User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 3 համարի արդյունքները՝ ընդհանուր 3 հատից

Թեմա: Հայկական Տոմար

  1. #1
    Լիարժեք անդամ Hack-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.05.2006
    Հասցե
    Մոսկվա
    Գրառումներ
    82
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Հայկական Տոմար

    Բարեկամներ, ձեր ուշադրությանն եմ ներկայացնում քաղվածքներ Ռաֆայել Համբարձումյանի «Հայկական տոմար» (1992 թ.) գրքից: Հեղինակը ներկայացնում է հայկական 13 ամիսները (Նավասարդ, Հոռի, Սահմի, Տրէ, Քաղոց, Արաց, Մեհեկան, Արեգ, Ահեկան, Մարերի, Մարգաց, Հրոտից, Ավելեաց) և նրանց հետ կապված ավանդույթներն ու ծեսերը, որոնք լայն տարածում են ունեցել ինչպես հեթանոսական, այնպես էլ քրիստոնեական ժամանակաշրջանում: Ռ. Համբարձումյանը կազմել է բավականին ուշագրավ և միառժամանակ սեղմ ժողովրդական բանահյուսություն ժողովածու, ի մի հավաքելով ինչպես միջնադարի (Ագաթանգեղոս, Խորենացի, Շիրակացի, Տաթևացի, Հովհ. Իմաստասեր, Գանձակեցի), այնպես էլ ժամանակակից հեղինակների (Ալիշան, Սրվանձտյան, Աբեղյան, Ղափանցյան, Մալխասյանց) աշխատությունները տվյալ թեմայի շուրջ:



    Մ Ո Ի Տ Ք

    Տոմար է կոչվում այն գիտությունը, որը զբաղվում է ժամանակը չափելու և դրա հետ կապված հարցերի ուսումնասիրությամբ։ Այն հիմնված է օրվա, ամսվա, տարվա, մի խոսքով՝ ժամանակի տևողության չափումների ու աստղագիտական հաշվարկների վրա։
    Մարդիկ ժամանակը չափելու կարիքն առանձնապես զգացել են այն ժամանակներից, երբ սկսել են զբաղվել անասնապահությամբ, հողագործությամբ և տնտեսությամբ։ ժամանակը չափելու ամենաբնական ու պարզունակ միջոցը գիշերվա ու ցերեկվա հաջորդության գիտակցությունն է եղել։ Զարգացման ավելի բարձր աստիճաններում մարդիկ սկսել են ժամանակը չափել Արեգակի, Լուսնի և աստղերի շարժումներով, ժամանակը բաժանել շաբաթների, ամիսների ու տարիների։ Այսպես ստեղծվել է օրացույցը։ Օրացույցն, այսպիսով, տարին հաշվելու համակարգ է. արձանագրում է գիշերվա, ցերեկվա, ամիսների ու բնության այլ պարբերական երևույթների հերթափոխությունն ու հաջորդությունը։
    Հնուց ի վեր օրացույցը պարունակել է տարվա օրերի, ամիսների, եղանակների ու շաբաթների ցուցակը, կարգավորել ժողովուրդների հասարակական-քաղաքական, կրոնական, ազգագրական ու բարոյական կյանքը, խթանել աստղագիտության զարգացմանը, նպաստել ժամանակը չափելու ավելի կատարյալ ուղիներ որոնելուն։

