«Ես ասել եմ, որ եթե վարչապետ աշխատած մարդը նման բան է ասում, ուրեմն մի բան գիտի: Նա տիրապետում է բավական լուրջ ինֆորմացիայի, որը կարող էր ասենք հասանելի չլինել բոլորին, այդ առումով հավատում եմ նրա խոսքերին: Հիմա եթե դրանից Ադրբեջանը վայնասուն է բարձրացրել, իրենք թող մտածեն իրենց կատարածների մասին: Հայաստանի առջեւ կանգնած է շատ լուրջ սպառնալիք, որը տեղի է ունենում ամբողջ աշխարհի աչքի առջեւ: Նույն ԵՄ ներկայացուցիչները փոխանակ իրենց կոչմանը համապատասխան արձագանքեն այն իրավիճակին, որն այսօր գոյություն ունի, երբ բոլորի աչքի առաջ Ադրբեջանը պատերազմական գործողություններ է իրականացնում՝ անընդհատ խոստանալով իր սպառազինություններն ավելացնել»,- ասաց նա: Լրագրողները հետաքրքրվեցին, թե արդյոք Հայաստանի համար վտանգավո՞ր չի լինի, եթե պարզվի, որ Հայաստանը միջուկային զենք ունի. Ռուստամյանի պատասխանը հետեւյալն էր. «Եթե նման բան պարզվի, մենք ոչ մի վտանգ էլ չենք ունենա: Մենք էլ ասում ենք, որ զենքի բալանսը լրջորեն խախտվել է հօգուտ Ադրբեջանի, պետք է այդ բալանսը պահպանվի, այնպես որ, թող գան ու ստուգեն: Բոլորի աչքի առաջ Ադրբեջանը զինվում է ու սպառնում, կիրառելով այնպիսի զինատեսակներ, որոնք արգելված են ըստ էության: Հայաստանը միջազգային պատմության մեջ երբեք սպառնալիք չի հանդիսացել, Հայաստանից երբեք պատերազմ չի սկսվել, հակառակը` Հայաստանին են միշտ պատերազմ պարտադրել: Ուրեմն` թող եվրոպական պաշտոնյաները տեսնեն, թե ով է իրական սպառնալիքը տարածաշրջանում` թուրք-ադրբեջանական տանդեմը, եւ նաեւ թող ստուգեն ու ասեն, թե այդ ի՞նչ թուրքական զորքեր են կուտակվում Նախիջեւանում: Միջազգային հանրությունը թող սանձի թուրք-ադրբեջանական տանդեմին, որն ուզում է երկու կողմից մեզ մամլիչի տակ առնել, նոր կխոսենք նորմալ հարաբերությունների մասին: Բանը բանից անցել է, նոր հիշում են ինչ- որ պայմանավորվածություններ, միջազգային չափանիշներ: Հենց այդ երկակի ստանդարտներն են պատճառը, որ այսօր այս վիճակի ենք: Միջազգային կարգը, որը պետք է կանխեր պատերազմի սպառնալիքը, այսօր խաթարված է»
Էջանիշներ