User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 3 համարի արդյունքները՝ ընդհանուր 3 հատից

Թեմա: Պապիկի կադիլակով ...

  1. #1
    + Alizée + Ծով-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Հասցե
    Montpellier, France
    Տարիք
    34
    Գրառումներ
    2,093
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պապիկի կադիլակով ...

    I

    Ամառ, շոգ, աներես արև, բայց Երևանում ․․․ես Փարիզում եմ, այս քաղաքի մասին մարդիկ երազում են, իսկ իմ շատ պետքն էլ չի, ասեմ ինչու . որովհետև ամառ է արդեն հունիս ամիսը, իսկ այստեղ ՝ ամպամած …մտքով իմ Երևանում եմ՝ Արևի քաղաքում :
    Շատերը կարծում են, թե Երևանից հեռու լինելը հեշտ է : Մի ժամանակ հեշտ էր իհարկե. գնում էի Երևան, հարազատներիս տեսնում, կարոտս առնում ու վերադառնում իմ Փարիզները, հիմա հարազատներս ցրվել են տարբեր երկրներով , ու մեզ կապում է այնտեղ միայն տատիկը, Մեծ տատիկը․․․
    Երբ փոքր էինք , տատիկը մեր ամենասիրելի հերոսն էր, ամեն ինչ հասցնում էր էդ կինը՝ եփել, թափել, լվանալ ․․․վեց թոռ ունի, բոլորիս խնամում էր տատիկը․․․ինչ գժություններ, որ չենք արել, իսկ տատիկը մեզ փրկում էր պատժվելուց : Մի անգամ խնամքով թաքցրեց Ժոժոյի ( անունը Ժիրայր) արմունկի վերքը ․ամառվա շոգին երկարաթև վերնաշապիկ էր հագցրել , բա թե ՝ էրեխեն մրսում է․․․

    - Էէէ, Էլի՛զ, արթնացի՛ր, հեռախոսդ է, զանգում են, չթարգեցիր էլի մտքումդ ապրելը
    - Ո՞վ ա, մա՛մ
    - Աշոտն ա
    - Աշ, բարև կորա՛ծ, ո՞նց ես, ի՞նչ ես, էս ու՞ր ես , չկաս սկայպերում
    - Բոնժուղ մադմուազել, կորածից եմ լսում, գնա՛ մի տեղ, քեզ չլսեն, ավելի շուտ գունաթափվող դեմքդ չտեսնեն, բան կա ասելու
    - Հո բան չի՞ եղել , Ա՛շ
    - Գնացի՞ր
    - Ըհըն
    - Տատիկը լավ չի, շատ վատ ա, գնում ա ․․․
    - Ո՞նց գնում ա, ու՞ր ա գնում
    - Վայ , դեբիլ Էլիզ
    - Դե լավ էլի , Ա՛շ, նոռմալ խոսա՛, այսինքն մեռնում ա՞ տատիկը
    - Լեզուս չի պտտվում ասեմ, տենց մի բան․․․մամա, պապա չիմանան․․․արդեն Ժոժոյին զանգել եմ, դու Գայանեին զանգիր ու Սուսոյին, ես Արմանին էլ կասեմ,արձակուրդ վերցրե՛ք ,եկե՛ք Երևան, տատիկի համար տոն սարքենք․․․
    - Սիրտն ա՞
    - Դանդաղ ա քայլում, հիշողությունը գնում ա, գալիս, լացում ա, ծիծաղում ա
    - Գժվում ա՞, Աշ
    - -Ի՞նչ ես խոսում․․․
    - Դե ,չգիտեմ, դու էլ,ծերունական պսիխոզ են ասում, ինչ
    - Հա, տենց մի բան
    - Բա ի՞նչ բերեմ
    - Ու՞մ
    - Քեզ, տատիկին
    - Ինձ lucky strike, գիտես էլի
    - Պանի՞ր , գինի՞
    - Վիսկի,շամպայն,հայերը ոնցոր էդտեղ շատացել են, մի քիչ էլ լավաշ բեր
    - Էհ, հումորդ քեզ ուտի,բա տատիկի՞ն
    - Տատիկը մեռնում ա․․․բան էլ պետք չի
    - Հիմա՛ր․․․
    - Լավ,ուրեմն տատիկին էլ օծանելիք,վերջանում ա․․․ Սուսոյին, Գայուշին զանգի՛ր, տես ինչ են ասում, ինձ տեղյակ պահի՛ր,լա՞վ, ավելի շուտ d’accord ?
    - D’accord

    Դե, ոնցոր պայմանավորվել էինք, զանգեցի Գայուշին,Սուսոյին,երեք օրից Երևանում ենք, մտնում ենք տուն, տեսնենք տատին տուն ա մաքրում, իրեն հատուկ էնտուզիազմով․․․կարծես թե արդեն պարզ է՝ թակարդի մեջ ենք, տատիկը ոչ էլ մեռնում է, մենք էլ պիտի մնանք Երևան, արձակուրդ անցկացնենք քառասունքը տանք ՝կենդանությա օրոք ու էլի գնանք, որտեղից եկել ենք․․․

