- Ես համարյա թե մեծ մարդ եմ,-ընդվզեց Ջոնը: - Հաջորդ անվանակոչությանս օրը տասնհինգ տարեկան կդառնամ, իսկ Մայստեր Լյուվինն ասում է, որ բաստարդներն ավելի արագ են մեծանում, քան մնացած երեխաները:
- Դա զուտ ճշմարտություն է,-ասաց Բենջենը՝ շուրթերը ներքև թեքելով: Նա վերցրեց Ջոնի բաժակը սեղանի վրայից, նորից լցրեց այն մոտիկ դրված կուժից և երկար ումպերով խմեց մինչև վերջ:
- Դաերեն Տարգարիենն ընդամենը տասնչորս տարեկան էր, երբ նա գրավեց Դորնը,-ասաց Ջոնը: Երիտասարդ Վիշապն իր ամենասիրելի հերոսներից էր:
- Հաղթանակ, որը մի ամբողջ ամառ տևեց,-նկատեց հորեղբայրը:- Քո Երիտասարդ Արքան կորցրեց տասը հազար մարդ, ապա՝ ևս հիսուն հազարը, երբ փորձում էր նվաճածը պահպանել: Ինչ-որ մեկը նրան պետք է ասեր, որ պատերազմը խաղ չէ:-Նա ևս մի կում արեց գինուց:-Նաև,-ասաց նա՝ բերանը սրբելով,-Դաերեն Տարգարիենն ընդամենը տասնութ տարեկան էր, երբ մահացավ: Թե՞ դրա մասին մոռացել ես:
- Ես ոչինչ չեմ մոռանում,-պարծեցավ Ջոնը: Գինին գլխին էր խփել: Նա փորձում էր շատ ուղիղ նստել, որ ավելի բարձրահասակ երևա: - Ուզում եմ Գիշերազորում ծառայել, հորեղբայր:
Ջոնը դրա մասին շատ էր մտածել, երբ պառկում էր քնելու, իսկ եղբարներն արդեն քնած էին լինում: Ռոբը մի օր կժառանգեր Վինտերֆելը, հսկայական բանակ կղեկավարեր որպես Հյուսիս Պահապան: Բրանն ու Ռիկոնը կդառնային Ռոբի դրոշակակիրներն ու երկիրն իր անունից կկառավարեին: Իր քույրեր Արյան ու Սանսան կամուսնանային այլ մեծ տների ժառանգների հետ և կգնային հարավ, որպես իրենց սեփական ամրոցների տիրուհիներ: Իսկ ինչի՞ հույս կարող էր ունենալ բաստարդը:
- Դու չգիտես՝ ինչ ես խնդրում, Ջոն: Գիշերազորը երդվյալ եղբարների տեղն է: Մենք ընտանիք չունենք: Մեզանից ոչ ոք երբեք որդի չի ունենա: Մեր կինը մեր պարտավորությունն է, պատիվը՝ մեր սիրուհին:
- Բաստարդը նույնպես կարող է պատիվ ունենալ,-ասաց Ջոնը:-Ես պատրաստ եմ ձեր երդումը տալու:
- Դու տասնչորս տարեկան ես, -ասաց Բենջենը:-Դեռ տղամարդ չես դարձել: Քանի դեռ կին չի եղել քո կյանքում, դու չես կարող հասկանալ, թե ինչից ես հրաժարվում:
- Կանայք ինձ չեն հուզում,-տաքացած ասաց Ջոնը:
- Կհուզեին, եթե իմանայիր, թե դա ինչ է նշանակում,-ասաց Բենջենը:-Եթե իմանայիր, թե երդումն ինչքան թանկ է նստելու քեզ վրա, ավելի քիչ կուզենայիր այդ գինը վճարել, որդիս:
Ջոնը զգաց, թե ինչպես է զայրույթը գլուխ բարձրացնում:
- Ես քո որդին չեմ:
Բենջեն Ստարկը ոտքի ելավ:
- Ավելի վատ: - Նա ձեռքը դրեց Ջոնի ուսին:-Վերադարձիր ինձ մոտ, երբ քո սեփական բաստարդներն ունենաս, հետո կտեսնենք, թե ինչ կասես:
Ջոնը դողաց.
