Բարեկամներ, ձեր ուշադրությանն եմ ներկայացնում քաղվածքներ Ռաֆայել Համբարձումյանի «Հայկական տոմար» (1992 թ.) գրքից: Հեղինակը ներկայացնում է հայկական 13 ամիսները (Նավասարդ, Հոռի, Սահմի, Տրէ, Քաղոց, Արաց, Մեհեկան, Արեգ, Ահեկան, Մարերի, Մարգաց, Հրոտից, Ավելեաց) և նրանց հետ կապված ավանդույթներն ու ծեսերը, որոնք լայն տարածում են ունեցել ինչպես հեթանոսական, այնպես էլ քրիստոնեական ժամանակաշրջանում: Ռ. Համբարձումյանը կազմել է բավականին ուշագրավ և միառժամանակ սեղմ ժողովրդական բանահյուսություն ժողովածու, ի մի հավաքելով ինչպես միջնադարի (Ագաթանգեղոս, Խորենացի, Շիրակացի, Տաթևացի, Հովհ. Իմաստասեր, Գանձակեցի), այնպես էլ ժամանակակից հեղինակների (Ալիշան, Սրվանձտյան, Աբեղյան, Ղափանցյան, Մալխասյանց) աշխատությունները տվյալ թեմայի շուրջ:
Մ Ո Ի Տ Ք
Տոմար է կոչվում այն գիտությունը, որը զբաղվում է ժամանակը չափելու և դրա հետ կապված հարցերի ուսումնասիրությամբ։ Այն հիմնված է օրվա, ամսվա, տարվա, մի խոսքով՝ ժամանակի տևողության չափումների ու աստղագիտական հաշվարկների վրա։
Մարդիկ ժամանակը չափելու կարիքն առանձնապես զգացել են այն ժամանակներից, երբ սկսել են զբաղվել անասնապահությամբ, հողագործությամբ և տնտեսությամբ։ ժամանակը չափելու ամենաբնական ու պարզունակ միջոցը գիշերվա ու ցերեկվա հաջորդության գիտակցությունն է եղել։ Զարգացման ավելի բարձր աստիճաններում մարդիկ սկսել են ժամանակը չափել Արեգակի, Լուսնի և աստղերի շարժումներով, ժամանակը բաժանել շաբաթների, ամիսների ու տարիների։ Այսպես ստեղծվել է օրացույցը։ Օրացույցն, այսպիսով, տարին հաշվելու համակարգ է. արձանագրում է գիշերվա, ցերեկվա, ամիսների ու բնության այլ պարբերական երևույթների հերթափոխությունն ու հաջորդությունը։
Հնուց ի վեր օրացույցը պարունակել է տարվա օրերի, ամիսների, եղանակների ու շաբաթների ցուցակը, կարգավորել ժողովուրդների հասարակական-քաղաքական, կրոնական, ազգագրական ու բարոյական կյանքը, խթանել աստղագիտության զարգացմանը, նպաստել ժամանակը չափելու ավելի կատարյալ ուղիներ որոնելուն։
Քանի որ շաբաթները, ամիսները, տարիները և ժամանակի այլ միավորները կապված են Երկրագնդի, Արեգակի, Լուսնի, մոլորակների ու աստղերի շարժման հետ, ուստի թե՛ հնում և թե՛ այսօր տոմարագիտության հիմքերից մեկը աստղագիտությունն է։
Մեզ հասած բազմաթիվ աղբյուրների վկայությամբ, տոմարագիտությունը և դրան առնչվող աստղագիտությունը զարգացման որոշակի աստիճանի էին հասել մ. թ. ա. 4-րդ հազարամյակում։ Արդեն մ. թ. ա. 3–րդ հազ. սկզբին Փոքր Ասիայում և Հայաստանում երկնային ոլորտը բաժանել էին համաստեղությունների։ Ամենավաղ ժամանակներից սկսած եգիպտացիները Սիրիուս աստղի միջոցով որոշում էին Նեղոս գետի հորդացման պարբերականությունը։
Հին աշխարհի աստղագիտության ու տոմարագիտության օրրաններից մեկը Հայաստանն էր։ Հայ տոմարագետները հնուց ի վեր կարևոր նպաստ են բերել համաշխարհային տոմարագիտության զարգացմանը։ Տոմարն ու օրացույցը այնպես էին մտել ժողովրդի կենցաղ, որ հասարակ շինականն ու արհեստավորը կարողանում էին բավականին բարդ հաշվումներ կատարել։ Սա նշանակում է՝ տոմարն ու օրացույցը հայ ժողովրդի մեջ ամուր արմատներ էին գցել։
Այս գրքի զրույցներից յուրաքանչյուրը նվիրված է մեր տոմարի ամիսներից մեկին։ Ամեն մի զրույցի մեջ, համաշխարնային տոմարի զարգացման կարևոր փաստերին զուգակից, տեղեկություններ կտանք մեր տոմարի տարբեր հարցերի մասին, կծանոթացնենք խոշորագույն տոմարագետների կյանքին ու գործունեությանը, կանդրադառնանք հայոց հնագույն տոմարի տոներին, այդ տոների հետ կապված որոշ ծեսերի, հեթանոսական աստվածություններին, մեր հին դիցաբանությանն ու ազգագրությանը։
Էջանիշներ