    - Տա՛տ, քեզ համար օծանելիք եմ բերել
    - Վայ, ապրես, Էլզա ջան
    - էլիզա, տատի՛
    - Տենց էլ քո անունը չսովորեցի,էդ էլ մորդ թիթիզությունը, մարդ էլ իր սեփական աղջկա անունը կինոյի մեջի մեռնող աղջկա անունը դնի :Դու հեչ հարցրել ես, բալե՛ս, թե քո անունը ինչի ա Էլիզա․․․
    - Չէ, տատի, անուն ա էլի, դու հեչ հարցրել ես,թե քո անունը ինչի ա Որմինզդուխտ
    - Կամաց, աղջի՛, ուրիշ տեղ չասես, ինձ Ալվարդ են ասում․․․
    Լսվում է Աշոտի ձայնը․
    - էրեխեք, ես մեղք չունեմ, տատիկը ասել ա՝ մեռնում եմ, ես էլ հավատացել եմ․․
    - Բա,լավ, Ա՛շ,չե՞ս տեսել, որ սենց առույգ ա
    - Չէ, Սուս ջան, երեկ անկողնային վիճակում էր, ասում էր ՝ գնում եմ, լացում էր, ծիծաղում էր, ոնցոր Էլիզին պատմել եմ էլի․․․
    - Պարզ ա, մենք եկանք, լավացավ․․․այ տատի՛, հո քո գերին չենք, գործ ունենք,չէ՞, գիտես էդ արձակուրդ վերցնելը հեշտ ա՞․․․Կամ Գայուշը, հղի ինքնաթիռ ա նստել, գիտե՞ս ամերիկացի մարդուն համոզելը հեշտ ա՞
    - Դուք ամաչեք, դուք, որ մեռնեմ չեք էլ իմանա, ճամպրուկներդ դասավորեք, եկեք հաց ուտելու, ու էլ չհակաճառեք, Սուսո՛, Գայու՛շ, դուք ի՞նչ եք բերել տատիին,դուք նույնիսկ թաղում գնալու փորձ չունեք, էս ճղած ջինսով թաղմանս չգաս,Էլիզ աղջիկ․․․(ջղայնացած նայում է ինձ)
    - Ամեն ինչ էլ բերել ենք տատիկ ջան, նույնիսկ կոշիկ էի գնել, որ պատրաստի ունենաս,մի համար մեծ, որ դրախտ գնալուց, ոտքերդ ուռի, չցավացնի էլի ,-Գայուշն ա :․․

    Ծիծաղում ենք․․․ինչ լավ է, որ տատիկն այսքան առույգ է, բայց երբ ոգևորվածությունը անցնում է, նայում եմ ու զգում, որ անասելի ծերացել է, առաջվանը չէ, համենայնդեպս ավելի քիչ է խոսում, ավելի շուտ․ ավելի շատ է լռում․․․

  2. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    GriFFin (07.05.2016), Sambitbaba (07.05.2016), Նիկեա (06.05.2016)

  3. #2
    + Alizée + Ծով-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Հասցե
    Montpellier, France
    Տարիք
    34
    Գրառումներ
    2,093
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    II

    Լիարժեք չի երջանկությունը տատիկի, Արմանը չի կարողացել գալ, ընդ որում չի կարողացել գալ Մոսկվայից, դե էնտեղ արձակուրդ վերցնելը ավելի բարդ է, համարյա Հայաստանի նման, արձակուրդ գնալու միակ լուրջ պատճառը քո սեփական հոգեհանգստին մասնակցելն է․․․
    Տատիկը քնեց․․․մենք ընկել ենք հիշողությունների գիրկը : Տունը փոխվել է, հատակը ճռում է, աստիճաններրը, թվում է՝ ուր որ է կփլվեն, բայց միայն թվում է․փայտն է հնացել, ամուր է պապիկիս կառուցած տունը․․․մարդn ինչ պետք է արեց՝ ծառ տնկեց, տուն սարքեց, տղա էլ, աղջիկ էլ ունեցավ, իսկ մենք հիմա հյուր ենք այս տանը, բայց ամեն ինչի տեղը հիշում ենք․․․նույնիսկ թե որտեղ էինք ժոժոյին թաքցնում ու տանը շուխուր գցում, թե Ժոժոն կորել ա, հիշում ենք, թե որտեղ էր տատիկը պահում հին նկարները, որ ձեռք չտանք, ինչ ասեմ, ըհըն , ձեռքը տանում է Սուսիկը, միանգամից դարակը բացում, նկարներով լի արկղիկը վերցնում, բոյը հասնում է, արդեն վաղուց․․․Բացում ենք հին զարդասեղանի դարակները, հերթով փորձում զարդերը, որ տատիկը կրել է, տղերքին հագցնում ենք պապիկի պիջակները, որ տատիկն այդպես էլ չկարողացավ նետել, ասում է՝ դեռևս Սովետի ժամանակ պապիկը լավ պաշտոն ուներ, դրսից է բերել, ընտիր, ընտիր :․․․
    Ամեն ինչ տեղում է, միայն մի նոր անկյուն կա, որտեղ տատիկի՝ լուսանկարների հավաքածուն է,փաքցնում է պատին, որ հազարերոդ անգամ հարևան Լուսիկին ցույց տա, Լուսիկն էլ անգիր գիտի բոլորիս, ինձ նույնիսկ Էլիզա է ասում Էլզայի փոխարեն : Տատիկն ամեն ինչ ունի, տունը հագեցած է նորագույն տեխնիկայով, ով ինչ հասցել ուղարկել է, դե Աշն էլ տատիկի սիրած թոռնիկն է, կողքից երբեք չգնաց :Աշին ոնցոր պահակ թողած լինեն մերոնք : Ավտովթարից հետո, տատիկը Աշոտի խնամքով զբաղվեց ու էդպես միակն էր, որ մնաց Երևանում : Ճարտարապետ է, աշխատում է իր հիմնած գրասենյակում, պատվերը քիչ է, սկզբունք ունի․ քաղաքը չի քանդում ու հենց դրա համար էլ պատվերը քիչ է, բայց յոլա է գնում․․․մմմ, էս յոլայի հետ է օժանդակ բայը հեչ չի սազում․․․
    Գայուշը , դե ինչ պատմեմ, մազերը կտրել , դարձել ա Պենելոպա Կրուզը չեմ հիշում որ ֆիլմից․․․հղի ա, մարդն էլ ՝ամերիկացի, ծանոթացել են Նյու Յորքում, երբ Գայուշը գնացել էր սովորելու, ավելի շուտ կատարելագործվելու հոգեբանության մեջ․․․Սովորելու էր գնացել «Հույս » հիմնադրամի ծրագրով, դե, ոնցոր ասում են, Հույսին հուսախաբ արեց, սիրահարվեց․․չնայած, լավ էլ տղա ա, նկատի ունեմ ցեղասպանություն, բան, ամեն ինչ ընդունում ա․․․առհասարակ ինչ կա չկա հայերի հետ կապված ընդունում ա, նույնիսկ որ աֆրիկյան փղերը ծագումով հայ են :
    Գաղափար չունեմ, թե Գայուշը ոնց ա ընտրել իր մասնագիտությունը,դե մեղմ ասած, շատ տզտզան ա․․․պատկերացնում եմ՝ հաճախորդը գալիս ա, կյանքը պատմում , Գայուշս էլ նստում , էնքան ա հետը լացում, որ հաճախորդը միագամից ուշքի ա գալիս,երևի դա էլ իր մեթոդն ա․․․