    Քանի որ շաբաթները, ամիսները, տարիները և ժամանակի այլ միավորները կապված են Երկրագնդի, Արեգակի, Լուսնի, մոլորակների ու աստղերի շարժման հետ, ուստի թե՛ հնում և թե՛ այսօր տոմարագիտության հիմքերից մեկը աստղագիտությունն է։
    Մեզ հասած բազմաթիվ աղբյուրների վկայությամբ, տոմարագիտությունը և դրան առնչվող աստղագիտությունը զարգացման որոշակի աստիճանի էին հասել մ. թ. ա. 4-րդ հազարամյակում։ Արդեն մ. թ. ա. 3–րդ հազ. սկզբին Փոքր Ասիայում և Հայաստանում երկնային ոլորտը բաժանել էին համաստեղությունների։ Ամենավաղ ժամանակներից սկսած եգիպտացիները Սիրիուս աստղի միջոցով որոշում էին Նեղոս գետի հորդացման պարբերականությունը։
    Հին աշխարհի աստղագիտության ու տոմարագիտության օրրաններից մեկը Հայաստանն էր։ Հայ տոմարագետները հնուց ի վեր կարևոր նպաստ են բերել համաշխարհային տոմարագիտության զարգացմանը։ Տոմարն ու օրացույցը այնպես էին մտել ժողովրդի կենցաղ, որ հասարակ շինականն ու արհեստավորը կարողանում էին բավականին բարդ հաշվումներ կատարել։ Սա նշանակում է՝ տոմարն ու օրացույցը հայ ժողովրդի մեջ ամուր արմատներ էին գցել։

    Այս գրքի զրույցներից յուրաքանչյուրը նվիրված է մեր տոմարի ամիսներից մեկին։ Ամեն մի զրույցի մեջ, համաշխարնային տոմարի զարգացման կարևոր փաստերին զուգակից, տեղեկություններ կտանք մեր տոմարի տարբեր հարցերի մասին, կծանոթացնենք խոշորագույն տոմարագետների կյանքին ու գործունեությանը, կանդրադառնանք հայոց հնագույն տոմարի տոներին, այդ տոների հետ կապված որոշ ծեսերի, հեթանոսական աստվածություններին, մեր հին դիցաբանությանն ու ազգագրությանը։
    Վերջին խմբագրող՝ Hack: 01.04.2016, 00:35:

  2. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    John (01.04.2016), Lion (01.04.2016), Mr. Annoying (01.04.2016), Տրիբուն (01.04.2016)

  3. #2
    Լիարժեք անդամ Hack-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.05.2006
    Հասցե
    Մոսկվա
    Գրառումներ
    82
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ամանոր

    Հնում տարբեր ժողովուրդներ նոր տարին տարբեր ժամանակ են նշել: Օրինակ, եգիպտացիների նոր տարին այսօրվա տոմարով օգոստոսի 29-ին էր, պարսիկներինը՝ մարտի 21-ին, չինացիներինը՝ փետրվարի 6-ին, հռոմեացիներինը մարտի 1-ին և այլն։

    Հին հայերի նոր տարին նավասարդի մեկն էր, որը համապատասխանում է այսօրվա տոմարի օգոստոսի 11-ին։ Մեր նախնիները նոր տարուն ԱՄԱՆՈՐ են ասել։ Ամանորը կազմված է հայերեն ԱՄ (տարի) և ՆՈՐ բառերից։ Ամանորն այնպիսի կարևորություն ուներ մեզանում, որ նրան նվիրված է եղել հատուկ աստվածություն։ Ըստ մ. թ. չորրորդ դարի մեր պատմիչ Ագաթանգեղոսի հավաստի վկայության, «Ամանորի ամենաբեր նոր պտուղների աստվածը հյուրնկալ Վանատուրն էր»՝ այգեգործության, պտղաբերության ու բերքի հովանավորը։
    Վանատուրը բնիկ նայերեն բառ է. նշանակում է՝ օթևան տվող, հյուրընկալ։ Նրա գլխավոր մեհյանը գտնվում էր Բագրևանդ գավառի Նպատ լեռան ստորոտին կառուցված Բագավան քաղաքում, որը կոչվում էր նաև Դիցավան, այսինքն՝ ասավածների ավան։

