User Tag List

Էջ 2 2-ից ԱռաջինԱռաջին 12
Ցույց են տրվում 16 համարից մինչև 18 համարի արդյունքները՝ ընդհանուր 18 հատից

Թեմա: Ջորջ Մարտին «Գահերի խաղը»

  1. #16
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,724
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    - Ես համարյա թե մեծ մարդ եմ,-ընդվզեց Ջոնը: - Հաջորդ անվանակոչությանս օրը տասնհինգ տարեկան կդառնամ, իսկ Մայստեր Լյուվինն ասում է, որ բաստարդներն ավելի արագ են մեծանում, քան մնացած երեխաները:
    - Դա զուտ ճշմարտություն է,-ասաց Բենջենը՝ շուրթերը ներքև թեքելով: Նա վերցրեց Ջոնի բաժակը սեղանի վրայից, նորից լցրեց այն մոտիկ դրված կուժից և երկար ումպերով խմեց մինչև վերջ:
    - Դաերեն Տարգարիենն ընդամենը տասնչորս տարեկան էր, երբ նա գրավեց Դորնը,-ասաց Ջոնը: Երիտասարդ Վիշապն իր ամենասիրելի հերոսներից էր:
    - Հաղթանակ, որը մի ամբողջ ամառ տևեց,-նկատեց հորեղբայրը:- Քո Երիտասարդ Արքան կորցրեց տասը հազար մարդ, ապա՝ ևս հիսուն հազարը, երբ փորձում էր նվաճածը պահպանել: Ինչ-որ մեկը նրան պետք է ասեր, որ պատերազմը խաղ չէ:-Նա ևս մի կում արեց գինուց:-Նաև,-ասաց նա՝ բերանը սրբելով,-Դաերեն Տարգարիենն ընդամենը տասնութ տարեկան էր, երբ մահացավ: Թե՞ դրա մասին մոռացել ես:
    - Ես ոչինչ չեմ մոռանում,-պարծեցավ Ջոնը: Գինին գլխին էր խփել: Նա փորձում էր շատ ուղիղ նստել, որ ավելի բարձրահասակ երևա: - Ուզում եմ Գիշերազորում ծառայել, հորեղբայր:
    Ջոնը դրա մասին շատ էր մտածել, երբ պառկում էր քնելու, իսկ եղբարներն արդեն քնած էին լինում: Ռոբը մի օր կժառանգեր Վինտերֆելը, հսկայական բանակ կղեկավարեր որպես Հյուսիս Պահապան: Բրանն ու Ռիկոնը կդառնային Ռոբի դրոշակակիրներն ու երկիրն իր անունից կկառավարեին: Իր քույրեր Արյան ու Սանսան կամուսնանային այլ մեծ տների ժառանգների հետ և կգնային հարավ, որպես իրենց սեփական ամրոցների տիրուհիներ: Իսկ ինչի՞ հույս կարող էր ունենալ բաստարդը:
    - Դու չգիտես՝ ինչ ես խնդրում, Ջոն: Գիշերազորը երդվյալ եղբարների տեղն է: Մենք ընտանիք չունենք: Մեզանից ոչ ոք երբեք որդի չի ունենա: Մեր կինը մեր պարտավորությունն է, պատիվը՝ մեր սիրուհին:
    - Բաստարդը նույնպես կարող է պատիվ ունենալ,-ասաց Ջոնը:-Ես պատրաստ եմ ձեր երդումը տալու:
    - Դու տասնչորս տարեկան ես, -ասաց Բենջենը:-Դեռ տղամարդ չես դարձել: Քանի դեռ կին չի եղել քո կյանքում, դու չես կարող հասկանալ, թե ինչից ես հրաժարվում:
    - Կանայք ինձ չեն հուզում,-տաքացած ասաց Ջոնը:
    - Կհուզեին, եթե իմանայիր, թե դա ինչ է նշանակում,-ասաց Բենջենը:-Եթե իմանայիր, թե երդումն ինչքան թանկ է նստելու քեզ վրա, ավելի քիչ կուզենայիր այդ գինը վճարել, որդիս:
    Ջոնը զգաց, թե ինչպես է զայրույթը գլուխ բարձրացնում:
    - Ես քո որդին չեմ:
    Բենջեն Ստարկը ոտքի ելավ:
    - Ավելի վատ: - Նա ձեռքը դրեց Ջոնի ուսին:-Վերադարձիր ինձ մոտ, երբ քո սեփական բաստարդներն ունենաս, հետո կտեսնենք, թե ինչ կասես:
    Ջոնը դողաց.
