, թե իրականում նրանք են հետ գնացել:
Ավոտբուսը քիչ-քիչ լցվում է: Մեծ ու փոքրեր, ծերեր ու երիտասարդներ, երջանիկներ ու դժբախտներ… բոլորը ինչ-որ տեղ են շտապում… ոմանք ժպտում են, ոմանք վաղուց չեն ժպտացել, իսկ մի մասն էլ երևի ընդհանրապես չգիտի ժպտալ: Ոմանք իջնելիս շնորհակալություն են հայտնում, մյուսները արագ փոխանցում են հարյուր դրամն ու անհետանում կանգառում հավաքված լիքը անանուն ու անդեմ մարդկանց մեջ, ոմանք ստանում են ուրիշի փոխարեն…
Օրվա տարբեր ժամերին ավտոբուսի բեռնավորված է տարբեր աստիճանի… բայց բեռնավորված է: Ավտոբուսում միշտ էլ ինչ-որ մեկի համար թեկուզ կես ոտքի վրա կանգնելու տեղ կճարվի: Ու եթե անգամ վարորդը որոշի, որ էդ կանգառից էլ ոչ մեկին չի վերցնելու, դա դեռ չի նշանակի, որ կանգառում կանգնածներից թեկուզ մեկը չէր ցանկանա ներս խցկվել: Մարդիկ միշտ ինչ-որ բան են ուզում անել, որի համար պետք է ինչ-որ տեղ գնալ, ինչ-որ փոխադրամիջոցով ու մարդիկ միշտ շտապում են, ինչ-որ տեղ:
Ավտոբուսը շարժվում է առաջ: Օրն էլ է շարժվում: Մեկ-մեկ ինձ թվում է, թե օրն էլ է ավտոբուսի ուղևորը:
Ես կուզեի ավտոբուսում տեղս զիջել մարդկանց, ցանկացած մեկին, եթե անգամ լիքը ազատ տեղեր լինեին: Տեղս կզիջեի առաջին պատահածին ու կիջնեի հաջորդ կանգառում: Ինչի՞ չեմ անում… Չգիտեմ:
Մեկ - մեկ մտածում եմ, որ մեր կյանքը նման է ավտոբուսով շատ հեռու տեղ գնալու ու մեր կանգառը ամենավերջինն է: Էդ ճանապարհին լիքը կանգառներ կան ու ամեն անգամ, երբ ավտոբուսը կանգնում է, ինչ-որ նոր մարդիկ են բարձրանում: Բայց մի քանի կանգառ հետո իրենք իջնում են` տալով իրենց տալիք ուղեվարձը: Ոմանք, պարզվում է, սխալմամբ են նստել քո ավտոբուս ու երբ հասկանում են, որ սխալվել են, անմիջապես իջնում են: Չէ, հաստատ կյանքը նման է ավտոբուսով ինչ-որ տեղ գնալուն, ուղղակի լավ չի լինի, եթե իջնես վերջին կանգառում ու պարզվի, որ դու էլ էիր սխալվել:
Իմ տունը վերջին կանգառի մոտ է ու նախքան իմ կանգառ հասնելը վերջին ուղևորները արդեն լքած են լինում ավտոբուսը ու ես իմ կանգառ մենակ եմ հասնում: Կանգնեցնում եմ ավտոբուսը մնացած ավտոբուսների կողքին ու գիշերվա մեջ լուծվելով տուն եմ բարձրանում: Հիշում եմ առաջին ուղևորիս: Նա ժպտում էր: Երեկոյան տուն գնալիս էլ հաստատ կժպտար, որովհետև տանը իրեն գրկելու էին ու համբուրեին, որովհետև իր տան պատուհանը ժպտալու էր իրեն ու չթողներ մոլորվել գիշերվա մեջ:
Փոքր ժամանակ վախենում էի մթությունից, իսկ հիմա երևի սիրում եմ: Փոքր ժամանակ վախենում էի մթության մեջ թաքնված հրեշներից, իսկ հիմա շնորհակալ եմ մթությանը ամեն տեսակ հրեշներին թաքցնելու համար: Ու ես կպառկեմ բազմոցին… ոչ ոք վերմակով ինձ չի ծածկի… ես կփակեմ աչքերս մինչև էլի կբացվի լույսն ու կսկսվի նոր օրը: Նույն նոր օրը....
Էջանիշներ