- Ես երբեք ոչ մի բաստարդի հայր չեմ դառնա,-ասաց նա զգուշորեն,-երբե՛ք: - Խոսքերը դուրս թռան թույնի պես:
Հանկարծ զգաց, որ սեղանի շուրջ բոլորը լուռ են, ու իրեն են նայում: Զգաց, որ աչքերն արցունքներով են լցվում: Ոտքի թռավ:
- Ես պետք է գնամ,-ասաց նա՝ արժանապատվության վերջին կաթիլները հավաքելով: Նա պտտվեց ու ծլկեց, քանի իրեն արտասվելիս չէին տեսել: Պետք է որ ավելի շատ խմած լիներ, քան իրեն թվում էր: Ոտքերը ոլորվում էին, երբ փորձում էր հեռանալ, ու նա ընկավ սպասուհու վրա, նրա ձեռքի գինու տափաշիշն ընկավ ցած: Շուրջը բոլորը սկսեցին հռհռալ: Ջոնը զգաց տաք արցունքներն իր այտերին: Ինչ-որ մեկը փորձեց նրան հանգստացնել: Նա պոկվեց մարդկանցից և հազիվ տեսնելով՝ վազեց դեպի դուռը: Ուրվականը գնաց նրա հետևից ու նրանք անհետացան խավարում:
Բակը հանդարտ էր ու դատարկ: Միայնակ ժամապահը կանգնած էր ներքին պատի ատամնավոր պարսպի վրա՝ թիկնոցն ամուր փաթաթած վզի շուրջը, ցրտից պաշտպանվելու համար: Այնտեղ կանգնած՝ նա թշվառ ու ձանձրացած տեսք ուներ, բայց Ջոնն առանց մտածելու տեղերով կփոխվեր նրա հետ: Ամրոցը մռայլ էր ու լքված: Ջոնը մի անգամ էր տեսել լքված ամրոց, դա մի մռայլ վայր էր, ուր ոչինչ չէր շարժվում բացի քամուց, իսկ քարերը լռում էին այնտեղ մի ժամանակ ապրած մարդկանց մասին: Վինտերֆելն այսօր նրան այդ ամրոցը հիշեցրեց:
Նրա հետևում բաց պատուհանից լսվում էին երաժշտության և երգի ձայներ: Դրանք ամենավերջին բաներն էին, որ Ջոնը կուզենար լսել: Նա վերնաշապկի թևքով մաքրեց արցունքները, կատաղած, որ ինքն իրեն թույլ էր տվել արտասվել, և շրջվելով՝ ուզում էր հեռանալ:
- Տղա,-մի ձայն կանչեց: Ջոնը շրջվեց:
Տիրիոն Լանիստերը նստած էր Մեծ Դահլիճի դռան վերևում գտնվող քարին, ու նայում էր աշխարհին ինչպես գրոտեսկացված արձան: Գաճաճը վերևում քմծիծաղ տվեց:
- Այդ կենդանին գա՞յլ է:
- Դիվագայլ է,-ասաց Ջոնը: - Անունն Ուրվական է: - Նա վեր նայեց մարդուկին՝ հանկարծ մոռանալով իր հիասթափության մասին:-Իսկ դուք այդտեղ ի՞նչ եք անում: Ինչու՞ խնջույքին չեք մասնակցում:
- Չափազանց շոգ է, չափազանց աղմկոտ, ես էլ՝ չափազանց շատ գինի եմ խմել,-պատասխանեց գաճաճը:-Ինձ դեռ մանկուց սովորեցրել են, որ եղբոր վրա փսխելն անքաղաքավարի է: Կարո՞ղ եմ մոտիկից նայել քո գայլին:
Ջոնը տատանվեց, ապա դանդաղ գլխով արեց:
- Կարո՞ղ եք իջնել, թե՞ աստիճան բերեմ:
- Կարիք չկա,-ասաց մարդուկը: Նա ինքն իրեն ցած գցեց քարից: Ջոնը ախ քաշեց, հետո տեսավ, թե ինչես Տիրիոն Լանիստերը, գունդուկծիկ եղած, թեթևորեն վայրէջք կատարեց ձեռքերի վրա, ապա ոտքի թռավ:
Ուրվականն անվստահորեն հետ գնաց:
Գաճաճը փոշին թափ տվեց վրայից ու ծիծաղեց:
- Ինձ թվում է՝ վախեցրի գայլիդ: Ներողություն եմ խնդրում:
- Նա չվախեցավ,-ասաց Ջոնը, ծնկի եկավ ու կանչեց,-Ուրվական, արի էստեղ: Արի, էդպես:
Քոթոթը մոտ եկավ ու հոտոտեց Ջոնի դեմքը, բայց հայացքը չէր կտրում Տիրիոն Լանիստերից, իսկ երբ գաճաճը ձեռքը մեկնեց, որ շոյի իրեն, նա հետ գնաց ու ժանիքները բացեց՝ անձայն գռմռալով: - Ամաչում է, այնպես չէ՞,-նկատեց Լանիստերը:
- Նստիր, Ուրվական,- հրամայեց Ջոնը: -Այդպես, հանգիստ մնա: - Նա նայեց գաճաճին:-Հիմա կարող եք դիպչել: Նա չի շարժվի, մինչև թույլ չտամ: Ես նրան վարժեցրել եմ:
- Հասկանում եմ,-ասաց Լանիստերը: Նա շոյեց Ուրվականի ականջների արանքի ձյունաճերմակ մորթին ու ասաց.-Լավ գայլ է:
- Եթե ես այստեղ չլինեի, նա ձեր կոկորդը կկրծեր,-ասաց Ջոնը: Դա իհարկե ճշմարտությունը չէր, բայց կարող էր լինել մի օր:
- Այդ դեպքում, դու լավ կանես այստեղ մնաս,-ասաց գաճաճը: Նա իր մեծ գլուխը թեքեց մի կողմ ու նայեց Ջոնին՝ տարբեր գույնի աչքերով: - Ես Տիրիոն Լանիստերն եմ:
- Գիտեմ,-ասաց Ջոնը: Նա վեր կացավ: Կանգնած նա գաճաճից ավելի բարձրահասակ էր: Դրանից իրեն տարօրինակ զգաց:
- Իսկ դու Նեդ Ստարկի բիճն ես, չէ՞
Ջոնը զգաց, թե ինչպես իր ներսով սառնություն անցավ: Շուրթերը սեղմեց ու ոչինչ չասաց:
- Ես վիրավորեցի՞ քեզ,-ասաց Լանիստերը:-Կներես: Գաճաճները քաղաքավարի լինելու կարիք չունեն: Խայտաբղետ հագնված ծաղրածուների սերունդներն ինձ իրավունք են վերապահում վատ հագնվելու և ասելու այն ամենն, ինչ գալիս է լեզվիս,-քմծիծաղեց նա: - Միևնույն է, դու բիճ ես:
- Լորդ Էդարդ Ստարկն իմ հայրն է,-ընդունեց Ջոնը:
Լանիստերն ուսումնասիրում էր տղայի դեմքը:
- Այո,-ասաց նա:-Տեսնում եմ: Քո մեջ հյուսիսն ավելի շատ է, քան եղբայրներիդ:
- Խորթ եղբայրներիս,-ուղղեց Ջոնը: Նա շոյվել էր գաճաճի ասածից, բայց փորձում էր ցույց չտալ:
- Թույլ տուր ինձ քեզ մի խորհուրդ տալ, բիճ,-ասաց Լանիստերը:-Երբեք մի մոռացիր, թե դու ով ես, քանի որ աշխարհն, անկասկած, դա հիշելու է: Այն քո ուժը դարձրու: Այդ դեպքում դա երբեք քո թուլությունը լինել չի կարող: Սպառազինվիր դրանով, և ոչ ոք այն երբեք չի օգտագործի քեզ վիրավորելու համար:
Ջոնը տրամադրված չէր որևէ մեկի խորհուրդները լսելու:
- Դուք ի՞նչ գիտեք բիճ լինելն ինչ է:
- Բոլոր գաճաճները բիճ են իրենց հոր աչքերում:
- Դուք ձեր մորից ծնված Լանիստերի իսկական որդին եք,-ասաց Ջոնը:
- Այդպես է,-հեգնանքով ասաց գաճաճը:-Դրա մասին իմ լորդ հորն ասա: Մայրս մահացավ ինձ ծնելիս, իսկ հայրս երբեք վստահ չի եղել, որ ես իրենն եմ:
- Ես անգամ չգիտեմ, թե ով է իմ մայրը:-ասաց Ջոնը:
- Ինչ-որ կին, անշուշտ: Մայրերը հիմնականում կանայք են,-նա Ջոնին տրտում ժպտաց: - Հիշիր, տղա, բոլոր գաճաճները բիճ են, բայց ոչ բոլոր բիճերը պետք է գաճաճ լինեն: -Այդ խոսքերով նա կաղալով վերադարձավ խնջույքի սրահ՝ ինչ-որ եղանակ շվշվացնելով: Երբ նա դուռը բացեց, ներսից եկող լույսից նրա ստվերը ձգվեց ամբողջ բակով մեկ, և մի պահ Տիրիոն Լանիստերը թագավորի նման հաղթանդամ թվաց:
Էջանիշներ