Մի քիչ կտրվենք վեհ ու լուրջ թեմաներից, էստեղ խոսենք շատերիս հագուկապում կարևոր տեղ գրավող, մեր պարանոցը նրբորեն ու ջերմորեն գրկող առարկաներից՝ շարֆերից ։
Շարֆը շատ հին պատմություն ունի։ Շարֆի սկզբնաղբյուրներից մեկը համարվում է Հին Հռոմը, որտեղ այն օգտագործվում էր ավելի շուտ մաքրության, քան ջերմության համար։ Այն կոչվում էր sudarium, որը լատիներենից թարգմանվում է որպես «քրտնաշոր», և օգտագործվում էր շոգ եղանակին դեմքից ու պարանոցից քրտինքը մաքրելու նպատակով։ Սկզբում շարֆեր կրում էին տղամարդիկ՝ պարանոցին կամ գոտուն փաթաթած։ Բայց շուտով կանայք նույնպես սկսեցին կրել, և շարֆերը նորաձև դարձան կանանց շրջանում։
Շարֆն իսկական նորաձևության պարագա դարձավ 19–րդ դարի սկզբներին թե՛ կանանց, թե՛ տղամարդկանց համար։ Իսկ 20–րդ դարի կեսերին շարֆը դարձավ ամենաէական ու բազմաֆունկցիոնալ հագուստի պարագաներից մեկը։
Ներկայումս շարֆերի այնպիսի բազմազանություն կա՝ ամենատարբեր գործվածքներից ու նյութերից պատրաստված, այնքան շատ են կրեատիվ ու արտասովոր դիզայնով շարֆերը, որ երբեմն նույնիսկ ջնջվում են շարֆի ու վզնոցի միջև եղած սահմանները. կան շարֆ–վզնոցներ, որոնց դեպքում դժվար է ասել՝ ավելի շատ շարֆ են, թե վզնոց։ Կարևորը՝ սիրուն են, հետաքրքիր են ու հաճույքով են կրվում։
Շարֆ կրելու ձևերը նույնպես բազմազան են ու, կարելի է ասել, երևակայության անսպառ աղբյուր։ Նույն շարֆը տարբեր կերպ կապելու և կրելու դեպքում կարելի է միանգամայն տարբեր տեսքեր ստանալ։
Էստեղ կարող ենք դնել շարֆեր կապելու, կրելու ցուցումներ, շարֆերի հետաքրքիր գաղափարներ ներկայացնող նյութեր, նկարներ, տեսահոլովակներ, խորհուրդներ, առաջարկներ, կարող եք դնել պարզապես ձեզ դուր եկած հետաքրքիր ու ինքնատիպ շարֆերի նկարներ, ինչու՞ չէ, նաև սեփական արտադրության շարֆերի նկարներ, եթե այդպիսիք կան, մի խոսքով՝ շարֆերին վերաբերող ցանկացած ինֆորմացիա՝ թե՛ տեղեկության, թե՛ հարցերի տեսքով, որ հետաքրքիր կամ օգտակար կհամարեք։
Ի դեպ, թեման միայն կանանց համար չի նախատեսված։ Համենայնդեպս, բացի պարանոցի տաքացուցիչ լինելուց, վերջին ժամանակներում գնալով ավելի ու ավելի մեծ տարածում է գտնում տղամարդկանց կողմից շարֆի կիրառումը նաև որպես հագուստի դեկորատիվ պարագա։ Ճիշտ է, շատերի համար էդ առումով շարֆը դեռևս ասոցիացվում է կանանց հետ, բայց էդ կարծրատիպը կարծես սկսել է կոտրվել։
Էջանիշներ