Պահ է գալիս` լուռ կարոտով,
Երբ մեր գյուղի էն մեծ սարի
Վեհ բարձունքից նայել կուզեմ,
Կուզեմ տեսնել Արփա գետի
Ծուռտիկ ճամփի հետագիծը,
Նրան մոտիկ կանաչների
Հերթով շարված ուրվագիծը:
Կուզեմ նայել մեր մեծ գյուղի
Ճամփեքը հին, փոշոտ, քարոտ,
Տները՝ լուռ, անխոս, մալուլ,
Այգիները՝ զուգված, ծաղկած,
Դաշտերը՝ բյուր գույներ հագած:
Առնեմ դրանց հյուսված հոտը,
Այնքան անուշ ու բուրավետ,
Որ մեռոնի բույրից էլ շատ,
Քաղցր է թվում ինձ անբավ:
Լսեմ գետի խուլ խշշոցը ,
Թռչունների հին երգերը,
Մարմանդ քամու սվսվոցը,
Եվ ծառերի մեղմ շրշյունը:
Նայեմ անհուն էն եզերքին,
Կարոտն առնեմ իմ մանկության,
Որպես մի ծուռ սասնա զավակ,
Նայեմ գյուղիս մանուկ դարձած:
Էջանիշներ