    Վանատուրի՝ հյուրընկալության աստված լինելու մասին ուղղակի վկայություն ունի նաև քերթողահայր Մովսես Խորենացին։ Նա իր «Պատմություն հայոց» աշխատության երկրորդ գլխի ԿԶ հատվածում գրում է. «Հայոց թագավոր Տիգրան վերջինը պատվել էր իր եղբոր՝ Մաժան քրմապետի գերեզմանը Բագավանում, Բագրևանդ գավառում, գերեզմանի վրա բագին շինելով, որպեսզի այդտեղի զոհերից վայելեն բոլոր անցորդները և հյուրեր ընդունվեն գիշերելու համար»։ Որոշակի անձի կողմից հյուրանոց կառուցելու մասին քերթողահոր այս տեղեկությունը համաշխարնային պատմագիտության հնագույն փաստերից է։
    Հայ մատենագրության մեջ եղած տեղեկություններից իմանում ենք նաև, որ Վանատուրը միաժամանակ նայոց դերաղույն աստված Արամազդի մականունն էր։
    Վանատուրին և Ամանորին նվիրված ամենամյա բերքի տոնը սկսվել է նավասարդի մեկին՝ Ամանորին, և շարունակվել մինչև նավասարդի վեցը: Այս տոները կոչվում էին «նավասարդյան տոներ», որոնց բնույթին կծանոթանանք հաջորդ զրույցի մեջ։

    Նավասարդի մեկին հայոց թագավորի գլխավորությամբ Վանատուրի տաճարի սրբավայրում ամեն տարի գումարվում էին նախարարների, բարձրաստիճան քրմերի, ազատների, գյուղական ավագների ու շինականների ավանդական «աշխարհաժողովները»։ Այս աշխարհաժողովների մասին հնագույն հիշատակությունը գտնում ենք մ. թ. առաջին դարի հրեա պատմիչ, Հովսեպոս Փլաբիոսի աշխատաթյուններում։
    Պատմագիտական աղբյուրներից հայտնի է, որ աշխարհաժողովը համահայկական հավաք էր, որտեղ քննարկվում էին պետական ու ազգային կարևոր հարցեր, ընդունվում էին օրենքներ ու կանոններ։ Պատահական չէ, որ «աշխարհաժողովները» գումարվում էին Վանատուրի սրբավայրում։ Հրավիրյալները հյուրեր էին, ուստի նրանց ժողովատեղին ընտրված էր հենց Վանատուրի տաճարում, որտեղ այդ առիթով կատարվում էին տոնախմբություններ և զանազան թատերական ներկայացումներ։
    Քրիստոնեական շրջանում աշխարհաժողովները մեծ մասամբ գումարվում էին հայոց թագավորների բնակատեղերում՝ Շահապիվանում և Վաղարշապատում։

    Գիտնականները պարզել են, որ Վանատուրն ու Ամանորը առանձին աստվածներ չէին։ Ղ. Ալիշանի կարծիքով, Վանատուրն ու Ամանորը լատինացիների այգեգործության հովանավոր Վարտումնոս և Պոմոնա ամուսին աստվածների նման նույնպես ամուսիններ էին։
    Ըստ պատմագիտական ու ազգագրական բազմաթիվ տվյալների, Վանատուրի ու Ամանորի պաշտամունքի հետքերը Ժողովրդի մեջ գոյատևել են մինչև մեր դարի սկիզբները։ Օրինակ՝ ազգագրագետ Վարդ Բդոյանի կարծիքով, Վանատուրի և Ամանորի պաշտամունքի ծիսական տարրերը պահպանվել են Նուրին-Պուրպատիկների ու «երկթե մարդ» կոչվող տիկնիկատիպ էակների մեջ։ Հայկական ժողովրդական երգերում իգական նուրինների զգեստը նկարագրվել է «շալե-շապիկ, կարմիր գոտիկ» խոսքերով, իսկ արական նուրիններինը՝ «շալե (բրդյա) շապիկ, կեմէ (խոտից հյուսած) գոտիկ» բառերով։ Նուրիններն ու պուրպատիկները փաստորեն հենց Վանատուր և Ամանոր ամուսին-աստվածությունների ձևափոխված անուններն են, որ ժողովուրդը պահել էր մինչև մեր դարի կեսերը։ Նուրինները ցախավելից սարքած խրտվիլակներ էին կամ մեծ չափի տիկնիկներ։ Գյուղացի կանայք հաճախ ընտրում էին մի աղջնակ, մաղը կործում գլխին, սպիտակ սավանով ոտքից գլուխ ծածկում էին՝ նրան դարձնելով կենդանի նուրին։ Կանանց թափորը նուրիններին առաջներն առած, իսկ ցախավելից պատրաստած լինելու դեպքում՝ ցախավել-նուրիններին ձեռքերով գլխներից վեր պարզած, գյուղացիների դռներից անցնելով, մթերքներ և չարազեղեն էին հավաքում։ Իսկ երաշտի ժամանակ, նուրինները ձեռներին, զանազան ծիսական աղոթքներ ու երգեր ասելով, թմբուկ խփում, աստծուց անձրև էին խնդրում։


    Մենք արդեն գիտենք, որ հնում տարբեր ժողովուրդներ ամանորը տարբեր ժամանակ էին տոնում։ Այսինքն՝ միասնական նոր տարի չի եղել։ Դա այդպես էլ պիտի լիներ, որովհետև hին աշխարնի պետությունների միջև առևտրա-տնտեսական, մշակութային ու գիտական կապերն այսօրվա համեմատ շատ ավելի թույլ են եղել։ Ամեն մի ժողովուրդ պարփակված էր իր կենցաղի, սովորույթների ու հավատալիքների մեջ։ Ուստի, նայած երկրի աշխարհագրական դիրքին, հավատալիքներին ու ապրելակերպին, նոր տարին տարբեր ժամանակ է տոնվել։ Ամանորը առաջին անգամ հունվարի 1-ից սկսել են հռոմեացիները՝ Հուլիոս Կեսարի օրոք՝ մ. թ. ա. 46 թվին*։ Հուլիոս Կեսարի հրամանով կազմված այդ նոր տոմարը նրա անունով էլ կոչվում է hուլյան տոմար, և աշխարhի շատ ժողովուրդների ծառայել է մինչև 18–19-րդ դարերը։ Պատմական որոշ տեղեկություններ գիտնականներին թույլ են տվել ենթադրելու, որ հայերը հուլյան տոմարին ծանոթ էին դեռևս Հուլիոս Կեսարի ժամանակներից։ Իսկ ավելի հավաստի տվյալներով, հայերը սահմանափակ ձևով (արքունիքում և քրմերի շրջանում) հուլյան տոմարը պաշտոնապես ընդունել են մ. թ. 122 թ.։ Բայց քրիստոնեական Հայաստանը հուլյան տոմարին անցնելու մասին պաշտոնական որոշում կայացրեց միայն 1317 թ., Ադանայի Եկեղեցական ժողովում։ Սակայն այդ տոմարը շատ նեղ շրջանակներում է գործածվել, իսկ գործածվելիս էլ՝ անպայման հայոց տոմարի զուգադրությամբ։

    Հուլյան տոմարի տարին ուներ ոչ թե 365 օր 5 ժամ, 48 րոպե 46 վայրկյան, այլ 365 օր, 6 ժամ։ Այսինքն՝ ճշգրիտ հաշվումներով որոշված տարուց 11 րոպե 14 վայրկյանով երկար էր։ Անճշտությունը վերացնելու նպատակով Հռոմի Գրիգոր 13-րդ պապը (XVI դար) Եվրոպայի նշանավոր տոմարագետներին հրավիրում է Հռոմ, որպեսզի մշակեն նոր տոմար։ Բազմաթիվ նախագծերից ընդունվում է իտալացի բժիշկ և աստղագետ Ալոիս Լիլիոյի նախագիծը, որը սկսվում է կիրառվել 1582 թ. հոկտեմբերի 15-ից։ Քանի որ հուլյան տոմարի 11 րոպե 14 վայրկյանի սխալը մ. թ. ա. 46 թ. մինչև 1582 թիվը կուտակվել դարձել էր 10 օր, այսինքն՝ ժամանակը 10 օր ետ էր ընկել, ուստի սխալը ուղղելու համար որոշվեց 1582 թ. հոկտեմբերի 4-ից հետո ոչ թե հոկտեմբերի 5 ընդունել, այլ՝ հոկտեմբերի 15։
    ____________________

    * Գիտնականների մեծ մասի կարծիքով, հռոմեացիք նոր տարին հունվարի մեկից են սկսել ավելի վաղ՝ մ. թ. ա. VII դարում՝ Նումա Պոմպիլիոս կայսեր հրամանով։
    ____________________

    Այսպես սկսվեց նոր տոմարը, որը Հռոմի Գրիգոր պապի անունով կոչվեց «Գրիգորյան»։ Հայերը աշխարհի առաջին ժողովուրդներից էին, որ թեև խիստ սահմանափակ, բայց գործածեցին գրիգորյան տոմարը։ Հայ իրականության մեջ նոր տոմարի առաջինը իտալահայերն անցան (1584 թ.), ապա՝ Ամստերդամի (XVII դ.) հայոց գաղթավայրի կաթոլիկները, հետագայում՝ պոլսահայ կաթոլիկները, իսկ 1783 թվականից՝ նաև լեհահայերը։
    Գրիգորյան տոմարը, մոտ 340 տարվա ընթացքում, ընդունեցին աշխարհի գրեթե բոլոր ժողովուրդները։ Վերջինն ընդունեց Եգիպտոսը (1928 թ.), իսկ Ռուսաստանը նոր տոմարին անցավ 1918 թ. հունվարի 1-ին։ Քանի որ 1582 թ. մինչև 1918 թ., այսինքն՝ 336 տարում վերոհիշյալ 11 րոպե 14 վայրկյանը կուտակվել-դարձել էր 3 օր, ուստի այդ երկրում նոր տոմարը հնից երկար էր ոչ թե 10, այլ 13 օրով։ Այստեղից էլ հին տոմարի 13 օրվա տարբերությունը։

  4. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    enna (01.04.2016), John (01.04.2016), Lion (01.04.2016), Mr. Annoying (01.04.2016), Տրիբուն (01.04.2016)

  5. #3
    Լիարժեք անդամ Hack-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.05.2006
    Հասցե
    Մոսկվա
    Գրառումներ
    82
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Նավասարդ

    (11.08 — 09.09)



    Հայոց տոմարի աոաջին ամիսն է, հերթականությամբ համապատասխանում է հուլյան տոմարի հունվարին։ Նավասարդ բառը կազմված է նավա (նոր) և սարդ (տարի) բառերից և նշանակում է նոր տարի, ամանոր։ Հայոց անշարժ տոմարով նավասարդը տևել է օգոստոսի 11-ից սեպտեմբերի 9-ը։ Այդ ամսանվան ծագման մասին Անանիա Շիրակացին (VII դ.), Հովնաննես Իմաստասերը (1045—1129) և այլ խոշոր գիտնականներ ավանդում են, որ Նավասարդը Հայկ Նահապետի դուստրերից մեկի անունն էր, որով մեր նախահայրը անվանել էր տարվա առաջին ամիսը։ Ամանորի հենց հաջորդ օրը հին հայերը տոնում էին իրենց ամենաշքեղ ու ամենակարևոր տոնը։ Այն նվիրված էր հայոց աստվածների հայր Արամազդին և կոչվում էր «Նավասարդյան տոներ»։ Այդ տոնը տարբեր ժամանակներում նվիրված է եղել տարբեր աստվածների։ Մոտավորապես մ. թ. ա. III հազարամյակում, Նավասարդյան տոները նվիրված են եղել Հայկ Նահապետին։ Քանի որ Հայկը հայոց առաջին հզոր թագավորն էր, նրա անունով Հայաստանի բնակիչները կոչվեցին հայեր, իսկ երկիրը՝ Հայք կամ Հայաստան։ Հայկը նաև ժամանակի, չափի և տոմարի սահմանողն ու տնօրինողն էր, կամ օտար հորջորջմամբ՝ ժամանակի աստվածը։

    Հայտնի է, որ Արամազդը ևս համարվել է ժամանակի որդին։ Սա կնշանակի Արամազդի՝ ժամանակի որդին լինելու հանգամանքը իր մեջ կրում է նաև նրա՝ Հայկի հաջորդը լինելու վերհուշը։ Արամազդի գերբնական հզորության և երկնային էության խորհրդանշաններից մեկը ծիածանն էր՝ նրա գոտին։ Արամազդին մեծարում էին հետևյալ խոսքերով. «Մեծն արին Արամազդ, արարիչ երկնի և երկրի, լիություն պարարտության, արարիչ աստվածների, ամպրոպային պատկերն Արամազդի»։

    Ինչպես ասվեց, Արամազդն ունեցել է նաև «հյուրընկալ» տիտղոսը։ Իսկ սա՞ որտեղից է գալիս։

    Ղևոնդ Ալիշանի կարծիքով Արամազդից առաջ հայոց գերագույն աստվածը եղել է Վանատուրը։ Բայց մ. թ ա. աոաջին հազարամյակի կեսերից սկսած, Աքեմենյան Պարսկաստանի և Հունաստանի հետ առևտրատնտեսական ու քաղաքական կապերի ազդեցությամբ, Հայկին փոխարինած Վանատուրը զուգադրվեց պահլավա-պարսկական և հունական դիցարանների գերագույն աստվածներ Ահուրամազդային ու Զևսին և նավասարդի 2-րդ տոնը նվիրվեց Արամազդին՝ երկրի ու երկնքի արարչին։ (Արամազդը հիշեցնում էր նաև հռոմեական Յուպիտերին ու հնդկական Ինդրային): Այսպիսով՝ Արամազդ աստվածության գերիշխանության հետևանքով, Վանատուրը կորցրեց իր երբեմնի տիտղոսը, պահեց միայն հյուրընկալ աստվածության հատկանիշը։ Իսկ Արամազդն էլ պահեց Վանատուրի հյուրընկալության տիտղոսը։ Ահա թե ինչու Արամազդի տաճարներին կից եղել են իջևանատուն-հյուրանոցներ՝ հեռավոր վայրերից եկած ուխտավորների համար։

    Արամազդի տաճարին կից հյուրատներ կառուցելու սովորությունը ժողովուրդը պահեց նաև քրիստոնեության մուտքից հետո։ Մինչև մեր դարի սկզբները առանձին նշանավոր ուխտատեղերն ու տաճարները ունեին իջևանատուն-հյուրանոցներ։ Իհարկե, պատահական չէր, որ հայոց թագավորների գլխավորությամբ գումարվող աշխարհաժողովները փոխանակ տեղի ունենային Արամազդի տաճարում, կատարվում էին Վանատուրի սրբավայրում։ Սա այն պատճառով, որ հյուրընկալ Վանատուրը Հայկից հետո և Արամազդից առաջ եղել է մեր գերագույն աստվածը։ Բայց հետագայում, երբ Արամազդը փոխարինել է Վանատուրին, ավանդությունը չի խախտվել, հյուրատներ կառուցվել են Արամազդի տաճարներում, բայց աշխարհաժողովները շարունակվել են Վանատուրի գլխավոր սրբավայրում։

    Արամազդի գլխավոր մեհյանը գտնվում էր Բարձր Հայքի Դարանաղյաց գավառի Հանի կամ Անի քաղաքում*։ Աղբյուրներում Արամազդի մի ուրիշ մեհյան էլ հիշատակվում է Վասպուրականի Անձևացյաց գավառի մեջ, Պաղատ լեռան վրա։ Այս բագինը կոչվել է «Տուն Արամազդի և Աստղիկի»։ Հետաքրքիր է, որ այս տաճարի վայրում կամ մոտերքում կառուցված Բութկի (Փութկու). ս. Գրիգոր եկեղեցում մի աքաղաղ էին պահում, որը ձմեռ ժամանակ գուշակում էր ճամփորդների հաջողությունը։ Այստեղ ևս մենք տեսնում ենք հեթանոսական հավատալիքների ուղղակի անցումը քրիստոնեությանը։

    _______________________
    * Դարանաղյաց Անին չպիտի շփոթել Բագրատունյաց հայկական թագավորության հռչակավոր մայրաքաղաքի հետ, որի ավերակները գտնվում են Ախուրյանի աջ ափին, Անի երկաթուղային կայարանից 7 կմ հեռավորությամբ։
    _______________________

    Քանի որ «Նավասարդյան տոները» առանց ընդմիջման հաջորդում էին Ամանորին և շարունակվում էին մինչև նավասարդի 6-ը, ուստի Վանատուրի ու Արամազդի տոները ձուլվեցին իրար և միասին կոչվեցին «Նավասարդյան տոներ»։ Այսինքն՝ Արամազդը տոների առումով ևս ներառեց Վանատուրի պաշտամունքի որոշ տարրեր։ Ուստի Արամազդն էլ է հաճախ անվանվել «հյուրընկալ»։
    Նավասարդյան տոները ուղեկցվել են երգ–երաժշտությամբ, պարերով, թատերական ու կրկեսային ներկայացումներով, ցուցքերով, զինախաղերով ու մարզական մրցումներով։ Այդ մրցումները կոչվում էին «Նավասարդյան խաղեր» և փաստորեն համահայկական լինելով, հիշեցրել են հույների գերագույն աստված Զևսին նվիրված օլիմպիական խաղերը, որոնց հիմնադիրը հույն ժողովրդի հերոս Հերակլեսն էր։

    Ինչպես հեթանոսական բազմաթիվ այլ ծեսեր, ժողովուրդը մինչև վերջերս պահել էր նաև նավասարդյան տոները օգոստոսին կատարելու հինավուրց սովորությունը։ Նավասարդյան տոները մինչև մեր դարի 30—40-ական թվականները պահպանվել էին Սյունիքում, Շահապոնքում (ներկայիս Նախիջևանի ԻԽՍՀ-ի Շահբուզի շրջան), Արցախում, Պարսկահայքում, Վայոց ձորում և այլուր։
    Նշանավոր ազգագրագետ Երվանդ Լալայանը գրում է, որ Վարանդայում նավասարդյան տոներին, շատերն ի նշան ուրախության, ծառերի վրա կարմիր շորեր էին ձգում և կարմիր թելով ճյուղերը կապոտում, որոնք անմիջական աղերս ունեին վանատուրյան նվիրական կարմիր գույնին (շալե շապիկ, կարմիր գոտիկ):
    Սյունիքում այդ տոնին գիշերը գոմերը մաքրում էին և անասունների տակ գարի փռում, պոչերին կարմիր թել կապում, որպեսզի տարին առատ ու կարմիր օրերով լեցուն լիներ։


    Նավասարդյան տոնը Պարսկահայքի Սալմաստ գավառում, Աշտարակում և Շահապոնքում անվանել են «Խլվլիկի տոն»։ Խլվլիկ էր կոչվում 8—12 տարեկան երեխաների այն խումբը, որը նավասարդ-խլվլիկի տոնին գյուղացիների երդիկներից թելով գուլպա կախելով, փոխված ձայնով չիր, չամիչ, փշատ, գաթա և այլ ուտելիքներ էր պահանջում։ Տանտիկինը և հարսները երդիկից իրենց քուրսու վրա կախված գուլպաները զվարճալի կատակների ուղեկցությամբ լցնում էին զանազան բարիքներ, որպեսզի օձիքներն ազատեին չարաճճի երեխաներից։
    Պարսկահայքի Խոյ քաղաքից 1820-ական թթ. Շահապոնքի Նորս գյուղի գաղթածների սերունդները, մինչև 1950-ական թվականները այդ արարողությունը կատարել են Տերենտհսի (տրընդեզ) տոնին, փետրվարի 13-ին։ Երեխաները երդիկներից գուլպաները կախելով, ասերգում էին.

    Ալկէ մարեմ, մարեմ, մարեմ,
    Ծեր /ձեր/ տղայի /կամ՝ խարսի, այսինքն՝ հարսի/
    սոլերը /կոշիկները/ կարեմ,
    Չամիչ տվեք ատամներս շարեմ,
    Գյոզ (պոպոկ) տվեք՝ փորս լարեմ,
    Շաքար տվեք՝ սիրտս ուզելի (սիրտս ուզում է),
    Կորկոտ տվեք՝ փորս լցնեմ։
    Քյոխվա, տանուտեր, մի խնայի,
    Աստված ծեր (ձեր) խարս ու փեսին պախի (պահի):

    Կամ.

    Մարեմ, մարեմ
    Ծեր խարսի շորերը կարեմ,
    Չամիչ տվեք՝ աչքերը դնեմ,
    Փշատ տվեք՝ ատամները շարեմ,
    Կյոզ տվեք՝ գլուխը ջարդեմ։



    Ասացինք Նավասարդյան տոներին գուսանները երգում-պարում էին զանազան երգեր ու պարեր։ Հետաքրքիր է, այդ երգերից ինչ-որ բան հասե՞լ է մեզ, թե՝ ոչ։ Պարզվում է, հասել է։
    XI դարի հայ մեծ իմաստասեր, մաթեմատիկոս ու երաժշտագետ Գրիգոր Մագիստրոսի (990—1058) մի նամակում պահպանվել է այդ տոներին երգված երգերից մեկը, որը ժողովուրդը հնագույն ժամանակներից հասցրել է մինչև տասնմեկերորդ դար։

    Ո տայր ինձ զծուխ ծխանի
    Եւ զառաւօտն Նաւասարդի
    Զվազելն եղանց
    Եւ զվարգելն եղջերուաց,
    Մեք փող հարուաք
    Եւ թմբկի հարկանէաք,
    Որպէս օրէն է թագաւորաց։

    (Ով պիտի տար ինձ ծուխը ծխանի
    Եվ առավոտը նավասարդի,
    Եղնիկների վազքը
    Եվ եղջերուների վարգելը,
    Մենք փող էինք փչում
    Եվ թմբուկ զարկում,
    Ինչպես օրենքն է թագավորների)։

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Տրիբուն (01.04.2016)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հայկական ռեպ
    Հեղինակ՝ Imperator, բաժին` Երաժշտական ոճեր
    Գրառումներ: 95
    Վերջինը: 20.11.2017, 04:33
  2. Հայկական Ռոք
    Հեղինակ՝ ArmenianMetal, բաժին` Երաժշտական ոճեր
    Գրառումներ: 86
    Վերջինը: 02.04.2016, 12:30
  3. Հայկական տոմար
    Հեղինակ՝ Մեղապարտ, բաժին` Պատմություն
    Գրառումներ: 1
    Վերջինը: 11.08.2009, 14:49
  4. Հայկական ՔԻԹ
    Հեղինակ՝ ներաԿ, բաժին` Մարդ և շրջակա միջավայր
    Գրառումներ: 63
    Վերջինը: 08.05.2009, 23:24

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •