ԿԵՏԼԻՆ
Դիցանտառը երբեք Կետլինին դուր չէր եկել:
Նա ծնվել էր Տալլիում՝ Ռիվերրանում, որը հեռու հարավում էր, Եռաժանու Կարմիր Ժանիքի ափին: Այնտեղ դիցանտառը մի պայծառ ու զով պարտեզ էր, ուր կարմրափայտ ծառերը խայտաբղետ ստվերներ էին գցում քչքչացող առվակներին, ուր թռչունները երգում էին՝ իրենց բներում թաքնված, ուր օդն այնքա~ն հագեցած էր ծաղիկների բույրով:
Վինտերֆելի աստվածներն այլ տեսակի դիցանտառ ունեին: Դա մի մութ, հինավուրց վայր էր անտառում, երեկ ակր ձգվող տարածք, որը կուսական էր մնացել հազարավոր տարիներ, մինչև որ մռայլ ամրոցն էր բարձրացել դրա կողքին: Այստեղից խոնավության ու տիղմի հոտ էր գալիս: Այստեղ կարմրափայտ ծառեր չէին աճում: Սա մոխրա-կանաչավուն ասեղներով զինված համառ պահապան ծառերի, հզոր կաղնիների և մետաղածառերի անտառն էր. նույնքան հինավուրց, որքան ինքը` թագավորությունը: Այստեղ հաստ, սև ծառաբները գրեթե դիպչում էին միմյանց, մինչ իրենց միահյուսված ճյուղերը խիտ ամպհովանի էին դառնում գլխավերևում, իսկ տձև արմատները գալարվում էին գետնի տակ: Սա խորը լռության և տրտմալի ստվերների օրրանն էր, իսկ աստվածները, որոնք բնակվում էին այստեղ, անանուն էին:
Բայց նա գիտեր, որ ամուսնուն այս երեկո այստեղ կգտներ: Երբ պետք էր լինում մարդու կյանք խլել, նա միշտ դիցանտառի հանդարտության կարիքն էր ունենում:
Կետլինն օծվել էր յոթ յուղերով, և անվանակոչվել ի պատիվ լույսի ծիածանի, որը լուսավորում էր Ռիվերրանի մատուռը: Նա աստվածավախ էր, ինչպես իր հայրը, պապն ու պապի հայրը: Նրա աստվածներն անուններ ունեին, իսկ նրանց դեմքերը իր ծնողների դեմքերի նման ծանոթ էին: Աղոթքի համար պարտադիր էր բուրվառը ձեռքին սարկավագի ներկայությունը, խունկի բույրը, լուսարձակող յոթանիստ ադամանդն ու երգեցիկ ձայները: Տալլիներն էլ, բոլոր մեծ տների պես, ունեին դիցանտառ, բայց դա այնպիսի վայր էր, որտեղ կարելի էր զբոսնել, զբաղվել ընթերցանությամբ կամ էլ պառկել արևի տակ: Աղոթում էին մատուռում:
Կնոջ համար Նեդը մի փոքրիկ մատուռ էր սարքել, որտեղ նա կարող էր աղոթել աստծո յոթ երեսներին, բայց Առաջին Մարդկանց արյունը դեռ հոսում էր Ստարկերի երակներում, և իրենց աստվածները հին էին ու անդեմ, դրանք անանուն աստվածներն էին թավուտի, որը կիսում էին անտառի անհետացած երեխաների հետ:
Պուրակի կենտրոնում մի հինավուրց մոգածառ էր խոնարհված դեպի փոքրիկ ավազանը, որի ջրերը սառն էին ու սև: Նեդն այն կոչում էր Սրտի ծառ: Մոգածառի բունը ոսկրի նման ճերմակ էր, տերևները՝ մուգ կարմիր, հազարավոր արյունոտ ձեռքերի պես: Հսկայական ծառի բնին երկար, թախծոտ դիմագծերով դեմք էր փորագրված, խորը փորված աչքերը կարմրել էին չորացած բուսահյութից, ու ասես ուշադիր հետևում էին: Հին էին այդ աչքերը, ավելի հին, քան ինքը՝ Վինտեֆելը: Նրանք տեսել էին, թե ինչպես է Բրանդոն Շինարարը առաջին քարը դնում, եթե հեքիաթները չէին ստում, նրանք նաև տեսել էին, թե ինչպես են ամրոցի գրանիտե պատերը բարձրանում իրենց շուրջը: Ասում էին, որ անտառի զավակներն են փորել դեմքերը ծառերի բներին դեռ նախնադարում, մինչ Առաջին Մարդկանց ներխուժումը նեղ ծովից:
Հարավում վերջին մոգածառերը կտրվել կամ այրվել էին հազարավոր տարիներ առաջ, բացառությամբ Դեմքերի Կղզու, որտեղ մարդիկ շարունակում էին լուռ հոգալ բնության մասին: Այստեղ, հյուսիսում, ուրիշ էր: Այստեղ ամեն ամրոց ուներ իր դիցանտառը, իսկ յուրաքանչյուր դիցանտառ՝ իր Սրտի ծառը, ու բոլոր Սրտի ծառերն ունեին դեմքեր: Կետլինն ամուսնուն գտավ մոգածառի տակ, մամռակալած քարին նստած: Սառույցը՝ հսկայական թուրը հենել էր ծնկին, ու մաքրում էր դրա շեղբը գիշերվա պես սև ջրերում: Բուսահողի դարերով հավաքված հաստ շերտը ծածկում էր դիցանտառի հատակը՝ կլանելով ոտնաձայները, իսկ մոգածառի կարմիր աչքերը, թվում էր, թե հետևում էին Կետլինին, երբ նա մոտենում էր:
- Նեդ,-կանչեց նա մեղմորեն:
Նա գլուխը բարձրացրեց ու նայեց կնոջը:
- Կետլին,-ասաց: Նրա ձայնն անհաղորդ էր ու սառը:-Որտե՞ղ են երեխաները:
Նա միշտ այդ հարցը տալիս էր:
- Խոհանոցում են, վիճում են գայլի քոթոթների անունների շուրջ:
Նա իր թիկնոցը փռեց գետնին ու նսստեց ավազանի կողքին, մեջքով դեպի մոգածառը: Զգում էր, որ աչքերը հետևում են իրեն, բայց փորձում էր ամեն ինչ անել, որպեսզի ուշադրություն չդարձնի դրան:
- Արյան արդեն իսկ սիրահարվել է, Սանսան հիացած է, իսկ Ռիկոնը դեռ վստահ չէ:
- Վախենու՞մ է,-հարցրեց Նեդը:
- Մի քիչ,-ընդունեց կինը:- Նա ընդամենը երեք տարեկան է:
Նեդը հոնքերը կիտեց:
- Նա պետք է սովորի իր վախերը հաղթահարել: Միշտ երեք տարեկան չի լինելու: Ձմեռն էլ մոտենում է:
- Այո,-համաձայնեց Կետլինը: Այդ բառերից սառնություն զգաց, ինչպես միշտ: Ստարկերի բառերից: Ամեն ազնվական տուն իրեն հատուկ բառեր ուներ: Նշանաբաներ, կարգախոսներ, յուրատեսակ աղոթքներ, որոնք գովաբանում էին պատիվն ու փառքը, խոստանում հավատարմություն և անդավաճանություն, երդվում հավատքով և քաջությամբ: Բոլորը, բացի Ստարկերից: Ձմեռը մոտենում է, ասում էին Ստարկերը: Առաջին անգամ չէր, որ Կետլինը մտածեց, թե ինչ տարօրինակ մարդիկ էին այդ հյուսային ժողովուրդը:
- Այդ մարդը քաջաբար մահացավ,-ասաց Նեդը: Նա յուղոտ կաշվի մի կտոր ուներ ձեռքում, և խոսելիս այն թեթև սահեցնում էր սրի վրայով, փայլեցնելով մետաղը: - Իսկ Բրանն ինձ ուրախացրեց: Դու կհպարտանայիր նրանով:
- Ես միշտ եմ հպարտանում Բրանով,-պատասխանեց Կետլինը՝ նայելով թրին, քանի ամուսինն այն փայլեցնում էր: Նա տեսնում էր պողպատի ծալքն այն մասում, որտեղ մետաղը նորից հետ են ծալել ու կռել հարյուրավոր անգամներ: Կետլինը չէր սիրում թրեր, բայց չէր կարող չընդունել, որ Սառույցն իր ուրույն գեղեցկությունն ուներ: Այն կռել էին Վալիրիայում, Ազատ Հողերի կործանումից առաջ, երբ դարբինները մետաղը կռում էին ոչ միայն մուրճի, այլև դյութանքի օգնությամբ: Թուրը չորս հարյուր տարեկան էր, բայց նույնքան սուր էր, որքան եղել էր կռման օրը: Նրա անունը, սակայն, ավելի հին էր, գալիս էր հերոսների դարերից, երբ Ստարկերը Հյուսիսի Արքաներն էին:
- Այս տարի նա չորրորդն էր,-մռայլ ասաց Նեդը:- Խեղճը կիսով չափ գժվել էր: Ինչ-որ բան այնպիսի խորը վախ էր ներշնչել նրան, որ խոսքերս չէր հասկանում:
Էջանիշներ