    Արդեն առավոտ է , նստած եմ , պատուհանի գոգին, ճիշտ նույն տեղում, որտեղ միշտ նստում էի, երբ փոքր էի, ձեռքս միշտ տետր կար, գրում էի ու գրում, ինձ ասում էին Երազկոտ Էլիզ, ինչքան գրում էի, այդքան պատռում էի․․․
    - Էլիզ ջան, դու մինչև հիմա օրագիր ե՞ս պահում, դու կարող ա՞ գաղտնի գործակալ ես, մինչև հիմա չգիտենք, աղջի՛կ ջան ․․․հասկացանք՝ մամադ քեզ համոզել ա, որ դու լուրջ գրող ես, բայց հերիք ա մեր դեմ, մեր վրա , մեր մասին գրես, գոնե մարդ եղի՛ր, տու՛ր թող Լուսիկ տոտան կարդա․․․
    - ՈՒֆ, Ժոժ, նույն ապուշն ես, չնայած մի քիչ լցվել ես, ախպերս, էս ինչի՞ ուշացար
    - Չուշացա, ի տարբերություն ձեզ, ինձ դիմավորող չկար, տաքսի վերցրեցի, Տատիկի թոշակի չափ փակվեցի․․․ ասում ա՝ դու երևի տուրիստ ըս ԱԽՊՐՍ, էդ ճամփեքը փաԳ ա ՀԸՄԻ ռեմոնԴ ա, Պդի, էն մԸսով քշեմ, ու տենց․․․ դասական տաքսիստ էր՝ համ մանր չուներ, համ էլ հաշվիչն էր փչացել․․․
    - Ժոժոոոոո
    - Տատիիիկ, մեռնեմ ջանին
    - Ես քո ջանին մեռնեմ , բալես
    - Մեռնել ասեցիր, հիշեցի, տատի՛, էս դու բա չե՞ս մեռնում
    - Ուֆ, եկել, չեք եկել, չես մեռնում հա, չես մեռնում, կմեռնեմ էլի, վռազ ա՞․․․մի քիչ համբերեք էլի, դեռ մաքրությունս չեմ պրծել, հետո ամսվա սկիզբ ա, թոշակը ամսվա վերջ ենք ստանում, հեսա քաղաքապետի ընտրություններ են, ավել լավ չի՞ կենդանի քվեարկեմ, քան մեռած․․․
    - Քանի սաղ ես, ընդդիմություն ես տատի ջան, մեռնելու ես, դառնաս իշխանություն, գործ չունես․․․
    - Էլիզի՛կ, Սուսոն ու Գայուշը ու՞ր են
    - Վերևն են, սենյակներն են կարգի բերում
    - Բա Աշը՞
    - Ավտոտնակում ա
    - Դե նշի՛ր,նշի՛ր էդ տետրի մեջ, որ Ժոժոն հայտնի նկարիչ ա դարձել, «կապչոննի» ձկան փոխարեն սև խավիար ա ուտում, նշեցի՞ր
    - Նշեցի․․․Արմանը չկարողացավ գալ
    - Գիտեմ, զանգել ա, միամիտ Էլիզ, Արմանի զոքանչն ա հիվանդանոցում,երկու օրից դուրս կգրվի
    - Սիրտն ա՞
    - Քեզ համար միայն սիրտն ա՞ լուրջ օրգան, աղջիկ ջան
    - Ի՞նչ ա որ
    - Գաստրիտ․․․բա պիտի փչացներ թե չէ․․․Էդ էլ գրի, թե ինչի պիտի Արմանը մնա զոքանչի կողքը, ոնցոր զուգարան տանող բերողը ինքն ա․․․
    - Հիմա ոնց ա՞
    - Լավ ա արդեն, ուղղակի Արմանը կնոջը չէր կարող թողնել, գալ,ասեց, որ մենակ քեզ ասեմ, գիտի, որ բոլորը կներեն բացակայությունը բացի քեզանից, դու ես մեր մեջի սենտիմենտալը, ինչ արած․․կներես , քույրիկս, վերջին գիրքդ կարդացել եմ, հրաշալի ես․․․միշտ զարմացել եմ՝ ոնց ա մեր դեբիլ Էլիզը, էդքան սիրուն գրում
    - Մերսի Ժոժո
    - Խնդրեմ, քույրիկս լավ, դե գնամ Սուսիկին ու Գայուշին տեսնեմ, դրանց էլ բան ասել չի լինում․մեկին, որովհետև ամուսնացած ա, էն մեկին էլ, որվհետև տանն ա մնացել․․․