    - Ես երբեք ոչ մի բաստարդի հայր չեմ դառնա,-ասաց նա զգուշորեն,-երբե՛ք: - Խոսքերը դուրս թռան թույնի պես:
    Հանկարծ զգաց, որ սեղանի շուրջ բոլորը լուռ են, ու իրեն են նայում: Զգաց, որ աչքերն արցունքներով են լցվում: Ոտքի թռավ:
    - Ես պետք է գնամ,-ասաց նա՝ արժանապատվության վերջին կաթիլները հավաքելով: Նա պտտվեց ու ծլկեց, քանի իրեն արտասվելիս չէին տեսել: Պետք է որ ավելի շատ խմած լիներ, քան իրեն թվում էր: Ոտքերը ոլորվում էին, երբ փորձում էր հեռանալ, ու նա ընկավ սպասուհու վրա, նրա ձեռքի գինու տափաշիշն ընկավ ցած: Շուրջը բոլորը սկսեցին հռհռալ: Ջոնը զգաց տաք արցունքներն իր այտերին: Ինչ-որ մեկը փորձեց նրան հանգստացնել: Նա պոկվեց մարդկանցից և հազիվ տեսնելով՝ վազեց դեպի դուռը: Ուրվականը գնաց նրա հետևից ու նրանք անհետացան խավարում:
    Բակը հանդարտ էր ու դատարկ: Միայնակ ժամապահը կանգնած էր ներքին պատի ատամնավոր պարսպի վրա՝ թիկնոցն ամուր փաթաթած վզի շուրջը, ցրտից պաշտպանվելու համար: Այնտեղ կանգնած՝ նա թշվառ ու ձանձրացած տեսք ուներ, բայց Ջոնն առանց մտածելու տեղերով կփոխվեր նրա հետ: Ամրոցը մռայլ էր ու լքված: Ջոնը մի անգամ էր տեսել լքված ամրոց, դա մի մռայլ վայր էր, ուր ոչինչ չէր շարժվում բացի քամուց, իսկ քարերը լռում էին այնտեղ մի ժամանակ ապրած մարդկանց մասին: Վինտերֆելն այսօր նրան այդ ամրոցը հիշեցրեց:
    Նրա հետևում բաց պատուհանից լսվում էին երաժշտության և երգի ձայներ: Դրանք ամենավերջին բաներն էին, որ Ջոնը կուզենար լսել: Նա վերնաշապկի թևքով մաքրեց արցունքները, կատաղած, որ ինքն իրեն թույլ էր տվել արտասվել, և շրջվելով՝ ուզում էր հեռանալ:
    - Տղա,-մի ձայն կանչեց: Ջոնը շրջվեց:
    Տիրիոն Լանիստերը նստած էր Մեծ Դահլիճի դռան վերևում գտնվող քարին, ու նայում էր աշխարհին ինչպես գրոտեսկացված արձան: Գաճաճը վերևում քմծիծաղ տվեց:
    - Այդ կենդանին գա՞յլ է:
    - Դիվագայլ է,-ասաց Ջոնը: - Անունն Ուրվական է: - Նա վեր նայեց մարդուկին՝ հանկարծ մոռանալով իր հիասթափության մասին:-Իսկ դուք այդտեղ ի՞նչ եք անում: Ինչու՞ խնջույքին չեք մասնակցում:
    - Չափազանց շոգ է, չափազանց աղմկոտ, ես էլ՝ չափազանց շատ գինի եմ խմել,-պատասխանեց գաճաճը:-Ինձ դեռ մանկուց սովորեցրել են, որ եղբոր վրա փսխելն անքաղաքավարի է: Կարո՞ղ եմ մոտիկից նայել քո գայլին:
    Ջոնը տատանվեց, ապա դանդաղ գլխով արեց:
    - Կարո՞ղ եք իջնել, թե՞ աստիճան բերեմ:
    - Կարիք չկա,-ասաց մարդուկը: Նա ինքն իրեն ցած գցեց քարից: Ջոնը ախ քաշեց, հետո տեսավ, թե ինչես Տիրիոն Լանիստերը, գունդուկծիկ եղած, թեթևորեն վայրէջք կատարեց ձեռքերի վրա, ապա ոտքի թռավ:
    Ուրվականն անվստահորեն հետ գնաց:
    Գաճաճը փոշին թափ տվեց վրայից ու ծիծաղեց:
    - Ինձ թվում է՝ վախեցրի գայլիդ: Ներողություն եմ խնդրում:
    - Նա չվախեցավ,-ասաց Ջոնը, ծնկի եկավ ու կանչեց,-Ուրվական, արի էստեղ: Արի, էդպես:
    Քոթոթը մոտ եկավ ու հոտոտեց Ջոնի դեմքը, բայց հայացքը չէր կտրում Տիրիոն Լանիստերից, իսկ երբ գաճաճը ձեռքը մեկնեց, որ շոյի իրեն, նա հետ գնաց ու ժանիքները բացեց՝ անձայն գռմռալով: - Ամաչում է, այնպես չէ՞,-նկատեց Լանիստերը:
    - Նստիր, Ուրվական,- հրամայեց Ջոնը: -Այդպես, հանգիստ մնա: - Նա նայեց գաճաճին:-Հիմա կարող եք դիպչել: Նա չի շարժվի, մինչև թույլ չտամ: Ես նրան վարժեցրել եմ:
    - Հասկանում եմ,-ասաց Լանիստերը: Նա շոյեց Ուրվականի ականջների արանքի ձյունաճերմակ մորթին ու ասաց.-Լավ գայլ է:
    - Եթե ես այստեղ չլինեի, նա ձեր կոկորդը կկրծեր,-ասաց Ջոնը: Դա իհարկե ճշմարտությունը չէր, բայց կարող էր լինել մի օր:
    - Այդ դեպքում, դու լավ կանես այստեղ մնաս,-ասաց գաճաճը: Նա իր մեծ գլուխը թեքեց մի կողմ ու նայեց Ջոնին՝ տարբեր գույնի աչքերով: - Ես Տիրիոն Լանիստերն եմ:
    - Գիտեմ,-ասաց Ջոնը: Նա վեր կացավ: Կանգնած նա գաճաճից ավելի բարձրահասակ էր: Դրանից իրեն տարօրինակ զգաց:
    - Իսկ դու Նեդ Ստարկի բիճն ես, չէ՞
    Ջոնը զգաց, թե ինչպես իր ներսով սառնություն անցավ: Շուրթերը սեղմեց ու ոչինչ չասաց:
    - Ես վիրավորեցի՞ քեզ,-ասաց Լանիստերը:-Կներես: Գաճաճները քաղաքավարի լինելու կարիք չունեն: Խայտաբղետ հագնված ծաղրածուների սերունդներն ինձ իրավունք են վերապահում վատ հագնվելու և ասելու այն ամենն, ինչ գալիս է լեզվիս,-քմծիծաղեց նա: - Միևնույն է, դու բիճ ես:
    - Լորդ Էդարդ Ստարկն իմ հայրն է,-ընդունեց Ջոնը:
    Լանիստերն ուսումնասիրում էր տղայի դեմքը:
    - Այո,-ասաց նա:-Տեսնում եմ: Քո մեջ հյուսիսն ավելի շատ է, քան եղբայրներիդ:
    - Խորթ եղբայրներիս,-ուղղեց Ջոնը: Նա շոյվել էր գաճաճի ասածից, բայց փորձում էր ցույց չտալ:
    - Թույլ տուր ինձ քեզ մի խորհուրդ տալ, բիճ,-ասաց Լանիստերը:-Երբեք մի մոռացիր, թե դու ով ես, քանի որ աշխարհն, անկասկած, դա հիշելու է: Այն քո ուժը դարձրու: Այդ դեպքում դա երբեք քո թուլությունը լինել չի կարող: Սպառազինվիր դրանով, և ոչ ոք այն երբեք չի օգտագործի քեզ վիրավորելու համար:
    Ջոնը տրամադրված չէր որևէ մեկի խորհուրդները լսելու:
    - Դուք ի՞նչ գիտեք բիճ լինելն ինչ է:
    - Բոլոր գաճաճները բիճ են իրենց հոր աչքերում:
    - Դուք ձեր մորից ծնված Լանիստերի իսկական որդին եք,-ասաց Ջոնը:
    - Այդպես է,-հեգնանքով ասաց գաճաճը:-Դրա մասին իմ լորդ հորն ասա: Մայրս մահացավ ինձ ծնելիս, իսկ հայրս երբեք վստահ չի եղել, որ ես իրենն եմ:
    - Ես անգամ չգիտեմ, թե ով է իմ մայրը:-ասաց Ջոնը:
    - Ինչ-որ կին, անշուշտ: Մայրերը հիմնականում կանայք են,-նա Ջոնին տրտում ժպտաց: - Հիշիր, տղա, բոլոր գաճաճները բիճ են, բայց ոչ բոլոր բիճերը պետք է գաճաճ լինեն: -Այդ խոսքերով նա կաղալով վերադարձավ խնջույքի սրահ՝ ինչ-որ եղանակ շվշվացնելով: Երբ նա դուռը բացեց, ներսից եկող լույսից նրա ստվերը ձգվեց ամբողջ բակով մեկ, և մի պահ Տիրիոն Լանիստերը թագավորի նման հաղթանդամ թվաց:
    Find what you love and let it kill you. (c) Bukowski

  2. #17
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,724
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ԿԵՏԼԻՆ
    Վինտերֆելի հսկայական ամրոցի բոլոր սենյակներից ամենատաքը Կետլինի ննջարանն էր: Նա հազվադեպ էր ստիպված լինում այնտեղ կրակ վառել: Ամրոցը կառուցված էր բնական տաք աղբյուրների վրա, եռացող ջուրը անցնում էր ամրոցի պատերով ու սենյակներով, ինչպես արյունն է վազում մարդու մարմնով, այն պատերը տաք էր պահում, ապակե պարտեզները լցնում էր խոնավ ջերմությամբ, չէր թողնում, որ հատակը սառչի: Բացօթյա լողավազաններից օր ու գիշեր գոլորշի էր դուրս գալիս մի դյուժին փոքրիկ բակերում: Ամռանը դա, իհարկե, այնքան էլ կարևոր չէր, սակայն ձմռանը դա կենաց մահու խնդիր էր դառնում:
    Կետլինի բաղնիքը միշտ տաք էր և ջրով լի, սենյակի պատերը տաք էին: Տաքությունը նրան Ռիվերրանն էր հիշեցնում, Լիզայի և Էդմուրի հետ անցկացրած արևոտ օրերը, բայց Նեդը երբեք տանել չէր կարողացել տաքը: Ստարկերը ստեղծված էին ցրտի համար, ասում էր նա, Կետլինն էլ ծիծաղում էր, թե այդ դեպքում նրանք իրենց ամրոցն անշուշտ սխալ տեղում են կառուցել:
    Երբ վերջացրեցին, Նեդը շրջվեց ու վեր կացավ անկողնուց, ինչպես արել էր հազարավոր անգամներ: Նա անցավ սենյակով, բացեց ծանր գոբելենները և մեկը մյուսի հետևից բացեց բարձր նեղ պատուհանները՝ սենյակ լույս թողնելով:
    Քամին պտտվում էր շուրջը, երբ կանգնած էր նա դեմքով դեպի մթությունը, մերկ ու անզեն: Կետլինը մորթիները քաշեց կզակի մոտ ու նայեց ամուսնուն: Նեդը մի տեսակ ավելի փոքրամարմին ու խոցելի տեսք ուներ, նման այն պատանուն, ում հետ Կետլինն ամուսնացավ Ռիվերրանի մատուռում, տասնհինգ երկար տարիներ առաջ: Գոտկատեղը դեռ ցավում էր ամուսնու արագ սիրո պատճառով: Սիրում էր այդ ցավը: Զգում էր նրա սերմն իր ներսում: Աղոթում էր, որ այն պտուղ դառնա: Ռիկոնի ծնվելուց երեք տարի էր անցել: Ինքը դեռ շատ ծեր չէր: Կարող էր նրան ևս մեկ որդի պարգևել:
    - Ես նրան կմերժեմ,-ասաց Նեդը՝ շրջվելով դեպի կինը: Աչքերը հոգնած էին, ձայնը՝ կասկածներով լի:
    Կետլինը նստեց անկողնում:
    - Չես կարող: Պետք չէ:
    - Իմ պարտականությունն այստեղ է՝ հյուսիսում: Ոչ մի ցանկություն չունեմ Ռոբերտի Խորհրդականը դառնալու:
    - Նա չի հասկանա: Նա հիմա արքա է, իսկ արքաները նման չեն մյուս մարդկանց: Եթե հրաժարվես նրան ծառայել, նա կզարմանա, իսկ վաղ թե ուշ կսկսի կասկածել, որ դու ընդդիմանում ես իրեն: Չե՞ս հասկանում, թե ինչ վտանգի ես ենթարկում մեզ:
    Նեդը գլուխը թափահարեց՝ հրաժարվելով հավատալ:
    - Ռոբերտը երբեք ինձ ու իմ ընտանիքին չի վնասի: Մենք ավելի մոտ էինք, քան եղբայրները: Նա սիրում է ինձ: Եթե մերժեմ, նա կգոռգոռա, կհայհոյի ու կաղմկի, բայց մի շաբաթ անց երկուսով կծիծաղենք դրա վրա: Ես նրան գիտեմ:
    - Դու նրան գիտեիր,-ասաց Կետլինը:-Արքան անծանոթ է քեզ: - Կետլինը հիշեց ձյան մեջ մեռած դիվագայլին, կոկորդում մնացած եղջերվի կոտրված ոսկորը: Ինքը պարտավոր էր ամուսնու աչքերը բացել: - Արքայի համար պատիվն ամեն ինչ է, միլորդ: Ռոբերտն այս ամբողջ ճանապարհն անցել է քեզ տեսնելու համար, քեզ մեծ պատվի արժանացնելու համար, դու չես կարող դրանք հետ շպրտել նրա դեմքին:
    - Պատվի՞,-դառնորեն ծիծաղեց Նեդը:
    - Իր կարծիքով՝ այո,-ասաց Կետլինը:
    - Իսկ քո՞:
    - Իմ կարծիքով նույնպես,-զայրացած պոռթկաց նա: Ախր ինչպե՞ս չէր հասկանում: - Նա առաջարկում է որդուն ամուսնացնել մեր դստեր հետ, ուրիշ ո՞նց կոչել դա: Սանսան մի օր կարող է թագուհի դառնալ: Նրա որդիները կարող են կառավարել երկիրը Պատից մինչև Դորնի լեռները: Ինչո՞վ դա քեզ դուր չի գալիս:
    - Աստվածներ, Կետլին, Սանսան ընդամենը տասնմեկ տարեկան է,-ասաց Նեդը:-Իսկ Ջոֆրին... Ջոֆրին...
    Կետլինը նախադասությունն ավարտեց ամուսնու փոխարեն.
    - Թագաժառանգ արքայազնն է և Երկաթե Գահի ժառանգորդը: Ես տասներկու տարեկան էի, երբ հայրս ինձ խոստացավ քո եղբայր Բրանդոնին:
    Այդ խոսքերից Նեդի շուրթերը տխուր ծռվեցին:
    - Բրանդոնը: Այո: Բրանդոնը կիմանար՝ ինչ է պետք անել: Նա միշտ գիտեր: Այս ամենը պետք է Բրանդոնինը լիներ: Դու, Վինտերֆելը, ամեն ինչ: Նա ծնվել էր Արքայի Խորհրդական և թագուհիների հայր լինելու համար: Ես երբեք չեմ խնդրել, որ այս ամենն իմը լինի:
    - Գուցե և այդպես է,-ասաց Կետլինը:-Բայց Բրանդոնը մահացել է, գավաթը քեզ է փոխանցվել, և դու պետք է խմես դրանից, անկախ նրանից՝ դա քեզ դուր կգա թե ոչ:
    Նեդը շրջվեց նրանից՝ նորից դեմքով դեպի գիշերը: Նա նայում էր մթությանը, լուսնին և գուցե նաև աստղերին կամ պատի վրայի ժամապահներին: Կետլինը շուտով մեղմացավ, հասկացավ ամուսնու ցավը: Էդարդ Ստարկն ամուսնացել էր իր հետ Բրանդոնի փոխարեն, ըստ ավանդույթի, բայց իր մեռած եղբոր ստվերը դեռ մնացել էր իրենց միջև, ինչպես նաև այն մյուսի՝ ստվերն այն կնոջ, ում անունը Նեդը չէր տալիս, նրա, ով իրեն բաստարդ որդի էր պարգևել: Կետլինն արդեն ուզում էր ամուսնու մոտ գնալ, երբ դուռը բարձր ու անսպասելի թակեցին: Նեդը, հոնքերը կիտելով, շրջվեց.
    - Ի՞նչ է պատահել:
    Դռան մյուս կողմից եկավ Դեսմոնդի ձայնը:
    - Միլորդ, Մայստեր Լյուվինն այստեղ է և շտապ հանդիպում է խնդրում:
    - Դու նրան ասե՞լ ես, որ ես խնդրել եմ ինձ չխանգարել:
    - Այո, միլորդ, բայց նա շարունակում է պնդել:
    - Շատ լավ, նրան ներս ուղարկիր:
    Նեդը գնաց զգեստապահարանի մոտ և ծանր խալաթը գցեց վրան: Կետլինը հանկարծ զգաց, թե ինչքան էր ցրտել սենյակը: Նա նստեց անկողնում և մորթիները քաշեց կզակի տակ:
    - Գուցե պատուհանները փակե՞նք,-առաջարկեց:
    Նեդը ցրված գլխով արեց: Մայստեր Լյուվինը ներս մտավ:
    Մայստերը փոքրամարմին, մոխրագույն մարդ էր: Նրա աչքերը մոխրագույն էին, արագաշարժ և շատ բան էին տեսնում: Մազերը մոխրագույն էին, թեև տարիների ընթացքում պակասել էին: Խալաթը մոխրագույն բրդից էր, սպիտակ մորթով ասեղնագործված, ըստ Ստարկերի գույների: Նրա հսկայական կախ ընկած թևքերի ներսում թաքուն գրպաններ կային: Լյուվինը միշտ ինչ-որ բան էր խցկում դրանց մեջ և լրիվ ուրիշ բան հանում այնտեղից՝ գրքեր, տարօրինակ արտեֆակտներ, երեխաների համար խաղալիքներ: Թևքերի մեջ այնքան բան էր տեղավորում, որ Կետլինն ապշում էր, թե նա ինչպես է ընդհանրապես թևերը բարձրացնում:
    Մայստերը սպասեց, մինչև դուռը փակվեց իր հետևում, և ապա ասաց.
    - Միլորդ,-դիմեց նա Նեդին:- Ներողություն եմ խնդրում ձեր հանգիստը խանգարելու համար: Ինձ երկտող են թողել:
    Նեդը զայրացած էր:
    - Թողե՞լ են: Ո՞վ: Ձիավո՞ր է եկել: Ինձ ոչինչ չեն ասել:
    - Ձիավոր չի եղել, միլորդ: Իմ լաբորատորիայի սեղանին փորագրված փայտե արկղ են թողել, երբ ես ննջում էի: Ծառաները ոչ ոքի չեն տեսել, բայց պետք է որ դա արքայի մարդկանցից ինչ-որ մեկը բերած լինի: Հարավից այլ այցելուներ չենք ունեցել:
    - Ասում ես՝ փայտե ա՞րկղ,-ասաց Կետլինը:
    - Ներսում մի հրաշալի նոր ոսպնյակ էր դիտարանի համար, տեսքից դատելով՝ Միրից էր: Միրի ոսպնյակի վարպետներին ոչ ոք չի հասնի:
    Նեդը հոնքերը կիտեց: Նա նման բաների համար համբերություն չուներ, Կետլինը գիտեր դա:
    - Ոսպնյակ,-ասաց նա:-Դա ի՞նչ կապ ունի ինձ հետ:
    - Ես էլ նույն հարցը տվեցի,-ասաց Մայստեր Լյուվինը:-Ակնհայտ էր, որ պետք է ավելին լիներ, քան այն, ինչ թվում էր:
    Մորթիների ծանրության տակ Կետլինը դողաց:
    - Ոսպնյակը մեզ օգնում է տեսնել:
    - Անշուշտ:-Նա ձեռքը տարավ օձիքին: Վզից ամուր կապված ծանր շղթա էր, զգեստի տակ, ամեն օղը տարբեր մետաղից էր պատրաստված:
    Կետլինը նորից ցրտից դողաց:
    - Այդ ի՞նչ են ուզում, որ ավելի պարզ տեսնենք:
    - Ես ինքս ինձ նույն հարցը տվեցի,-Մայստեր Լյուվինը թևքից ամուր փաթաթված թուղթ հանեց:-Իսկական երկտողը գտա թաքնված կեղծ հատակի մեջ, երբ քանդեցի արկղը, որի մեջ ոսպնյակն էր դրված, բայց երկտողն իմ աչքերի համար չէր:
    Նեդը ձեռքը պարզեց:
    - Դե ուրեմն տուր ինձ:
    Լյուվինը չշարժվեց:
    - Ներողություն, միլորդ: Երկտողը ձեզ համար էլ չէ: Այն պետք է կարդա միայն Լեդի Կետլինը: Կարո՞ղ եմ մոտենալ:
    Կետլինը գլխով արեց՝ չհամարձակվելով խոսել: Մայստերը նամակը դրեց անկողնու կողքի սեղանին: Այն կնքված էր կապույտ մոմի փոքրիկ կաթիլով: Լյուվինը խոնարհվեց և պատրաստվեց հեռանալ:
    - Մնա,-հրամայեց Նեդը: Նրա ձայնը մռայլ էր: Նայեց Կետլինին: - Ի՞նչ է գրված, միլեդի, դուք դողում եք:
    - Վախենում եմ,-ընդունեց կինը: Նա ձեռքը մեկնեց և վերցրեց նամակը դողացող մատներով: Մորթիները ցած ընկան՝ մերկացնելով նրան, բայց նա չկատեց: Կապույտ մոմի վրա Արրինի լուսնի և բազեի կնիքն էր:
    - Սա Լիզայից է,-Կետլինը նայեց ամուսնուն:-Այն մեզ չի ուրախացնի,-ասաց նա:-Այս ուղերձում վիշտ կա, Նեդ, ես այն զգում եմ:
    Նեդը մռայլվեց, դեմքը մթնեց:
    - Բաց արա:
    Կետլինը կոտրեց կնիքը:
    Նրա աչքերը շարժվում էին բառերի վրայով: Սկզբում ոչինչ չհասկացավ: Հետո հիշեց:
    - Լիզան ռիսկի դիմել չի սիրում: Երբ մենք երեխա էինք, գաղտնի լեզու էինք հորինել:
    - Կարո՞ղ ես կարդալ:
    - Այո,-ընդունեց Կետլինը:
    - Դե կարդա:
    - Գուցե ես պետք է գնամ,-ասաց Մայստեր Լյուվինը:
    - Ոչ,-ասաց Կետլինը:-Մենք ձեր խորհրդի կարիքը կունենանք: - Նա հետ գցեց մորթիներն ու դուրս եկավ անկողնուց: Գիշերվա օդը գերեզմանի պես սառն էր, երբ նա անցավ սենյակով: Մայստեր Լյուվինը հայացքն իջեցրեց: Նույնիսկ Նեդն էր շփոթված:
    - Ի՞նչ ես անում,-հարցրեց նա:
    - Կրակ եմ վառում,-ասաց Կետլինը: Նա խալաթ գտվ ու հագավ այն, հետո ծնկի իջավ սառած բուխարու մոտ:
    - Մայստեր Լյուվին,-սկսեց Նեդը:
    - Մայստեր Լյուվինն ընդունել է իմ բոլոր երեխաների ծնունդը,-ասաց Կետլինը:-Կեղծ համեստության ժամանակը չէ: Նա կպչանների արանքում թուղթ դրեց, իսկ ավելի մեծ փայտերը դրեց դրանց վրա:
    Նեդն անցավ սենյակով, բռնեց թևից և նրան ոտքի կանգնեցրեց: Նա գրկեց կնոջը, դեմքը նրա դեմքին շատ մոտ, ասելով.
    - Միլեդի, ասացեք, ի՞նչ կար այդ նամակում:
    Կետլինը ձգվեց նրա գրկում:
    - Նախազգուշացում,-ասաց նա մեղմորեն:-Եթե ցանկանանք լսել նրան:
    Find what you love and let it kill you. (c) Bukowski

  3. #18
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,724
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Նեդի հայացքն ուսումնասիրում էր կնոջ դեմքը:
    - Շարունակիր:
    - Լիզան ասում է, որ Ջոն Արրինին սպանել են:
    Նեդի մատները սեղմեցին նրա թևը:
    - Ո՞վ:
    - Լանիստերները,-ասաց նա:-Թագուհին:
    Նեդը բաց թողեց նրա թևը: Մաշկի վրա խորը կարմիր հետքեր մնացին:
    - Աստվածներ,-շշնջաց նա: Ձայնը խռպոտ էր:-Քույրդ խելագարվել է վշտից: Նա չգիտի՝ ինչ է խոսում:
    - Գիտի,-ասաց Կետլինը:- Այո, Լիզան իմպուլսիվ է, բայց այս նամակը ուշի ուշով է պլանավորվել, խելացի կերպով թաքցվել: Նա գիտեր, որ եթե նամակը սխալ ձեռքում հայտնվեր, դա իր համար մահ կնշանակեր: Այդքան ռիսկի դիմելու համար նա պետք է որ սոսկ կասկածներից ավելին ունենար,-Կետլինը նայեց ամուսնուն:-Այժմ մենք իսկապես ընտրության հնարավորություն չունենք: Դու պետք է դառնաս Ռոբերտի Խորհրդականը: Դու պետք է գնաս հարավ նրա հետ և պարզես ճշմարտությունը:
    Կետլինը միանգամից նկատեց, որ Նեդը լրիվ այլ եզրահանգման էր եկել:
    - Իմ իմացած միակ ճշմարտություններն այստեղ են: Հարավն իժերի բույն է, որից լավ կլինի հեռու մնալ:
    Լյուվինը շփեց վիզը, որտեղ շղթան վնասել էր նուրբ մաշկը:
    - Արքայի Խորհրդականը շատ մեծ հզորություն ունի, միլորդ: Հզորություն՝ գտնելու Լորդ Արրինի մահվան ճշմարտությունը, հանձնելու մարդասպաններին արքայի արդարադատությանը: Պաշտպանելու Լեդի Արրինին և նրա որդուն, եթե ամենավատ լուրը ճիշտ դուրս գա:
    Նեդն անօգնական նայեց ննջարանով մեկ: Կետլինի սիրտը տեղից դուրս էր թռչում, բայց գիտեր, որ այդ պահին նրան գրկելը սխալ կլիներ: Սկզբից պետք էր հաղթել, հանուն երեխաների:
    - Ասում ես, որ Ռոբերտին եղբոր պես ես սիրում: Եղբորդ կթողնեի՞ր Լանիստերներով շրջապատված:
    - Ուրիշների բաժին դառնաք երկուսդ էլ,-մրթմրթաց Նեդը մռայլորեն: Նա շրջվեց նրանցից և գնաց պատուհանի մոտ: Կետլինն ու Մայստերը լուռ էին: Նրանք հանգիստ սպասում էին, մինչ Էդարդ Ստարկը լուռ հրաժեշտ կտար այս տանը, որն այնքան սիրում էր: Երբ նա վերջապես հետ շրջվեց պատուհանից, ձայնը հոգնած էր և տխրությամբ լի, աչքերի անկյունները խոնավ էին:
    - Հայրս մի անգամ գնաց հարավ, արքայի հրավերով: Նա այլևս երբեք տուն չվերադարձավ:
    - Ուրիշ ժամանակներ էին,-ասաց Մայստեր Լյուվինը:-Ուրիշ արքա էր:
    - Այո,-ասաց Նեդը անտարբերությամբ: Նա նստեց բուխարու կողքի աթոռին: - Կետլին, դու պետք է մնաս այստեղ, Վինտերֆելում:
    Նրա խոսքերը սառցի պես մխրճվեցին կնոջ սիրտը:
    - Ոչ,-ասաց նա, հանկարծ վախենալով: Սա իր պատի՞ժն էր լինելու: Այլևս երբեք չտեսնել նրա դեմքը, երբեք չզգալ նրան իր գրկում:
    - Այո,-ասաց Նեդն այնպես, որ հակաճառության տեղիք չտվեց: - Դու պետք է իմ փոխարեն ղեկավարես հյուսիսը, քանի դեռ ես Ռոբերտի հանձնարարությունները կատարեմ: Վինտերֆելում պետք է Ստարկ լինի: Ռոբը տասնչորս տարեկան է: Շուտով տղամարդ կդառնա: Նա պետք է սովորի կառավարել, և ես նրա կողքին չեմ լինելու: Նրան քո խորհրդականը դարձրու: Նա պետք է պատրաստ լինի, երբ իր ժամանակը գա:
    - Աստվածների կամոք, մի քանի տարուց,-մրմնջաց Մայստեր Լյուվինը:
    - Մայստեր Լյուվին, ես քեզ վստահում եմ, ինչպես իմ հարազատին: Բոլոր մեծ ու փոքր հարցերում քո խորհրդով օգնիր կնոջս: Սովորեցրու որդուս այն ամենն, ինչ նա պետք է իմանա: Ձմեռը մոտենում է:
    Մայստեր Լյուվինը մռայլորեն գլխով արեց: Հետո լռություն տիրեց, մինչ Կետլինը քաջություն գտավ և տվեց այն հարցը, որից ամենաշատն էր վախենում:
    - Իսկ մյու՞ս երեխաները:
    Նեդը կանգնեց ու գրկեց նրան, դեմքը մոտեցրեց իր երեսին:
    - Ռիկոնը դեռ շատ փոքր է,-քնքշորեն ասաց նա:- Նա պետք է մնա այստեղ, քո ու Ռոբի հետ: Մյուսներին կտանեմ ինձ հետ:
    - Ես դրան չեմ դիմանա,-դողալով ասաց Կետլինը:
    - Պարտավոր ես,-ասաց Նեդը:-Սանսան պետք է ամուսնանա Ջոֆրիի հետ, դա արդեն պարզ է, մենք մեր նվիրումը կասկածի տակ դնելու որևէ տեղիք չպետք է տանք նրանց: Իսկ Արյայի համար արդեն ժամանակն է սովորելու հարավային արքունիքի վարվելակերպի կանոնները: Մի քանի տարուց նրա ամուսնանալու ժամանակն էլ կգա:
    Կետլինը մտածեց, որ Սանսան կփայլեր հարավում, և աստվածները գիտեին, թե Արյան ինչքան կարիք ուներ հղկվելու: Դժկամությամբ, նա նրանցից բաժանվեց հոգու խորքում: Միայն թե ոչ Բրանից: Բրանից՝ երբեք:
    - Լավ,-ասաց նա,-բայց խնդրում եմ, Նեդ, հանուն իմ հանդեպ քո սիրո, թող Բրանը մնա Վինտերֆելում: Նա ընդամենը յոթ տարեկան է:
    - Ես ութ տարեկան էի, երբ հայրս ինձ ուղարկեց Էյրի,-ասաց Նեդը:-Սըր Ռոդրիկն ասում է, որ Ռոբի ու Արքայազն Ջոֆրիի միջև լարվածություն կա: Դա լավ չէ: Բրանը կարող է կոտրել սառնությունը: Նա քաղցր տղա է, կենսախինդ, սիրվող: Թող նա ապրի երիտասարդ արքայազների հետ, դառնա նրանց ընկերը, ինչպես Ռոբերտն ի՛մ ընկերը դարձավ: Մեր Տունը դրանից ավելի ապահով կլինի:
    Նա ճիշտ էր, Կետլինը գիտեր: Բայց դրանից ցավը չէր մեղմանում: Կետլինը նրանց չորսին էլ կկորցներ՝ Նեդին, երկու աղջիկներին և իր անուշ, սիրելի Բրանին: Իր հետ միայն Ռոբն ու փոքրիկ Ռիկոնը կմնային: Արդեն իրեն միայնակ էր զգում: Վինտերֆելն այնքան հսկայական տարածք է:
    - Այդ դեպքում նրան պատերից հեռու կպահես,-ասաց Կետլինը քաջաբար: - Գիտես, թե ինչքան է Բրանը սիրում մագլցել:
    Նեդը համբուրեց կնոջ աչքերից թափվել չհասցրած արցունքները:
    - Շնորհակալ եմ, միլեդի,-շշնջաց նա:-Գիտեմ, քեզ համար ծանր է:
    - Իսկ Ջոն Սնոուի հետ ի՞նչ կլինի, միլորդ,-հարցրեց Մայստեր Լյուվինը: Այդ անունից Կետլինը լարվեց: Նեդը զգաց նրա զայրույթն ու հեռու քաշվեց:
    Շատ տղամարդիկ ունեին բաստարդներ: Կետլինը մանկուց դա գիտեր ու շատ չէր զարմացել, երբ իրենց ամուսնության առաջին տարվա ընթացքում Նեդն իրեն ասել էր, որ պատերազմական արշավներից մեկի ընթացքում հանդիպած մի պատահական աղջիկ իրեն որդի էր պարգևել: Ի վերջո, նա տղամարդ էր, ուներ որոշակի կարիքներ, իրենք էլ այդ տարին առանձին էին անցկացրել. Նեդը պատերազմում էր հարավում, մինչդեռ ինքը մնացել էր Ռիվերրանում՝ իր հոր ապահով ամրոցում: Ու ավելի շատ մտածում էր կրծքին կպած փոքրիկ Ռոբի մասին, քան ամուսնու, ում հազիվ էր ճանաչում: Կետլինը դեմ չէր, որ ամուսինը զվարճանար մարտերի ընդմիջումների ժամանակ: Եվ եթե սերմը պտուղ տար, Կետլինը գիտեր, որ նա կհոգար երեխայի կարիքները:
    Բայց նա ավելին էր արել: Ստարկերը նման չէին ուրիշ տղամարդկանց: Նեդը բաստարդին իր հետ տուն էր բերել, ու նրան «որդիս» էր կոչում՝ ի տես ամբողջ հյուսիսի: Երբ պատերազմները վերջապես ավարտվեցին, ու Կետլինը վերադարձավ Վինտերֆել, Ջոնն ու իր ստնտուն արդեն իսկ տեղավորվել էին ամրոցում:
    Դա շատ ցավալի էր: Նեդը ոչ մի բառ չէր ասում երեխայի մոր մասին, բայց ամրոցում գաղտնիքներ լինել չեն կարող, ու Կետլինը լսել էր իր սպասուհիների պատմությունները, որոնք լսել էին իր ամուսնու զինվորներից: Շշուկներ էին պտտվում, Սըր Արթուր Դայնի՝ Արշալույսի Թրի ասպետի մասին, ով Աերիի արքայական թիկնազորի յոթ ասպետներից ամենասոսկալին էր: Պատմում էին, թե ինչպես է իրենց երիտասարդ իշխանը սպանել նրան մենամարտում: Եվ պատմում էին, թե ինչպես է հետո Նեդը Սըր Արթուրի թուրը վերադարձրել նրա գեղեցիկ երիտասարդ քրոջը, ով սպասում էր իրեն Ամառային ծովի ափին գտնվող Ստարֆոլ ամրոցում: Լեդի Աշարա Դայնն էր նա՝ բարձրահասակ, բաց գույնի մազերով ու մանուշակագույն, երկյուղած աչքերով: Կետլինից երկու շաբաթ էր պահանջվել իր մեջ քաջություն գտնելու համար, և ի վերջո մի գիշեր անկողնում ուղիղ հարցրել էր ամուսնուն նրա մասին: Այդ ամբողջ տարիների ընթացքում դա միակ դեպքն էր եղել, երբ ինքը վախեցել էր Նեդից:
    - Ինձ երբեք չհարցնես Ջոնի մասին,-ասել էր նա սառցե սառնությամբ:- Նա իմ արյունն է, և դա ամենն է, ինչ քեզ անհրաժեշտ է իմանալ: Իսկ հիմա ասա ինձ, թե այդ անունը որտեղից ես իմացել, միլեդի:
    Կետլինը ստիպված էր հնազանդորեն խոստովանել, ու այդ օրվանից շշուկները դադարել էին, իսկ Աշարա Դայնի անունն էլ երբեք չէր լսվել Վինտերֆելում:
    Ով էլ եղած լիներ Ջոնի մայրը, Նեդը պետք է որ խելագարի պես սիրահարված լիներ նրան, քանի որ Կետլինի ասած և ոչ մի բառ նրան չէր կարող ստիպել տղային տնից վռնդել: Դա միակ բանն էր, որ ինքը երբեք չէր կարողացել ներել նրան: Սկսել էր ամբողջ սրտով սիրել ամուսնուն, բայց չէր կարողացել սիրել Ջոնին: Կետլինը չէր անհանգստանա Նեդի թեկուզ մի դյուժին բաստարդների համար, քանի դեռ նրանք աչքի առաջ չէին: Ջոնը միշտ էր աչքի առաջ, ու գնալով ավելի էր նմանվում Նեդին, քան իր ծնած օրինական որդիներից որևէ մեկը: Ու դա ավելի էր բարդացնում ամեն ինչ:
    - Ջոնը պետք է հեռանա,-ասաց Կետլինը:
    - Ինքն ու Ռոբը մտերիմ են,-ասաց Նեդը:-Ես հույս ունեի...
    - Նա չի կարող մնալ այստեղ,-նրա խոսքը կտրեց Կետլինը: - Նա քո՛ որդին է, ոչ՝ իմը: Ես նրան չեմ հանդուրժի:
    Գիտեր, որ դաժան է վարվում, բայց ասում էր ճշմարտությունը: Նեդը տղային լավություն չէր անի՝ նրան Վինտերֆելում թողնելով:
    Նեդը վշտահար նայեց կնոջը:
    - Գիտես, որ նրան չեմ կարող տանել հարավ: Արքունիքում նրա համար տեղ չկա: Բաստարդին... գիտես՝ ինչեր կասեն: Նա կմեկուսանա մարդկանցից:
    Կետլինը զինվեց ամուսնու աչքերում երևացող համր աղաչանքի դեմ:
    - Ասում են, որ քո ընկեր Ռոբերտն էլ մի դյուժին բաստարդներ ունի:
    - Եվ նրանցից ոչ մեկին երբևէ արքունիքում չեն տեսել,-պոռթկաց Նեդը:-Լանիստերների քույրը դրա մասին հոգացել է: Ինչպե՞ս ես կարողանում այսքան սարսափելի դաժան լինել, Կետլին: Նա ընդամենը տղա է: Նա...
    Նեդը կատաղել էր: Գուցե ավելին ու առավել վատն ասեր, բայց Մայստեր Լյուվինը միջամտեց.
    - Մեկ այլ լուծում է հայտնվել ինքն իրեն,-ասաց նա հանդարտ ձայնով:-Ձեր եղբայր Բենջենն ինձ մոտ եկավ Ջոնի հարցով, մի քանի օր առաջ: Կարծես թե տղան ցանկանում է սև կրել:
    Նեդը ցնցվեց:
    - Նա ցանկանում է միանալ Գիշերազորի՞ն:
    Կետլինը ոչինչ չասաց: Թող Նեդն ինքը մտածի դրա մասին: Իր ասածին հիմա ականջ չէին դնի: Կետլինն ուրախությամբ կհամբուրեր մայստերին: Դա լավագույն լուծումն էր: Բենջեն Ստարկը Երդվյալ Եղբայր էր: Ջոնը նրա համար որդի կդառնար՝ զավակ, որ ինքը երբեք չէր կարող ունենալ: Իսկ ժամանակի ընթացքում տղան նույնպես երդում կտար: Նա երբեք հայր չէր դառնա երեխաների, որոնք կարող էին Վինտերֆելի համար պայքարել Կետլինի հարազատ թոռների դեմ:
    Մայստեր Լյուվինն ասաց.
    - Մեծ պատիվ է Պատի վրա ծառայելը, միլորդ:
    - Եվ նույնիսկ բաստարդը կարող է բարձր պաշտոնի հասնել Գիշերազորում,-խորհեց Նեդը: Սակայն, ձայնը անհանգիստ էր:-Ջոնը շատ երիտասարդ է: Եթե դրա մասին խնդրեր չափահաս մարդը, դա այլ բան կլիներ, բայց տասնչորս տարեկան տղայի համար...
    - Ծանր զոհաբերություն է,-համաձայնեց Մայստեր Լյուվինը:-Սակայն ծանր ժամանակներ են, միլորդ: Նրա ընտրած ճանապարհն առավել դաժան չէ, քան ձերը կամ ձեր տիկնոջինը:
    Կետլինը մտածեց իր երեք երեխաների մասին, որոնց պետք է կորցներ: Այդ պահին լռելը հեշտ բան չէր: Նեդը շրջվեց նրանցից՝ պատուհանից դուրս նայելու համար, նրա երկար դեմքը մտածկոտ էր և լուռ: Վերջապես նա հառաչեց և հետ շրջվեց:
    - Շատ լավ,-ասաց Մայստեր Լյուվինին:-Կարծում եմ՝ այդպես ամենահարմարը կլինի: Ես կխոսեմ Բենի հետ:
    - Իսկ Ջոնին ե՞րբ կասենք,-հարցրեց մայստերը:
    - Երբ որ պետք լինի: Պետք է նախապատրաստվել: Մինչև ճանապարհ ընկնելու պատրաստությունը տեսնենք, երկու շաբաթ կանցնի: Ես կուզենայի, որ Ջոնը վայելեր այս վերջին օրերը: Ամառը շուտով կավարտվի, նրա մանկությունն էլ՝ դրա հետ միասին: Երբ ժամանակը գա, ես ինքս նրա հետ կխոսեմ:
    Find what you love and let it kill you. (c) Bukowski

Էջ 2 2-ից ԱռաջինԱռաջին 12

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գրառումներ: 471
    Վերջինը: 30.04.2021, 15:24
  2. Ջորջ Օրուել «1984»
    Հեղինակ՝ Progart, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 11
    Վերջինը: 07.11.2016, 16:27
  3. George Harrison/Ջորջ Հարրիսոն:
    Հեղինակ՝ Smokie, բաժին` Երաժիշտներ, երաժշտական խմբեր
    Գրառումներ: 3
    Վերջինը: 01.02.2014, 11:44
  4. Մարտին Վարդազարյան
    Հեղինակ՝ Smokie, բաժին` Երաժիշտներ, երաժշտական խմբեր
    Գրառումներ: 3
    Վերջինը: 18.11.2013, 17:20
  5. Ջորջ Բենսոն
    Հեղինակ՝ Jarre, բաժին` Երաժիշտներ, երաժշտական խմբեր
    Գրառումներ: 10
    Վերջինը: 16.11.2009, 18:15

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •