ժողովուրդ, որոշեցի գրքի թարգմանությունը կամաց-կամաց դնել էստեղ, բայց ի տարբերություն ֆեյսբուքի՝ ոչ թե հատվածներ, այլ ամբողջական գլուխներով, համ էլ մոտիվացիաս կավելանա:
Խնդրում եմ հիշել, որ տեղադրված տեքստն ԸՆԴՀԱՆՐԱՊԵՍ խմբագրված չէ, կան բազմաթիվ վրիպակներ ու սխալներ, խնդրում եմ մոտենալ ըմբռնումով:
Եվ այսպես,
ՆԱԽԱԲԱՆ
- Լավ կլինի՝ հետ գնանք,- պնդեց Գարեդը, երբ իրենց շուրջ անտառը սկսեց մթնել: - Վայրենիները մեռած են:
- Մեռելները քեզ վախեցնու՞մ են,-հարցրեց Սըր Վայմար Ռոյսը՝ թեթև ժպիտով:
Գարեդը խայծը կուլ չտվեց: Նա ծեր էր, հիսունն անց, ու գլխով շատ իշխանավորներ էին անցել:
- Մեռելը մեռել է,-ասաց նա,-մենք մեռելների հետ գործ չունենք:
- Բայց մեռե՞լ են արդյոք,-մեղմ հարցրեց Ռոյսը: - Ի՞նչ ապացույց ունենք:
- Ուիլլն է տեսել նրանց,-ասաց Գարեդը: - Եթե ինքն ասում է, որ մեռած են, դա արդեն բավարար ապացույց է ինձ համար:
Ուիլլը գիտեր, որ իրեն վաղ թե ուշ վեճի մեջ են ներքաշելու: Ուզում էր, որ դա հնարավորինս ուշ լինի:
- Մայրս ասում էր, որ մահացածները երգեր չեն երգում,-ասաց նա:
- Դայակս էլ էր նույնն ասում, Ուիլլ,- պատասխանեց Ռոյսը: - Երբեք մի հավատա կանանց կրծքերի մոտ լսած որևէ բանի: Նույնիսկ մեռելներից սովորելու բաներ կան:
Նրա ձայնը չափազանց բարձր արձագանքեց մթնող անտառում:
- Մեզ երկար ճանապարհ է սպասվում,-նշեց Գարեդը: - Ութ օր, գուցե ինը: Գիշերն էլ վրա է հասնում:
Սըր Վայմար Ռոյսն անտարբերությամբ նայեց երկնքին:
- Այն վրա է հասնում ամեն օր, մոտավորապես այս ժամին: Վախենու՞մ ես մթությունից, Գարեդ:
Ուիլը տեսնում էր Գարեդի շուրթերի լարվածությունը, հազիվ զսպված զայրույթն աչքերում՝ թիկնոցի հաստ, սև վեղարի տակ: Գարեդը քառասուն տարի էր անցկացրել Գիշերազորում, դեռ մանուկ հասակից, ու ծաղրի ենթարկվելուն սովոր չէր: Մինչդեռ, դա ամենը չէր: Խոցված հպարտության ներքո Ուիլն ինչ-որ ուրիշ բան էր զգում ծերունուց: Դրա համն էր զգում՝ նյարդային լարվածություն էր, որը վտանգավոր չափի մոտենում էր վախի զգացողությանը:
Ուիլը կիսում էր նրա անհանգստությունը: Չորս տարի էր, ինչ Պատի վրա էր: Երբ առաջին անգամ իրեն Պատից այն կողմ ուղարկեցին, բոլոր լսած հին հեքիաթները վերակենդանացան, ու վախից լեղին ջուր կտրեց: Հետո դրա վրա ծիծաղում էր: Մինչ այս պահն արդեն հարյուրավոր արշավներ տեսած հետախույզ էր, և անվերջորեն մռայլ թավուտները նրա, ինչը հարավցիներն անվանում էին Կախարդված անտառ, այլևս սարսափելի չէին իր համար:
Մինչ այս երեկո: Այս երեկո ինչ-որ բան ուրիշ էր: Ինչ-որ բան կար մթության մեջ, որից փշաքաղվում էր: Ինն օր շարունակ արշավել էին դեպի հյուսիս, ապա՝ հյուսիս-արևմուտք, ապա՝ կրկին հյուսիս, ավելի ու ավելի հեռանալով Պատից, մի կերպ բռնած վայրենի հետախույզների խմբի հետքը: Ամեն նոր օր նախորդից ավելի վատն էր: Այսօր ամենավատ օրն էր: Հյուսիսից սառը քամի էր փչում, որից ծառերը նմանվում էին շարժվող կենդանի արարածների: Ամբողջ օրը Ուիլն այն զգացողությունն էր ունեցել, թե ինչ-որ բան հետևում է իրեն, ինչ-որ սառն ու անողոք մի բան, որին ինքը դուր չէր գալիս: Գարեդն էլ էր նույնը զգացել: Ուիլլն այլ բան չէր ուզում, քան քառատրոփ սլանալ դեպի Պատի ապահովությունը, բայց դա այն զգացողությունը չէր, որով կարելի էր կիսվել հրամանատարի հետ:
Հատկապես սրա նման մեկի:
Սըր Վայմար Ռոյսը բազմաթիվ ժառանգներ ունեցող հինավուրց տոհմի ամենափոքր զավակն էր: Նա տասնութ տարեկան գեղեցիկ երիտասարդ էր, ուներ մոխրագույն աչքեր, և դանակի սայրի պես նրբագեղ էր ու բարեկազմ: Իր հսկայական սև նժույգին բազմած՝ նա ավելի բարձր էր, քան Ուիլլն ու Գարեդն իրենց առավել փոքր ձիերով: Նա կրում էր սև կաշվե կոշիկներ, սև բրդե տաբատ, խլուրդի մորթուց սև ձեռնոց ու եփված կաշվի ու սև բրդի շերտերի վրայից՝ պսպղացող սև օղազրահից մի հրաշալի մուշտակ: Դեռ կես տարի էլ չկար, ինչ Սըր Վայմարը Գիշերազորի Երդվյալ եղբայրն էր դարձել, բայց ոչ ոք չէր կարող ասել, թե նա պատրաստ չէր իր պաշտոնին: Գոնե հագուստը լավ էր ընտրված:
Թիկնոցն իր հպարտությունն էր՝ մռայլ, հաստ, սև ու մեղքի նման հաճելի:
- Գրազ գանք, նրանց բոլորին ինքն է սպանել, իր ձեռքով,-ասում էր Գարեդը զինանոցում գինի խմելիս,-մեր այս հուժկու զորավարը ոլորել է նրանց բարալիկ վզերը:
Բոլորը ծիծաղից թուլանում էին:
«Դժվար է կատարել այն մարդու հրամանները, ում վրա բաժակդ ձեռքիդ ծիծաղել ես»,-մտածում էր Ուիլլը՝ ձիու վրա նստած ցրտից դողալով: Պետք է որ Գարեդը նույնը զգար:
- Մորմոնտն ասաց, որ պետք է հետևենք նրանց, մենք էդպես էլ արեցինք,-ասաց Գարեդը:
- Նրանք մեռած են: Մեզ այլևս չեն անհանգստացնի: Մեզ ծանր արշավ է սպասվում: Այս եղանակն ինձ դուր չի գալիս: Եթե ձյուն տեղա, հետդարձը երկու շաբաթ կձգվի, իսկ ձյունն ամենալավն է, որ կարող է գլխներիս գալ: Երբևէ սառցե մրրիկ տեսե՞լ եք, միլորդ:
Իշխանը, թվում էր, թե չէր լսում նրան: Նա կիսաձանձրացած, կիսավերացած հայացքով ուսումնասիրում էր խորացող աղջամուղջը: Ուիլը նրա հետ բավականաչափ արշավել էր՝ իմանալու համար, որ լավ կլինի նրան չանհանգստացնել, երբ նման հայացք էր ունենում:
- Մի անգամ էլ պատմիր, թե ինչ ես տեսել, Ուիլ: Բոլոր մանրամասներով: Ոչինչ բաց չթողնես:
Մինչև Գիշերազորին միանալը Ուիլը որսորդ էր եղել: Ավելի ճիշտ՝ որսագող: Մալիստերի արշավորդները նրան բռնել էին Մալիստերին պատկանող անտառներում՝ ձեռքերն արյան մեջ կորած, Մալիստերին պատկանող այծյամներից մեկին մաշկելուց, ու նրան կանգնեցրել էին ընտրության առջև՝ կամ ձեռքն էին կտրելու, կամ նա պետք է սև հագուստ կրեր: Ոչ ոք չէր կարողանում Ուիլի նման անշշուկ շարժվել անտառում. սև եղբայրները շատ շուտ բացահայտեցին նրա այդ տաղանդը:
- Ճամբարը երկու մղոն այն կողմ է, գագաթից այն կողմ, գետի եզրին,-ասաց Ուիլը:-Ինչքան հնարավոր էր՝ մոտ գնացի: Նրանք ութն են, կին և տղամարդ: Երեխաներ չտեսա: Հանգստանալու տեղ էին սարքել ժայռի մոտ: Ձյունն այն ահագին ծածկել էր, բայց միևնույն է, կարողացա նշմարել: Կրակ չէր վառվում, բայց խարույկի տեղը ցերեկվա պես պարզ երևում էր: Ոչ մեկը չէր շարժվում: Ես երկար նայեցի: Ոչ մի կենդանի մարդ երբևէ այդքան անշարժ չի եղել:
- Արյուն տեսա՞ր:
- Չէ, չտեսա,-ընդունեց Ուիլը:
- Իսկ զե՞նք:
- Մի քանի թուր, մի քանի աղեղ: Մեկի մոտ կացին կար: Ծանր, կրկնակի շեղբով, մետաղե, ահարկու տեսք ուներ: Այն գետնին էր, այդ մարդու կողքին, հենց ձեռքի մոտ:
- Մարմինների դիրքը ուսումնասիրեցի՞ր:
Ուիլն ուսերը վեր քաշեց:
- Մի երկուսը նստած էին՝ ժայռին հենված: Շատերը գետնին էին: Ոնց որ ընկած լինեին:
- Կամ քնած,-նշեց Ռոյսը:
- Ընկած,-պնդեց Ուիլը:-Ծառի վրա, ճյուղերի արանքում մի կին կար: Աչքերը բաց էին, հեռուն էր նայում: - Նա թեթև ժպտաց:- Փորձեցի աննկատ մնալ: Երբ մոտեցա, հասկացա, որ ինքն էլ չէր շարժվում: - Ակամայից դողաց:
- Մրսու՞մ ես,-հարցրեց Ռոյսը:
- Մի քիչ,-մրթմրթաց Ուիլը:- Քամի է, միլորդ:
Երիտասարդ ասպետը շրջվեց դեպի իր սրտնեղած թիկնապահները: Սառած տերևները սոսափեցին նրանց հետևում, Ռոյսի նժույգն անհանգիստ շարժվեց:
(շարունակելի)
Էջանիշներ