    Սուսոն Գայուշի հարազատ քույրն ա,ավագ քույրը,միջնեկ հորեղբորս աղջիկներն են,վաղուց են Ամերիկայում․․․Սուսոն իհարկե տանը չի մնացել, ուղղակի երեսուն տարեկան ա ու ամուսնանալու մտադրություն չունի,չնայած թեկնածուներ կան, բայց դե էդ մարդը ամուսնանալ չի սիրում, ինչ են ուզում չեմ հասկանում, էն էլ Ժոժոն,որ խոսալու տեղ ընդհանրապես չունի․ երկու անգամ հասցրել ա ամուսնանալ, բաժանվել՝ ասում ա՝ դե հիմա ինչ անեմ, բնորդուհիներիս մեկ մեկ շփոթում եմ կնկաս հետ, հետո կրակն եմ ընկնում․․․Սուսոն, բժշկուհի ա, չգիտեմ ինչի, կարծեմ ուղղակի նարկոզ ա տալիս, չնայած դրան, ամեն հարցով իրան ենք զանգում․․․
    Արմանը մեր ավագն է,երեսունհինգ տարեկան, հրաշալի ընտանիք ունի, չնայած փոքրիկին դեռ չեմ տեսել․․․լավ, կնոջն էլ չեմ տեսել․․․քաղաքացիական ամուսնություն, ռուս զոքանչ,դե հիմա չի ստացվել․․․Աշոտի հարազատ եղբայրն ա,ավտովթարից հետո տեղափոխվեց Մոսկվա ու էնտեղ հաստատվեց․․․
    Ժոժոն իմ հարազատ եղբայրն ա,ապրում ա Իտալիայում, մենք համեմատաբար ավելի հաճախ ենք հանդիպումԵվրոպաներում, բայց դե Ժոժոն միշտ ցուցահանդեսների մեջ է :
    Չէ, տատիկին մեր ծնողներից ոչ մեկն էլ չի մոռացել, ավանդույթ կա.Ամանորը միշտ տղաներից մեկը Երևանում է, տատիկն էլ է գալիս, գնում, չնայած էս վերջերս էլ չի կարողանում, հետո իրեն ամենալավը իր տանն է զգում․․․բոլորս էլ հանգիստ ենք, որ Աշոտը կա, Աշոտն է դե հավատարիմ Երևանցի է․․․
    Տատիկի միակ ցավն էն ա, որ երկար տարիներ իր թոռնիկներին միասին չի տեսել, դե էդ երազանքն էլ ոնցոր թե կատարում ենք,միայն Արմանն է պակասում․․․
    - Էլի՛զ ջան, էդ ի՞նչ ես գրում
    - Վայ, Լուսի՛կ տոտա, էս ոնց եք փոխվել
    - Ոնց թե ոնց եմ փոխվել, այ բալա․ յոթանասունն անց կնոջը բա տենց բան կասեն
    - Ուզում ա ասի՝ ջահելացել ես,Լուսի՛կ,- տատիկն ա
    - Ես էլ հավատացի, ջահելացել ես, Երևանում ո՞վ ա ջահելանում ․․․Էլիզա՛ ջան, բալե՛ս, դու էլ ես փոխվել,բայց դու մեծացել ես, նորություն չունե՞ս
    - Ի՞նչ նորություն
    - Դե, տղա-մղա, Պիեռ, Ալեն Դելոն
    - Ալեն Դելոնը ֆրանսիացի չի, Լուսի՛կ
    - Դե ինչ կապ ունի է, Ալվարդ, իա․․․հըն, բալե՛ս, նորություն չունես
    - Ընկեր ունեմ, Լուսի՛կ տատիկ, դեռ ընկեր ունեմ
    - Վայ, ընկեր բոլորս էլ ունենք, դու լուրջ բան ասա՛
    - Վայ, հետամնաց Լուսիկ, ընկեր ասելով սիրած նկատի ունի
    - Մոլոդեց Ալվարդ, դու էլ մեր մեջի զարգացածն ես,առաջարկություն արել ա՞
    - Դե, ոնց ասեմ, Լուսի՛կ տատիկ, ժամանակները փոխվել են հիմա․․․
    - Էլի՛զ, հանգիստ , ես կասեմ, Լուսի՛կ տատիկ, արել ա առաջարկություն,չենք տվել
    - Վայ Ժոժո՛ ջան, սիրտս կանգնեց,ո՞նց չեք տվել
    - Հենց տենց, չենք տվել
    - Ինչի՞ , այ բալա
    - Մատանին ոսկուց չէր, Լուսի՛կ տատիկ
    - Ո՞նց ոսկուց չէր
    - Հա, Լուսիկ տատիկ, ոսկու գին էր․ բայց սվարոսկուց էր
    - Հաաաաա
    - Հա, Լուսիկ տատիկ, սպասում ենք դեռ, հո չոլից չենք գտել էս էրեխուն
    - Դե հա, ճիշտ էլ արել եք, որ չեք տվել

    Ծիծաղում ենք․․․ճիշտ ժամանակն է բակում ճաշելու, Լուսիկը Սուսոյին, Գայուշին, կզբաղեցնի իր հարցերով, ես , Ժոժն ու Աշը, հին ժամանակների նման իրար նյարդեր կուտենք․․․․Էս բակից մինչև հիմա խորովածի հոտ է գալիս․․․ամեն օր խորոված էինք անում, հիմա հետաքրքիր ա՝ ում համար անենք․ Գայուշն ու Սուսոն դարձել են բուսակեր,Արմանը խորոված անողն էր, չի կարողացել գալ, Աշը միսը միշտ հում ա թողնում, Ժոժոն էլ նման գործերից հեռու ա․․ իսկ ես, ես՝ աղջիկ եմ․․․դե, նկատի ունեմ հավասարության համար հաստատ խորոված չեմ անի․․․

  4. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    GriFFin (07.05.2016), Sambitbaba (07.05.2016), Նիկեա (06.05.2016)

  5. #3
    + Alizée + Ծով-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Հասցե
    Montpellier, France
    Տարիք
    34
    Գրառումներ
    2,093
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    III

    Բակը լուռ է, շատ են բացակաները : Ամռանը էս բակում միշտ աղմուկ էր լինում, երևի ուղղակի մենք ենք մեծացել, հո չենք գնալու գործնագործ խաղանք Լուսիկի հարսի հետ, որ իմ մանկության ընկերուհին էր :Էնքան իրանց բակից եկավ մեր բակ, վերջը Լուսիկի որդու՝ Վահրամի կինը դարձավ :
    Օրինակ էսօր եկավ, սուրճ խմեցինք, ասեց՝ Վահրամը առաջարկել ա գնանք Գառնի Գեղարդը տեսնենք, ճիշտն ասած ամեն տարի գալիս ենք, միշտ մեկն ուզում է մեզ Գառնի Գեղարդ տանել, չգիտեմ, էդ ինչ մոդա ա, դե հետո, մի քիչ փոխվել է մեր ընկերությունը, երևի հղպացել եմ․․․․օրինակ ասում է․․․լավ, չբողոքեմ․․․
    Աստված իմ,չէ, էս օտարությունը մի բան հաստատ մեջդ կոտրում ա․․․կարոտում ես,, կարոտում ես քաղաքդ, քաղաքիդ մարդկանց, նրանց հետ ուրախանալն ու լաց լինելը, կարոտում ես ամեն մասնիկը Երևանիդ, բայց ամեն տեղ կարծես ստիպված լինես արդարանալ այստեղ չլինելուդ համար :Հետո իրավունքներդ են քչանում․․․ օրինակ, գնացել եմ խառը կանաչի գնելու, լավը չի թարմ չի, հետն էլ չորս հարյուր դրամ է, բայց համարձակությունս չի հերիքում ՝ ասեմ վաճառողին, ախր ինչ ասեմ էդ խեղճ տիկնոջը, առավոտից արևի տակ նստած ա, դե պարզ ա կանաչին էլ կամ տեղ-տեղ չորացած ա, կամ տեղ տեղ էնքան էն ջուր լցրել, փթել ա :Իսկական Երևանցին մի քիչ էլ պիտի բողոքի էլի, ասենք որ շաքարը թանկացել ա , եսիմ, իսկ ես հենց ուզւոմ ես մի բան ասել, մեկը ներսից ասում ա՝ սուս մնա, դու խոսալու տեղ չունես, ինչ ես արել, որ ինչ էլ պահանջես :Ու անջրպետը ավելի ա խորանում, երբ նայում եմ տատիկիս ցամաքած կապույտ աչքերին, նայում եմ «made in France» շապիկին, հոտոտում եմ տատիկից բուրող ֆրանսիական օծանելիքը, ու զգում եմ, որ կարոտս ոչ միայն չեմ կարողանում առնել, այլ ոնցոր ծախված լինեմ ֆրանսիական օծանելիքին : Լուսիկ տատիկը խորամանկ է,զգում է, որ մեջս խառնվել ա իրար․․․

    - Էլիզ ջան, հերիք ա մտածես,տատիկդ լավ էլ ապրում ա առանց ձեզ, յանի բանու գործը ինչ ա՝ սուրճ խմի սերիալ նայի, փոշիները սրբի, Աշոտը գա տուն, մեկ-մեկ էլ ընկերուհու հետ, հաց դնի, սկայպով Ձեզ հետ խոսա, պառկի քնի․․․քանի հիշել եմ, էս ի՞նչ առիթով եք հավաքվել․․․
    - Թաղմանս են եկել, Լուսի՛կ
    - Տատի՛ դե լավ էլի
    - Էն էլ հետաձգեցինք
    Փամփլիկ տատիկս, սպիտակ, կապուտաչյա իմ մոդայիկ տատիկը, որ իր գույնզգույն գլխարկներով հայտնի է ամբողջ թաղամասում․․․շատախոս տատիկս անհանգստացնում է, դե որովհետև քիչ է խոսում,հայերենի ուսուցչուհին քիչ է խոսու :
    - Մի բան էլ ես ասեմ,-Լուսիկն է ,-գրի՛ էլիզ ջան. էս մեր Հարևան Հենոյի տղեն, վարդի թփերը կտրել տարել նվիրել ա Սառայի աղջկան․․․
    - Սառան ո՞վ ա
    - Այ աղջի, իբր գիտես Հենոն, ով ա,հիմա էլ Սառան ով ա, նոր հարևաններ են, դու լսի՛
    - Պատմի՛ր, Լուսիկ տոտա
    - Հա, ուրեմն էրեխեն թփերը՝ վարդի, տարել նվիրել ա Սառայի աղջկան, էդ վարդերով էլ Հենոյի կնիկը պիտի մուրաբա փակեր, տունը կռիվ բան, ինչ անեն, ինչ չանեն, դե ասել են՝ էրեխա ա, հիմարություն ա արել ա, հա, գիշերով ա արել, չեն տեսել, տարել «միլլիոն ալիխ ռոզ» բարձրացրել, կապել պատուհանից էլի, ես չեմ տեսել պատմել են, հա ․․․
    - Հետո ,Լուսիկ տատի՛
    - Դե, ինչ հետո , բալես, էս Հենոյի կնիկ Սոնան ուժ ա հավաքում, գնում ա Սառայենց տուն, որ խնդրի վարդերը հետ տան, մուրաբան փակի
    - Ու․․․
    - Հոհոհոհհոհոհ
    - Հետո,Լուսիկ տատի, ասա, մենք էլ ծիծաղենք
    - Հոհոհոհ, բալես, չես հավատա, հոհոհոհհոհ,- բարձր ծիծաղում է Լուսիկ տոտան
    Դե ես էլ եմ վարակվում, տատիկն էլ, Աշոտն էլ, Սուսոն, Գայուշն էլ, մի խոսքով բոլորս ծիծաղում ենք ու պարզ չի ՝ինչի վրա
    - Հետո էն,-շարունակում է տիկին Լուսիկը,- հետո էն, որ Սոնիկը գնում ա տեսնում՝ Սառան արդեն յոթ տարրա վարդի մուրաբա ա փակել․․․․
    - Ինչ տարրա, բանկա ասա Լուսիկ տատիկ
    - Յա Աշոտ Ֆրանսահայերը ռուսերեն չգիտեն
    Ծիծաղից մեռնում ենք իհարկե, սիրտս էլ վարդի մուրաբա ուզեց․․․
    - Ա՛շ, ի՞նչ ես էդքան անում ավտոտնակում
    - Գործ կա, Էլիզ ջան,դուք եք արձակուրդ, ես հո արձակուրդ չեմ
    - Կարծեմ դու ես մեզ կանչել
    - Հա ,բայց Երևանում արձակուրդ չկա․․․Երևանը չի հանգստանում, ձեր նման անբան չի․հինգ օր աշխատում եք, շաբաթ կիրակի՝ բա թե ինձ չզանգեք ես քնած եմ կամ քեֆ եմ անում, երեք օր գործադուլ, երեք ամիսը մեկ երկու շաբաթով արձակուրդ, էլ չեմ խոսում, որ մի հատ փռշտում եք հարկադրված բացակա եք․․
    - Էդ ո՞վ ա քեզ էդ հեքիաթները պատմել
    - Տատին
    - Այ տղա տատին տենց բան չի պատմել, Էլիզ ջան, երևի մամադ էր ասում սկայպով,-արդարանում է տատիկը :
    - Վայ , տատի , դու աչքիս Գայուշի, Սուսոյի ու իմ արձակուրդները կպցրել ես իրար
    - Կարող ա , բալես
    ․․․
    Այսպես անցնում է ժամանակը. Սուսոն անընդհատ դրսերում ա , հին ընկերներին ա հանդիպում, Երևանի նոր թանգարաններն ա վայելում, արդեն նոր ընտրյալներ ունի, դե ոնց ասեմ՝ ծաղկեփնջեր են ուղարկում տուն, թե ինչի ա բոլորին տատիկի հասցեն տալիս․․․
    Գայուշն էլ, դե ինչ պատմեմ Գայուշից, հղի ա էլի, նստած , պառկած , երեկոները զբոսնում ա, օրը պարտադիր կես ժամ դասական երաժշտություն ա լսում, որ էրեխեն նրբաճաշակ լինի, կարդում ա գրքեր՝ խորհրդներ հղիներին թեմաներով, տատիկն էլ գնում , գալիս, բարկանում ա․

    - Գայու՛շ աղջիկ, քանի տատդ սաղ ա, իրանից հարցրու՝ ինչ է պետք անել, բոլորիդ պահել եմ, էդ մի պստիկին չե՞մ կարող պահել, կամ ասել՝ ոնց պահես, ա՛յ աղջիկ :
    - Տատի, էս էրեխեն սովոր չի ձեր մեթոդներին
    - Յա , դու ի՞նչ գիտես ․․․Այֆոն ա ինչ ա, էրեխա ա էլի,էրեխան էրեխա ա
    - Լավ, տատի
    - Վայ, Գայուշ,Գայուշ անունը որոշել ե՞ս
    - Որոշել ենք, Լյուսի եք դնելու
    - Լյուսի՞կ, էդ իմ անունը չեք դնում ,Լուսիկի անունն եք հա՞ դնում
    - Լյուսիկ չէ, Լյուսի , տատի, տարբեր ա
    - Հա ամերիկական ա էլի հա հնչում
    - Հա , տատի

    Հա, դե Գայուշը, ոնցոր ուրիշ աշխարհից լինի,հղի ա էլի․ զուգարանը իրանն ա, ինչ ուզի իրանն ա, ոնց ուզի իրանն ա, մի խոսքով ոնցոր դասական հղի, որ ժամին ուզում ա, հետը զբոսնում ենք,ինչ սիրտը ուզում ա , գնում ենք․․․էս գիշեր էլ վեր թռանք աղմուկից, վախեցած թափվեցինք ներքև, որ տեսնենք ինչ ա եղել,մեկ էլ ինչ տեսնենք․ Գայուշը պահածոների մեջ թթու վարունգ ա փնտրել, վերջը մի հատ գտել ա,պահածոն իջեցնելուց, անզգուշորեն գցել ու ջարդել ա գիլասի կոմպոտը,ավազակի նման,ոտքերը գիլասի կոմպոտի մեջ, թթու վարունգի պահածոն գրկած,վախեցած կանգնած ա․․․դե Սուսոն մաքրեց հատակը, ես ՝Գայուշի ոտքերը, հետո թթուն բացեցինք, որ քրոջս սիրտը հովանա․․․․շատ ծիծաղալու էր, նույնիսկ տատիկն էր արթնացել․․․կեսգիշերն անց թթու վարունգ էինք ուտում՝ Գայուշի առաջնեկի պատվին :
    ․․․
    Երկրորդ առավոտն է,Ժոժոն որոշել ա տատիկին նկարել : Սկզբից դիմանկար էր ուզում անել, ասեցինք՝չէ էլի, սխալ կհասկանա, հիմա ոտքից գլուխ ա նկարում, տատիկն էլ լուրջ բնորդ ա, նստում ա, հայացքը հառում մի կետի, խորհրդավոր ու երկար, լուռ ու խոնարհ, Լուսիկն էլ գնում-գալիս ՝ աղջի , մի քիչ ժպտա, Ժոժոն էլ , թե ՝ Լուսիկ տոտա, Լուսանկար չի, ես ժպիտը աչքերում կդնեմ : Շատ սիրուն ա ստացվում, մի տեսակ ամեն մեկը գտել ա իր տեղը տան մեջ՝ ավելի շուտ մեր արձակուրդային Երևանյան իրականության մեջ : Աշը չգիտեմ՝ ինչ ա էդքան անում ավտոտնակում, Ժոժոն տատիկին ա նկարում, Գայուշս մեկ ինձ մոտ ա գալիս, մեկ Ժոժոյի կողքին ա, մեկ իրեն զբաղեցնելու համար սուրճ ա պատրաստում մեզ համար, մեկ էլ հղիների համար հատուկ մարզանք ա անում : Սուսոն մեզ հետ ճաշում ա, մի քիչ քնում, հենց հովը ընկնում ա ,դուրս ա գալիս՝ Երևանյան փաբերը հին ընկերների հետ վայելելու, տատիկն էլ հա բողոքում ա ՝ էդ աղջիկը չի լրջանում, բայց էդ աղջիկը աչքիս սիրահարվել ա ինչ որ ռոկ խմբի մենակատարի, համենայնդեպս հին դասընկեր ա, անընդհատ հանդիպում ա, տեսնենք ինչ դուրս կգա : Ճիշտն ասած, Սուսոյի սիրային պատմությունների հավեսը չունեմ, մի երկու կադր պատկերացրեք, հերիք ա․․․
    Իսկ ես, դե իսկ ես գրում եմ․․․Էս տանը միակ մարդը, որ չի գտել իր, տեղը Տիկին Լուսիկն ա․․․
    - Էլի՛զ, Ժո՛ժ, Գայու՛շ, ու՞ր ա Սուսոն
    - Զանգել էր, ասեց ժամը վեցին կգա
    - Լավ, դե հենց գա, կասեք, անակնկալ ունեմ
    - Վայ, ի՞նչ անակնկալ
    - ՈՒզում եմ բոլորդ տեսնեք, շատ եք ուրախանալու․․․

    Հենց Սուսոն գալիս ա, Աշոտը մեզ տանում ա ավտոտնակ, վառում ա ավտոտնակի լույսը, դե առաջին հայացքից տպավորություն ա, որ ուղղակի լավ մաքրել ա, հավաքել ա, ավտոտնակը, իսկ հետո քաշում ա սպիտակ սավանը հին մեքենայի վրայից ու ինչ տեսնենք՝ Պապիկի կադիլակը, ներկը թարմացրած, մաքուր, դզած- փչած, ինչպես ասում են․․․Ինչքան է պապիկը մեզ զբոսանքի տարել այս կադիլակով, միշտ վիճում էինք, թե ով պիտի առջևում նստի, ու միշտ Աշոտի ու Արմանի բախտն էր բերում,պապիկն էս երկուսին յուրահատուկ խնամքով էր վերաբերվում :
    - Ա՛շ , ի՞նչ ա մտքովդ անցել, աչքերս լցրել եմ
    - Տատիկին վերցնում ենք ու շրջում Երևանով պապիկի կադիլակով․․․
    - Աչքերիս չեմ հավատում, Սուսո, էս դու լացում ե՞ս, քո սիրտն էլ ա փխրուն աղջի՛,-Ժոժոն ա :
    Բոլորս էլ հուզված ենք :
    - Բան մի ասեք, սիրահարվել ա, մեր Սուսիկը ,-փորձում եմ պաշտպանել Սուսոյին :
    - Երեսունում ո՞վ ա սիրահարվում
    - Էս անգամ ուրիշ ա,Ժո՛ժ, ինքը իր հին սիրածին ա վերագտել, աչքիս Սուսոյին թողնելու ենք Երևանում․․․

    Տատիկին հազիվ համոզում ենք, որ մեզ հետ նստի պապիկի կադիլակը․․․Անցնում ենք Երևանյան բոլոր մեզ հարազատ փողոցներով, տատիկի գլուխը պտտվում ա, ուրախությունից պարում ա, կարծես քսան տարով ջահելացած լինի, նույնիսկ վարդագույն գլխարկն ենք դրել, մի ձեռքով բռնել ա գլխարկը, մյուս ձեռքը ՝մեկնել քամուն ու գոռում ա ՝ ես երջանիկ եմ, ինչ երջանիկ եմ․․․
    Բոլորս էլ մտքում պապիկի հետ ենք․հիշում ենք խելահեղ ճամփորդությունները : Երբ փոքր էինք, պապիկի կադիլակով շրջելը մեզ համար մի մեծ ճանապարհորդություն էր Երևանով․․․Երևանը, որից հեռացել եմ ես, որից հեռացել են Գայուշն ու Սուսոն, Արմանը, Ժոժոն, որտեղ մնացել ա Աշոտը, մեր հավատարիմ Աշոտը ․․․Անցնում ենք նաև Աշոտի նախագծած շենքերի կողքով, վայելում ենք հնի ու նորի Երևանը․․․մեզ հետ է մեր սիրելի տատիկը, ու քաղաքը մերն է այս երեկո․․․․
    Գայուշի ականջին շշնջում եմ՝ Տատիկի սիրտը հանկարծ չպայթի ուրախությունից․․․

    Երրորդ առավոտ.Ժոժոյի կտավն ավարտված է․․․
    - Էլի՛զ, կանչում է Աշոտը
    - Դեռ քնի մեջ եմ, Ա՛շ
    - Գայու՛շ, Սու՛ս, վե՛ր կացեք
    - Ինչ կա, Ա՛շ, թող քնենք էլի
    - Ես հղի եմ, ինձ մի արթնացրեք
    - Գնանք տատիկի մոտ, շուտ
    Իջնում ենք տատիկի սենյակ, շտապ, սրտի զարկից արագ : Տատիկի անկոնղու մոտ ժոժոն դեռ փորձում է կատարելագործել կտավը, տատիկի ժպիտը․․․այս սենյակում է նաև Արմանը, գիշերը անակնկալ արեց․․․
    Տատիկը հանգիստ քնած է, շուրթերին՝ թեթև մի ժպիտ, կարծես երազում լինի, քաղցր երազում, որից արթնանալ չի ուզում․․․Ժպիտը, այդ մոգական ժպիտը թույլ չի տալիս մտածել, որ քնած չէ․․․
    - Տատի՛կ,- կանչում եմ, ձայն չկա․․․
    Այդքան գեղեցիկ ես չեմ պատկերացրել մահը :Տատիկս ՝ժպիտը դեմքին, գնացել է ՝ առանց զգուշացնելու․․․Կանգած ենք նրա մահճակալի դիմաց՝ վստահ, որ դրախտում է,համոզված,որ դրախտում է․․․
    - Ուրեմն դրախտը գոյություն ունի,- ասում է Արմանը :
    - Այ սենց են գնում դրախտ,-ավելացնում է Ժոժոն :
    - Ո՞նց,- հարցնում եմ ես :
    - Պապիկի կադիլակով,- պատասխանում է Սուսոն․․․․
    ՎԵՐՋ

    24.03.2016©Ծով Alizé Բանուչյան, Փարիզ

  6. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    GriFFin (07.05.2016), Sambitbaba (07.05.2016), Նիկեա (06.05.2016)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ամենաբարի Ձմեռ Պապիկի ամենասքանչելի նվերը…
    Հեղինակ՝ Cassiopeia, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 7
    Վերջինը: 27.12.2006, 13:36

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •