2015-ը ինձ համար փնտրտուքների տարի էր, քանի որ մի տարի առաջ կորցրել էի կյանքի իմաստի մասին բոլոր պատկերացումներս ու թաղվել նիհիլիզմի ճահճում, ահագին դժվար էր վերագտնել կյանքի իմաստներ ու շարունակել ապրել. մենակ տարվա վերջում հասկացա, որ մի կարևոր նպատակ ունեմ՝ գնալ Շվեդիա կրթություն ստանալու, բայց միայն տարվա վերջում: ՈՒղղակի շատ կարևոր է, որ գոնե էդ մեկն էլ գտա ու վերջապես հասկացա, թե ինչով կարելի է մոտիվանալ ու ապրել: Լիքը նոր գրողների, երաժիշտների ու ռեժիսորների բացահայտելու տարի էր, գուդրիդսումս մոտավորապես 80 գիրք ունեմ կարդացած տարվա ընթացքում, ինչն ուրախացնում է, մոտ մի 200 ֆիլմ եմ հասցրել նայել ամբողջ աշխարհից, տարբեր քաղաքներից ու երկրներից, հետևաբար՝ լիքը նոր մարդկանց եմ բացահայտել, նոր պատմություններ ու զգացմունքներ: Էս տարի մի քանի շատ երջանիկ պահեր եմ ունեցել. ամենակարևորը՝ ամենա-ամենասիրածս խմբի համերգին եմ եղել ու մոտ 1ժամ 40 րոպե աշխարհի երջանիկը եղել: Տարվա ընթացքում լիքը՜ նոր մարդկանց հետ եմ ծանոթացել, որոնցից շատերի հետ մտերմացել ու լավ ընկերներ ենք դարձել, ոմանց ուղղակի սիրահարվել եմ, ոմանցից նեղվել, բայց մեկ է սկսել եմ շատ-շատ սիրել մարդկանց ու վստահել, ավելի բաց ու շփվող եմ դարձել՝ համեմատած անցած տարվա հետ: Իհարկե կոմպլեքսներս դեռ հետս են, բայց մի քանի մարդկանց շնորհիվ ավելի բաց եմ շփման հարցում:
Էս տարին կարևոր էր նրանով, որ որոշ մարդկանց հետ շատ ավելի եմ մտերմացել, բացահայտել եմ առանց պարտք ու պահանջի, բացատրությունների ու սպասելիքների հարաբերությունների տեսակը, որն ինձ օգնում է նորմալ ու մարդավարի շփվել մարդկանց հետ, ոչ սպասելիքներ ունենալ, ոչ էլ կապնվել հետները, ուղղակի վայելել իրենց ներկայությունն իմ կյանքում:
Մի քիչ զգացմունքային եմ դարձել, սկսել եմ մարդկանց հանգիստ ասել, որ կարոտել եմ կամ սիրում եմ, որ կարևոր են ինձ համար ու չեմ ուզում կորցնել, նախկինում շատ սառն էի ու անտարբեր, հեշտությամբ կորցնում էի մարդկանց, հիմա չեմ կարողանում: Շատ եմ թափառել, համով բաներ եմ կերել ու խմել, նոր քաղաքներ եմ բացահայտել, տարվա կեսին էլ մի քիչ սիրահարվել եմ, բայց դե քանի շարունակում եմ մնալ աշխարհի անհաջողակը՝ վերջապես հասկացել եմ, որ էդ իմ խելքի բանը չի:![]()
4 տարի համալսարանական կյանքիցս հետո վերջապես սկսել եմ սիրել համալսարանս ու կուրսեցիներիս, սիրելի դասախոս ունեմ ու հետաքրքիր առարկաներ, ընտանիքիս անդամների հետ վերջապես լեզու եմ գտնում, կամ իրենք են հարմարվել, կամ ես, չգիտեմ, բայց էլ ծանր չեմ տանում ամեն ինչ: Մյուս տարվա սկզբից կսկսեմ նորմալ աշխատել ու երևի երջանիկ կլինեմ:
Հ.Գ. միակ հարցը որն ինձ շարունակելու է տանջել նաև հաջորդ տարում իմ սեռական կողմնորոշման հարցն է:![]()
Էջանիշներ