Սասունում եկեղեցական պսակի արարողության ժամանակ քահանան
վերցնում էր մետաքսե կարմիր ու սպիտակ բարակ թել և քավորի հետ ծայրերը
ոլորելով՝ կազմում նարոտ: Նարոտի կարմիր գույնը փեսայի առնականության,
ուժի խորհրդանիշ էր, իսկ սպիտակ գույնը՝ հարսի կուսության, անմեղության:
Նարոտը խորհրդանշում էր նոր ընտանիքի ստեղծման գաղափարը: Նորապ-
սակները չպետք է ամուսնական հարաբերություն ունենան, մինչև որ քահա-
նան, եթե նա չլինի, ապա քավորը հատուկ ծիսակատարությամբ «թագ վերա-
ցումով» չհանի նարոտը, որից հետո հարս ու փեսան արդեն կարող են առա-
գաստ մտնել: Ժողովուրդը, ինչպես դիպուկ է նկատել Խ. Սամուելյանը, ուրիշ
կերպ է բացատրել այս երևույթը. նրա կարծիքով այդ երկու գիշերը չար ոգի-
ներն են վխտում նորապսակների շուրջը և պատրաստ են վնասելու, մանա-
վանդ նորափեսային առնական ընդունակությունից զրկելու: Սակայն երբ վե-
րոհիշյալ սովորությունը դիտում ենք պատմական զարգացման տեսակետից,
ապա այդ երևույթը պիտի համարել խմբակային ամուսնության մնացորդ, երբ
հարսը պարտավոր էր, ըստ սովորութական իրավունքի, մի երկու օր սեռական
հարաբերության մեջ մտնել փեսայի ընկերների հետ, նախքան ամուսնու հետ
զուգավորվելը:… Ահա այս վաղնջական սովորույթի իմաստն է կաղապարվել
խորհրդանշական ձևով նարոտի և թագվերացումի սովորույթների մեջ48:
Էջանիշներ